Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը (2-րդ մաս) – Երբ ազգային արժեքի սահմանը… 6 մ է… 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով – հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել… Ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել – Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր…

Սկիզբը՝ թիվ 10-ում

http://www.hayary.org/wph/?p=6847Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…

«Սեւան» ազգային պարկի խնդիրներն ի մի բերելով նաեւ փորձեցինք հասկանալ, թե ինչու է որոշվել, որ հենց 6 մ-ով պիտի բարձրանա լճի մակարդակը եւ ոչ թե ասենք 7, 8 կամ 10 մետրով:

Դեռ տարիներ առաջ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ասել էր, թե այդ 6 մետրը ոչինչ չի տալու լճին, թերեւս միայն կասեցնելու է ճահճացման գործընթացը, բայց դրանից ջրի որակը չի լավանալու: Մինչդեռ մեզ համար գերխնդիրը ջրի որակի լավացումն է:

Ի դեպ, նկատենք, որ 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով: Դրանից հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել: Բայց 6 մ-ն չի փոխվում ու չի փոխվում:

Այս 6-ի հարցն առիթով ուղղել եմ այն ժամանակվա բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին: Նա պատմեց, որ մեր հիդրոլոգիայի ինստիտուտը Ռոստովի ու Մոսկվայի ինստիտուտների հետ մոդել էր մշակել, որպեսզի մաթեմատիկական հաշվարկով պարզաբանի, թե, ասենք, ինչ կլինի լճում ջրի մակարդակի բարձրանալուց հետո, որակը ինչպես կփոխվի եւ երբ կհասնի նախկին որակական նիշին: Եվ պատասխան էր տրվել 6 մ-ի սահմանը: Հետո արտերկրի փորձագետներն էլ ուսումնասիրել ու այդ 6 մ էին մատնանշել: Բայց նշված մոդելից մինչեւ արտերկրի փորձագետների ուսումնասիրություն ժամանակ էր անցել, Սեւանի բնական վիճակն ավելի էր վատացել, ընդհանուր էկոհամակարգն էր վատթարացել ավելի, անհրաժեշտ էին նոր պատասխաններ: Բայց լճի մակարդակի բարձրացման թիվը չփոխվեց ու մնաց 6-ի սահմանում:  

Կարեւոր մի բան շեշտենք մեզ համար: 6 մ-ի անփոփոխ մնալու մեղավորը ո՛չ արտերկրի ինստիտուտներն են, ո՛չ էլ փորձագետները: Որովհետեւ մենք այսօր նույնիսկ փորձում ենք այդ 6 մ-ի սահմանը կրճատել: Ինչու՞: Որ հանկարծ մասնավոր շինությունները չմնա՞ն ջրի տակ: Կասեք՝ լիքը բազմաթիվ շինություններ մնացել են ջրի տակ: Ճիշտ է, բայց միայն նրանցը, ովքեր բավականաչափ ձայն չեն ունեցել անդրկուլիսային որոշման վրա ազդելու կամ շինությունը այն շինությունը չի եղել: Բայց կան շինություններ, որոնք պատկանում են մեծահարուստների, քարաշեն են, քաղաքաշինական թույլտվություններով էլ կառուցվել են: Պետությունը փոխհատուցում չի տալու: Փոխարենը թույլ չի տալու լճի մակարդակի բարձրացումը: Իսկ դրա ձեւերը տարբեր են: Օրինակ, ինչպես անցյալ՝ ջրառատ տարի, լճից ջրառը: Նպատակը՝ դե իհարկե ոռոգում: Ամենահարմար ձեւակերպումը:

Տարիներ առաջ արտերկիր գործուղումներից մեկի ժամանակ առիթ եղավ Սեւանի խնդրից զրուցելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ. արդյո՞ք արդարացված են բնապահպանների այն մոտեցումները, թե Սեւանի մակարդակը չեն թողնելու բարձրանա, որովհետեւ օլիգարխների շահերը դրանից չեն բխում (նրանց ափամերձ շինությունները ջրի տակ կանցնեն) եւ դրանից ածանցյալ շատ այլ հարցեր: Անդրանիկ Մարգարյանը վստահեցրեց, որ ամեն ինչ է ածանցյալ, եւ Սեւանը ազգային արժեք է ու վերջ: Եվ խնդիրը կարգավորվելու է հենց ա՛յս տեսակետից:

Ցավոք, խնդիրն ազգային արժեքի տեսակետի՛ց չի կարգավորվում: Կամ էլ… ազգային արժեքի սահման է ընդունվում 6 մետրը:

Սեւանի ճակատագրով ուղղակիորեն՝ ի պաշտոնե զբաղվողներին ինչպե՜ս տեղ հասցնենք այն պարզ ճշմարտությունը, որ Սեւանի էկոհամակարգը միայն Սեւանը չէ: Սեւանը   մի յուրատեսակ բնական համակարգ է, որի բնական վիճակի խախտվելու դեպքում կցամաքեն Գառնիի, Բջնիի եւ  էլի շատ վայրերի ջրեր: Եվ հենց այնպես չէ, որ Սեւանով շատ երկրների բնապահպաններ են անհանգստանում: Ի դեպ, Սեւանի էկոհամակարգի առողջությունը՝ իբրեւ միջազգային նշանակության, շատ կարեւորվում է ռուսական մասնագիտական կայքերում: Ձկների գենետիկայի մասին մասնագիտական մի հրապարակումում անգամ հարց էր բարձրացվում առ այն, որ ցայսօր չեն կարողանում պարզել՝ ինչու՞ 30-ականներին Սեւանից Իսիկ-Կուլ տարված խաղաղ Գեղարքունին, որի մանրաձկներին հետո վերադարձրին Սեւան, դարձավ գիշատիչ: Այսինքն՝ Սեւանի ամբողջ բնական համակարգը պահպանելն է անհրաժեշտություն: Այդ բնական համակարգի որեւէ տարր եթե խախտվում է, ապա կարող է մի ամբողջ ենթահամակարգ խախտվել՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:

«Սեւանա լճի մասին» օրենք ունենք, որտեղ ասվում է, որ լճում եւ դրա ջրհավաք ավազանում մարդկային ամեն մի գործունեություն պետք է իրականացվի Սեւանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման համալիր եւ տարեկան ծրագրերի հիման վրա: Այս ծրագրերի նախապատրաստման համար հիմք են ծառայել նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած եւ կառավարության հավանությանն արժանացած «Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում» եւ  «Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողություններ» ծրագրերը, Սեւանա լճի էկոլոգիական հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ լճաբանության ինստիտուտի կողմից մշակված վերլուծություններն ու ծրագրերը: Այլ կերպ՝ (պաշտոնական տեսակետով) համալիր ծրագրերով նախատեսված 30 տարվա ընթացքում Սեւանի ջրի ծավալը կավելանա շուրջ 8,8 մլրդ խմ, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը: Էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից լճի մակարդակի անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սեւանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար (պաշտոնական տեսակետ), որը էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի, եւ ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում՝ տարածաշրջանային պահանջների բավարարման համար:

Մինչ այս 6.5 մ-ին հասնելը, հասկանանք, թե «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներ ասելով ինչ է հասկանում գործադիրը:

Ընդհանրապես ազգային պարկերի կառավարման միջազգային փորձը հուշում է, որ այն կարող է ենթադրել տնտեսական բաղադրիչ նաեւ: Բնապահպանության նախարարությունը հստակեցնում է՝ «բարեփոխումների հիմքում ընկած է տնտեսական եւ բնապահպանական շահերի հավասարակշռմամբ՝ ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման եւ զբոսաշրջության զարգացման ապահովումը»:

Այո, բայց նաեւ նույն միջազգային փորձի լավագույն օրինակները հուշում են, որ երբ հնարավոր չէ հավասարակշռել տնտեսական ու բնապահպանական շահերը, ի վերջո բնապահպանականը գերակշիռ է դառնում:

Կկարողանա՞նք նույնը անել նաեւ մենք:

Բնապահպանության նախարարությունը ֆիքսում է, որ Սեւանա լճի հետ կապված ցանկացած ռազմավարության, գործողության եւ ծրագրի հիմքում պետք է ընկած լինի երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, այն է‘ ռեսուրսի սահմանափակ լինելը, ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակությունը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ պահպանումը: Որովհետեւ լճի առողջացման եւ ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։ Սեւանի պահպանությունը, որպես էկոլոգիապես հավասարակշռված համակարգ, գալիք սերունդներին փոխանցելը համազգային հիմնախնդիր է։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարգի խնդիր է Սեւանի էկոհամակարգի բնական հավասարակշռությունը վերականգնելը, ասենք, որ մենք դեռ չենք պատկերացնում «Սեւանի էկոհամակարգ» ասվածը: Մենք «Սեւանի էկոհամակարգ» եզրույթի ներքո հասկանում ենք այն, որ լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը՝ մինչեւ Բալթիկ ծովի մակերեւույթի 1903.5 մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1,5 մ (1903.5+1.5 =1905 մ): Եվ որ Սեւանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար լճի ավազանում ստեղծվել է «Սեւան» ազգային պարկը:

Մինչդեռ, ինչպես ժամանակին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն էր բացատրում, Սեւանի էկոհամակարգը նույնիսկ լիճը երիզող լեռներն են, նրանց բռնած-պահած քամիները, լճի ձուկն ու նրա կերը, լիճը զտող հատկություն ունեցող մանր-մունր ավազային ճահիճները: Եվ վերջապես Սեւանի էկոհամակարգը մարդիկ են, ինչպես վերաբերեն շնչող լճին, այնպիսի պատասխան էլ կստանան:

Ի դեպ, Շվեդիայում մի լիճ կա՝ Սիլիան, ասես Սեւանի մանրակերտը լինի՝ կարծես նույն լեռներով, բնությամբ, պարզապես գույները ապրիլին՝ երբ տեսա, մերինի պես վառ չէին, մոխրագույնի էին «ձգտում»: Մեր երկրում ոչ մեկ անգամ եղած իմ շվեդ ուղեկցորդը ասաց, որ լիճը Սիլիան է կոչվում, բայց թե ինչ ստուգաբանություն ունի, իրենք չգիտեն: Նայելով նոթատետրում գրառումներս, հավելեց, թե իրենք լճի անունը յան-ով են գրում՝ Սիլյան (Siljan, մինչդեռ ես անգլերեն Silian էի նշել): «Ձուկն էլ,-ասաց,- ձեր սիգի պես է՝ մաքուր ու ախորժաբեր»:  Բայց Սիլյանը Սեւանի նկատմամբ առավելություն ուներ: Սիլիանը սիրված էր: Լճի տարածքը, առանց չափազանցության, անթերի մաքրություն ուներ: Բնության հանդեպ հարգանքն ու պարտքը այստեղ իբրեւ չափազանց կարեւոր գիտելիք է սերմանվում: Եվ զբոսաշրջիկներն էլ չեն կարող Սիլիանի ափերին իրենց լավ զգալ՝ գումար վճարելու դիմաց: Ամեն ինչ կանոնակարգված է խստիվ: Չենթարկվողին՝ տուգանք, ընդ որում՝ ոչ խորհրդանշական գումար: Եվ Շվեդիայի համար պարտադիր չէ որեւէ տարածքի կարգավիճակը՝ ազգային պարկի, բնության հատուկ պաշտպանվող վայրի, թե սովորական, պահպանվում է նույնքան խնամքով ու սիրով…

Ինչեւէ, իսկ հիմա առանց մեկնաբանության պարզապես ներկայացնենք, թե «Սեւան» ազգային պարկի զարգացման տեսանկյունից ինչ խնդիրներ եւ ինչ լուծումներ է մատնանշում բնապահպանության նախարարությունը:

Նախ՝ թիվ մեկ խնդիր է առաջադրված համալիր քայլերի ներդրմամբ լճի մակարդակի իջեցման կանխարգելումը, քաղցրահամ ջրի այս աղբյուրի պահպանումը, ձկնային պաշարների վերարտադրությունը: Սրան հավելած՝ ապօրինի ձկնորսության դեմ պայքարը, պարկում առկա ինքնակամ շենք-շինությունների հարցի կարգավորումը, հազվագյուտ, էնդեմիկ եւ գիտական ու տնտեսական բարձրարժեք տեսակների պահպանումն ու վերականգնումը, թափոնների կառավարումը, ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառ-տնկարկների մաքրումը:

Որպես լուծում նախարարությունն առաջարկում է վերստին ուսումնասիրել հիմնախնդիրները, վերանայել առաջնահերթությունները: Անհրաժեշտ է նաեւ պարկի հենքով կենսոլորտային տարածք ստեղծել, զբոսաշրջային  գործունեության ազդեցության գնահատման նպատակով դիտարկում անցկացնել: Բնապահպանության նախարարությունն առաջարկում է նաեւ պարկի տարածքների վերահսկողությունը խստացնել նոր տեխնոլոգիաների ներդրմամբ եւ դիտարկման հեռակառավարման մեթոդի կիրառմամբ:

Ինչու ոչ, պարկի տարածքում վերականգնվող էներգետիկա զարգացնել: Պետք է նաեւ պարկի տարածքում արվող միջոցառումներին հարակից համայնքների բնակչությանը ներգրավել:

Իսկ ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել: Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել: Ինչպես պարզաբանվում է, կենսոլորտային տարածքի ստեղծումը նշանակում է միջազգային կարեւորություն ունեցող տարածքի առկայություն, որտեղ կայուն զարգացման եւ բնապահպանական ջանքերը ներդաշնակ են:

Կենսոլորտային տարածքում կարեւորվում են համայնքների վրա հիմնված ջանքերը, որոնք ուղղված են հողային ու այլ պաշարների կառավարմանը, որոնք կնպաստեն կայուն տնտեսական գործողություններին:

««Սեւան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային տարածքի ստեղծումը կարող է բարձրացնել տեղի բնակչության, քաղաքացիների եւ պետական մարմինների իրազեկությունը շրջակա միջավայրի եւ զարգացման վերաբերյալ:

Այն կարող է աջակցել տարբեր աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորման հայթայթմանը»:

Արմենուհի Մելքոնյան

* * *

Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր

«Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծելը գործադիրը անհրաժեշտություն է համարում:

Կենսոլորտային տարածքի առումով խոսում ենք համայնքների ջանքերից: Հնարավո՞ր է մեր երկրում այդ գիտակցությունը, որ համայնքները մասնակցեն խնդրի լուծմանը, հասկանան՝ հանուն ինչի եւ ինչ են անում:

Կարծում եմ՝ այո: Սա նորամուծություն չէ:

Պապս ինձ միշտ մի պատմություն էր պատմում՝ իր պապից լսածը: ժամանակին երբ լճի տարածքի բնակչությունը նկատել է, որ Սեւանում ձուկը քչացել է, տարել, պարկերով գարի է շաղ տվել ջրի մեջ, որ ուտեն-բազմանան։ Թե գարի չեն ունեցել, պայմանավորվել են ու գյուղերով միասին ուղիղ մեկ տարի ձուկ չեն բռնել։ Պատկերացնու՞մ եք, ձկան հույսով ապրող ժողովրդի վիճակը, բայց՝ արել են, մտածել են, եթե ձուկը քիչ է, ուրեմն ջրի հետ ինչ-որ բան այն չէ։ Դրա համար էլ ձկան պաշարներն ավելացրել են, որ ջուրն էլ փոխվի։

Հիմա ժամանակները փոխվել են, բայց լիճը փրկելու միակ ճանապարհը մնացել է նույնը. ջրային պաշարները վերականգնելու միակ ուղին ջրի մակարդակը բարձրացնելն է, իսկ լճի ջրի մակարդակի տատանումները հաստատ բացասական են ազդում Սեւանի բնական համակարգի վրա։ Իսկ բնական համակարգ ասվածը միայն ջուրն ու ձուկը չէ։ Մի ամբողջ ավազանի բնական վիճակի պահպանության ու պաշտպանության մասին է խոսքը։

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։