Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…

(«Լուսանցք»-ի արխիվից, թվագրված 20.10.2014թ.)

Տիար Գարեգին Բ. Կաթողիկոս համայն առաքելական քրիստոնյա հայերի:

Մեծապատիվ ակնկալում եմ, որ դիմելաձեւս Ձեր դիրքին ու կոչումին պատշաճ կհամարվի, նաեւ որպես արիադավան հայի անկեղծ խոսք, որում կայծ անգամ չկա թերասածության միտումի կամ վիրավորական նշույլի: Եթե խոսքերս դիտարկեք ոչ այս տեսանկյունից, ապա ներողամիտ գտնվեք, եթե անպատշաճ կհամարվի դիմելաձեւս: Գիտեք, որ ես Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ եմ, ուստի վերին կոչումներն ու էությունները, մասնավորապես՝ ամենայն հայոց տեսանկյունից հղված, այլ նշանակություն եւ այլ բնույթ ունեն իմ պատկերացումներում:

Վեհափառ առաջնորդ հայ քրիստոնյաների, համոզված եմ, որ վաղու՜ց կարիքը կա մեր նման երկու հայի երկխոսության: Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերով, թարմացնենք պատմական խորխորատներում մշուշապատված մեր հիշողությունը, եւ վերականգնենք հայի տիեզեաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման:

301-ից այս կողմ եղած ժամանակահատվածի բազում դեպքերից ծնված վիրավորանքների, չեմ թաքցնում՝ անգամ ատելության եւ ըմբոստության դարավոր պաշար եմ կուտակել, գենետիկ պաշար, ինչը երբեմն փորձում է դուրս ժայթքել: Թե ի՜նչ ցավ եմ ապրել, երբ արդեն գիտակցել, զգացել եմ, թե ինչե՜ր ենք կորցրել, բազում հազարամյակների ի՜նչ պատմական, հոգեւոր, մշակութային ու այլ գանձեր… Սրբազան Երկիր Հայոց, որ Աստվածների Բնակատեղի է հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ… ՄեկԱրարաչաիական Տիեզերակարգը, որին ձուլված ենք Տեսակով Հայի՝ ինչպես Երկնային, այնպես Երկրային… Իսկ Տիեզերքի Արարչին ՆՐԱ արարումների մեն մի Աստծով ենք ուրացել ցայսօր…  

Հա՜յր իմ Արարիչ,

        Մա՜յր իմ Բնություն,

                Տու՜ն իմ Տիեղզերք…

                        Սիրու՛մ եմ ես Ձեզ,

                               Գալի՛ս եմ ես Ձեզ,

                                      Կհասնե՛մ ես Ձեզ…

Անկշռելի ծանրացած է սիրտս եւ անչափելի դատարկված է միտքս, միայն հոգիս է հանդարտվել մի քիչ, քանզի զգում է տիեզեաազդակ ալիքների հոսքը, որ արարչահաղոդ են, աստվածահաս ու հավերժից եկող… Հոգեցունց տիեզերաերակները բերում են գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ անդադար խոսում է հոգիս, հոգուս ալեհավաքից հասնում սրտիս ու մտքիս՝ հանգուցալուծելով երբեմնի դարանակալ մտայնություններս…

Բայց այս մասին չէ, որ որոշել եմ խոսել, հարգարժան կաթողիկոս: Պարզապես հասկացա, գիտեմ այլեւս, որ լռելը սխալ է՝ խոսել է պետք: Իսկ գրեցի այս ամենը, քանզի ցանկացա ցույց տալ, որ անցյալիս զգացմունքները հաղթահարում եմ, որպեսզի քայլ անեմ դեպի ապագան: Բայց առանց ներկայի մաքրառու հոսքի չի զուլալվի մեր հիշողության անքակտելի եւ անկանգ գետակը:

Քրիստոնյա ազգակից եղբայր իմ, ով գուցե զգում, բայց չի խոսում նման բաների մասին: Դիմում եմ՝ հասկանալով, որ օրվա արժեհամակարգի կյանքի չափորոշիչներով հավասար պայմաններում չենք, Դուք՝ միլիոնների կաթողիկոս, ես՝ արիադավան հայ մի՝ առաջնորդն իր նման հազարավոր հայորդիների: Բայց օրվա չափանիշը, որ ցուցադրական նիշ է մի պարզ, ի՞նչ գործ ունի հազարամյակների դրոշմի, չգրված օրենքների ու սովորութական իրավունքների հետ: Օրվա քանակը ի՞նչ կարող է հակադրել հայի տիեզերահաս գենին, հազարամյակներից եկող շառաչող ձայնին… Ուստի դիմում եմ՝ ինչպես հայը հային, անենք այն՝ ինչը չի արվել շուրջ 17 դար: Ես ցանկանում եմ խոսել որպես՝

– Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

– Շուրջ 30 տարի Հայ Աստվածներին կանչող, Նրանց համար մաքառող, Նրանց հասած ու Նրանց զավակ եւ զինվոր մի արորդի,

– Հայ քրմական դասի ու հայոց տիեզերահաս հավատի վերհառնման ջատագով մի նվիրյալ, ով իրեն համարում է Հայոց Արձան Քրմապետի հոգեզավակը, ով ապրեց որպես գերագույն քուրմ հոգեւորական եւ նահատակվեց 301-ին որպես քուրմ ռազմիկ՝ ի՛ր ազգի ու հայերնիքի պաշտպանության, ի՛ր հավատի ու Աստվածների ճշմարտության համար,

– Հայ մարդ, ով գիտակցում է Մարդ-Աստվածներ-Արարիչ կապը եւ զգում է Տիեզերական Գարնան հալոցքը… Ում համար թանկ է յուրաքանչյուր հայ գենը, ով տեսնում է հայ մարդու եռահամակարգ արարչաբնույթ կերպը՝ մարմին-միտք-հոգի միասնությամբ, անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից, սոցիալական եւ իրավական կարգավիճակից:

Այսօր մեծագույն փոփոխությունների շեմին ենք, համաշխարհային կրոնների կործանումը գուժում են անգամ այդ կրոնների առաջնորդները, Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման, Վատիկանի հոգեւոր առաջնորդ Հռոմի Պապը, համոզված եմ, դա նկատել եք նաեւ Դուք՝ հայ առաքելական քրիստոնյա հավատավորների առաջնորդը: Էկումենիստական ուղեգիծը մի վերջին անգամ հարվածեց քրիստոնեական եկեղեցիների ազգայնացման գործընթացին, ինչը ես չէ, որ պետք է Ձեզ ներկայացնեմ: Եվ քրիստոնեությունն ավելի թուլացավ, ինչն այսօր վտանգավոր է նաեւ մահմեդականության հարձակումների դեմ պայքարում:

Վստահ եմ, գիտեք, որ Տիեզերքում ամեն արհեստածին բան վախճան է ունենում, իսկ վերազգային երեւույթները (նաեւ կրոնները) հարյուրավոր մասնատումների ենթարկված գնում են ինքնաոչնչացման: Այս դեպքում պետք է լրջորեն մտորել, արդյո՞ք կրոնների կործանումը չի հանգցնի նոր մի քարոզչության կամ հզորացած աղանդավորական կառույցի ներխուժմանը եւ մի նոր՝ այլ բնույթի 301-ի ականատեսը չենք դառնա…

Իսկ վտանգը կա, քանի որ կրոնների կործանումը հնարավոր չէ կասեցնել, իսկ Հայաստանում ինչպես եկեղեցական քարոզիչների մեծամասնությունը, այնպես էլ պետական պաշտոնյաների, հանրային եւ քաղաքական գործիչների մի հոծ զանգված հետեւողականորեն քարկոծում են ցայսօր Հայոց Հավատի կրակը պահած արիադավան-հեթանոս հայերին ու Հայ Աստվածներին:

Վեհափառ, եթե տգետ պաշտոնյան կամ կույր հավատացյալ հոգեւորականը համոզված է, որ Աստվածները մեռնում են եւ Հայ Աստվածներին կոչում է «մեռած Աստվածներ», ապա վստահ եմ, Դուք գիտեք ինչ է իրականում Տիեզերքի Արարիչը՝ Ամենայն Ստեղծին, որ Արարել է նաեւ Աստվածներին, եւ Տիեզերական Հավերժության պահապան այդ Էակները եղել են, կան ու հավերժ են: Խնդիրն այստեղ այլ է, եթե քրիստոնեությունը գնում է իր վախճանին, ապա հայ քրիստոնյան պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանի հոգեւոր կյանքում իր տեղը ոչ թե մի աղանդավորական ավազակ կամ մեկ այլ կրոնախեղ գրավի, այլ հայ արիադավանը, հայ հեթանոսը-ազգայինը: Հեթանոս նշանակում է էթնոս-ազգ, ինչը շատերին զարմանալիորեն հասկանալի չէ, որ հայ հեթանոս նշանակում է հայ ազգային, ազգային հավատի հետեւորդ:

Գուցե ասածներս ժամանակավրեպ դիտվեն, բայց ժամանակն անխնա է եւ հաճախ է փոխում իր արագությունը: Առաջարկում եմ՝

  1. Ամենաբարձր մակարդակով որոշում կայացնել, որպեսզի հայ առաքելական եկեղեցականների կողմից դադարեցվեն անիմաստ ու անհիմն քարկոծումները հայ հեթանոսության, այսինքն՝ Հայոց Հավատի եւ Հայ Աստվածների նկատմամբ:
  2. Իրապես ներկայացնել այն եղելությունները, որ կատարվեցին 301-ին ու դրանից հետո, երբ զանգվածային սպանդի միջոցով, ոչ թե սիրով ու սպասումով Հայաստանը դարձրին քրիստոնեական երկիր:
  3. Ներեկեղեցական եւ ներհամայնքային շրջանակներում ավելացնել հայ տեսակի պահպանման քարոզչությունը՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերի միասնության կարեւորումը: Այն կարեւոր է ոչ միայն համազգային հարցերում, այլեւ ապազգային երեւույթների դիմագրավման առումով, նաեւ աղանդների դեմ համատեղ պայքարում:

Ես դիմել եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի խորհրդարանականները եւս մտածեն ու օրենսդրորեն հնարավոր լինի Գառնո տաճարը բերել գործող տեսքի, որպեսզի այն դառնա արիադավան հայերի հոգեւոր կենտրոնը-տունը: Կարծում եմ՝ Ձեր կարծիքը եւս կցանկանան իմանալ: Հուսամ՝ դեմ չեք արտահայտվի եւ դա կլինի առաջին քայլերից մեկը հեթանոսություն-քրիստոնեություն հաշտեցման, որը ինչպես վերը նշեցի, կարող է շուտով խիստ հրատապ լինել:

Տիար Գարեգին Բ, շատ հարցեր կան, նույնքան շատ մտորումներ, բայց այս կարճ նամակով փորձեցի զգացածս հաղորդել եւ սպասել Ձեր արձագանքին: Պատրաստ եմ հանդիպել եւ խոսել նաեւ այն ամենի մասին, ինչը չի կարելի գրավոր ներկայացնել: Տիեզերական շրջափուլեր կան, հավերժապտույտ իրողություններ, որոնց անհնար է դիմակայել, պարզապես գիտակցել է պետք եւ այդ փոփոխություններին համահունչ քայլել: Այլապես…

http://www.hayary.org/wph/?p=6779#more-6779Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Ազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

Հարգանքներով՝

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։