Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին

* * *

http://www.hayary.org/wph/?p=6921Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

* * *

Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – 25.04.18 / «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»…

ՀՀ 3-րդ Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելինե՛րս, ստիպված եմ մեկ անգամ եւս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

Այս հայտարարությունից հետո ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին առանց խոչընդոտների ընտրվել վարչապետ:

Հատկապես որ այդ հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:  

Նա հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ: «Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ՀՀԿ-ի մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ մեզ համար ամենաառաջնայինը պետության, հայրենիքի շահն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն է: Առաջնորդվելով այդ մարտահրավերներով եւ առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ խմբակցությունը սեփական վարչապետի թեկնածու չի առաջադրելու, երկրորդ՝ խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը եւ մինչեւ քվեարկությունը կներկայացնի իր որոշումը»,- հայտնել է Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ փոխվել է քաղաքական իրավիճակ, այսօր Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է: «Հայաստանում նոր իրողություններ են, մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնային է ոչ թե կուսակցության, այլ՝ պետության շահը: Մենք առաջնորդվում ենք կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով: Մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների, մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան: Այսպիսին է իրավիճակը, սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը,  Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»:

Ավելին, ՀՀԿ մամուլի խոսնակն ու ԱԺ փոխնախագահը հավելել էր, թե ճիշտը միասնական որոշման գալն է. իսկ Նիկոլ Փաշիմյամին ընտրելու մասին ուղղակի նշում չկա, քանի որ դեռ չգիտեն, թե բացի նրանից քանի թեկնածու կառաջադրվի: Նա կրկին նշեց, որ կքննարկեն բոլոր թեկնածուների ծրագրերը եւ նոր որոշում կկայացնեն:

Այն դիտարկմանը, թե խմբակցությունը միասնակա՞ն կքվեարկի, ՀՀԿ-ական գործիչը պատասխանել է. «Կա կուսակցական կարգապահություն, որը ենթադրում է՝ կուսակցությունը պետք է լինի միասնական, բայց միևնույն ժամանակ Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով եւ իր քվեարկությամբ, եւ քվեարկում է իր խղճին համապատասխան: Իհարկե կուսակցական կարգապահությունը պահանջում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կքվեարկի միասնական, բայց նորագույն «Հայաստանի պատմության մեջ մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել դեպքեր, երբ տարբեր մարդիկ տարբեր ձեւ են քվեարկում: Դրա համար հիմա չեմ ուզում մեկնաբանություններ անել, բայց իմ կարծիքով՝ ճիշտը միասնական որոշման գալն է, սակայն այդ որոշումը պետք է լինի ոչ թե վերեւից իջեցված հրահանգ, այլ՝ մեր բոլորիս քննարկումների արդյունք»,- նշել է Էդուարդ Շարմազանովը, ապա հավելել, որ այս պահից սկսում են քննարկումները խմբակցությունում, իսկ առաջադրումներ դեռ կարող են լինել: Ըստ նրա՝ մինչեւ քվեարկության օրը կամ հենց քվեարկության օրը խմբակցության ղեկավարը կհայտարարի թե ինչպես է ՀՀԿ-ն քվեարկելու:

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ն պաշտպանի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը՝ հատկապես, որ  «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից ասել են՝ նա վարչապետի լավ թեկնածու է, ՀՀԿ մամուլի խոսնակը նորից կրկնեց, երբ բոլոր թեկնածուները առաջադրվեն, այդ ժամանակ կքննարկեն եւ իրենց որոշումը կներկայացնեն:

ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, նրան առաջադրել էր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը ՝ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: «Ելք»-ին թեկնածուին, որպես ժողոթվրդական թեկնածու, պաշտպանեցին ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակվությունները:

Նրանք միասին ունեին 47 ձայն՝ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում: Իսկ ՀՀԿ-ն ունի 58 մանդատ. իսկ ընտրվելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը հայտնեց Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո եւ մերժեց պաշտպանել: Վարչապետի թեկնածուն հավաքեց 45 ձայն, նրան դեմ քվեարկեց 56 պատգամավոր: Նիկոլ Փաշիմյանը չընտրվեց վարչապետ, չնայած միակ թեկնածում էր:

Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ միասնական դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ:

«Երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին մենք հարցեր ուղղեցինք՝ պարզելու նրա պատկերացումները Հայաստանի զարգացման եւ անվտանգության մի շարք ասպարեզներում: Մենք գոհունակություն ենք հայտնում երկրի համար կարևոր հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերային մթնոլորտում քննարկումներ անցկացնելու հնարավորության համար»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ այսօր էլ քննարկումների ընթացքում ՀՀԿ խմբակցությունն ամբողջացրեց կարծիքը թեկնածուի պատկերացումների վերաբերյալ:

«Հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետեւանքները, որոնք կարող են լինել, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հատուկ տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք անմիջապես առաջանալու են Նիկոլ Փաշինյանի անձին ընտրելու պահից սկսած, ՀՀԿ խմբակցությունը որոշել է հայտարարել հետեւյալը. մենք ընդունում եւ ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը՝ Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին: Մենք համաձայն ենք հնչող քննադատությունների հետ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիր-ների սպեկտրի եւ դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ, պատասխանել ենք դրան վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի, եւ մենք համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինենք միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որն արագորեն կծնվի երկրում: Բոլորիդ ցանկանում եմ համբերություն, Աստված պահապան մեր ժողովրդին, Աստված պահապան մեր ազգին»,- եզրափակել էր խոսքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հասկանալի է, որ այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով պայքարն ավելի են թեժացնում իշխանությունները:

Մինչ հրապարակ մեկնելը Նիկոլ Փաշինյանը պատասխան խոսքով հանդես եկավ եւ հատկապես ընդգծեց, որ իրենց պայքարը շարունակելու է մնալ ոչ բռնությամբ խաղաղ պայքար:  Սա որպես պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հնչեցրած հարցի ասվեց, թե վարչապետ չընտրվելու պարագայում պայքարի ինչ ձեւ է ընտրելու, արդյոք հնարավոր է կոշտ պայքար, որը կարող է տանել առճակատման, պառակտման կամ անհանդուրժողականության:

«Առաջին օրից այս քաղաքական պայքարը եղել է բաց ձեռքերի, ոչ բռնի քաղաքական պայքար, եւ ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որեւէ սցենար, որ մեզ դուրս բերի այդ տրամաբանությունից եւ գաղափարաբանությունից: Մենք մերժել եւ մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլևս որպես հակագործողություն: Դա նշանակում է, որ մենք ոչ միայն բռնություն չենք գործադրելու, այլեւ մեր նկատմամբ հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու»,- ասել է վարչապետի թեկնածու Փաշինյանը: Նա հավե-լեց, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն այնպիսինն է, որ նման սցենարների մասին խոսելն ուղղակի ավելորդ է:

«Մեր կառավարության առաջնային նպատակը լինելու էր համերաշխության դրսեւորումը, եւ ես կարող եմ շատ ուղիղ ասել, որ այսօր իմ վարչապետ ընտրվելուց հետո անմիջապես կձեռնարկեմ երկխոսության գործընթացը խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ առանց բացառության, այդ թվում եւ Հանրապետական խմբակցության հետ: Մեր ձգտումն այն է, որ ստեղծված իրավիճակի հետագա լուծման վերաբերյալ լսենք իրար տեսակետները: Համոզված եմ, որ դրանցում կլինեն ընդհանուր բաներ: Այսօր ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի եւ դա պետք է լինի երկխոսության հիմքը, եւ ես պատրաստ եմ դրան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հանրահավաքում հայտարարվեց տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: Կշրջափակվեն բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

ԱԺ հատուկ նիստից առաջ բոլորին էլ պարզ էր, որ եթե ՀՀԿ-ն բոյկոտի, հարցը կմտնի փակուղի: Եվ հարց էր առաջանում՝ սահմանադրական եւ քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ոչ միայն չառաջադրի վարչապետի իր նոր թեկնածուին, այլեւ որոշի չմասնակցել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությանը կամ բոյկոտի։

Քվեարկությունը տապալելուց հետո, դրան հաջորդելու էր 7-օրյա ժամկետում ԱԺ կողմից վարչապետի նոր ընտրությունը։ Եթե ՀՀԿ-ն նույն խաղը 7 օրից կրկնի իր դեմ քվեարկելը, ինչը իրականում ձեռնտու է նրանց, խորհրդարանը կինքնալուծարվի: Այդժամ 30-40 օրվա ընթացքում կկազմակերպվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այս ժամանակահատվածն այնքան քիչ է սահմանված Սահմանադրությամբ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, ըստ մասնագետների, ժամանակ չի ունենա ԸՕ-ն վերափոխելել, գոնե ռեյտինգային ընտրակարգը հանել, որը աշխատելու է ՀՀԿ օգտին

Այսինքն՝ արտահերթ ընտրություները թերեւս կնպաստեին, որ նոր իրավիճակում հին իշխանությունը հաղթանակ տոնի:

Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին, թեկուզ այն մի քանի ձայներով, որոնք անհրաժեշտ են երկրի վարչապետ նշանակվելու համար:

Նախորդ քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը սա կռահում էր եւ նրա պատասխանն էլ էր այդպես մտահոգ: «Վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին ՀՀԿ-ի որոշումը վատ չէ, բայց լավ էլ չէ».- ասել էր նա: «Որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, որ հավաստիացնեմ նրանց, որ երբ մենք ասում ենք, որ փակում ենք ատելության էջը, ասում ենք լրջորեն: Եվ եթե իրենք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»,- ասել էր ընդդիմադիր պատգամավորը:

Նոր երթերն ու բողոքի ցույցերը եկան համոզելու, որ ներքաղաքական ճգնաժամը հասնում է վտանգավոր աստիճանի, երբ առաջանում է կամ-կամի տարբերակը: Ինչը կարող էր ունենալ ամենավատ հետեւանքները, եթե սկսվեր քաղաքացիական պատերազմ: Եվ պիտի այս անգամ էլ նշենք, որ Սերժ Սարգսյանը եւս մեկ նպաստավոր քայլ կատարեց, նրա մասնակցությամբ ՀՀԿ արտահերթ նիստում որոշվեց չսրել իրավիճակը եւ ձայն տալ Նիկոլ Փաշինյանին՝ դրանով պատռելով վերեւում կախված արյան պարկը

02.05.2018 – ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է Սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն վարչապետ չի առաջադրելու: ՀՀԿ-ն խորհրդարանի մեկ 1/3-ի կողմից ընտրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ, նա միաժամանակ կոչ արեց վերացնել ստեղծված անընդունելի վիճակը, ազատել մայրուղիները, դադարեցնել օդանավակայանի շրջափակումն ու անհանդուրժողականության քարոզը:

Հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընթերցեց հայտարարությունը.

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա՝ հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները՝ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.

  1. Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
  2. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
  3. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
  4. Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը եւ վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:

Վահրամ Բաղդասարյան / ՀՀԿ խմբակցության ղեկավար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն եւ ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ եւ կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա:

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի:

Իմիջիայլոց, երեկ կառավարության նիստը դարձավ այս իշխանության գործադիր մարմնի վերջին նիստը, որտեղ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հաջողություն մաղթեց բոլորին ու մեր երկրին եւ ժողովրդին:

02.05.2018 – Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները

Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանտ:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը (արված ֆ/բ էջում)

Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն եւ այլոց:

Ուշքի՛ եկեք:

Իրավական առումով.

Հասկանում եք թե ոչ՝ չգիտեմ, բայց սա ձեր խաղը չէ ու դուք պատկերացում էլ չունեք հետեւանքների մասին: Նախ, մի պարզ ու հասարակ իրողություն. գործող Սահմանադրությունը, որին թերեւս բոլորն են ապավինում կամ այդպես հայտարարում, որի շրջանակներում գործելու կոչ են անում բոլոր արտաքին ուժերը, իր բազմաթիվ թերություններով հանդերձ (ես միշտ պնդում էի, որ այս Սահմանադրությունը չարիք է դառնալու հայ ժողովրդի գլխին, որովհետեւ այն գրվել է պատվերով), որոշակի պայմաններ է թելադրում, որոնք անտեսել չի կարելի: Դա Ազգային ժողովի ձեւավորման ու նրա գործառույթների մասին բաժինն է: Ըստ կետերի ու բովանդակության դրանց չեմ անդրադառնա, ինքներդ ձեզ նեղություն տվեք դրանք կարդալու:

Նիկո՛լ, դու շատ լավ հասկանում ես, որ ըստ այդ Սահմանադրության, առանց Հանրապետական կուսակցության, դու վարչապետ չես կարող դառնալ: Անկախ այն հանգամանքից, թե մյուս խմբակցությունները ինչպես են քվեարկելու, դու պարտավոր ես ձայներ մուրալ «Հանրապետական խմբակցությունից» (թեկուզեւ մի քանիսը), վարչապետ դառնալու համար: Ուստի, ուզես թե չուզես, դու լինելու ես Հանրապետականի վարչապետը: Մի՛ քողարկվիր ժողովրդի մի ստվար հատվածի հաղթանակով: Ցուցարարները հաղթել են այլ խնդրում, եւ այդ խնդիրը լուծելու փոխարեն, որի հնարավորությունն այսօր 100%-ով ունես, դու առաջադրում ես շատ նեղ անձնական խնդիր, որի լուծման պարագայում մյուս խնդիրների լուծումն այլեւս չի լինի քո հնարավորությունների սահմաններում: Դու շատ լավ հասկանում ես, որ եթե խորհրդարանը նույնիսկ միասնաբար քեզ հռչակի վարչապետ, այդ դեպքում գործող Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով ինչպե՞ս ես ապահովելու խորհրդարանում իշխանություն – ընդդիմություն տարանջատումը: Երբ բոլորդ միասին իշխանություն եք, ո՞ր ուժը կամ խմբակցությունն է լինելու ընդդիմությունը, որը պարտադիր է, եւ որի իրավունքների համար, ըստ ձեր հայտարարությունների, դուք պայքարել ու պայքարում եք: Կայուն մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Միայն Հանրապետական-Ելք խմբակցությունների կոալիցիայով է, որ կարող է ձեւավորվել իշխանական թևը, եթե, իհարկե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեն դառնալ ընդդիմություն: Այլ կոնֆիգուրացիա չկա: Այսինքն՝ դու, ուզես, թե չուզես, պետք է լինես Հանրապետականի հետ միասին (նույնն է, թե հանրապետական): Բարի եղիր այդ դեպքում այս ամենը բացատրել քո համախոհներին:

Լավ, նույնիսկ եթե դառնաս վարչապետ, կայուն մեծամասնությունն ինչո՞ւ պետք է քո ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերցնի իր ուսերին: Հետո, ընդունենք, դարձար վարչապետ, ծրագրիդ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԵԼՔ-ը՝ բոլորը համատեղ (դարձյալ անհայտ է մնում ընդդիմության հարցը), գիտե՞ս արդյոք որոնք են քո առաջին քայլերը: Ասեմ քեզ. դու անհապաղ եւ առանց նախապայմանների, պետք է ազատ արձակես Սասնա Ծռերին, ազատ արձակես Սամվել Բաբայանին, Անդրեաս Ղուկասյանին, եւ այլն, եւ այլն, եւ այլն: Եթե դու դրանք չանես, քո մինչեւ այժմ ասածների եւ իրական քայլերի հա-կասությունը միանգամից ի դերեւ կելնի: Դու պատկերացնո՞ւմ ես, թե դրանից հետո ինչ է լինելու Հայաստանում, ինչ ալիք է գնալու դեպի Արցախ եւ ինչ է լինելու ընդհանրապես… Չէ, Նիկոլ, այս հեղափոխությունն անձի առումով դու՛ չես հաղթել, այս հեղափոխությունը հաղթել են նրանք, ովքեր այսօր չեն երեւում, բայց վաղը կերեւան, նրանք քեզ օգնել են, նրանք քեզ օժանդակել են, հանրությանն անտեսանելի գործերը նրանք են արել, ու դու չես կարող հաշվի չառնել նրանց կարծիքը, կամքը, նրանք քեզ կթելադրեն այն, ինչը դու այսօր հավանաբար չես գիտակցում:

Եվս մեկ անգամ՝ մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակը: Առաջադրի օրակարգ, որն առանց խաբեությունների, կբերի անհրաժեշտ, պետության ու ժողովրդի շահերից բխող արդյունքի, որի պարագայում կորուստներ չենք ունենա:

Հնարավոր սցենարների առումով.

Նիկոլ, գրում եմ ամենավատ սցենարը: Եթե այս սցենարի համար լուծում ունես, ապա մնացածը գրպանումդ է, քա՛յլ արա՝ դարձի՛ր վարչապետ:

Դու վարչապետ ես: Պարզ է, կարճ ժամանակում ոչինչ փոխել չես կարող, իսկ եթե քո նպատակը առնետավազքով արագ ընտրությունների գնալն է նույն մեխանիզմներով, ինչ մինչեւ հիմա, ապա նախկիններն ավելի լավն են, քան դու: Այլապես այսօր նայելով նրանց, ովքեր շողոքորթում ու քծնում են քեզ, ովքեր ոչ վաղ անցյալում նույնը անում էին նախորդների նկատմամբ, եւ եթե դա քեզ համար ընդունելի է, վա՛յ քեզ, քանզի այդ պարագայում, մանկիկի շուրթերով ասած, Նիկոլը մերկ է: Վարչապետ Նիկոլը շատ արագ ոչինչ անել չի կարող, եթե նույնիսկ գնա խորհրդարանի լուծարմանը՝ վարչական ռեսուրսներ արդեն իսկ ունենալով ու փորձելով հասնել իր նպատակին: Այդ դեպքում քաոսը Հայաստանում անխուսափելի է, Արցախում՝ նույնպես (նորից չբացատրեմ ինչ պատճառներով, որոնց անդրադարձել եմ իմ նախկին հրապարակումներում): Ո՞վ է այն երաշխավորը, որ այդ ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ուշի-ուշով հետեւում են այս գործընթացներին, չեն նախաձեռնի այն, ինչ 20-րդ դարի սկզբին, ուղիղ հարյուր տարի առաջ, ու մենք չենք ունենա մի նոր ստորացուցիչ Ալեքսանդրապոլի պայմանագիր՝ էլ ավելի վատ պայմաններով, ու չենք վազի ուրիշներից թղթյա շերեփով մեր խնդիրների լուծումը մուրալու ճանապարհով: Ո՞ւր է այն երաշխիքը, որ քաղաքական ուժերը, որոնք այսօր պատրաստ են միաձայն քեզ քվեարկելու, վաղը այդ բոլոր կորուստների մեջ չեն մեղադրի քեզ ու ժողովրդին, որի դեպքում, կարծում եմ, քեզ համար արդեն պարզ է քո հետագա ճակատագիրը: Դրանից հետո այդ քաղաքական ուժերին ոչինչ չի խանգարի դարձյալ իշխանության գալ, բայց արդեն առանց Արցախի եւ Արցախյան հիմնախնդրի: Ո՞ւր է այն երաշխիքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որպես իրենց հավատարմություն մեր այսօրվա բարեկամներին, նրանց հետ դաշն չեն կնքի ու չեն պատժի դեպի ուրիշ տեղ գնացող Հայաստանին:

Չէ՛, Նիկոլ, գույները չեմ սեւացնում: Շատ ավելի դաժան պատկերներով կարող եմ նկարագրել, բայց, թերեւս, այսքանով բավարարվեմ:

Բարոյական առումով.

Մեր բոլոր չլուծված խնդիրների, մեղմ ասած, հիմնական մեղավորը իշխանություններն են, դրանում որեւէ կասկած չկա: Եվ այն, որ իշխանություններն իրավիճակին չէին տիրապետում, դու լավագույնս ապացուցեցիր: Դու հասար ամենակարեւոր խնդրի լուծմանը, եւ դեռ հնարավորություն ունես օրակարգ ձեւավորելու եւ այդ օրակարգով մոտակա 2-3 ամսվա ընթացքում լուծելու շատ կարեւոր հարցեր, որոնք կապահովեն թե՛ օրինականությունը երկրում, թե՛ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելու հնարավորությունը: Մայիսի 1-ից հետո, անկախ արդյունքից, դու դրա հնարավորությունը կկորցնես: Եվս մեկ անգամ՝ Նիկոլ, մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակի արդյունքները:

Հ.Գ. – Այսօր եթե ես սխալվում եմ, երկիրը դրանից ոչինչ չի կորցնի, բայց եթե դու ես սխալվում, կկորցնենք գրեթե ամեն ինչ: Դեռ ժամանակ կա իրավիճակը սթափ գնահատելու եւ ճիշտ քայլեր կատարելու: Լրջորեն մտածիր այս ամենի մասին:

29 ապրիլի, 2018թ.

Հարգանքով՝  Գառնիկ

* * *

02.05.18 (թերթ.ամ) – Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ եթե այստեղ  քաղաքական գործընթացները ընթանային այն կերպ, ինչ կերպ հայտարարում էին շարժման առաջնորդը եւ նրա կողմնակիցները, որեւէ խնդիր չէր առաջանա: Նա զրույցում նկատեց, որ շարժման սկզբում ցուցարարներն առաջնորդվում էին որոշակի բացառություններով, բաց ու մաքուր ձեռքերի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսով, ինչը, ըստ նրա, ունեցավ իր արդյունքը:

«Ընդ որում, այդ ընթացքում ի դերեւ ելան բազմաթիվ թերություններ, բացթողումներ ու կոպտագույն սխալներ թե՛ Սահմանադրության ու օրենքների անկատարության, թե՛ իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ վարքագծի առումով: Առաջացավ մի վիճակ, երբ շարժման առաջնորդը եւ նրա կողմնակիցները կարող էին ձեւավորվել հստակ օրակարգ, քննարկել ստեղծված վիճակը եւ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Բայց ցավոք, շարժումը չգնաց այդ ուղղությամբ: Այժմ, ըստ էության, միակ օրակարգը Նիկոլ-վարչապետ բանաձեւն է, ընդ որում‘ վերջնագրերի լեզվով: Սա անընդունելի է եւ չի բխում ոչ պետության, եւ ոչ էլ մեր ժողովրդի շահերից, ինչքան էլ շահարկեն այն փաստը, որ դա հենց ժողովուրդն է ուզում»,- ասել է նա:

Իսագուլյանի խոսքով՝ նույնիսկ բռնապետերն իրենց բոլոր գործողություններն ու արարքները աշխատում են համապատասխանեցնել Սահմանադրությանը: «Ցանկացած ոք, ով իր նպատակի համար շրջանցում է Սահմանադրությունը կամ փորձում է այն մեկնել յուրովի՝ ելնելով բացառապես իր շահերից, առավել է, քան որեւէ բռնապետ»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար միմիայն օրինական ճանապարհներն են ընդունելի, իսկ եթե փակ է այդ ճանապարհը, հնարավոր են նաեւ այլ լուծումներ: «Բայց այս պահին որևէ փակ ճանապարհ չկա, եւ շարժման հաջողությունը կարող ենք համարել վերջնական ու անշրջելի, եթե ոչ թե ճնշումների ու տարբեր ոչ օրինական ձեւերի միջոցով վարչապետ դարձնենք, ինչպես իրենք են ասում, ժողովրդի թեկնածուին, այլ նստենք սեղանի շուրջ, նույն ժողովրդի մասնակցությամբ, ամեն մեկս մեր փաստարկներով ու հիմնավորմամբ եւ գտնենք առկա վիճակի հանգուցալուծման ընդհանրական որոշում»,- ասել է նա:

*  * *

Ձայն եք խնդրում ՀՀԿ-ից, սակայն այս օրերին անընդհատ ցեխ եք շպրտում մեզ վրա

ՀՀԿ խմբակցության հատուկ նիստին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, նկատեց. «Դուք այսօր եկել եք, ձայն եք խնդրում ՀՀԿ-ից, սակայն այս օրերին անընդհատ ցեխ եք շպրտում մեզ վրա։ Եթե հաղթեք, փաստորեն, աշխատելու եք մի ԱԺ հետ, որը ընդդիմություն չունի։ Երբ սկսեցինք շարժումը, դուք ուզո՞ւմ էիք դառնալ վարչապետ»…

Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապ»տության մայրաքաղաք Երեւանում եւ այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու եւ սահմանը պահող զինվորի համար:

Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների եւ զոհաբերությունների գնով: Ընդամենը 2 տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի եւ Հայաստանի սահմանին, եւ որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն:

Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսեւորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարեւոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթա-հարել իր առջեւ ծառացած մարտահրավերները:

Արցախի Հանրապ»տության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից եւ օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»:

Հայտարարությունը ստորագրել են «Ազատ Հայրենիք», Հայ Հեղափոխական դաշնակցություն, Արցախի ժողովրդավարական եւ «Շարժում-88» կուսակցությունները։

Օրերս իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը

Բոլոր նրանց, ովքեր այս օրերին փորձում են այս կամ այն կերպ ցեխ շպրտել ջավախահայության կողմը՝ պիտակավորել նրան,  ասելով, թե իբր ջավախահայության դիրքորոշումը ծավալովող իրադարձությունների նկատմամբ թույլ կամ հստակ չէ։

Հարգելիներս, ինչպես ցանկացած համայնքում, ջավախահայերի մեջ էլ կան տարբեր քաղաքական հայացքների, տարբեր դիրքորոշումների տեր մարդիկ, ու սա բնական երեւույթ է: Որեւէ ջավախահայ երբեւիցե չի հանդուրժի կողմերի ու դեմերի ճամբարների բաժանել ժողովրդին։ Այսօր առավել եւս մենք դեմ ենք բաժանարար գծերի անցկամանը, այն էլ տարածքային սկզբունքով:

Չպետք է մոռանալ, որ տարիներ շարունակ եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը  անտարբերություն են դրսեւորել եւ ոչ հետեւողական են գտնվել ջավախահայության խնդիրների նկատմամբ: Տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել ջավախահայության ազատ կամարտահայտմանը խոչընդոտելուն։ Ջավախահայությունը երբեւիցէ չի մեղադրել այս կամ այն քաղաքական գործչին, չի դժգոհել որեւէ մեկի անտարբերությունից, լռությունից, որոշ դեպքերում անգամ՝ ջավախահայության հանդեպ բռնի ուժի կիրառման, հալածանքների ու ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը ծափողջուններով դիմավորողներից։ Եվ այսօր որեւիցե մեկը, ով էլ որ լինի, անկախ դիրքից եւ պաշտոնից, որեւէ բարոյական իրավունք չունի պիտակավորել ջավախահայությանը, պահանջել նրանից այս քաղաքական ճգնաժամում որեւէ կողմ ընդունել:

Ջավախահայության դիրքորոշումը պատասխանատու է եւ արժանապատիվ, ջավախահայությունը դրսեւորել ու հետագայում էլ դրսեւորելու է բարձր ազգային ինքնագիտակցությամբ ընդգծված կեցվածք, հարիր իր պետականաստեղծ  արժեհամակարգին։

Ջավախահայությունը չի եղել եւ երբեւիցէ չի լինելու անտարբեր Մայր Հայրենիքում ծավալվող քաղաքական գործընթացների նկատմամբ: Առավել եւս մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Հայաստանի Հանրապետությունը չափազանց խառնակ եւ անկայուն օրեր է ապրում:

Ջավախահայերը լավ են գիտակցում, որ մեր հայապահպանության խնդրի լուծման գրավականը հզոր եւ կայուն Հայաստանն է։ Դրանից ելնելով՝ մենք լիահույս ենք, որ խոհեմությունն ու ողջամտությունը անվերապահորեն հաղթանակելու են։ Մենք կողմերին կոչ ենք անում օր առաջ նստել երկխոսության սեղանի շուրջ ու փոխզիջումների միջոցով Հայաստանը դուրս հանել այս վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի ճգնաժամից։

Կեցցե հպարտ եւ արժանապատիվ հայը, աշխարհի որ ծայրում էլ, որ նա ապրում է։

* * *

Վերահսկվում է

Արցախի Հանրապետության (ԱՀ-ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ: Այս մասին տեղեկացրել է Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:

Մայիսի 3-ին Բակո Սահակյանը Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ մայիսի 3-ին այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Զինվորականները նախագահին զեկուցել ու հավաստիացրել են, որ իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո եւ արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում:

«Լուսանցք» թիվ 16 (494), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։