Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Համազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը

Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը

«Լուսանցք»-ն ընթերցողներից ամիսներ շարունակ տարաբնույթ նամակներ է ստանում, որոնցում հին հավատի հետեորդները՝ հեթանոս հայերը, անհանգստացած են քրիստոնեական եկեղեցու «ազգակործան քայլերից», ինչպես այն որակում են նշյալ հետեւորդները: Նրանք առանձին կամ մի խումբ մարդիկ են, որոնք հայ եկեղեցականների որոշ քայլեր վտանգավոր են համարում, ինչպես Տրնդեզի օրերին եկեղեցու բակերում անգամ կրակներ վառելը եւ կրակի շուրջ հարսանեկան ծիսակատարություն անելը: Վարդավառի տոնին եկեղեցիների բակերում ջրոցի խաղալը մասամբ թույլատրելը, անցյալ տարի նաեւ Վարդավառը Գեղարդի վանքում եւ Գառնո տաճարում կատարելը: Զատիկի տոնին ձվերը գունավոր ներկելուն այնքան էլ կտրուկ չվեաբերվելը եւ այլն: Որոշ հեթանոս հայեր անհասկանալի վիճակում են, թե ինչպես է քրիստոնյա Էջմիածինը որոշել, որ այս տարի Տեառնընդառաջը պետք է նշի Գառնո հեթանոսական տաճարում…

Նրանք «Լուսանցք»-ից պարզաբանում են ուզում լսել, ապա հասկանալ, թե ինչու են լռում հայ արիները, ովքեր միշտ կտրուկ են արձագանքել եկեղեցական միջամտություններին, բացահայտ են խոսել հուդա-քրիստոնեական կրոնի հայահալած քաղաքականության եւ աշխարհի գաղտնի ուժերի հետ համագործակցության մասին: Ինչպես են ընդդիմացել առաքելական եկեղեցուն, որն աղավաղել է հայ ազգային տոներն ու ծիսական հոգեբանությունը: Շատերն էլ անգամ տեղյալ են, որ Հայ Արիական Միաբանությունը 2003թ. դատախազությանն էր դիմել քրիստոնեությանը (ի դեմս Հայաստանյայց առաքելական եկեղեցու) դատի տալու համար՝ ավելի քան 1700-ամյա ավերի ու ավարի պատճառով՝ 301թ.-ից ցայսօր: Նշվել է նաեւ, որ հայ արիները նաեւ դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն՝ «Հայոց տաճարի ու հավատի պատմություն» առարկան մտցնելու համար՝ «Հայ եկեղեցու պատմության»-ը զուգահեռ, որն առավելապես հուդա-քրիստոնեության պատմություն է: Հիմնավորել են դիակիզման ծիսական անհրաժեշտությունը եւ դիակիզարաններ ունենալու պարտադիր պայմանը: Հայ Աստվածների եւ մեր տոների ամբողջական Հայ-Արիական տոնացույցն են կազմել… Ու այսպես շարունակ:

Եվ հայ արիների լռությունը նույնպես տագնապ է հաղորդել նրանց:

Մի խումբ հեթանոս-արիադավան հայեր էլ նամակի նախաբանում հիշեցրել էին Խաչիկ Դաշտենցի 1959թ. գրած «Օ՜, մնայինք հեթանոս» բանաստեղծությունը եւ այլ հեթանոս-գործեր…

Եվ իրապես, ըստ Էջմիածնի տարածած հայտարարության, «Փետրվարի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական  տոներից մեկը՝ Տյառնընդառաջը:  

«Պատմաշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից եւս տեղեկանում ենք, որ այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի բուն միջոցառումը: ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) աջակցությամբ անցկացվելիք միջոցառմանը կատարումներով ելույթ կունենա «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, մասնակիցներին հետաքրքիր մատուցմամբ կներկայացվեն տոնին առնչվող ավանդույթներ:

Նշենք նաեւ, որ այս տարի Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եւ տեւում է 48 օր։ Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 12-ին, փաստորեն համընկնելով տրնդեզյան կրակներ վառելու օրերին…

Հիշեցնենք, որ ըստ եկեղեցու մեկնաբանության՝ «Պահքի ժամանակ (եւ առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա եւ հրաժարվի մեղավոր ընթացքից»: Կարեւոր է համարվում կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու) հրաժարվելը, քանզի բուսական կերակուրներ ուտելով «թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգեւոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի նաեւ հոգեւոր էակ է եւ հոգեւոր կյանքն ավելի կարեւորություն ստանա, ու մարդն ավելի շատ մտածի հոգեւոր սննդի մասին»: Այստեղ եւս նմանություններ կան հին հավատի հոգեւոր պահքի հետ կապված, սակայն, ինչպես բոլոր դեպքերում, ամեն բան կապվում է Հիսուս Քրիստոսի անձի հետ:

Պետք է նշենք, որ այն մյուս խորհուրդները, որոնք տրվում են եկեղեցու կողմից, ընդունելի են, սակայն դա անգամ շատ հոգեւորականներ չեն պահպանում: Այն է՝ «Պետք է հեռու մնալ մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի եւ զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն եւ այլն): Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Պետք է հնարավորինս հեռու մնալ ամուսնական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Թեեւ այս հարցում միանշանակ արգելք չկա, սակայն խորհուրդ է տրվում ամուսիններին ավելի զուսպ լինել։ Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթացքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն»:

Խորհուրդ է տրվում նաեւ՝ «հրաժարվել լեզվի «հիվանդություններից»՝ ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից եւ ամեն տեսակ զազրախոսությունից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը եւ պղծում են մարդուն։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն, պահքը չպետք է դառնա հպարտանալու եւ ամբարտավանանալու միջոց, թե՝ տե՛ս, ես Պահք եմ պահում, իսկ նա չի պահում: Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր եւ մեր շուրջ եղող ների խաղաղությունը: Պետք է մեզանից հեռու վանել եսասիրությունը»։

Հայ ազգային հավատը եւս կոչ է հղել արորդիներին, որպեսզի ծիսական կամ առողջարարական Պահքի օրերին լինեն ավելի զուսպ եւ հոգեւոր կյանքով ապրող… Եվ այս առումով «Լուսանցք»-ը վտանգներ չի տեսնում, եթե հայ քրիստոնյաները, առավելապես պաշտոնյա եւ մեծահարուստ, հոգեւոր կյանքի սպասավոր եւ մտավորական, կարողանան լինել զուսպ, գիտակից եւ հոգեւոր սկզբունքներին հետեւող…

Այս օրերին խրախուսվում էր առաջին հերթին փառաբանումներ եւ ձոներգեր հղել (այսօր՝ հասկանալի է՝ աղոթքներ) առ Հայ Աստվածներ եւ Սուրբ Նախնիք, առ Արարիչը Տիեզերքի, ինչն այսօր «Սուրբ Գրքի» ընթերցանությամբ է իրականցվում, բայց ցավոք, ոչ Հայ Աստվածային Համակարգին ուղղված…

Պետք է նշել, որ զղջումն ու ապաշխարությունը պահեցողությունից անբաժան պիտի լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստվածների (Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունն է գործում: Այսօր էլ առաքելական եկեղեցին նշում է, որ «պետք է ջանալ բարիք գործել, այսինքն՝ օգնել եւ օժանդակել, նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում, քանի որ Պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելը եւս իմաստ ունի, եթե այն չենք ուտում եւ տալիս ենք աղքատներին»։ Կարեկցանքը, նյութական եւ հոգեւոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց եւ առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ պետք է հատուկ ուշադրության արժանանա՝ թեթեւացնելով բոլորի հոգսերը:

Սրանք այն ազգային, բարոյական եւ հոգեւոր մտածումներն են, ինչը պարտադիր է յուրաքանչյուր հայի համար անկախ կրոնական, կուսակցական կամ սոցիալական դիրքից ու անանձնահատկություններից: Սրանք են, որ մոտեցնում են հայի ծագմանը, հայրենիքին, լեզվամտածողությանն ու մշակույթին, ազգային ինքնությանն ու էությանը, առաքինությանն ու առաքելությանը  մերվելուն եւ այդ տիեզերահաս մտածողությամբ առաջնորդվելուն:

Ինչ մնում է մեր ընթերցողների նշած վտանգներին կամ հայ արիների՝ այդ առումով լռությանը, «Լուսանցք»-ը հարցերն ուղղեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին:

Հայ արիների առաջնորդը ծանոթանալով թերթի խմբագրությանը հասցեագրված նամակների բովանդակությանը, տվեց այսպիսի պատասխաններ: Նրա կարծիքով՝ նամակագիրներն իրապես Հայ Արիական Միաբանությոն գործունեությանը մեծապես տեղյակ մարդիկ են, քանի որ հանգամանալից ներկայացրել են այն անցած շուրջ 25-ամյա փուլը, որի ընթացքում բազում խնդիրներ են վեր հանվել, բացահայտվել ու առաջադրվել պետական մոտեցման, ուստի հասկանալի է նրանց մտահոգությունը:

«Պետք չէ վախենալ կամ միայն բացասական միտում նկատել, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցին մերթ ընդ մերթ ազգայնացման-հայկականացման տանող քայլեր է անում, ինչպես եկեղեցական տոնացույցում, ծիսակատարումներում եւ այլն: Սա կարելի է ընկալել նաեւ որպես հաշտեցման քաղաքականություն՝ ուղղված հայոց անցյալին, մեր բազում հազարամյակների անցյալի հետ ունեցած խնդիրները կարգավորելուն: Իհարկե, հասկանում եմ այն մտավախությունը, որն առկա է, քանի որ մեր պատմության ընթացքում շատ անգամ ենք խաբվել ու հավատալով տկարացել… Սակայն պիտի հիշռլ, որ մեր պատմությունը նաեւ արձանագրել է, որ դժվարին ժամանակներում մեր ժողովուրդը ազգայնացել է, իսկ ազգը սկսել է ցեղորեն ապրել: Այսինքն՝ վտանգը միշտ միասնականացնում է հային ու տանում դեպի իր արմատները… Իսկ այժմ աշխարհի վերաբաժանման հերթական փուլն է, որտեղ եւ Հայաստան պետությունը, եւ եկեղեցին, եւ սփյուռքը, եւ ուղղակի առանձին բոլոր քաղաքական ու հանրային կառույցները անելիքներ ունեն այս վերաբաժանումից հաղթանակած դուրս գալու համար: Եկեղեցին այս վերջին տարիներին միջազգային ասպարեզում գոնե այնպիսի քայլեր է արել, որոնք հաստատ հօգուտ հայկական հարցի են ընթացել եւ դեռ այդ ընթացքը շարունակվում է: Ուստի՝ եկեղեցու ներքին քաղաքականությունը եւս պիտի փոփոխության ենթարկվի, որպեսզի համազգային նպատակներին համահունչ դիտարկվեն ինչպես Էջմիածնի, այնպես էլ Անթիլիասի փոխլրացնող քայլերը…»,- այսպես սկսեց իր խոսքը Արմեն Ավետիսյանը:

Նա հավելեց, որ նման փոփոխությունները ոչ միայն հայ քրիստոնյաների շրջանում է ընթանում, այլեւ այլ քրիստոնյա ազգերի ու կրոնական ուղղությունների հետեւորդների մոտ: Պայքարը ոչ միայն իսլամական ծայրահեղականության հետ է, այլեւ հավատադարձի, ինչը կամավոր-ինքնաբերաբար, թե կամավոր-պարտադիր է դարձել Տիեզերական Գարնան փուլի պահանջով…

Սա այլ բնույթի խնդիր է, որ այստեղ չենք արծարծի:

Ուստի շարունակենք նախորդ միտքը, որը կրոնների փոփոխությանն էր տանում: Առիթով մեջբերել եմ կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այն խոսքերը, թե քրիստոնեությունը ունի որոշ հավատատեսական դրույթներ եւ մեկնաբանություններ, որոնք այլեւս չեն կարողանում գործել, ներշնչել, ինչպես դրախտի եւ դժոխքի պատմությունն է, որն այլեւս չի հետաքրքրում մարդկանց, հավատ չի ներշնչում այդօրինակ բարու եւ չարի տեսլականը: Պապը անգամ հարցականի տակ դրեց Ադամի ու Եվայի խնձոր ուտելու պատմությունը, ինչը հավատավոր մարդկանց մոտ անհասկանալիորեն փակում է կրթվելու եւ ինքնակրթվելու ուղին, աշխարհաճանաչողությունն ու տիեզերաճանարողությունը, այսինքն՝ աստվածային իմաստով աններելի մոտեցում է՝ դեպի լույսը…

Այս ամենն ասվում էր դարեդար, բայց միայն Ֆրանցիսկոս Պապը համարձակություն ունեցավ խոսել ճշմարտորեն…

Կրոնների սպառման մասին խոսել է նաեւ Դալայ Լաման, բուդդայականների հոգեւոր առաջնորդը: Նա տարիներ առաջ հայտարարեց, որ աշխարհի կրոնները սպառել են մարդկանց հավատ ներշնչելու ազդեցությունը: Պատճառները ոչ միայն բուն կենցաղային երկրային են, այլեւ հավատի ուղին երկրայնացնելու մեջ պիտի փնտրել դրանք… Գալիս են հավատի այլ ձեւի ու բովանդակության ժամանկները.- ասել է Դալայ Լաման:

Սրանք եւս համարձակ եւ ճշմարիտ խոսքերն են եւ պիտի հասկանալ որպես ահազանգ՝ ուղղված համայն մարդկությանը:

Հայ արիներն ասում են, որ ամեն բան այս աշխարհում ունի իր ժամանակը՝ ունենում է ծնունդ, կյանք եւ մահ… Միայն տիեզերահաս հավատն է, որ առկա է մեզանում, անգամ եթե մարդիկ այն չեն գիտակցում եւ դրանով առաջնորդվում: Այդ հավատն անմահ է եւ կարող է տանել անմահության, ապահովելով երկրային գիտակից կյանքը երկնային գիտակից կյանքով: Մնացյալ դեպքերում՝ հոգին իր նոր մարմնում ապրում է անգիտակից…

Հավելենք, որ վերջերս Հռոմի Պապը հայտարարել է, որ մտադիր է փոխել տերունական աղոթքի՝ «Հայր մեր»-ի տեքստը: Նրա կարծիքով՝ «մի տար զմեզ ի փորձություն» տողի ժամանակակից տարբերակը, որ դարեր շարունակ արտաբերել են միլիոնավոր քրիստոնյաներ, Քրիստոսի լեզվի՝ արամեերենի սխալ թարգմանության հետեւանք է: «Դա սխալ թարգմանություն է, որովհետեւ ենթադրել է տալիս, թե Աստված է մեզ տանում դեպի փորձություն: Իրականում մենք ենք փորձության գնում, ոչ թե՝ Աստված է ինձ տանում դեպի փորձություն՝ տեսնելու համար՝ երբ կընկնեմ ես»: Ապա հավելել է, որ քրիստոնյաները սովոր են համարել, որ դեպի մեղք դրդողը սատանան է: Ֆրանցիսկոս Պապի այս մեկնաբանությունը կարող է հանգեցնել աղոթքի տեքստի փոփոխության: Կաթոլիկ եկեղեցին աղոթքի ներկա տարբերակը կիրառում է 1966թ.-ից:

Այս համապատկերում էլ խոսքիս առաջաբանում փորձեցի ներկայացնել այն միտքը, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատասխանատուն, կաթողիկոս Գարեգին Բ-ն եւս կունենա մտորումներ եւ համաշխարհային կրոնական այս վերադասավորումների փուլում չի թողնի որ հայությունը նոր փորձության գնա (խոսքը՝ միաժամանակ Կիլիկիո թեմի Արամ Ա կաթողիկոսին է վերաբերում)… Համենայնդեպս, հուսամ: Եթե այլերի ու այլ կրոններ պիտի ստեղծվեն նորից, ապա ազգովի պիտի պատրաստ լինենք դիմակայելու այդ արհավիրքին: Իսկ միջազգային կրոնների վախճանը կյանքի կկոչի ազգային հավատներին եւ միայն ազգային հավատը պիտի տեղ ունենա մեր ազգի ու երկրի մեջ, որպեսզի խուսափենք օտարացման նոր փուլերից ու ցեղասպանվելու նոր հեռանկարներից…

Արիականությունը արարչական երեւույթ է, իսկ մեր պատմությունը՝ դրա ածանցյալը, ինչը քրիստոնեություն-արիադավանություն անցումը հարազատ կապով է պատում»:

Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը տարիներ առաջ այդ անցմանը անցավ նպաստելու համար հուդա-քրիստոնեությանը զուգահեռ ստեղծեց արիա-քրիստոնեությունը, այն հրապարակված է եւ դրա կիրառումը այսօր էլ կօգնի այն դարձնել հավատադարձի հիմք վերոնշյալ համաշխարհային վայրիվերումների ժամանակ…

Իսկ այսօր ողջունելի են այն քայլերը, որ անում են հայ քրիստոնյաները՝ համաքրիստոնեական քայլերի ասպարեզում: Որտեղ Վատիկանի ջանքերով մեղմվում է նաեւ էկումենիկ հուդա-քրիստոնեության դիրքերը եւ եկեղեցիների ազգայնացման հնարավորություն է բացվում: Եվ անսպասելի չէր «Մալթայական օրդեն»-ի պատասխանատուների այցը Հայաստան… Կարեւոր էր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը, որը կհամախմբի ոչ միայն քրիստոնյա հայերին: Էջմիածինը այլեւս պիտի լինի կասրեւոր մասնակիցը՝ համաքրիստոնեական քայլերի՝ որոնք եւս մասնակիցը կդառնան աշխարհի վերաբաժանման այս փուլի…

Անչափ կարեւոր է նաեւ պետության դերը եւ այն նախաձեռնությունը, որը վերջերս Համահայկական հավաք որակվեց, Հայաստանը հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը ճանաչվեց Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովում: Հետեւողական պիտի դարձնել նաեւ «Ծագումով հայեր» նախաձեռնության գործունեությունը:

Հայ արիականներն էլ պիտի շարունակեն իրենց ոլորտային գործունեությունը, արդեն նախաձեռնած՝ Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարության ձեւավորումը, Համաարիական միջազգային կառույցի ստեղծումը, որին զուգահեռ նախատեսվում է ձեւավորել նաեւ Հակաթուրքական ճակատ, Համահայկական ազգայնական միավորման ստեղծումը եւ սրանց նպաստող այլ քայլեր: Հայ արիներն առաջարկել են նաեւ Հայապահպանության նախարարություն ստեղծել, որը համազգային սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրները պիտի լուծեր, ինչպես նաեւ հայապահպանության հարցը աշխարհի բոլոր անկյուններում…

Հայաստանը իր բոլոր ուժերով պիտի պատրաստ լինի դիմագրավել հնարավոր վտանգներին, եւ ամենակարեւորը՝ համադրելով համաշխարհային բեւեռների շահերը  դառնալ տարածաշրջանի դերակատար ունեցող երկիր՝ առաջադրելով մեր ազգային նպատակները:

Արամ Ավետյան

* * *

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին

(«Լուսանցք»-ի արխիվից, թվագրված 20.10.2014թ.)

http://www.hayary.org/wph/?p=6778Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…

Տիար Գարեգին Բ. Կաթողիկոս համայն առաքելական քրիստոնյա հայերի:

Մեծապատիվ ակնկալում եմ, որ դիմելաձեւս Ձեր դիրքին ու կոչումին պատշաճ կհամարվի, նաեւ որպես արիադավան հայի անկեղծ խոսք, որում կայծ անգամ չկա թերասածության միտումի կամ վիրավորական նշույլի: Եթե խոսքերս դիտարկեք ոչ այս տեսանկյունից, ապա ներողամիտ գտնվեք, եթե անպատշաճ կհամարվի դիմելաձեւս: Գիտեք, որ ես Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ եմ, ուստի վերին կոչումներն ու էությունները, մասնավորապես՝ ամենայն հայոց տեսանկյունից հղված, այլ նշանակություն եւ այլ բնույթ ունեն իմ պատկերացումներում:

Վեհափառ առաջնորդ հայ քրիստոնյաների, համոզված եմ, որ վաղու՜ց կարիքը կա մեր նման երկու հայի երկխոսության: Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերով, թարմացնենք պատմական խորխորատներում մշուշապատված մեր հիշողությունը, եւ վերականգնենք հայի տիեզեաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման:

301-ից այս կողմ եղած ժամանակահատվածի բազում դեպքերից ծնված վիրավորանքների, չեմ թաքցնում՝ անգամ ատելության եւ ըմբոստության դարավոր պաշար եմ կուտակել, գենետիկ պաշար, ինչը երբեմն փորձում է դուրս ժայթքել: Թե ի՜նչ ցավ եմ ապրել, երբ արդեն գիտակցել, զգացել եմ, թե ինչե՜ր ենք կորցրել, բազում հազարամյակների ի՜նչ պատմական, հոգեւոր, մշակութային ու այլ գանձեր… Սրբազան Երկիր Հայոց, որ Աստվածների Բնակատեղի է հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ… ՄեկԱրարաչաիական Տիեզերակարգը, որին ձուլված ենք Տեսակով Հայի՝ ինչպես Երկնային, այնպես Երկրային… Իսկ Տիեզերքի Արարչին ՆՐԱ արարումների մեն մի Աստծով ենք ուրացել ցայսօր…

Հա՜յր իմ Արարիչ,

Մա՜յր իմ Բնություն,

Տու՜ն իմ Տիեղզերք…

Սիրու՛մ եմ ես Ձեզ,

Գալի՛ս եմ ես Ձեզ,

Կհասնե՛մ ես Ձեզ…

Անկշռելի ծանրացած է սիրտս եւ անչափելի դատարկված է միտքս, միայն հոգիս է հանդարտվել մի քիչ, քանզի զգում է տիեզեաազդակ ալիքների հոսքը, որ արարչահաղոդ են, աստվածահաս ու հավերժից եկող… Հոգեցունց տիեզերաերակները բերում են գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ անդադար խոսում է հոգիս, հոգուս ալեհավաքից հասնում սրտիս ու մտքիս՝ հանգուցալուծելով երբեմնի դարանակալ մտայնություններս…

Բայց այս մասին չէ, որ որոշել եմ խոսել, հարգարժան կաթողիկոս: Պարզապես հասկացա, գիտեմ այլեւս, որ լռելը սխալ է՝ խոսել է պետք: Իսկ գրեցի այս ամենը, քանզի ցանկացա ցույց տալ, որ անցյալիս զգացմունքները հաղթահարում եմ, որպեսզի քայլ անեմ դեպի ապագան: Բայց առանց ներկայի մաքրառու հոսքի չի զուլալվի մեր հիշողության անքակտելի եւ անկանգ գետակը:

Քրիստոնյա ազգակից եղբայր իմ, ով գուցե զգում, բայց չի խոսում նման բաների մասին: Դիմում եմ՝ հասկանալով, որ օրվա արժեհամակարգի կյանքի չափորոշիչներով հավասար պայմաններում չենք, Դուք՝ միլիոնների կաթողիկոս, ես՝ արիադավան հայ մի՝ առաջնորդն իր նման հազարավոր հայորդիների: Բայց օրվա չափանիշը, որ ցուցադրական նիշ է մի պարզ, ի՞նչ գործ ունի հազարամյակների դրոշմի, չգրված օրենքների ու սովորութական իրավունքների հետ: Օրվա քանակը ի՞նչ կարող է հակադրել հայի տիեզերահաս գենին, հազարամյակներից եկող շառաչող ձայնին… Ուստի դիմում եմ՝ ինչպես հայը հային, անենք այն՝ ինչը չի արվել շուրջ 17 դար: Ես ցանկանում եմ խոսել որպես՝

– Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

– Շուրջ 30 տարի Հայ Աստվածներին կանչող, Նրանց համար մաքառող, Նրանց հասած ու Նրանց զավակ եւ զինվոր մի արորդի,

– Հայ քրմական դասի ու հայոց տիեզերահաս հավատի վերհառնման ջատագով մի նվիրյալ, ով իրեն համարում է Հայոց Արձան Քրմապետի հոգեզավակը, ով ապրեց որպես գերագույն քուրմ հոգեւորական եւ նահատակվեց 301-ին որպես քուրմ ռազմիկ՝ ի՛ր ազգի ու հայերնիքի պաշտպանության, ի՛ր հավատի ու Աստվածների ճշմարտության համար,

– Հայ մարդ, ով գիտակցում է Մարդ-Աստվածներ-Արարիչ կապը եւ զգում է Տիեզերական Գարնան հալոցքը… Ում համար թանկ է յուրաքանչյուր հայ գենը, ով տեսնում է հայ մարդու եռահամակարգ արարչաբնույթ կերպը՝ մարմին-միտք-հոգի միասնությամբ, անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից, սոցիալական եւ իրավական կարգավիճակից:

Այսօր մեծագույն փոփոխությունների շեմին ենք, համաշխարհային կրոնների կործանումը գուժում են անգամ այդ կրոնների առաջնորդները, Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման, Վատիկանի հոգեւոր առաջնորդ Հռոմի Պապը, համոզված եմ, դա նկատել եք նաեւ Դուք՝ հայ առաքելական քրիստոնյա հավատավորների առաջնորդը: Էկումենիստական ուղեգիծը մի վերջին անգամ հարվածեց քրիստոնեական եկեղեցիների ազգայնացման գործընթացին, ինչը ես չէ, որ պետք է Ձեզ ներկայացնեմ: Եվ քրիստոնեությունն ավելի թուլացավ, ինչն այսօր վտանգավոր է նաեւ մահմեդականության հարձակումների դեմ պայքարում:

Վստահ եմ, գիտեք, որ Տիեզերքում ամեն արհեստածին բան վախճան է ունենում, իսկ վերազգային երեւույթները (նաեւ կրոնները) հարյուրավոր մասնատումների ենթարկված գնում են ինքնաոչնչացման: Այս դեպքում պետք է լրջորեն մտորել, արդյո՞ք կրոնների կործանումը չի հանգցնի նոր մի քարոզչության կամ հզորացած աղանդավորական կառույցի ներխուժմանը եւ մի նոր՝ այլ բնույթի 301-ի ականատեսը չենք դառնա…

Իսկ վտանգը կա, քանի որ կրոնների կործանումը հնարավոր չէ կասեցնել, իսկ Հայաստանում ինչպես եկեղեցական քարոզիչների մեծամասնությունը, այնպես էլ պետական պաշտոնյաների, հանրային եւ քաղաքական գործիչների մի հոծ զանգված հետեւողականորեն քարկոծում են ցայսօր Հայոց Հավատի կրակը պահած արիադավան-հեթանոս հայերին ու Հայ Աստվածներին:

Վեհափառ, եթե տգետ պաշտոնյան կամ կույր հավատացյալ հոգեւորականը համոզված է, որ Աստվածները մեռնում են եւ Հայ Աստվածներին կոչում է «մեռած Աստվածներ», ապա վստահ եմ, Դուք գիտեք ինչ է իրականում Տիեզերքի Արարիչը՝ Ամենայն Ստեղծին, որ Արարել է նաեւ Աստվածներին, եւ Տիեզերական Հավերժության պահապան այդ Էակները եղել են, կան ու հավերժ են: Խնդիրն այստեղ այլ է, եթե քրիստոնեությունը գնում է իր վախճանին, ապա հայ քրիստոնյան պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանի հոգեւոր կյանքում իր տեղը ոչ թե մի աղանդավորական ավազակ կամ մեկ այլ կրոնախեղ գրավի, այլ հայ արիադավանը, հայ հեթանոսը-ազգայինը: Հեթանոս նշանակում է էթնոս-ազգ, ինչը շատերին զարմանալիորեն հասկանալի չէ, որ հայ հեթանոս նշանակում է հայ ազգային, ազգային հավատի հետեւորդ:

Գուցե ասածներս ժամանակավրեպ դիտվեն, բայց ժամանակն անխնա է եւ հաճախ է փոխում իր արագությունը: Առաջարկում եմ՝

  1. Ամենաբարձր մակարդակով որոշում կայացնել, որպեսզի հայ առաքելական եկեղեցականների կողմից դադարեցվեն անիմաստ ու անհիմն քարկոծումները հայ հեթանոսության, այսինքն՝ Հայոց Հավատի եւ Հայ Աստվածների նկատմամբ:
  2. Իրապես ներկայացնել այն եղելությունները, որ կատարվեցին 301-ին ու դրանից հետո, երբ զանգվածային սպանդի միջոցով, ոչ թե սիրով ու սպասումով Հայաստանը դարձրին քրիստոնեական երկիր:
  3. Ներեկեղեցական եւ ներհամայնքային շրջանակներում ավելացնել հայ տեսակի պահպանման քարոզչությունը՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերի միասնության կարեւորումը: Այն կարեւոր է ոչ միայն համազգային հարցերում, այլեւ ապազգային երեւույթների դիմագրավման առումով, նաեւ աղանդների դեմ համատեղ պայքարում:

Ես դիմել եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի խորհրդարանականները եւս մտածեն ու օրենսդրորեն հնարավոր լինի Գառնո տաճարը բերել գործող տեսքի, որպեսզի այն դառնա արիադավան հայերի հոգեւոր կենտրոնը-տունը: Կարծում եմ՝ Ձեր կարծիքը եւս կցանկանան իմանալ: Հուսամ՝ դեմ չեք արտահայտվի եւ դա կլինի առաջին քայլերից մեկը հեթանոսություն-քրիստոնեություն հաշտեցման, որը ինչպես վերը նշեցի, կարող է շուտով խիստ հրատապ լինել:

Տիար Գարեգին Բ, շատ հարցեր կան, նույնքան շատ մտորումներ, բայց այս կարճ նամակով փորձեցի զգացածս հաղորդել եւ սպասել Ձեր արձագանքին: Պատրաստ եմ հանդիպել եւ խոսել նաեւ այն ամենի մասին, ինչը չի կարելի գրավոր ներկայացնել: Տիեզերական շրջափուլեր կան, հավերժապտույտ իրողություններ, որոնց անհնար է դիմակայել, պարզապես գիտակցել է պետք եւ այդ փոփոխություններին համահունչ քայլել: Այլապես…

Հարգանքներով՝

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։