Երբ զատվում են բազմահազար գույները, սկսվում է զատկական տոնը – Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը – Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով…

Վաղը հայ արիների համար սկսվում է զատկական տոնը՝ Մեծ մոր, Աստվածամոր, Հայոց Մայր աստվածուհի Անահիտի տոնը:

Այն կմեկնարկի ապրիլի 7-ին եւ կավարտվի ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան  հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:

Ապրիլի 7-ի ծեսի օրը ում գաթայից այդ մատանին դուրս գա, նրա տանն էլ կշարունակվի Զատկի տոնը: Որ կսկսվի ձվախաղով, կշարունակվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Մայր Անահիտի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:

http://www.hayary.org/wph/?p=6872Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…  

Ապրիլի 7-ի ուշ երեկոյան ՀԱՄ ու ՀԱՀ անդամները կգնան Մայր Արաքսի մոտ՝ ապրիլի 8-ի լուսադեմը Մայր Անահիտին ուղղված ձոնով սկսելու:

Զատկին հատուկ ծես կարվի՝ ի աջակցություն մեր բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջ այրերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա:

Զատիկը՝ ըզ-հատիկը կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում: Եվ հենց այդ օրերին են հստակ զատվում բնության բազմահազար գույները: Կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Եվ զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի… Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրության Աստվածուհին է, եւ քրմերը Հայոց Աստվածամորը կդիմեն՝ այդ ընտանիքներին բազմազավակություն ու բարեկեցություն մաղթելով՝ ազգը հայոց բազմացնելու եւ զորացնելու սրբազան պատասխանատվությամբ:

Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ այսուհետ էլ լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո եւ նվիրումի մարմնացումը, հանուն եւ վասն հայ օջախների շենացման, հայի առաքելության հաղթանակի ու Հայաստանի ամբողջականացման եւ զորեղացման…

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։