Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (1-ին մաս)- Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ:

Ի դեպ, այն մասին, որ ՀՀ-ի համար ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, միջազգային շատ փորձագետներ էլ են նշել: Ըստ այդմ, որտե՞ղ ենք հասել նոր ԱԷԿ ունենալու միջազգային բանակցություններում:

Նախորդ տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, թե հնարավոր է մեր նոր ատոմակայանը լինի, ասենք, 50 ՄՎտ-անոց (գիտական այս դարում փոփոխություններն արագընթաց են) եւ ունենանք մի քանի ԱԷԿ-ներ:

Եթե տեխնոլոգիական արդի սրընթաց զարգացող փոփոխություններին հետեւենք, ապա 50 ՄՎտ-անոցն արդեն «հնանում» է, քանզի Չինաստանն արդեն 10 ՄՎտ-անոց ատոմակայան է նախագծում: Եվ չնայած կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, թե Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, նոր ԱԷԿ-ի կառուցումը դանդաղում է: Իսկ գիտենք, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը սովորական բնակելի կամ արտադրական շինություն չէ: Այն մի ամբողջական համալիր գործընթաց է, որ 7-8 տարի է տեւում:

Զուգահեռ Թուրքիան է ամեն ինչ անում ԱԷԿ-ներ ունենալու համար: Այս համապատկերում ԱԷԿ-ը մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական անվտանգության խնդիր: Այնպես չէ, որ սա մեր իշխանությունները չեն հասկանում: Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում, հապաղու՞մ ենք, թե՞ այլ ծրագրեր ու նախագծեր կան:

Այս եւ այլ հարցեր որոշեցինք ճշտել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շախկյանից:  

http://www.hayary.org/wph/?p=2897Նոր ԱԷԿ-ը կառուցելիս հաշվի կառնվեն հավանական բոլո՛ր ռիսկերը

http://www.hayary.org/wph/?p=2833Հայկական ատոմակայանը՝ կենսական եւ ինքնապաշտպանական միջոց

http://www.hayary.org/wph/?p=1940Հայկական ատոմակայանի կարեւորությունը… նաեւ… Չանտեսենք Արցախի սահմանային շփման գոտին

http://www.hayary.org/wph/?p=946Ատոմակայան՝ հայկական օրենքներով 

http://www.hayary.org/wph/?p=5115Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…

http://www.hayary.org/wph/?p=3158Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք… Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել տալ մերը…

http://www.hayary.org/wph/?p=5154Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…

http://www.hayary.org/wph/?p=3205Հայկական ատոմակայանը՝ օրինակելի… Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում (ինչպես մեր մյուս բարեկամ Ռուսաստանը)… Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

http://www.hayary.org/wph/?p=3149Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ… Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը… Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք…

http://www.hayary.org/wph/?p=3598#more-3598Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը (Իսրայելը շտապում է խառնել հաշտությունը)… Ատոմային հայկական դիմակայություն… Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր…

Այսպիսով՝ մեր առաջին հարցը: Որտե՞ղ ենք հասել նոր ԱԷԿ ունենալու միջազգային բանակցություններում:

Ըստ Էդուարդ Շախկյանի, միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքը ինքնին շատ բարդ գործընթաց է, որը կախված է բազմաթիվ գործոններից, մասնավորապես՝ միջուկային էներգաբլոկի տիպի եւ տեսակի ընտրությունից, հզորության մեծությունից, էներգահամակարգի կայուն եւ հուսալի աշխատանքի ցուցանիշներից, էներգահամակարգի մեծությունից, երկրում էլեկտրաէներգիայի սպառման աճի փոփոխությունից եւ այլն: ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացում որոշակի քայլեր ձեռնարկվել են: Դեռ 2009թ. ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ (ներ)ի կառուցման մասին օրենքը: 2010թ. ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ (ներ)ի կառուցման մասին համաձայնագիր, համաձայն որի ՌԴ-ն որպես ներդրող է, եւ ներդրման մասը հավասար է «ռեակտորային կղզյակի» մատակարարման արժեքին: 2010թ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ) աջակցությամբ՝ աշխարհի լավագույն մասնագետների ներգրավմամբ, իրականացվել է «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի հարթակի սեյսմիկ եւ հրաբխային ռիսկի գնահատում» աշխատանքը: Դրա արդյունքները հիմնված են ինչպես հաշվարկների, այնպես էլ դաշտային ուսումնասիրությունների վրա: Աշխատանքի արդյունքները դրական են գնահատվել ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից: 2010թ. մայիսի 20-ին կառավարությունը ընդունել է «Հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը: Նույն տարում ավարտվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը: Այդ հիմնավորման համաձայն, նախատեսվում էր ՀՀ-ում կառուցել ԱԷՍ-92 տիպային նախագծի էներգաբլոկ, որը Եվրահանձնաժողովի կարգավորող մարմնի կողմից ստացել էր Եվրոպայում կառուցման սերտիֆիկատ: 2011թ. Արմավիր եւ Գյումրի քաղաքներում ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային լսումներ են արվել: Հաշվի առնելով բնապահպանական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկները՝ գնահատման լրամշակում է արվել: Վերջնական գնահատականը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղից նախնական ստացվել է դրական գնահատական:

Այս ամենից զատ պլանավորված էր 2011թ. ապրիլին անցկացնել ներդրողների միջազգային կոնֆերանս, որին հրավիրված էին ինչպես ԱԷԿ-ների համար մատակարար հանդիսացող աշխարհում հայտնի կազմակերպություններ, այնպես էլ խոշոր ֆինանսական կազմակերպություններ: Սակայն 2011թ. մարտին Ճապոնիայի Ֆուկուսիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով կոնֆերանսը հետաձգվել է:

Այսպիսով, Է. Շախկյանի խոսքերով, հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, ինչպես նաեւ նկատի ունենալով ՀՀ էներգամատակարարման կայունության կարեւորությունը՝ մեր կառավարությունը որոշում կայացրեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման մասին, առավել եւս որ նման տիպի ԱԷԿ-ների շահագործման ժամկետների երկարաձգման փորձ արդեն իսկ կիրառվել է ՌԴ-ում, Ֆինլյանդիայում եւ Չեխիայում («Լուսանցք»-ը խոսել է երկարաձգման փորձերի թեմայից):

2013թ. արդեն ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել է մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, համաձայն որի ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացումը մեր էներգահամակարգի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է: 2014թ. էլ գործադիրը հաստատել է էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

Մեկ տարի անց՝ 2015թ. կառավարությունը հավանություն տվեց ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ, մինչեւ 2036թ., զարգացման ծրագրին: «Մի խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիր-ժամանակացույցի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջուկային էներգետիկական ռեակտորների միջազգային շուկայում առկա առաջարկները, ՀՀ էներգահամակարգի հուսալիության եւ կայունության ապահովման անհրաժեշտ ցուցանիշները, ՀՀ էներգահամակարգի անվտանգության պահպանման կարեւորությունը»,- նշել է Է. Շախկյանը:

Ինչպես արդեն ասացինք՝ խոսվում է 50 ՄՎտ-անոց ԱԷԿ-ների մասին:  Աշխարհում միջուկային ոլորտում հիմա այլ նորամուծություններ էլ կան. օրինակ՝ Չինաստանը 10 ՄՎտ-անոց փոքրիկ ԱԷԿ-ներ է նախագծում, կամ նանոտեխնոլոգիաներ են կիրառվում այդ ոլորտում, մե՛նք ի՞նչ ուղղությամբ ենք գնալու:

Մեր այս հարցին ի պատասխան էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շախկյանը պարզաբանեց. «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը պետք է լինի անվտանգության առնվազն 3 կամ 3+ սերնդի, պետք է բավարարի ԱԷՄԳ-ի անվտանգության պահանջներին, պետք է լինի արդեն իսկ փորձարկված եւ շահագործվող տեխնոլոգիա: ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ, մինչեւ 2036թ., զարգացման ծրագրի համաձայն նպատակահարմար է ՀՀ-ում կառուցել մինչեւ 600 ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկ(ներ)»:

Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ի՞նչ կարգի ԱԷԿ ենք կառուցելու, ի՞նչ տիպի ռեակտորով, քանի՞սն ենք ունենալու, ի՞նչ հզորությամբ, ո՞ր հարթակում եւ այլն: Բայց դրանց մասին հաջորդիվ կխոսենք՝ ընթերցողին ցույց տալու համար՝ հին որոշումներից մի բան մնացե՞լ է (նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված), թե՞ շատ բան է փոխվել: Սրանք հարցեր են, որոնք ինքնըստինքյան պատկերելու են մեր միջուկային ոլորտի զարգացումը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։