Անհրաժեշտ է ոչ թե սեւ կամ վարդագույն, այլ՝ օպտիկական ակնոց – Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին որոշումը լրագրողների սրտով չէ… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է լրագրողների հետ հանդիպումը՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին եւ քաղաքապետարանի շենքի պահպանությանն ու անցագրային կարգը կանոնակարգելու իր հանձնարարականին անդրադառնալու համար…

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին հանդիպում է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երեւանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաեւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:

http://www.hayary.org/wph/?p=6789Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երեւանի քաղաքապետին՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է. «Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ եւ առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը եւ արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաեւ ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետեւանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:  

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են եւ պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի եւ ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության ու լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը՝ կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որեւէ այլ միջադեպից»:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարեւորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին եւ քաղաքապետարանի շենքի պահպանության եւ անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր կողմից տրված հանձնարարականին. «Կարեւորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է եւ, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում եւ չափազանց կարեւորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաեւ նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջեւ: Երեւանի ավագանին էլ ընտրովի մարմին է ու մենք պատասխանատու ենք նաեւ մեր ընտրողների առջեւ:

Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալու Երեւանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երեւան քաղաքի կառավարման բարձրագույն մարմնին»:

Հանդիպման ավարտին Երեւանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ եւ արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երեւանցին:

Երկու կողմից էլ արված այս քայլը ողջունելի է: Լրագրողների աշխատանքից ոչ ոք չի տուժի: Լրագրողների՛: Ովքեր բարեխղճորեն իրենց գործն են անում: Ովքեր լավին լավ են ասում, վատին՝ վատ: Ովքեր եթե տեսողության խնդիր են ունենում, օպտիկական ակնոց են կրում, այլ ոչ թե՝ սեւ կամ վարդագույն:

Ի միջի այլոց՝ ֆ/բ օգտատեր Ռոբերտ Մելքոնյանը գրում է. «Զարուհի Փոստանջյանն իր հետեւից մի քանի լրագրողների «քարշ տալով» տարել է ցույց տա իր մեծագույն եւ դարակազմիկ հայտնագործությունը, «հետախուզական» աշխատանքների արդյունքները՝ որ Երեւանի քաղաքապետարանում, աշխատանքի ժամին թղթախաղով են զբաղված:

Եվ նրանց ուղեկցել քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկող վարորդների հանգստի սենյակ: Վարորդներն ի զարմանս Զարուհու եւ իր ուղեկցողների, համաշխարհային, հայկական գրականության, հայտնի փիլիսոփաների աշխատություններն ուսումնասիրելու փոխարեն, այդ պահին թղթախաղով են զբաղվել: Վարորդները, որոնք այդ պահին ճանապարհին չեն, ազատ են, աշխատանքի մեջ չեն, ըստ Զարուհու եւ մի քանի ծռաշեղված լրագրողների, պետք է պարապ նստած պատերին նայեին…

Սա քիչ է, սույն տաղանդավոր մանիպուլյատորն ու իրեն դրսի հայտնի ուժերի կողմից ամրագրված լրագրողներն այդ ամենը տարածում են ողջ քաղաքապետարանի աշխատակիցների վրա: Ընդհանրացված, ստահոդ եւ մտածված հայտարարում, որ քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքի ժամին թղթախաղով են զբաղված:

Սա արդեն այս խմբի հերթական գարշաբույրն է, էժանագին ձեռնածության վառ օրինակը»:

Ըստ մեզ՝ միանգամայն ճիշտ դիտարկում: Քարշ տալու առիթով մի բան հիշեցի: «Պրավդա»-ի Յուրի Առաքելյանը ԵՊՀ-ում մեզ դասավանդում էր: Մի օր ասաց. «Ճիշտն ասած սրտովս չէ այն խորհուրդը, որ Ձեզ պետք է տամ, թե իբր դռնից ձեզ վռնդում են, պատուհանից մտեք: Չեմ ուզում կեղծել, կարող է շուտ մեռնեմ (հիվանդ էր, թոքերի աշխատանքի խնդիր ուներ- Ա.Մ.): Սիրելիներս, այն կարգի լրագրող եղեք, որ ձեր առաջ դռներն էլ, պատուհաններն էլ, երդիկներն էլ բաց լինեն: Բայց դուք որոշեք՝ ինչ եք գրում եւ երբ եք գրում: Օֆ,- հոգոց հանեց, շունչը չէր հերիքում,- կարճ ասած՝ մի մանրացեք»:

Սրանով ավարտեմ՝ ընդամենը բացականչելով. «Ո՜նց թե վարորդները թղթախաղով են զբաղվել, բա Մոցարտ ու Բախ ո՜վ պիտի լսի, արդի գիտական հայտնագործությունների մասին ո՜վ պիտի կարդա, ՏՏ ոլորտի միջազգային վերջին նորարարություններն ո՜վ պիտի իմանա: Բոլորին դեպի կախաղա՜ն»…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։