Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – (2-րդ մաս) – Տնտեսական շահը չպետք է վեր լինի բնապահպանականից… Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում՝ ընդերքօգտագործումից խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6800Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (1-ին մաս)  – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

Խոսելով ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ծրագրից (իմա՝ հանքի փակման ու հանքարդյունաբերության հետեւանքով դեգրադացված հողերի վերականգնման բոլոր ծախսերից)՝ նախ անդրադարձել էինք միջազգային փորձին, որպեսզի հասկանանք, թե այդ փորձի որ տարբերակն է կիրառելու Հայաստանը (որոշ կրճատումներով այս մասին խոսել եմ նաեւ «ՀՀ»-ում):

Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը, մեր դեպքում առաջ կքաշվեն տարբերակներ, որոնց կիրառման միջոցով հնարավոր կլինի լուծել ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման աշխատանքների  ծրագրավորումը, ֆինանսավորումը եւ իրագործումը: Սրանից զատ՝ միաժամանակ համապատասխան պայմաններ կստեղծվեն նախկինում դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգնման համար: Ի դեպ, «համապատասխան պայման» ասվածը ֆինանսավորման միջոցների աղբյուրների առաջացումն է:  

Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից է: Հանքարդյունաբերությունը տնտեսության մեջ հիմնական արտարժույթ ստեղծողն է եւ 2017թ. ապրիլի դրությամբ այն կազմում է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի 21%-ը: Սակայն, ըստ բնապահպանության նախարարության, «ներդրումների միջոցով ոլորտի մեծածավալ կարճաժամկետ օգուտներ ստանալու ներուժը հաճախ ստվերում է թողնում շրջակա միջավայրի եւ տեղական համայնքների վրա ոլորտի թողած հնարավոր բացասական ազդեցությունը»: Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, սակայն անհրաժեշտ է, որպեսզի հաշվի առնվեն նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում նաեւ՝ ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Հանքարդյունաբերության հետեւանքով խախտված հողերի վերականգնման մասով ինչու՞ պետք է խնդիր ծագի: Չէ՞ որ հանքի փակման ծրագրի հիմնական պայմաններից մեկը ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման մեթոդների, եղանակների եւ ծավալների ընտրությունն է, անհրաժեշտ գումարների գնահատումն է, ինչը ներառված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի այն դրույթներում, որոնք վերաբերվում են հանքի փակման ծրագրի ֆինանսական երաշխիքներին եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վճարների իրականացմանը: Նաեւ՝ հանքի փակման,  այդ թվում՝ ռեկուլտիվացիայի ծրագրում մանրամասն նկարագրվում են, թե ինչպես են ընդերքօգտագործողները վերականգնելու խախտված տարածքը՝ բերելով այն անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակին:

Բանն այն է, սակայն, որ հանքերից շատերը փակվում են նախատեսվածից շուտ եւ, հետեւաբար, այդ ընդերքօգտագործողները չունեն հանքի փակման մշակված ծրագիր:

Մինչդեռ հանքի փակմանը, այդ թվում ռեկուլտիվացիայի ծրագրին եւ դրանց իրականացմանը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սկսած նախագծման փուլից՝ հանքի արդյունավետ փակում ապահովելու եւ փակման չնախատեսված կամ չպլանավորված դեպքերի բացասական հետեւանքները մեղմացնելու նպատակով:

Թեման ավելի բացելու համար մի փոքր նախապատմություն անենք:

Մեր երկրում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման ենթակա գումարներն ընդերքօգտագործողները սկսել են վճարել 2003թ. հետո միայն:

Մինչ այդ, դեռեւս խորհրդային ժամանակներում նաեւ, փակված, դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի խախտված հողերի վերականգման համար շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ չեն եղել: Այժմ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման ենթակա վճարները ընդերքօգտագործողները անում են նախնական եւ ընթացիկ հատկացումների ձեւով: Նախնական հատկացումն արվում է համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ ընթացիկ հատկացումները կատարվում են համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, իսկ եթե պայմանագրով չի սահմանված ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց, ապա հատկացումները կատարվում են ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար:

Դրամագլխին վճարվող գումարները պահվում են Կենտրոնական գանձապետարանում բացված՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում՝ ըստ ընդերքօգտագործողների՝ նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում:

Եթե ընդհանուր առմամբ, իրավիճակը շատ հակիրճ ներկայացնենք, ապա պատկերը հետեւյալն է: Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողերի ընդհանուր մակերեսը նախնական խոշորացված գնահատականներով կազմում է 13640 հա: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում 2017թ. հունիսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 223 496 748,90 ՀՀ դրամ: Ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրած 105 ընկերությունների կողմից վճարվել է 66 009 260 ՀՀ դրամ՝ նախագծերով կամ ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված 190 824 620 ՀՀ դրամ ընդհանուր գումարի փոխարեն»:

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված է, որ ընդերքօգտագործողը հանքի փակումից 2 տարի առաջ ներկայացնում է հանքի փակման վերջնական ծրագիր, իսկ հրաժարման դեպքում՝ հրաժարման դիմումին կից ներկայացնում է խախտված հողերի վերականգման (ռեկուլտիվացիոն) ծրագիր: Հինգ տարի առաջ բնապահպանության նախարարի հրամանով հաստատվել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը: Աշխատակարգի համաձայն՝ ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու համար հանձնաժողովի կողմից պետք է տրվի ընդերքօգտագործողի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության եւ կատարման որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա էլ լիազոր մարմինը պետք է որոշում ընդունի՝ ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնե՞լ, թե՞ ոչ:

Ըստ էության, փաստաթղթային կարգավորումներն ու ձեւերը կան, սակայն խախտված հողերի վերականգնման ժամանակ խնդիրներ, այնուամենայնիվ, ծագում են: Ի՞նչն է պակաս, ի՞նչն է խանգարում եւ ի՞նչ լուծումներ է առաջարկում գործադիրը՝ ի դեմս պատկան կառույցի:

Այս մասին՝ հաջորդիվ կներկայացնենք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։