Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…

Սկիզբը՝ թիվ 11-ում

http://www.hayary.org/wph/?p=6865Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի  պաշտոնակատար Էդուարդ Շախկյանից «Լուսանցք»-ը նաեւ փորձեց պարզել, թե ինչ կարգի ատոմակայան ենք կառուցելու, ինչ ռեակտորով, ո՞ր հարթակում է կառուցվելու եւ այլն:

Է. Շախկյանի պարզաբանման համաձայն, Հայաստանի Հանրապետությունը այն եզակի պետություններից է, որն ունի ՋՋԷՌ (ջուր ջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորով կահավորված էներգաբլոկի շահագործման ավելի քան 40 տարվա փորձ, հետեւաբար նպատակահարմար է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը կառուցել օգտագործելով նմանատիպ էներգետիկական ռեակտորների ժամանակակից տարբերակները: Գործող Հայկական ԱԷԿ-ի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկ կառուցելու համար, եւ մինչեւ 1985 թվականը հարթակը նախապատրաստվում էր Հայկական ԱԷԿ-ի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկերի համար: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ծրագիրը դադարեցվեց: ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառոցել նույն հարթակում:

Մեր կողմից հավելենք՝ կարեւոր է, որ հարթակը չի փոխվելու, քանզի այն ամբողջական բազալտի վրա է եւ արդեն «փորձաշրջան անցած» երկրաշարժի ժամանակ:  

Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված

Մի փոքր մանրամասնենք, թե ինչու է ասվում, որ ՀԱԷԿ-ի տեղը ճիշտ է ընտրված: Այնքան ճիշտ, որ այդ կառույցին վնասել չկարողացավ անգամ 1988թ. երկրաշարժը: Հիշեցնենք, որ երբ 1966թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց, ավելի քան 20 մրցակցային շինհրապարակի հարց էր քննարկվում: Նյութերն ուսումնասիրելուց եւ վերլուծելուց հետո ատոմակայանի կառուցման համար ընտրվեց Արարատյան դաշտավայրի  արեւմտյան մասում գտնվող մի տարածք, որը գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռու, շրջկենտրոն Հոկտեմբերյանից (Արմավիր) 10 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Երեւանից 28 կմ դեպի արեւմուտք: ՀԱԷԿ-ի շինհրապարակի առանձնահատկությունը‘ սեյսմակայունության տեսակետից, պատճառ դարձավ ՎՎԷՐ- 440/230 նախագծի «ոչ միայն շինարարական մասի, այլեւ ամբողջ ռեակտորային կայանքի արմատական փոփոխություններին, ինչի հետեւանքով ռեակտորը ստացավ նոր նշանակում՝ Վ-270»: Ռեակտորային կայանքի հուսալիորեն մշակված կառուցվածքը հետագայում լիովին արդարացրեց իրեն ատոմակայանի շահագործման ընթացքում:

Այս վիթխարի օբյեկտի շինարարության ընթացքում մեծածավալ աշխատանք կատարվեց գլխավոր մասնաշենքի փոսորակի հիմնահողը փորելիս. փորվեց եւ հանվեց ավելի քան 6 մլն խմ հող եւ ժայռահող, դրվեց 416 հազար խմ-ից ավելի բետոն եւ երկաթբետոն, տեղակայվեց 125 հազար խմ հավաքովի երկաթբետոն, 22 հազար տոննա մետաղե կառուցվածքներ եւ խողովակաշար… Երբ 1988թ. երկրաշարժ եղավ Սպիտակի շրջանում, որը գտնվում էր ՀԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա: ՀԱԷԿ-ի տարածքում գետնի տատանումների արագացումների ու արագությունների գործիքային գրանցված մեծությունը համապատասխանում էր MSK-64 սանդղակով 5-6 բալանոց երկրաշարժի:

Երկրաշարժի ժամանակ ՀԱԷԿ-ի բլոկներն աշխատում էին անվանական հզորությամբ. ռեակտորների՝ ՍԻԱԶ ազդանշանով ինքնաբերական (ավտոմատ) կանգը նախատեսված է MSK-64 սանդղակով 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում: Այդ տարիներին ԽՍՀՄ «Մինատոմէներգո»-ի հրամանով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է եզրակացություն տար ՀԱԷԿ-ի շենքերի, կառույցների, սարքավորումների վիճակի մասին եւ ընդհանրացումներ կատարեր երկրաշարժի պայմաններում ատոմակայանի աշխատանքի փորձի մասին:

Այդ ուսումնասիրությունը (ինչպես արձանագրված է փաստաթղթում), որ բավականին մանրազնին ու հանգամանալից է արվել, «ատոմակայանի շինարարական կառուցվածքներում, սարքավորումներում եւ համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերեց»:

Հանձնաժողովը եզրակացրեց, որ ՀԱԷԿ-ը դիմակայել է 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժին:

Բայց… ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989թ. հունվարի 6-ին ընդունեց «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների կանգի եւ Անդրկովկասյան հանրապետությունների էներգամատակարարումն ապահովող միջոցառումների մասին» N 15 որոշումը, որով ՀԱԷԿ-ը կանգնեցվեց: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող քաղաքական իրադարձությունները 1990-1993թթ. հանգեցրին Հայաստանի շրջափակմանը եւ որպես դրա հետեւանք‘էներգետիկ ճգնաժամին: Ստեղծված իրավիճակում ՀԱԷԿ-ի աշխատանքի վերսկսումը հրատապ էր: Եվ ընդունվեց ՀԱԷԿ-ը վերագործարկելու համապատասխան որոշումը:

1993-1995թթ., ՀԱԷԿ-ի աշխատանքի վերագործարկումը նախապատրաստելու ընթացքում «Ատոմէներգոսեյսմոպրոյեկտ» ՓԲԸ-ն ուսումնասիրեց կայանի տարածքի սեյսմիկ պայմանները ատոմակայանի հնարավոր վերագործարկման եւ հետագա շահագործման բոլոր հարցերը լուծելու եւ հիմնավորելու համար:

Այդ աշխատանքներին, ի դեպ,  անմիջականորեն մասնակցում էին մեր հանրապետության, ԱՊՀ-ի եւ արտերկրի կազմակերպությունները:

Աշխատանքի ամբողջ ընթացքը եւ եզրահանգիչ հաշվետվությունը ուսումնասիրել եւ քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)  փորձագետները: Մասնագետները նշում են, որ «կատարված հետազոտությունների հիմնական արդյունքներից մեկը այն փաստի ապացույցն էր, որ ՀԱԷԿ-ը կառուցվել է ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը»:

Պատյանն ու թակարդը լինելու՞ է

Մեր մյուս հարցը, որ ուղղել էինք Է. Շախկյանին, հետեյալն էր. բնապահպանական եւ անվտանգության ի՞նչ չափանիշներ են անպայման հաշվի առնվելու նոր ԱԷԿ-ի կառուցման ժամանակ: Օրինակ՝ նախկին որոշմամբ ասվում էր, որ նոր ԱԷԿ-ը կդիմանա անգամ ինքնաթիռի պայթյունին, որովհետեւ պաշտպանիչ պատյանով ու թակարդով է լինելու:

Սա էլ մանրամասնենք. երբ նոր միջուկային էներգաբլոկի (ՆՄԷԲ) շինարարության ծրագրի հետ կապված հանրային լսումները սկսվել էին, այն ժամանակ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, խոսելով նոր էներգաբլոկի անվտանգության աստիճանից, ասել էր, թե ՆՄԷԲ-ն ոնենալու է պաշտպանիչ պատյան, որի նկատմամբ պահանջները խստացվել են, եւ այդ պատյանը պետք է դիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին: Ավելին՝ նախագծում նախատեսված էր, որ բլոկի ներքեւում լինի այսպես ասած «թակարդ», որտեղ վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կուտակվում են ռեակտորի տակ համապատասխան հորանում:

Հենց այս ամենը հաշվի առնելով էլ Է. Շախկյանին նոր ԱԷԿ-ի անվտանգության միջոցառումներից էինք հարցրել:

Պատասխանը համառոտ էր. «Համաձայն Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին ՀՀ օրենքի, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ-ն ճանաչում եւ կիրառում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները»…

Ամեն դեպքում պետք է շտապել:

Այն, որ մենք երկարացնում ենք գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը, չպետք է մեզ հանգստացնի: Մենք օր առաջ պետք է սկսենք գործնական քայլեր ձեռնարկել նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու համար:

Այլապես վաղը կհայտնվենք մի վիճակում, երբ մենք չենք ունենա ԱԷԿ, իսկ Թուրքիան կունենա:  Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները տեսակոնֆերանսի ռեժիմով արդեն  տվել են «Աքքույու» ատոմային էլկայանի շինարարության մեկնարկը…

Արմենուհի Մելքոնյան

Ոչ միայն էներգետիկ անվտանգություն

Դեռ 1999թ. ՀՀ-ն սկսել է բանակցություններ ԵՄ հետ ատոմակայանի ապագայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն առաջարկում էր Հայաստանում ներդնել մոտ 150 մլն եվրո՝ այլընտրանքային էներգիայի արտադրությունը զարգացնելու նպատակով՝ ատոմային կայանի գործող բլոկը փակելու պայմանով:

Այնուամենայնիվ, այդ տարիներին մենք ԵՄ-ին հիշեցրինք, որ նույն եվրոպական տարբեր փորձագետների մասնակցությամբ կատարվել են հետազոտություններ ու մշակվել փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի շարքում մասնավորապես պատրաստվել էր հայեցակարգ (Strategy Paper), որը մեծ արձագանք ունեցավ Բրյուսելում:

Այդ զեկույցի գլխավոր եզրակացությունը, սակայն, այն էր, որ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Այդ փաստաթղթում թվերով դա ապացուցվում էր:

Իսկ արդեն 2006թ. մեկ այլ խորհրդատվական ընկերություն, PA Consulting-ը մշակեց նվազագույն ծախսերով զարգացման ծրագիր, որում հստակ ցույց տվեց, որ ատոմային էներգետիկան տնտեսապես երկարաժամկետ առումով ավելի շահավետ է, քան ջերմայինը:

«Մենք չենք կարող մեր պահանջարկը բավարարել միայն վերականգնվող էներգետիկայի հաշվին, քանի որ այն սեզոնային բնույթ է կրում: Անհրաժեշտ է ունենալ բազիսային էլեկտրաէներգիա գեներացնող հզորություններ, որոնք արտադրում են անկախ տարվա եղանակից: Նման աղբյուրներ կարող են հանդիսանալ ատոմային, ջերմային բլոկերը, կամ գեոթերմալ էլեկտրակայանը:

Ներկայացնելով այս բոլոր փաստարկները եվրոպական կառույցներին՝ մենք կարողացանք հիմնավորել, որ ինչպես անվտանգության, այնպես էլ ֆինանսատնտեսական առումներով, Հայաստանում ատոմային էներգետիկային այլընտրանք չկա: Իհարկե, մենք զարգացնում ենք վերականգնվող էներգետիկան եւ մեր երկրի ռազմավարական փաստաթղթերում ու պլաններում ամրագրված է, որ պաշարների ամբողջ ողջամիտ պոտենցիալն օգտագործելու ենք: Նախատեսվում է մոտավորապես 2030թ. Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 35%-ը բավարարել վերականգնվող էներգիայի աղբյուրներից, իսկ մնացածը՝ ատոմային էներգետիկայի հաշվին:

Հայաստանը կմտնի այն երկրների շարքը, որոնք էլեկտրաէներգիա արտադրելիս շրջակա միջավայրի վրա պրակտիկորեն բացասական ազդեցություն չեն գործում: Նմանատիպ երկրներից են Նորվեգիան, Կանադան»,-ընդգծել էր այդ ժամանակ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս

Մինչեւ 2030թ. ատոմակայանները կդառնան էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2030թ. ԱԷԿ-ների թիվն աշխարհում կմեծանա 60%-ով։ Այս մասին, ինչպես մոտ վեց տարի առաջ հաղորդել էր «Ֆինմարկետը», Հարավային Կորեայում հայտարարել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի տեղակալ Յուրի Սոկոլովը։

Այսօրվա (այդ պահի) դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում։

103 ԱԷԿ գտնվում է ԱՄՆ-ում, 59-ը՝ Ֆրանսիայում, 55-ը՝ Ճապոնիայում եւ 31-ը՝ Ռուսաստանում։

Ներկայումս կառուցվում են եւս 30 ռեակտորներ։ Դրանց մեծ մասը՝ զարգացող պետություններում։

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։