Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…

Արարիչը մեր հանդեպ շռայլ է գտնվել. մենք Սեւան ունենք: Բայց Սեւանի նկատմամբ մենք փոքրոգի, ցածրորակ ու թշվառ ենք եղել: Չե՛նք գնահատել: Չե՛նք գնահատում: Նման այն հիմարին, որ տեսողությունը կորցնելուց հետո է զգում արեւի լույսը ամեն օր տեսնելու երջանկությունը:

Այո, մենք հիմար ենք, որովհետեւ Սեւանի փրկության նիշ ենք ընդունել 6 մ-ի բարձրացումը: 6 մ ու վերջ: Մոռանալով, որ դեռ 6 մ-ով չենք բարձրացրել ու որ այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու (այս խնդրից ես օրերս, մասնակի կրճատումներով, խոսել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Մինչ այս 6 մ-ի թեմային հասնելը շատ անհրաժեշտ նախապատմություն անենք:

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան 1.3 մլրդ մարդ մաքուր ջրի կարիք ունի: Գիտնականները կանխատեսում են, որ 2025թ. աշխարհի բնակչության գրեթե կեսը ջրի սակավություն կունենա, որովհետեւ աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Իսկ Սեւանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ՝ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանն է:

Ինչպես ենք մենք վարվել մեր այս հարստության հետ:

 http://www.hayary.org/wph/?p=5356  - Ազգային հարստություն – (1-7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=6493 –  Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=6418Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…

http://www.hayary.org/wph/?p=5421Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…

http://www.hayary.org/wph/?p=3783Քաղաքական պայքարի բնապահպանական դեմքը.- ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ… Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը… Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր…

http://www.hayary.org/wph/?p=3278Մերկ ճշմատություն՝ զուգարանով բացված – Պիտի պատժվի՝ իր յուրացման չափով… Աշխատատե՞ղը կփրկի Սեւանի ձկներին… 

http://www.hayary.org/wph/?p=6406Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթըՈռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացմանԵկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…  

Եթե հակիրճ՝ ապա վերցրել ենք միայն: Լիուլի ենք վերցրել: Իսկ Սեւանը տվել է: Լիառատ է տվել: Էներգետիկ ճգնաժամի տարիներին մի ամբողջ մարզ, եթե չասեմ՝ մի ամբողջ երկիր պահեց: Հիմա հերթն է մեր պարտքը վերադարձնելու:

«Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք»,-այսպես է արտահայտվել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում:

Ի՞նչ է ենթադրում Սեւանին առողջությունը վերադարձնելը:

Հարցս հիշյալ այցից մեկ օր հետո ուղղեցի ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին: Պատասխանը հստակ էր. Սեւանի հետ կապված խնդիրները բարդ ու բազմապիսի են եւ պահանջում են համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ, եւ Սեւանին առողջությունը վերադարձնելը շղթայական խնդիրների լուծում է ենթադրում՝ տարածքի մաքրություն, ավազանի համայնքների կոյուղու խնդրի լուծում, լճի վրա մարզում գործող հանքարդյունաբերության ազդեցության գնահատում, ջրային պաշարների համալրում, ձկնային պաշարների վերականգնում, ընդհանուր էկոհամակարգի վերականգնում:

Այս մասով խոսքը նաեւ Գիլի լճի՞ վերականգնման մասին է: Պատասխանը դարձյալ հստակ էր. «Նաեւ Գիլի լճի»……

Մենք «Սեւան» ազգային պարկի կառավարման ծրագիր ունեինք՝ 2007-2011թթ.: «Դիլիջան» ազգային պարկի կառավարման ծրագիրն էլ այս ժամանակահատվածի կտրվածքով էր: Տարիներ անցան: Նախորդ տարի «Դիլիջան» ազգային պարկը կառավարման նոր պլան ունեցավ, իսկ «Սեւանը»՝ ոչ: «Սեւան» ազգային պարկը բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգ ստացավ: Բարեփոխումների ռազմավարության ու միջոցառումների ծրագրի համար դեռ մեկ տարի կա: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում աշխատանքային խորհրդակցություն էր եղել, որի ընթացում հենց «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցերն էլ քննարկվել են: Քննարկվել են նաեւ Սեւանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկները (սրան կանդրադառնանք, երբ տեսլականը փաստաթղթային որոշակի ձեւակերպում կստանա): Այլ կերպ՝ ինչ անել տնտեսական ու բնապահպանական շահերը հավասարակշռելու համար:

Դեռ 2007-2011թթ. կառավարման ծրագրով «Սեւան» ազգային պարկի սահմանները վերանայվեցին: Կատարվեց նաեւ պարկի տարածքա-գործառնական գոտեւորումը: Ըստ այդմ, ազգային պարկի տարածքը բաժանվեց 4 տարածքա-գործառնական գոտիների՝ արգելոցային՝ 7464 հա, արգելավայրային՝ 2652 հա, հանգստյան՝ 4753 հա, տնտեսական՝ 11266 հա: Ուշադրություն էր դարձվել «Սեւան»-ին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրին ու շահագրգիռ կողմերի հետ պարկի մասնակցային կառավարման հնարավորություններին: Գնահատվել էին պարկի ու դրա պահպանման գոտու տարածքներում տնտեսական գործունեության, բնական պաշարներն օգտագործելու բնագավառում շահագրգիռ կողմերի փոխհարաբերությունների բնույթը, կենսաբանական պաշարների օգտագործման ծավալները: Վերջինիս մասով խոսքը անտառների, արոտավայրերի, ջրային կենսաբազմազանության մասին է: Ի միջի այլոց, գույքագրվել էին նաեւ կենսաբանական պաշարները (բնափայտ, անտառային պտուղներ եւ հատապտուղներ, կերաբույսեր, դեղաբույսեր, սնկեր, խեցգետիններ, ձկներ, թռչուններ, կաթնասուններ), բացահայտվել բնական հավասարակշռությունը խախտող հիմնական գործոնները: Այսօր ազգային պարկի տարածքը 147 343 հա է, որից՝ 22 585 հա ցամաքային տարածքներ են: Պարկում առանձնացված  են հատուկ գոտիներ՝  արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, որտեղ գործում  են հանգստյան տներ, հյուրանոցներ, հանգստի կազմակերպման անհատական օբյեկտներ: Առանձնանում է նաեւ  տնտեսական գոտին, որն ընգդրկում է ձկնային ու անտառային տնտեսությունները: Զարգանում է խեցգետնաբուծությունը: Պարկում հայտնի են շուրջ 1600 տեսակի բույսեր:

Հայաստանում տարածված  60 տեսակի ջրային բույսերից 19-ը աճում են այստեղ: Լճի մակարդակի իջեցման հետեւանքով ազատված հողագրունտները ծածկված են  արհեստական  անտառներով: Կենդանական աշխարհը ներկայացված է ձկների 9, երկկենցաղների 3, սողունների 17, թռչունների 267, կաթնասունների 34 տեսակներով: Կան  սաղմոնազգի եւ ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ՝‘ Սեւանի իշխան, բախտակ, բեղլու, կողակ:

Պարկի եւ նրա պահպանական գոտու տարածքում հաշվառված են պատմական, մշակութային եւ բնական 1489 հուշարձան:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի համոզմամբ, Սեւանը մեր երկրի համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն, որպես տարածաշրջանային քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուր. «Այն մի բնատարածքային համալիր է, որն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն, ինչպես նաեւ ունի կլիմայագոյացնող կարեւոր նշանակություն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանային եւ գլոբալ առումով»: Լիճը եզակի ու հարուստ ֆլորա եւ ֆաունա ունի: Սեւանը ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար: Այս տեսակետից մեր երկրի ազգային անվտանգության եւ ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է:

Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է:

Սեւանի խնդրին առնչվող հանրահայտ բաներ կան, որոնք, այնուամենայնիվ, անընդհատ կրկնել է պետք: Անհրաժեշտություն է նույնիսկ: Մեր ու սերունդների ուղեղում դաջելու համար:

Այլեւս երբեք սխալը չկրկնելու համար:

Ցավոք, սրա լավագույն օրինակը Սեւանա լիճն է ու նրա հետ 30-ականներին արվածը: Թե չդաջեցինք, հետեւանքները խորապես չենք պատկերացնի ու սխալն էլ վերջնականապես չենք շտկի:

Անընդհատ պետք է հիշենք, որ մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80%-ը (58,5 մլրդ խմ), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի էր մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:

30-ականներից խախտվեց լճի հավասարակշռությունը, ջրակենսաբանական պրոցեսները եւ ամբողջ էկոհամակարգը խաթարվեց: Վտանգվեց լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը:

10 տարիների ընթացքում լիճը զրկվեց ջրի պաշարի 44%-ից, առավելագույն խորությունը 99 մետրից նվազեց 80 մետրի, տուժեց հատկապես Մեծ Սեւանը:

Նույն այդ 30-ականներից սկսած ջրի ծավալը կրճատվեց՝ 58,5 մլրդ խմ-ից հասնելով 32,9 մլրդ խմ-ի: Մակարդակն իջավ՝ 1916 մ-ից հասնելով 1897-ի: Ջուրն աղտոտվեց եւ ջրի թափանցիկությունը կրճատվեց 13 մ-ից հասնելով 3 մ-ի: Սկսվեց ճահճացում:

Անընդհատ պետք է հիշենք, որ այդ ճահճացման հետեւանքով լճի հատակում էականորեն պակասեց լուծված թթվածնի քանակը: Լճում ձկնային պաշարները կրճատվեցին մոտ 50 անգամ: Բնական ձվադրավայրերը ոչնչացան, տուժեցին էնդեմիկ տեսակները (ինչպես միջազգային պրակտիկայում են շատ հաճախ ասում՝ աբորիգեն տեսակները): Իշխանի երկու ենթատեսակներ՝ ձմեռային իշխանն ու բոջակը, վերացան: Ամառային եւ գեղարքունի ենթատեսակները աննշան քանակությամբ պահպանվեցին:

Հետո եկան 60-ականները: ՀԽՍՀ մինիստրների սովետը հասկացավ, որ Սեւանը մեռնելուց փրկելու համար նվազագույնը 6 մետրով պիտի բարձրացնի լճի մակարդակը: 1961թ. սկսվեց եւ 20 տարի անց՝ 1981թ. շհագործման հանձնվեց Արփա-Սեւան 48 կմ-ոց ջրատարի կառուցումը: Սրա շնորհիվ տարեկան լիճ պետք է տեղափոխվեր 300 մլն խմ ջուր: 80-ականներին սկսվեց Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարների կառուցումը: 90-ականներին, սակայն, հասկանալի պատճառներով, աշխատանքը դադարեցվեց:

Հետո որպեսզի Արարատյան դաշտի հողերը միայն Սեւանի հաշվին չոռոգեին, նոր ջրաղբյուրներ ստեղծվեցին (Մխչյանի, Երասխավանի, այլ ջրհան կայաններ, ստորգետնյա ջրհորներ եւ այլն): Որպեսզի էներգետիկ հարցերը Սեւանով չհոգային, ՀԷԿ-եր ստեղծվեցին, ԱԷԿ-ը նաեւ կառուցվեց: 1978թ. ՀԽՍՀ մինիստրների խորհրդի մարտին կայացրեց «Սեւան» ազգային պարկ ստեղծելու մասին որոշումը՝ նպատակ ունենալով նվազեցնել մարդածին գործոնների բացասական ազդեցությունը Սեւանա լճի վրա ու բարձրացնել ջրի մակարդակը։ Նույն տարվա սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ Կենտկոմն ու Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց «Սեւանա լճի բնական ռեսուրսների պահպանման եւ արդյունավետ օգտագործման մասին»:

Այդ որոշման համաձայն, Սեւան թափվող գետերից անմիջական ջրառ չեղավ: Դրա փոխարեն նախատեսվեց կառուցել լճից սնվող 12 պոմպակայան՝ ոռոգելի տարածքներին մեխանիկական եղանակով ջուր մատակարարելու համար (նկատեմ, որ այդ պոմպակայաններից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում էր: Այդ կետից էլ ես ամեն տարի լճի մակարդակի փոփոխման դիտարկումն էի անում): Մինչեւ 1990թ. լճի մակարդակը բարձրացավ 1,5 մ-ով: Լիճը դեռ չէր հասցրել շնչել, երբ վրա հասավ 90-ականների էներգետիկ, տնտեսական ճգնաժամը: Մնացածը դեռ չենք հասցրել մոռանալ, հետեւաբար չենք հիշեցնում:

1996թ. արդեն Սեւանի հարցերով միջազգային կոնֆերանս եղավ: Հետո ծրագրեր, որոշումներ ընդունվեցին, իրավական ակտեր եղան. «Սեւանա լճի էկոլոգիական հավասարակաշռության վերականգնման ծրագրից», «Սեւանա լճի մասին» օրենքից մինչեւ Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծում ու կառավարման պլան…

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։