«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=6761«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրից խոսելով՝ նկատել էինք, որ կարեւորը պատմական ու մշակութային հուշարձանները վերականգնելիս՝ դրանց շունչը, տեսքը, էությունը չփոխելն է: Ծրագրի ընդհանուր ուղղությունները ներկայացրել ենք, փորձենք հասկանալ, թե մասնավորապես ինչ է արվելու:

Ինչպես տեղեկացնում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, օրինակ, «Գորիս» հյուրանոցային համալիրը կընդգրկվի ֆրանսիական AccorHotel-Tars աշխարհի 95 երկրներում գործող ցանցի մեջ: Այս համալիրը քաղաքի կենտրոնական հատվածում է եւ նաեւ ամենամեծն է՝ զբոսաշրջիկների համար հարմար տեղում լինելով։ Նախորդ տարի ձեռք բերված համաձայնությամբ, 2020-2024թթ. «Գորիս» հյուրանոցը կվերաբրենդավորվի՝ գործելով «IBIS STYLE» եւ «Novotel» անվան ներքո եւ կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։ Ներկայումս 61 համար է միջազգային չափանիշներով: 2018թ. հունիսին պատրաստ կլինեն բոլոր 122 համարները՝ 270 մեծահասակի եւ  30 երեխայի համար: Հյուրանոցն ունենալու է հանդիպումների 3 սրահներ՝ նախատեսված 300, 70, 30 անձի համար: Այստեղ գործելու է նաեւ Սյունիքի ազգային սննդի կենտրոն՝ հնաոճ ավանդական ռեստորանով՝ 670քմ ընդհանուր մակերեսով: «Գորիսն» ունենալու է լողավազան՝ օլիմպիական ստանդարտներով եւ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից մարզասարքերով, մանկական բացօթյա խաղահրապարակ, հանգստի եւ զվարճանքի ծառայություններ:

Այս ամենն այն բանի համար է, որպեսզի ոչ միայն հյուրանոցային համալիրն իր ենթակառուցվածքներով պատշաճ ներկայանա հյուրերին, այլեւ՝ քաղաքում կազմակերպվեն միջազգային համաժողովներ, միջպետական հանդիպումներ:  

«Հին Խնձորեսկի» մեկ այլ ուղղություն է Առողջապահական եւ վերականգնողական կենտրոնի ստեղծումը: Ներդրումային ծրագիրը ներկայացնող «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսն ունի առողջապահական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները, հյուրանոցի վերնահարկում նախատեսում է կառուցել գերժամանակակից կլինիկա: Այստեղ կգործի դիմածնոտային եւ էսթետիկ վիրաբուժության բժշկական կենտրոն եւ օրթոպեդիկ վիրաբուժության եւ վերականգնողական կենտրոն: Համագործակցություն կլինի Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ:

Ի դեպ, նշյալ ծրագրի առաջին ուղղությունը՝ Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի հիմնովին վերակառուցումն ու ընդլայնումն է։ Նախատեսվում է կառուցապատել 2100քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ:  Այս ուղղությունը նախատեսում է, որ կլինի հնաոճ ռեստորանային համալիր՝ բաղկացած բազմազան ուտեստներից՝ ըստ ճաշակի՝ ներառյալ Սյունիքի մարզի ավանդական ճաշատեսակները։ Կլինի նաեւ ազգային արտադրատեսակների վաճառք ավստրիական Landzeit գյուղատնտեսական շուկայի նախատիպով: Կստեղծվի նաեւ հյուրատուն, որ գյուղի կոլորիտին համահունչ կլինի: Կվերականգնվի ու կշահագործվի հին ջրաղացը: Ժողովրդական արհեստների ցուցասրահ կգործի՝ ներգրավելով նաեւ տեղացի շնորհալի երեխաներին։

Կկառուցվի նաեւ հնաոճ աշտարակ՝ 30 մ բարձրությամբ՝ սանդուղքով, նաեւ՝ ժամանակակից վերելակով, տանիքում նորաոճ բացօթյա սրճարանով եւ դիտակետով։ Իսկ հրապարակին կից կգործի գյուղատնտեսական շուկա՝ ավանդական տաղավարներով: Դրանք անվճար կտրվեն Խնձորեսկի բնակիչներին՝ սեփական արտադրանքը վաճառելու:

Գանք ճոպանաքարշով ռելսուղու նախագծին: Խոսքը 1,42 կմ երկաթուղու կառուցման մասին է, որն անցնելու է Հին Խնձորեսկի միջով եւ 5 կայանման կետ է ունենալու: Կարծում ենք՝ հետաքրքիր վայրեր են ընտրված՝ Խնձորեսկի ջրաղացի հրապարակը, սբ. Թադեւոս եկեղեցու մոտ, հին հիվանդանոցի մոտ, պանրի արտադրության տեղանքի մոտ՝ ժայռափոր քարանձավում, Հին Խնձորեսկի հրապարակում:

Ըստ «Հին Խնձորեսկը» ներկայացնողների, երկաթուղին երկու առանձին  գնացքներ կունենա՝ յուրաքանչյուրը նախատեսված 70 անձի համար։ Ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպության հետ պայմանագիր կա տեղանքի  երկրաբանական եւ հիդրո-ինժեներական հետազորտության համար: Դա արվել է եւ տրվել դրական եզրակացություն, որի համար ներդրվել է 200 հազար դոլար: Գնացքի վագոնների եւ մեխանիզմների ձեռքբերման համար 2017թ. հոկտեմբերի 7-ին կնքվել է պայմանագիր «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» շվեյցարական ընկերության հետ եւ տրվել կանխավճար: Ներդրման ընդհանուր գումարը 11մլն դոլար է: Նաեւ բանակցություններ են վարվում երկաթգծի այլ մասերի (ռելսեր, լարեր, գնացքի գծեր) մատակարար կազմակերպությունների հետ (ՌԴ):

Ծրագրի մեկ այլ ուղղության էլ անդրադառնանք: Սյունիքում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ներդրումներ կարվեն եւ «Ժայռ» համալիր կկառուցվի Երեւան-Արցախ հիմնական մայրուղու՝ Գորիսից Խնձորեսկ տանող հատվածում։

Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ: Գյուղտեխնիկայի պահեստամասերի խանութ-սրահ եւ սպասարկման կենտրոն կլինի նաեւ, ու հրուշակեղենի արտադրություն կգործի («Տորտինի» ընկերության մասնաճյուղ): Համալիրում բենզալցակայան ու գազալցակայան էլ կլինի: Սկզբում սննդի համալիրը կկառուցվի, այնուհետեւ՝ բենզալցակայանն ու գազալցակայանը, որից հետո՝ ավտոտեխսպասարկման եւ գյուղատնտեսական պահեստամասերի կենտրոնը:

Ամենաշատը, սակայն, որ ինձ հետաքրքրում է, այն է, թե ինչ է արվելու «Հին Խնձորեսկ» ծրագրի բուն մասի՝ Հին Խնձորեսկ գյուղի հետ:

Ներդրումային ծրագիրը ներկայացնող «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը նախ գյուղի հրապարակը կկառուցապատի, կկառուցի 1200քմ շենք-շինություններ, ներառյալ՝ հանգստյան գոտի, սրճարան, հացատուն, զբոսաշրջության սպասարկման օբյեկտներ, 1800 քմ լանդշաֆտային դիզայնով հանգստի տարածք եւ սպասասրահ: Պատմամշակութային արժեքներ կվերանորոգի, հին հիվանդանոցը կվերականգնի, պանրի հնաոճ արտադրություն կվերաբացի, Մանվելյանների տուն-թանգարանը կվերակառուցի եւ կվերաբացի, Մելիք Փարամազի ամրոցը կվերակառուցի, Հին գյուղի 7 թաղերի լուսավորությունը կապահովի, զբոսաշրջության արահետներ կկառուցի:

Հաջորդ փուլով նախատեսվում է պատմամշակութային արժեքներ վերականգնել: Խոսքը 24 աղբյուրի եւ ձիթհանի եւ գյուղի 4 եկեղեցիների ու Մխիթար Սպարապետի դամբարանադաշտի մասին է:

«Ինը մանուկ» աղբյուրի վերնամասից մինչ Մխիթար Սպարապետի դամբարանադաշտի վերնամաս նոր ճոճվող կամուրջ կկառուցվի: Այն 207 մ երկարությամբ կլինի եւ կկառուցվի 2019-2021թթ.: Իսկ գործող ճոճվող կամուրջը կվերանորոգվի եւ կհամապատասխանեցվի անվտանգության եւ տեխնիկական ապահովման ժամանակակից չափանիշներին։

Ներդրումային ծրագրի հեղինակները ուզում են նաեւ փրկել հնությունները (համենայնդեպս, այդպես են ասում): Հին Գորիսն ու հատկապես Խնձորեսկ գյուղը հարուստ են դրանցով: Գորիսի տարածքում գտնված որոշ հնագույն գտածոներ թվագրվում են մ.թ.ա.  3-րդ հազարամյակով։ Գորիսի առավել պատկերավոր հնություններից է ամֆիթատրոնը։ Կառույցն այժմ անմխիթար վիճակում է։ Ուստի ներդրողները ուզում են վերականգնել ամֆիթատրոնը՝ այն առավել հայտնի ու հրապուրիչ դարձնելու համար:

Ծրագիրը քարայրներին էլ կհասնի: Խոսքը 50 քարայրների մասին է: Հին Խնձորեսկը ժայռափոր քարայրների պակասը չունի: Աշխարհում պատմամշակութային այսպիսի վայրերը գործող կացարանների վերափոխելու փորձը կա: Բացի դա՝ աշխարհում առկա նոր միտումները կապված այսպես կոչված Freelancer-ների աշխատանքի հետ։ Freelancer-ները այն աշխատողներն են, ովքեր ունեն սեփական աշխատանքային ժամանակացույցը, ճկուն են աշխատելու վայրի ու ժամի ընտրության տեսանկյունից։ Նրանց աշխատանքը հատկապես տարածված է ՏՏ ոլորտում, որտեղ ամեն մասնագետ կարող է ընտրել աշխարհում ցանկացած կետ, որտեղ առկա է արագ  ինտերնետային կապ եւ հանգիստ հարմարավետ պայմաններ։ Զբոսաշրջության ոլորտի հետազոտությունները ցույց են տվել, որ Freelancer-ները գերադասում են ճանապարհորդել՝ հատկապես ընտրելով հանգիստ, մաքուր տարածքներ:

Հենց այս միտումը հաշվի առնելով, նաեւ այն, որ ՏՏ զարգացման առաջնայնությունն ամրագրված է Հայաստանում, նախագծի շրջանակներում նախատեսվում է Հին Խնձորեսկ գյուղի շրջակայքում ստեղծել Freelancer-ների տարածք՝ ապահովված աշխատանքի համար հարմար միջավայրով եւ ենթակառուցվածքներով։ «Ուղղություններից մեկը կլինի նաեւ ՏՏ կենտրոնի ստեղծումը՝ Սյունիքի մարզում»,- նշում են ծրագրի հեղինակները:

Այս համապատկերում նկատենք, որ կարեւոր է իսկապես միջազգային լավագույն փորձից օգտվելը, այլ ոչ թե ասելը: Իսկ միջազգային լավագույն փորձը հուշում է, որ լավագույն է համարվում, եթե կառույցը այնպես է վերափոխվում, որ այդ վերափոխությունը վերացնելիս կառույցը դարձյալ լինում է սկզբնական՝ անխախտ վիճակում (շվեդական եւ նորվեգական օրինակները): Մեր պարագայում՝ 50 քարայրները այնպես պետք է վերափոխվեն կացարանների, որպեսզի չխախտվի դրանց նախնական դիրքը:

Ի դեպ, հնգամյա  ներդրումային ծրագրից հետո հեռանկարային զարգացման ծրագրի մեջ է մտնում նաեւ Հին Խնձորեսկի մի քանի խոշոր ժայռափոր կացարաններում ել «Քարանձավ» հյուրանոց կառուցվի՝ նախատեսված մինչեւ 80 հյուրի համար։ Նման հյուրանոցը, ինչպես նշում են ներդրումային ծրագրի հեղինակները, հնարավորություն կտա ներգրավելու առավել շատ զբոսաշրջիկներ: Նաեւ կլինի միակը տարածաշրջանում։

Այս ամենից զատ զիփլայն (թռչող գիծ) կկառուցվի: Հին Խնձորեսկի ամբողջ տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար: Այդ իսկ պատճառով նախագծով նախատեսվում է Հին գյուղի հարակից տարածքից 20 հա տարածք հատկացնել՝ զիփլայնի կառուցմանն ու էքստրեմալ հանգստի գոտու կառուցմանը: Դրա համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական «Ալմաթայի անտառային հեքիաթը» ընկերության հետ եւ կառուցվելու է նմանօրինակ նախագծով։

Ծրագրի շրջանակներում ի՞նչ է ակնկալվում պետությունից: Այս մասին հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարները՝ համացանցից (նայել թերթի PDF տարբերակում)

1-ում պատկերված է «Ալմաթայի անտառային հեքիաթի» զիփլայնի մի հատված, 2-ում հնաոճ ու ժամանակակից շարժական տներ են նորվեգական սարերում, 3-ում՝ նորվեգական յուրտա: 4-րդ լուսանկարը քարանձավ-հյուրանոցի օրինակ է Ֆրանսիայի Լուար գետի ափին:

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։