Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

Գործադիրը այս տարվա փետրվարի 22-ի նիստում հավանության արժանացրեց ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը, որով առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ:

http://www.hayary.org/wph/?p=4813 – Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞ – Մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանն ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի… Զբոսաշրջությունը Հայաստանում՝ մեր մայրաքաղաք Երեւանն ու կապուտաչյա Սեւանը ուշադրության կենտրոնում…

http://www.hayary.org/wph/?p=4445Պոչամբարների հերթն էլ հասավ – լցակույտերի ապարների վերամշակման ծրագիր… Իսկ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից…

http://www.hayary.org/wph/?p=6574Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

http://www.hayary.org/wph/?p=6584Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…

Համենայնդեպս, այպես է հավաստում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Ըստ նրա, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: Խոսքը պոչամբարներին է վերաբերում: «Կա 22 պոչամբար, եւ դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,- կառավարության այդ օրվա նիստում ասաց նախարարը:

Նրա խոսքը մի բան է վկայում. կառավարությունն ինքն ընդունում է, որ պոչամբարների ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ այն էլ այնպիսի խնդիր, որ օր առաջ լուծել է պետք: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը գրեթե միշտ շատ զուսպ է այս կարգի հարցերում արտահայտվելիս: Սա նշանակում է, որ այլեւս մեղքը  բնապահպանների վրա չեն բարդի, թե չափազանցնում են, տեղյակ չեն, պատվեր են կատարում եւ այլն եւ այլն:  

Որպես սրտի հովանք ասեմ, որ, երբ ուսումնասիրում էի միջազգային փորձը, պարզ դարձավ մի բան. պոչամբարները խնդիր են բոլոր այն երկրներում, ովքեր հանքարդյունաբերություն ունեն. դրանք եւ ընդհանուր են եւ տարբեր են՝ պայմանավորված երկրների զարգացվածության եւ հանքարդյունաբերությունում կիրառվող տեխնոլոգիական գործոններով: Մենք այս մասին կխոսենք դեռ՝ նախ հակիրճ անդրադառնալով մեր պոչամբարների վիճակին, ապա եւ այն քայլերին, որ ուզում է ձեռնարկել գործադիրը (ի դեպ, ես պոչամբարների խնդրի մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ այն հույսով, որ պաշտոնաթերթի հանդեպ ուշադրությամբ պայմանավորված մեր պետական մարմինները հարցին ավելի լուրջ կվերաբերեն,-Ա.Մ.):

Խնդրո առարկայի մասին մեր մտահոգությունը կարող է հստակ ուրվագծվել, եթե մեր շարքային ընթերցողին բացատրենք, թե ինչ ասել է պոչամբար:

Ընդհանրապես միջազգային դասական ձեւակերպմամբ, պոչամբարը համարվում է հանքարդյունաբերությանը կից բնապահպանակա՛ն կառույց, որովհետեւ այստեղ առանձնացվում եւ ամբարվում են քիմիական վերամշակման հետեւանքով առաջացած վտանգավոր քիմիական, թունավոր թափոնները, որտեղ հանքաջրերն են հավաքվում, դատարկ ապառը նստում է, օքսիդացում է գնում, ջուրը մաքրվում է եւ բնական հուն է վերադարձվում:

Պոչամբարի թափոնները պիտանի են նաեւ հետագա օգտագործման համար, որովհետեւ այդ թափոններում նույնպես մեծածավալ օգտակար հանածոներ կան, որոնք այլ որորտներում հետագայում կարող են օգտագործվել: Դրա համար էլ ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար:

Թեեւ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ սա էլ միանշանակ չէ եւ շատ բան կախված է դարձյալ տեխնոլոգիական գործընթացից:

Այլ կերպ՝ եթե հանքարդյունաբերությունում կիրառվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որ կորզումը հնարավորինս շատ ու մաքուր է արվում, դեպի պոչամբարներ այնքան քիչ բան է ուղղվում, որ թափոնի՝ երկրորդային օգտագործման փոխարեն գերադասում են ռեկուլտիվացնել պոչամբարը (իմա՝ փակել, տարածքը բուժել, վերականգնել):

Հայաստանում այս ձեւը չի կիրառվում: Այս ձեւը չկա նաեւ հետխորհրդային երկրներում: Զարգացած որոշ երկրներում, որտեղ նույնիսկ մաքուր տեխնոլոգիաներ կիրառելու հարց պետք է որ չծագի, պոչամբարների ռեկուլտիվացում միշտ չէ, որ արվում է. բայց այստեղ էլ այլ պատճառ կա. լրացուցիչ ծախս չեն անում, քանզի անսահմանափակ տարածքներ ունեն (ԱՄՆ-ում ընդհանրապես թափոնների թաղման փորձը շատ նման է սովետականին): Փոխարենը Եվրոպան ռեկուլտիվացան ճանապարհով է գնում:

Ինչեւէ, տարիներ շարունակ խոսում ենք մեր պոչամբարների խնդրից, բայց տարբեր պատճառներով խնդրին համալիր լուծում չի տրվում:

Այս դեպքում չենք քննարկում՝ պատճառները օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, քանզի խնդիրներ կան, որոնք անպայման է լուծել պետք, հակառակ պարագայում հետեւանքներն են ծանր լինում: Եվ այդ խնդիրներից է պոչամբարների հարցը:

2014թ. նոյեմբերին պոչամբարների հարցը մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվեց: ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում քննարկում էր կազմակերպվել շրջակա միջավայրի վրա մետաղական օգտակար հանածոների պոչամբարների ազդեցության վերաբերյալ: Եվ այս քննարկմանը մասնակցել են ոչ միայն համալսարանական մասնագետները, այլեւ՝ բնապահպանական ոլորտի միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Այդ քննարկման ժամանակ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման եւ հետախուզման ամբիոնի վարիչ Ռուբեն Մովսեսյանը ասել էր, թե Հայաստանում տարեկան կտրվածքով ընդերքից արտահանվում է մոտավորապես 40-45 մլն տոննա լեռնային զանգված, որի կեսը հանքաքար է, մյուս մասը դատարկ ապառներն են, որոնք պահեստավորվում են շահագործվող հանքավայրերի շուրջ: Եվ որ այդ տարվա դրությամբ արդեն 1 մլրդ տոննա թափոն կա ՀՀ տարածքում: Նաեւ նկատել էր, որ դրանք 10 հազար հա տարածություն են զբաղեցնում, որից 1.500 հա-ն պոչամբարների տակ է (այս թիվը տրված է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնային խնդիրները» գիտական աշխատությունում (Ռ. Մովսեսյան, Հ. Մովսիսյան, ռուսերեն)):

Քննարկման ժամանակ խոսել էր նաեւ նշված ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ բառացիորեն հայտնելով, թե՝ «այսօր ՀՀ տարածքում շահագործվող հանքարդյունաբերական գործարանների պոչամբարները լրջորեն վտանգում են ոչ միայն շրջակա միջավայրը, այլեւ մարդկանց առողջությունը: Լեռնաարդյունաբերությունը մեր տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունի, ուստի դրանց շահագործումը դադարեցնելը հեռանկարային չէ: Սակայն առանց գործարանների եւ լցակույտերի համալիր մշակման եւ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի փոփոխության՝ հանքավայրերի շահագործումը կարող է խիստ վտանգավոր լինել եւ անդառնալի աղետների պատճառ դառնալ»:

Ուսումնասիրելով առաջատար համաշխարհային փորձը եւ վերծանելով մեր երկրի՝ այդ ոլորտում տիրող վիճակն ու թերությունները քննարկմանը բանախոսները առանձնացրել էին այն առաջնահերթ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ոլորտի իրավիճակը շտկելու եւ այն ճիշտ ուղղով տանելու համար (տվյալները՝ ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի): Օրինակ, նշում էին, որ պոչամբարների անվտանգության նկատառումներով հիմնական միջոցառումները պետք է ուղղված լինեն վնասների նվազագույնին հասցնելուն. 1. փլուզումներից, 2. ֆիլտրացիոն կորուստներից եւ 3. փոշեառաջացումից:

Ամենից անբարեհաճ բնապահպանական իրավիճակը կարող է ստեղծվել պոչամբարներում՝ շրջափակող ամբարտակի պատռմամբ պայմանավորված վթարի ժամանակ: Ամբարտակի խախտման դեպքում, որպես հիդրոտեխնիակական կառույցի տեսակի, պետք է որոշված լինեն վտանգավոր գոտու սահմանները կամ հեղեղածածկման տարածքները, ստորգետնյա ջրերի աղտոտումները եւ նրանց սահմանները, մակերեւութային ջրերի աղտոտումներն ու դրա հետեւանքները:

Բանն այն է, որ մեր պոչամբարների հիմնական մասը մի քանի տասնամյակ առաջ է նախագծվել, եւ մենք պետք է հասկանանք, թե այդ պատվարները սեյսմակայունության առումով ինչ չափանիշներով են կառուցվել: Մասնագետներն առաջարկել էին ոչ միայն պոչամբարների, այլեւ պոչատարների ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ անել: Որպեսզի հնարավոր լինի բացահայտել վտանգավոր երկրաբանական եւ տեխնիկական երեւույթները: Խոսվել է նաեւ պոչամբարների դրենաժային (ջրահեռացվող) ջրերի վտանգավորության մասին. այս ջրերը ներծծվում են ու կարող են աղտոտել գրունտային ջրերը: Որպեսզի այս ֆիլտրացիոն կորուստները քիչ լինեն, պետք է հիդրոիզալացում անել՝ ներդնելով կավային նյութից եւ պոլիմերային թաղանթից կազմված ջրակայուն շերտ: Մի խոսքով՝ շատ բան պետք է փոխել՝ եւ՛ օրենսդրության խստացման, եւ՛ բնապահպանական վճարների, եւ սանիտարապաշտպանիչ գոտիների, եւ ռիսկերի ապահովագրության մասով:

Մասնագետները կարեւորել էին նաեւ պոչամբարների ռեկուլտիվացիայի առավել կարեւոր հարցը («Լուսանցք»-ն այս թեմային անդրադարձել էր, երբ խոսել էր հանքարդյունաբերության հետեւանքով վնասված հողերի վերականգնման անհրաժեշտության մասին): Ըստ այդմ, մինչ հանքավայրի շահագործման թույլտվության ստացումն անհրաժեշտ է ունենալ հանքի փակման ծրագիր, որը կներառի հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքներ, անհրաժեշտ է որպեսզի ընդերքօգտագործողը մատնանշի վերականգնման համար հատկացվող վճարումների չափերը: Չմոռանանք, որ ամենախոշոր եւ ամենամեծ բնապահպանական հետեւանքները ծագում են լեռնային աշխատանքների ավարտից հետո՝ հանքի փակման ժամանակ: Դատարկ ապարների թափվածքները, բացահանքերը, պոչամբարները, կույտային տարալվացման հարթակները առաջացնում եւ շրջակա միջավայր են արտանետում բարձր թունավորության արտադրական կեղտաջրեր, որոնք կարող են հասցնել ահռելի վնասներ: Լեռնարդյունահանող ընկերությունները լեռնային աշխատանքների իրականացմանը զուգահեռ պետք է նախագծեն եւ իրականացնեն ռեկուլտիվացիոն միջոցառումներ, որպեսզի դեռեւս վաղ փուլերում կրճատեն թափոնների ծավալները եւ խուսափեն հանքի փակումից հետո նրա թանկարժեք մաքրումից: ԵՊՀ մեր մասնագետները ասել էին նաեւ, որ վատթարագույն վիճակում են գտնվում ՀՀ հյուսիսի պոչամբարները եւ Դաստակերտի պոչամբարը, որոնք ժամանակին չեն ռեկուլտիվացվել, նույնիսկ կոնսերվացումից հետո, քայքայվել ու շարունակում են քայքայվել եւ շրջակա միջավայրի վրա թողնում են չափազանց մեծ վնասակար ազդեցություն…

Տարիներ անցան: Ուսումնասիրում ենք 2017թ. պաշտոնական տվյալներ (ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի պաշտոնական տեղեկանքներից): Սրանց համաձայն (2017թ. 4-րդ եռամսյակի մոնիտորինգի պատկեր), Ախթալա գետի գետաբերանի ջրերը աղտոտված են ցինկ, կադմիում, մանգան, կոբալտ տարրերով, սուլֆատ իոններով: Նախորդ ժամանակահատվածների պատկերն էլ գրեթե անփոփոխ է: Մասնագետներն ասում են, որ այս աղտոտիչների համախումբը վկայում է մի պարզ բան. գետի ջրերը մշտապես աղտոտվում են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտադրական կեղտաջրերով, թթվային դրենաժի ջրերի ներհոսքով եւ այլն: Բնապահպաններն այս տարեսկզբին նույնիսկ ահազանգել էին (տեսանյութ ու լուսանկարները տարածելով), որ պոչանքները պոչամբար ուղղորդվելու փոխարեն, առանց մաքրվելու, ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը:

2015թ. կառավարությունը պոչամբարների մշակման ներդրումային մի ծրագիր հավանության արժանացրեց: Բնապահպաններն անմիջապես արձագանքեցին, թե դա կբերի կրկնակի բնապահպանական վնասի: Մասնագետներն արձագանքեցին, թե ոչ մի վնաս էլ չի լինի, եթե նորմերը պահպանվեն, եւ բացի այդ, մեր այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. եւ կօգտվեն, եւ կմաքրեն պոչամբարները:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

ՀԷԿ-երն էլ են համը հանում

Բնապահպան Կարինե Դանիելյանը նկատել է, թե փոքր հէկ-երը, որ աշխարհում ընկալվում են որպես զարգացման դրական, այլընտրանքային տարբերակ, մեզանում բավական բացասական դեր իրականացրին այն առումով, որ նախ՝ պարզվեց՝ ստանդարտները ճիշտ չեն հաշվարկված, նաեւ սեզոնային փոփոխությունները, եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում։

Դանիելյանի խոսքով՝ ստանդարտները, հատկապես՝ սանիտարական եւ էկոլոգիական, վերանայվեցին, բայց Եղեգիս գետն ուղղակի ամենացայտուն օրինակն է այն բանի, թե որքան սխալներ են արվել։

Այստեղ մեծ կոնֆլիկտ է այս հէկ-երի ու ագարակատերերի միջեւ, ովքեր ոռոգման ջրից են կտրվում։

Բնապահպանի կարծիքով՝ պետք է գտնել կոմպրոմիսային տարբերակը գոնե գործող հէկ-երի ու ոռոգման ցանցի միջեւ։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։