Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը.- (2-րդ մաս) – Մշակե՞լ, թե՞ չմշակել այդ լցակույտերը. ո՞րն է ճիշտը եւ ո՞րը՝ ձեռնտուն… Բնապահպանները բողոքեցին, թե ընդհանրապես պոչամբարները վերամշակել ճիշտ չէ, քանզի… Ինչ է հուշում միջազգային փորձը – այդ միջազգային ասվածն էլ տարբեր է… Մեր 22 պոչամբարներն էլ կառավարման խնդիր ունեն. դա կլինի վերամշակումը, թե ռեկուլտիվացումը կամ մեկ ուրիշ տարբերակ…

Սկիզբը՝ թիվ 13-ում

http://www.hayary.org/wph/?p=6892Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

Տարիներ առաջ կառավարությունը քննարկեց եւ հավանության արժանացրեց մի փաստաթուղթ, որի համաձայն պոչամբարները պետք է մշակվեին:

2015թ. գործադիրը հավանության էր արժանացրել Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետեւանքով գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» համապատասխան փաստաթուղթը: Այդ ժամանակ խնդրո առարկայի շուրջ մանրամասներ ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Եվ նա հավաստում էր, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի ՀՀ-ում թե՛ մեծածավալ ներդրումների իրականացմանը եւ թե՛  բնապահպանապես մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմանը: Այլ կերպ՝ մեր երկիր ներդրումների ներհոսք կլինի եւ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարան կկառուցվի, ինչն էլ իր հերթին կնպաստի ՀՀ-ում լրացուցիչ աշխատատեղերի բացմանը եւ տնտեսության բարելավմանը:  

Եթե այս պաշտոնական ձեւակերպումից դուրս գանք, ապա խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակման մասին էր: Ի տարբերություն բնապահպանների (Կանաչների միության օրինակ), գործադիրը համոզված էր, որ լցակույտերի վերամշակումը ճիշտ էր, որովհետեւ կոմբինատի՝ պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, եւ տարեկան ավելանում են եւս 18-20 մլն տոննայով, ինչը մեր երկրի համար բնապահպանական մեծագույն խնդիր է:

Եվ դրանք մշակելով այդ խնդիը կլուծեինք եւ զուգահեռ տնտեսապես կշահեինք: Եվ ծրագիրը պետք է աներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը, ըստ այդ ներդրումային ծրագրի, պետք է ֆաբրիկա կառուցեր՝ 12.5 մլն տոննա տարեկան արտադրողականությամբ:

Դավիթ Հարությունյանն այդ ժամանակ ասել էր նաեւ, որ նախատեսվում էր կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվելու էր պոչամբարի խյուսը:

Այն ժամանակ ասվում էր նաեւ, որ մինչեւ 2018թ. կներդրվի 237.5 մլն դոլար: Երկրորդ փուլը, որ պետք է լիներ 2019-2025թթ., նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում էր ենթադրում: Երրորդ՝ վերջին փուլն արդեն լինելու էր բնապահպանական եւ սոցիալական հարցերի լուծման փուլը: Այլ կերպ՝ 1000 մշտական ու 500 ժամանակավոր աշխատատեղ էր լինելու եւ պոչամբարների պոտենցիալ ռիսկայնությունն էր նվազելու:

Նկատենք, որ այդ ժամանակ ներդրումային ծրագրում այլ հարցից էլ էր խոսվում. այն է՝ գյուղատնտեսության ոլորտի համար հակակարկտային ցանցերի արտադրություն էր սկսվելու (կոմպոզիտային թելերից):

Բնապահպանները բողոքեցին, թե ընդհանրապես պոչամբարները վերամշակել ճիշտ չէ, քանզի բնապահպանական վնասներն անխուսափելի են, մանավանդ, երբ կոնսերվացված պոչամբարն է բերվում շահագործման վիճակի:

Հիշյալ ներդրումային ծրագիրը ներկայացնողը հավաստեց, թե արդեն կոնսերվացված պոչամբարների՝ շահագործման վիճակին բերելը պետք է իրականացվի համապատասխան նախագծով, որպեսզի բացառվի երկրին, համայնքներին, բնակչությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հնարավոր ցանկացած վնասի պատճառումը:

Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը կկրի ծրագիրն իրականացնող ընկերությունը: Լինելու էր պետական հսկողություն:

Ինչեւէ, անցյալով ենք խոսում, քանզի այդ ծրագիրը չիրականացավ: Չսկսվեց էլ…

Բայց քանի որ, այսպես ասենք, օդում դեռ նման մտադրություններ կան՝ գումար գտնելու եւ պոչամբարները մշակելու, փորձենք խոսել խնդրից՝ հասկանալով, թե ինչ է ասում բնապահպանական հատվածը եւ ինչ՝ տնտեսականը ու ընդհանրապես ինչ է հուշում միջազգային փորձը:

Եթե հակիրճ, ապա մեր երկրի բնապահպանները դեմ են դրան, քանի որ  պոչամբարը նորից վերամշակելու եւ շահագործելու դեպքում  կրկնակի վնասներից խուսափել հնարավոր չի լինի: Այլ կերպ՝ ասենք՝ 1000 հա ոչնչացված տարածքին կավելանան եւս 1000-ը, կակտիվանա օդի եւ ջրի հետ չշփվող պոչանքը: Եվ որ պոչամբարներն ընդհանրապես չեն վերամշակվում, այլ՝ ռեկուլտիվացվում են:

Տնտեսական ոլորտը, կրկնում ենք, ի տարբերություն բնապահպանականի, դեմ չէր պոչամբարների վերամշակմանը, քանզի այնտեղ ամբարված է ահռելի հարստություն եւ դա չօգտագործելն անմտություն է:

Դեռ 2015թ., երբ քննարկվում էր վերոնշյալ ներդրումային ծրագիրը՝ պոչմաբարների վերամշակմանն առնչվող, այդ ահռելի հարստության տարբեր թվեր էին հնչեցվում: Բայց մինչ այդ թվերը հնչեցնելը մասնագետները (ԵՊՀ կայուն զարգացման կենտրոն, 2014) բացատրում էին, որ նախ շատ կարեւոր է պոչամբարներում կուտակված նյութին ճիշտ բնութագիր տալը:

Բանն այն է, որ մեր երկրում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, լեռնահարստացուցիչ ֆաբրիկաների հարստացման պոչերը, որոնք կուտակվում են կամ կուտակված են պոչամբարներում, չեն դիտարկվում որպես թափոններ: Դրանք առանց որեւէ հիմնավորման դիտարկվում են որպես տեխնածին հանքավայրեր:

Մասնագետները սա սխալ մոտեցում են համարում: Մինչդեռ պետք է տալ հստակ երկրաբանատնտեսագիտական գնահատական: ՀՀ-ում կուտակված արդյունահանման եւ հանքաքարերի վերամշակման թափոններից ոչ մեկը չի ստացել համապատասխան այդ երկրաբանատնտեսագիտական գնահատականը, ուստի նրանցից ոչ մեկն առ այսօր չի կարելի համարել որպես տեխնածին հանքավայր: «Թափոնների «ազատ» մեկնաբանման հաշվին, համաձայն Ազգային ժողովում հնչեցված թվերի, տարեկան ՀՀ բյուջեն չի ստանում մոտ 98 մլն ԱՄՆ դոլար հարկային մուտքեր» (նույն կենտրոնի զեկույցից է):

Այլ տվյալ էլ մեջբերենք: Ամեն տարի ՀՀ-ում պոչամբարն է լցվում ավելի քան 172 մլն դոլար: Այս թիվը համաձայն «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» մենագրության է (երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյան): Իսկ ինչպես է հաշվվել այդ 172 մլն դոլարը:

Պարզվում է՝ մեր երկրի պոչամբարներում կուտակվող չմշակված հանքանյութերի արժեքը տարեկան հենց այդքան է կազմում:

Ինչ է հուշում միջազգային փորձը:

Այդ միջազգային ասվածն էլ տարբեր է:

Բայց լավագույն տարբերակը սովորեցնում է, որ նախ պոչամբարների վերամշակման հարց, այսպես ասենք, սուրորեն չի դրվում, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում այնպես է արվում, որ նախ՝ պոչամբար արժեքավոր հանքանյութ չգնա (հետեւաբար՝ վերամշակման կարիք չի առաջանում) եւ հետո՝ պոչամբարները ռեկուլտիվացնում են, ոչ թե միայն կոնսերվացնում: Դրա եղանակներն էլ տարբեր են:

Ասենք՝ պոչամբարի վրա հողի հաստ շերտ են լցնում, պոչամբարների պատվարներն են ամրացնում, պարբերաբար հսկում, որպեսզի ճաքեր չառաջանան: Ռեկուլտիվացվող պոչամբարի շուրջ ստեղծում են սանիտարապաշտպանական գոտիներ (պոչամբարներից արձակվող մանրէափոշեհատիկների կլանման համար): Եվ այս ոչ մի տարածքում թույլ չեն տալիս հողագործությամբ զբաղվել (ՀՀ-ում պոչերի տարածքում հողագործությամբ զբաղվելու դեպքեր կան, ինչն անթույլատրելի է, երբ չի պահպանվում որոշակի տարածությունը):

Որոշ ժամանակ անց, եւ դա կարող է տարիներ տեւել, գալիս են եւ այդ հողի հաստ շերտի վրա անցքեր են անում՝ համապատասխան փորձաքննությունների համար: Եթե անհրաժեշտ է լինում, կրկին հողի շերտ են լցնում: Բնապահպանական մոնիտորինգը կարող է տեւել մինչեւ 10 տարի:

Միջազգային փորձը այլ տարբերակներ էլ է հուշում իհարկե, բայց դրանք պայմանավորված են պոչամբարի լցակույտի բաղադրությամբ, քիմիական պարունակությամբ, ծավալով, բուն պոչամբարի կառուցվածքով, ինչին առիթով կանդրադառնանք մեր՝ ոլորտին վերաբերող այլ նյութերում:

Բայց մի բան միանշանակ է թե՛ բնապահպանների տեսանկյունից եւ թե՛ տնտեսական ոլորտի ներկայացուցիչների կարծիքով: Մեր 22 պոչամբարներն էլ կառավարման խնդիր ունեն. դա կլինի վերամշակումը, թե ռեկուլտիվացումը կամ մեկ ուրիշ տարբերակ, մասնագետները հստակ կորոշեն: Պոչամբարների կառավարման հարցն օրախնդիր է այլեւս, եւ դրան հնարավորինս շուտ լուծում տալը՝ անհրաժեշտություն:

Քանզի բնապահպանական վնասները հետագայում կարող են անդառնալի կորուստների հանգեցնել: Դրանք չթաքցնելը, վերհանելն ու ի մի բերելը ճիշտ տարբերակն է ճիշտ ու ձեռնտու լուծումը գտնելու:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։