Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

Սկիզբը՝ թիվ 9-ում

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Ալիշանը իր վերլուծությունում զարմանալիորեն չի անդրադարձել Կտեսիոսի աշխատությունում տեղ գտած մի տեղեկության, ըստ որի, իբր Շամիրամը արշավել է Հնդկաստան (ըստ որոշ տեղեկությունների՝ Նինոսը) եւ պատերազմել Զրադաշտի դեմ:

Ըստ երեւույթին, Կտեսիոսը, ինչպես եւ շատ հին հույն պատմիչներ պատկերացում չեն ունեցել Հին Հայաստան-Հնդկաստանի մասին եւ այն տեղաշարժել են դեպի հեռավոր թերակղզի Հնդկաստան՝ Գանգես եւ Ինդոս գետերի հետ միասին, որոնք միջնադարյան քարտեզների վրա սկիզբ են առնում Կովկասյան լեռներում (Հինդուկուշ լեռներ):

Այժմյան Հնդկաստանի հին եւ նոր պատմության մեջ ոչ մի տեղեկություն չկա Շամիրամի՝ Հնդկաստան արշավանքի մասին: Չի հիշատակվում նաեւ այն մասին, որ Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Հնդկաստանը:

Շամիրամը արշավել է Հայաստան-Հնդկաստան («Լուսանցք»-ը Հայաստան-Հնդկաստանի մասին հրապարակում արել է,- Գ.Պ.), այլ ոչ թե թերակղզի Հնդկաստան:

Մեր հին պատմության ձեռագրերը ճակատագրի բերումով հայտնվել են Տիբեթում եւ Հնդկաստանում, որոնք համաշխարհային պատմության մեջ ներկայացված են որպես հնդիկ ժողովրդի «հին պատմությունը», չնայած այն բանի, որ որոշ հնդիկ գիտնականներ, օրինակ Դիքշիտը եւ Կումարասվամին հաստատում են, որ այդ ձեռագրերը հայտնվել են հնդկական հողի վրա դրսից՝ Հայաստանից:

Խորենացու «Հայոց պատմություն»-ից հայտնի է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելը, ըստ որի Շամիրամը սիրահարվել է հայոց թագավոր Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն: Վավաշոտ Շամիրամը ստանալով մերժում Արայից՝ ներխուժում է Հայաստան (Կտեսիոսի մոտ՝ Հնդկաստան):  

Հին հույն աշխարհագրագետ, պատմաբան Ստրաբոնը իր «Աշխարհագրություն»-ում (ռուսերեն, 1964) գրում է. «Իսկ ինչ հիմք ունենք մենք, որպեսզի հավատանք Հնդկաստանի մասին զրույցներին, որոնց համար հիմք է ծառայում Կյուրոսի եւ Շամիրամի արշավանքների նման տեղեկությունները:

Այնուամենայնիվ, Մեգասֆենն էլ որոշ չափով համամիտ է մեզ հետ, որովհետեւ նա առաջարկում է չհավատալ հնդիկների մասին հին պատմություններին, քանի որ հնդիկները երբեք իրենց զորքը չեն ուղարկել երկրի սահմաններից դուրս եւ երբեք չեն նվաճել այլ երկրներ, բացառությամբ զինվորական ուժի Հերակլեսի եւ Դիոնիսոսի առաջնորդությամբ, իսկ վերջին ժամանակ՝ մակեդոնացիների:

Ճիշտ է, պարսիկները հրավիրել են վարձկան զինվորների Հնդկաստանից ( ՞ ,- Գ.Պ.), բայց իրենք չեն պատերազմել նրանց հետ, այլ միայն մոտեցել են նրանց՝ մասսագետների դեմ Կյուրոսի արշավանքի ժամանակ:

Իսկ ինչ վերաբերում է Հերակլեսի եւ Դիոնիսոսի մասին զրուցներին, ապա գրողների մեծամասնությունը, այդ թվում՝ նաեւ Էրատոսֆենը, այն համարում են կեղծ եւ առասպելական ավանդազրույց հույների մոտ…»:

Նշենք, որ կեղծ է նաեւ այն տեղեկությունը, որ Պյութագորասը իր գիտելիքները ստացել է Հնդկաստանում կամ այն մարդկանցից, ովքեր եղել են Հնդկաստանում, ինչպես գրում է Ե. Բլավատսկայան (ռուսերեն՝ ,,Ռազօբլաչյոննայա  Իսիդա,,):

Իրականում ովքեր են եղել «հնդիկ» վարձկանները, որոնց մասին գրում է Ստրաբոնը, մենք պարզաբանել ենք «Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Ալեքանդր Մակեդոնացին» հոդվածում («Լուսանցք», նոյեմբերի 6-13, 2015):

Չիմացության պատճառով կամ միտումնավոր հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային պատմությունը՝ մասնավորապես «Հայոց պատմությունը», որն առ այսօր արժանի տեղը չի գտել համաշխարհային պատմության մեջ:

Օրեցօր ավելանում են փաստերը Հին Հայաստան-Հնդկաստանի մասին:

Անանուն հայ հեղինակի քարտեզի վրա (12-րդ դարավերջ եւ 13-րդ դարավերջ) հյուսիսում է գտնվում Աշխարհք Հնդկացը (Մատենադարան, ձեռագիր 1202):

Ֆուլկանելլին  «Փիլիսոփայական մենաստաններ» գրքում գրում է, որ երրորդ Հնդկաստանի կառավարիչն է եղել Գասպարը:

Հայոց եկեղեցական ավանդությունից հայտնի է, որ Հիսուսի ծննդյան ժամանակ երկնքում երեւացել է նրա պայծառ աստղը, եւ որ Արեւելքի կողմից այդ աստղը նկատել են երեք իմաստուն մոգերը՝ Մելքոնը, Գասպարը եւ Բաղդասարը:

Հովիկ ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհն ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքում «տասնհինգերորդ ընտիր եւ պատվական երկիրը, որ ստեղծել է ա՛հուրա՛հ մազդան, թարգմանվել է «յոթ գետ», իսկ Ի.Վ. Ռակի գրքում այն թարգմանվել է «Խապտա Հինդու», այսինքն՝ «Յոթերորդ Հինդու»:

Ըստ Ա. Ուայլդերի, զենդական H-ն Հնդկաստանում կարդացվում է «S», դրա համար էլ Խապտան կարդացվում է Սապտա, իսկ Հինդուն (Hindu)՝ Սինդհայա: Սինդհայա անվան «հայա» մասնիկը ցույց է տալիս, որ խոսքը հայկական Հինդուի մասին է, որովհետեւ Արամազդի ստեղծած բոլոր 16 երկրները գտնվում են Հայկական լեռնաշխարհում:

Իսկ Մաքս Մուլերի կարծիքով, զրադաշտականները եւ նրանց նախնիները դուրս են եկել Հնդկաստանից ( ՞ ) վեդայական ժամանակաշրջանում, բայց չի նշվում՝ ինչ աղբյուրից է նա օգտվել:

Ֆալկե Դայրա (Տայրա) ավանդազրույցում, որը գրի է առել Ե. Լալայանը, ասվում է. «Ֆալկե (Ֆաղկե) Տայրան հյուսիսային աշխարհներից է եկած եղել: Այդպիսիններին այն ժամանակ ասում էին Հնդու եման եկած է (Մոկս Հայոց բանահյուսական մշակույթ»):

Տայրա անվան հետ կապված մի մեջբերում կանենք Արամ Մկրտչյանի «Զարաթուշթրա» հոդվածից («Լուսանցք», 2015), որտեղ ասվում է. «Ավեսթայի մեջ, մասնավորապես «Բունդահիշնա» մասում Հարա Բերեզաթի լեռը կոչվում է «Տայրա» եւ «Տիրակ». այս գագաթի շուրջն են պտտվում արեւը, լուսինը եւ աստղերը: Ըստ Ավեսթայի, Հարա Բերեզաթի կամ Հարաիտի լեռնազանգվածը ունի երկու գագաթ՝ Հուկարիա եւ Տայրա անուններով եւ Արամազդն Միհրի համար Հարա Բերեզաթի լեռան վրա կառուցվել էր «լուսաշող կայարան»: Արարչագորոծությանը մասնակից լեռնազանգվածը Ավեսթայի մեջ ունի հետեւյալ անունները. Հարա Բերեզաթի Ալբուրզ, Հարա, Հարաիտի, Հուկարիա, Տայրա, Տիրակ, Սպիթա Գառնա եւ Ուշի Դարա: Նշված բոլոր տերմին բառերը իրենց իմաստաբանությամբ կապված են հայերենի հետ»:

Տայրա, Տիրակ եւ Ֆալկե Տայրա ծածկանունը ցույց է տալիս, որ Հնդու աշխարհը գտնվել է հյուսիսում՝ Արարատ-Տայրայի կողմերում, ինչը եւս լուրջ փաստարկ է, որով հաստատվում է մեր տեսակետը՝ այն, որ Հին Հայաստանը կոչվել է Հնդու, Հնդկաց աշխարհ, իսկ ավելի ուշ՝ Եփրատից մինչեւ Հնդկաչին՝ Հնդկաստան (այս մասին էլ «Լուսանցք»-ում հրապարակումներ արել եմ,-Գ.Պ.):

Կարծում ենք՝ Ֆալկե Տայրան նույն Տիր Ֆալաքն է, որին համեմատում են Դիր Դալաքի հետ:

Սարգիս Հարությունյանը «Հայ առասպելաբանություն»-ում գրում է. «Ֆալաքը աստղազարդ երկինքն է, բախտի (ճակատագրի) երկնային անիվը (Չարխի Ֆալաք), որի հսկողն է Դիրը: Եթե նույն անուններն են հայոց Տիրն ու պարսից Դիրը, ապա նշանակում է, որ Տիրը եւս ճակատագրի ու գիտությունների տնօրեն հսկիչն է եղել հայոց մեջ: Տիրը հելլենիստական ժամանակաշրջանում, ինչպես հայտնի է, նմանեցվել է հունական Ապոլլոնին եւ Հերմեսին»:

Ֆալ (բրբ.) բառը հայերեն նշանակում է բախտագուշակություն, հմայություն: Ֆալաք (ֆալակ) բառը բացատրվում է հետեւյալ կերպ. Ֆալակ (Վանում) գետնախորշի այդ անցքը հայտնի է նաեւ Չարխի Ֆալաք»՝ «բախտի անիվ» անունով, իբր այնտեղ շարունակ պտտվում է անտեսանելի ամենազոր բախտի անիվը (Զ.Դ.): Ֆալաքի անիվը հանկարծ կարող է ծռվել եւ մեր ընտանիքի գործը ձախվել (բաբ.):

Ֆալակ (բրբ.) բառացի նշանակում է բախտի ակ, որտեղ ակը նույն անիվն է:

Ֆալչի (բրբ.) բառը, որ այժմ էլ օգտագործվում է որոշ բարբառներում, նշանակում է բախտագուշակ, ֆալ բացող, գրբաց, հմայող:

Չարխի Ֆալաքը կոչվում է նաեւ Ճախրի Ֆալաք: Աճառյանի արմատական բառարանում ճախր (իր վրա դառնալը, շրջան, դարձ, պտույտ), որից ճախր առնուլ, ճախրել, ճախրանք համեմատելի է հին հնդկ. cahra (cakra)-«անիվ, շրջանակ, ձիթհանք, թռչուն, ճախր, պտույտ» բառից:

Ճախր բառը Աճառյանը համարում է փոխառություն, ինչը վկայում է, որ նա այն ժամանակ չի իմացել, որ «հնդեվրոպական լեզու» գոյություն չի ունեցել, դա լեզվաբանների կողմից հորինված արհեստական, աբստրակտ տերմին է, իսկ հին հնդկերենը հին հայերենն է:

Սակռ (cakra) բառը ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում նշանակում է՝ կաքավներ, աղավնիներ եւ երգող թռչուններ որսացող՝ բազեների ցեղին պատկանող գիշատիչ թռչուն:

Ճախրի Ֆալաքին կարելի է համեմատել հավահմայի, հավագետի հետ, որը թռչունների թռիչքից՝ ձայնից գուշակություններ է անում: Հայտնի է, որ հնում մեր քրմերը խոսել են նաեւ թռչնի լեզվով («ծտի»):

Ժամանակն է, որ գոնե մեր լեզվաբանները եւ արեւելագետներն իմանան՝ հին հնդկական լեզուն այն ժողովրդի լեզուն է, որ ապրել է հյուսիսում՝ Հնդու, Հնդկաց աշխարհում, որտեղ գտնվում է Արարատ-Տայրա սուրբ լեռը, եւ որը ոչ մի կապ չունի այժմյան Հնդկաստանի հետ, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են մեր հին ձեռագրերը:

Արարատի Hukaria (Հուկարիա), Hugar (Հուգար, մջն պարս.) անվանումը բաղկացած է «հու» եւ «կար, քար» արմատներից, որտեղ hu-ն շումերերեն նշանակում է թռչուն, իսկ kar-ը հայերեն քար բառն է, այսինքն՝ Hukar/Hugar կնշանակի թռչնի քար, որտեղ թռչունը կարող է լինել աղավնի, արծիվ, անգղ եւ այլն:

Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է՝ նույնպես նման արծվի, որի լուսանկարները Սրապիոն Գեւորգյանը սիրով տրամադրել է «Լուսանցք»-ին, եւ դրանցից մի քանիսը  տպագրվել էին:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։