Երբ հեքիաթն ավարտվում է, երկնքից երեք խնձոր է ընկնում – Բայց հիմնականում երրորդ խնձորը, որ լսողինն է՝ժողովրդինը՝ տեղ չի հասնում…- Միայնակ իշխանափոխության գնացողը պիտի Գարեգին Նժդեհի «Վճռական Մենակը» լինի, այլ դեպքում՝ կաշխատի բումերանգի վերադարձող հարվածի քաղաքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության տեսակետներին անդրադարձել է դեռ հենց նոր խորհրդարանական Հայաստանի վարչապետական պարտականությունները ստանձնած Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ հրապարակվեց «Դեռ ոչինչ չի՛ փոխվել» հոդվածը՝ այդ ազգայնական կառույցի ղեկավար Արմեն Ավետիսյանի հեղինակությամբԼուսանցք» թիվ 15 (493), ապրիլի 27-մայիսի 3, 2018թ.):

Այսօր խորհրդարանական Հայաստանը նոր վարչապետ ունի, նա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Արդյո՞ք այժմ ինչ-որ բան փոխվել է. փորձեցինք իմանալ հայ արիների (նաեւ համախմբված հեթանոս ազգայնականների) առաջնորդ Արմեն Ավետիսյանի տեսակետը:

- Արդյո՞ք շատ սրընթաց չէր Նիկոլ Փաշինյանի «խաղաղության եւ համերաշխության» հեղափոխական ալիքը եւ նույնքան շատ զարմանալի չէր իշխող կուսակցության այսքան արագ հրաժարումը իշխանությունից: Եվ այժմ ի՞նչ է փոխվել Ձեր նախկին տեսակետներում:

http://www.hayary.org/wph/?p=6924Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

– Մինչեւ հարցերի պատասխան տալը կցանկանայի անդրադառնալ դեռ այն ժամանակներին, երբ առաջադրվեցին սահմանադրական փոփոխությունները: Մենք հայտարարեցինք, որ այդ փոփոխությունների մեջ կան որոշակի բարեփոխումներ, ինչպես ընտանիքի հստակ սահմանումը եւ ազգային արժեհամակարգին վերաբերող էլի որոշ դրույթներ, սակայն փոփոխության բուն թեման մեզ համար ահազանգող էր, ինչը խորհրդարանական Հայաստանին անցնելն էր:  

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ժամանակի թելադրմամբ դեմ էին այս համակարգային փոփոխությանը: Եթե Հայաստանը հզոր եւ թշնամիներին ծնկի բերած լիներ, ապա գուցե խորհրդարանական համակարգը նաեւ դրական դիտարկվեր, բայց մեր ներկա պայմաններում մեզ ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններով կենտրոնաձիգ պետություն է հարկավոր:

- «Լուսանցք»-ը նույնպես դեմ էր եւ հանդես էր գալիս կիսանախագահական համակարգը կենտրոնաձիգ նախագահական համակարգով փոխարինելուն, ոչ թե, ըստ էության կենտրոնախույս խորհրդարանական համակարգի անցնելուն:

– Այո, հենց այդ ձեւակերպումներով էլ մենք մեր տեսակետն ուղարկեցինք երկրի նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին (որի հետ նաեւ հանդիպեցինք Սահմանադրական Դատարանում), որում մասնավորապես նշեցինք, որ արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանին ու հայությանը դժվարին զարգացումներ են սպասում, որոնք ազդելու են նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջա-նական, որոշակիորեն նաեւ հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերությունների վրա, ինչը թելադրում է մեր պետությանը ունենալ կենտրոնաձիգ կառավարում, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները չկարողանան ազդել մեր երկրի արտաքին քաղաքականության կայուն եւ նպաստավոր գործունեության վրա: Հիշեցնենք, որ կիսանախագահական Հայաստանի ժամանակ երկրի նախագահը կարողացավ արտաքին խաղերի միջոցով համադրել մեր ազգային շահերը համաշխարհային բեւեռների հետ, ինչը լուրջ խնդիր է անգամ մեզանից ավելի հզոր շատ երկրների համար: Հայաստանը ԵԱՏՄ-ԵՄ եւ ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերություններում կարողացավ շահեկան դիրքեր ստանալ միջազգային ասպարեզում: Անգամ համաշխարհային բեւեռի ձգտող Չինաստանի հետ զարգացրեց հարաբերությունները… Սա առավելապես երկրի նախագահի փոխլրացնող արտաքին քաղաքական գծի արդյունք է, քան ՀՀԿ-ի կամ ընդդիմադիր ուժերի պարտադրանքի:

Մենք ասում էինք, որ շուրջ 100 տարի առաջ Հայաստանը հայտնվել է նման իրավիճակում, եւ ինչպես այսօր, քաղաքական մեծամասնություն ունեցող խորհրդարանը տարակարծություններ է ունեցել, որոնց մի մասը, ինչպես այսօր, չերեւացող ներքին հարթությունում է: Խորհրդարանական խմբակցությունների փոխպայմանավորվածությունները եւ խարխլում են եւ երկրի կառավարումը որոշակի պայմաններում դառնում է անկառավարելի:

Նախագահական համակարգում կառավարմանը վերաբերող նման զարգացումներն անհնարին են գրեթե: Ճիշտ է, պատասխանատվության բեռն է մեծ երկրի նախագահի, բայց մեր թշնամիների նման հարեւաններ ունեցող պետությունը իրավունք չունի ներքին քաշքշուկներին պարբերաբար տուրք տալ:

- Կփորձեն Ձեր խոսքը տանել բռնապետության հաստատման տեսակետին

– Դա հնարավոր չէ, քանի որ Հայ Արիական Միաբանությունը սահմանադրական բարեփոխումների ժամանակ ներկայացրել էր ամբողջական Սահմանադրության իր փաթեթեը, «Ազգային Սահմանադություն»-ը բացառում է ինչ-պես ամենաթող ամբոխավարությունը, այնպես էլ ամեն ինչ մերժող բռնապետությունը: Այստեղ ի պաշտոնե կամ գործի բերումով ավելի շատ իրավունքներ ունեցողները ունեն նաեւ ավելի շատ պարտականություններ: Այդ պարտականություններն ստանձնելը հեշտ չի լինելու: Այսօր միայն իրավունքներից են օգտվում, դրա համար էլ ամեն բան խարխլված է ինչպես պետական համակարգում, այնպես էլ հանրային ոլորտում:

«Ազգային Սահմանադություն»-ը ապահովում եւ համադրում է մարդկային եւ ազգային իրավունքները, այլ ոչ թե հակադրում: Այստեղ եւս կան պարտականությոններ, ինչպես դրանք պետք է լինեն բոլոր տեսակի իրավունքներին զուգահեռ: Այսպես է օրենքը բոլորի համար հավասար դառնում, այսպես է պաշտպանվում նաեւ սոցիալական արդարությունը: Մարդկանց խաբում են սոցիալական հավասարության սինաբանությամբ, ինչը հնարավոր չէ աշխատողի եւ չաշխատողի պարագայում, բայց պետությունը պարտավոր է պաշտպանել բոլորի՝ աշխատողի եւ չաշխատողի սոցիալական արդարության սկզբունքը: Դրա համար կա սոցիալական խմբերի համակարգը եւ այն պարզապես պիտի աշխատի արդար եւ անկաշառ…

Այսօր էլ մարդկանց խոստանում են ամեն ինչ, աղքատությունից միանգամնից լավ կյանքի անցնելու ծրագրեր են խոստանում: Հերթական ստեր են, նախ մարդկանց կյանքի նվազագույն պայմանները պիտի ապահովել մեր այսօրվա ոչ այնքան հարուստ երկրում, հետո պարբերաբար զարգացնել կենսակերպը: Մարդու նվազագույնը ընտանիքի բոլոր անդամների նորմալ կեցակարգն ապահովելն է, աշխատանք, կրթություն, սնունդ, հագուստ, կենցաղային այլ պարագաներ, հանգստի հնարավորություն ունենալը արդեն իսկ երաշխիք է, որ ամպագոռգոռ խոստումների մի մասը գոնե կիրականանան: Մարդիկ անգամ իրենք կսկսեն հոգալ իրենց կարիքները, եթե այդ նվազագույնն ապահովի պետությունը:

Իսկ այս ամենին հասնելու համար նախ երկրի տնտեսությունը պիտի կարգի բերել, արդյունաբերությունը, նաեւ ծանր, արտադրական գործունեությունը, գյուղատնտեսությունը պետք է զարգացնել, առանց արտադրության, միայն սպասարկման ոլորտը զարգացնելով, հյուրանոցների, խաղատների ու այլ զվարճանքների ոլորտները ծաղկեցնելով, այն էլ հիմնականում զբոսաշրջիկների համար, հնարավոր չէ ապահովել մեր բնակչության բարօրությունը, անգամ նվազագույն ապրուստի պայմանները…

- Կարծես շատ հեռացանք մեր առաջին հարցից

– Ամենեւին, այսօր նոր զարթոնքի հեղինակ մեր ժողովրդի մի մասը կրկին ականջահաճո խոստումներ է լսում եւ համատարած հրճվանք կա, ինչը նույնքան արագ կմարի, եթե, ինչպես նախկինում, մարդկանց սնեն միայն խոստումներով կամ այնպիսի տնտեսական աճող թվերով, որ միայն փող ունեցողների փողին է աճ ավելացնում: Ես 1988-1990թթ. այս կողմ նման զարթոնք չէի տեսել, եղել էին առկայծումներ, բայց սա իսկապես ժողովրդական է, որի հետագա զարգացումը կամ կործանումը հենց սոցիալական խոստումներից եւ խաբկանքներից են կախված: Ի դեպ, պիտի նշեմ, որ շատերի կարծիքով սա համաժողովրդական շարժում է, բայց «համա»-ին հասնելու դեռ քաղաքական ճանապարհ ունի, պարզապես ծավալուն շարժում էր եւ առկա էր բոլոր մարզերում, եւ տպավորությունը համաժողովրդական է: Եթե դիտարկենք իշխանության եւ չեզոք (իշխանություններից դժգոհ, բայց Նիկոլ Փաշինյա-նին դեմ) կողմերի հետեւորդների քանակը, ապա հասկանալի կլինի ասածս:

Ինչեւէ: Մենք դեռ նոր ենք մտել խորհրդարանական Հայաստան, արդեն 3-րդ վարչապետն ենք ունենում եւ դեռ հարցական է այս մեկի երկարաժամկետ մնալը, կիսանախագահական Հայաստանում ավելի քան 25 տարում որքան հիշում եմ 13 վարչապետ ենք ունեցել… Այնուամենայնիվ հուսանք, որ մեր ներազգային բնազդը մեզ հանդուրժողականության կմղի միմյանց նկատմամբ եւ այս մի հեքիաթը ճիշտ ավարտ կունենա՝ երկնքից 3 խնձոր կընկնի, մեկը՝ հեքիաթ գրողին, մեկը՝ հեքիաթը պատմողին, մեկն էլ՝ լսողին, գրեթե միշտ այդ վերջինը, որ ժողովուրդն է, զրկվում է երկնքի խնձորից: Սա չպե՛տք է պատահի, այլապես խնձորին սպասողները նոր հեքիաթասաց վարչապետի են սպասելու…

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր:

Դառնալով վերոհնչյալ Ձեր հարցին, կասեմ, որ իսկապես շարժումը սրընթաց էր, որ ինքնաբերաբար դարձավ այդպիսին: Անհերքելի է, որ սա հատուկ նախապատրաստված չէր եւ անգամ հայտնի չէր, թե ինչ ավարտ կունենա Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը»… Երբ նախապես դիտարկում ենք շարժման սկիզբը, հստակ է որ՝

  1. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «Ելք» ԱԺ խմբակցության դաշնակից կուսակցությունների, այլեւ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ խնդիրներով սկսեց «Իմ քայլը»: Մինչ այդ մերժվել էր նրա՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ ու ցույցեր անելու քաղաքականությունը:
  2. Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ այդ մերժումները եւս կապված են իր անձի հետ, իբր ինքը Սերժ Սարգսյանի ընդդիմությունն է… Այդ կասկածները երբեմն տեղիք են տվել կատակով ստուգումների, ինչպես ասենք՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Հարությունյանը ցուցադրել են իրենց քվեարկությունների հեռախոսային նկարահանումները եւ ցանկացել են տեսնել Նիկոլ Փաշինյանինը: Վերջինս դա լուրջ չի ընդունել եւ…
  3. Այս կասկածները չեն մնացել ներկազմակերպական, դուրս են թափանցել եւ ընտրողների խոսելիքը դարձել: Սա կաշկանդել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շփումները:
  4. 1-2 ամիս առաջ արդեն խոսում էին «Ելք» դաշինքի փլուզման մասին:

Եվ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պարտադրված էր քայլ անելու, որպեսզի ոչ միայն դուրս գար «կասկածելի ընդդիմություն» վտանգավոր շրջանակից, այլեւ «Ելք» խմբակցության լուծարման դեպքում կարողանար ձեւավորել նոր ընդդիմություն, որի առաջնորդը կլիներ ինքը:

  1. «Իմ քայլը» հաջողելու դեպքում Նիկոլ Փաշինյանը, որպես ամենամեծ հաջողություն, ակնկալել է ընդհանուր ընդդիմության ղեկավար դառնալը, ում հետ կբանակցեր իշխանությունը եւ արտաքին շահագրգիռ աշխարհը:

Բայց «Իմ քայլը» պարզապես բախտավոր աստղի տակ սկսվեց եւ դեռ իր նախնական փուլում սկսեց հետաքրքրել ոչ միայն Հայաստանի  բնակչությանը, այլեւ սփյուռքին: Շուրջ 2 շաբաթ տեւած այս պարզ արշավը վեր հանեց այն անտեսանելի իրողությունը, որը կուտակվել էր ավելի քան 25 տարի շարունակ:

Հայ Արիական Միաբանությունը մշտապես արծարծել է այս թեման, որ պետք է ինքնամաքրման գործընթացներ սկսեն, այլապես մի օր թաքնված վիրավորանքն ու թշնամանքը դուրս կժայթքի…

Մենք բազմիցս նշել ենք, որ շուրջ 30 տարի մեր երկրում չի փոխվել իշխանությունը, որ ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահները եղել են նույն թիմից, բաժանվել անձնական տարաձայնությունների պատճառով, որոշ հարցերում նաեւ քաղաքական տարաձայնությունների, եւ տարիներ շարունակ կիսում են իշխանություն-ընդդիմություն ոլորտները:

Ո՛չ իշխանություններն էին թույլ տալիս, որ այլ ուժերը տանեն առանձին քաղաքական գիծ, ո՛չ էլ՝ ընդդիմությունը: Երբեմն ավելի քան 70, երբեմն էլ ավելի քան 100 քաղաքական կուսակցությունները ստիպված էին լինում ընտրել իշխանության կամ ընդդիմության ուղղությունը, քանզի հատուկ զննման եւ կանխարգելումների տակ էին… Առավե-լապես գործում էին ընտրությունից ընտրություն տարբերակով: Իհարկե ոչ բոլորը:

Անգամ զուտ ազգային քաղաքականությամբ զբաղվելը, առանց տնտեսական նկրտումների, իրավական եւ դրամա-տնտեսական ապտակներով հանդարտեցվում էին: Այլ քաղաքականությունը, հատկապես ազգային, կամա թե ակամա կաներ բացահայտումներ:

Այս մասին խոսել ենք տարիներ շարունակ, որ Հայաստանում քաղաքական դաշտը չի կայացել ավելի քան 25 տարի շարունակ: Որ այդ դաշտում իշխում են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

Հայ Արիական Միաբանությանը հավատացնում էին, թե դա այդպես չէ, ամեն ինչ լավ է եւ մարդիկ պարզապես չեն ցանկանում շեղվել նորմալ կյանքից, արդեն հասկացված քաղաքական ուղղություններից….

Տեսա՛նք:

Այսպես «Իմ քայլը» վերածվեց «Մեր քայլի»… Պատճառը՝ «Իմ քայլը» չէր: Այլ դրա տված հնարավորությունը՝ ընդվզելու, կուտակված դժգոհությունը արտահայտելու համար: Այսպես՝

  1. Նիկոլ Փաշինյանը ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում՝ ժողովրդի ցասման ալիքի վրա:
  2. Նիկոլ Փաշինյանը զայրացած ժողովրդի վրա կիրառեց միջազգային փորձված հեղափոխական մեթոդները եւ ցասման ալիքի վրա անցավ տոտալ, բայց խաղաղ ճնշման, հասկանալով, որ իշխանությունը ուժի դիմելու դեպքում պիտի հաշվի առնի ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր զոհեր:

Իշխանությունն ի դեմս Սերժ Սարգսյանի չցանկացավ նման արյան գնով պաշտպանել իշխանական աթոռը… Իսկ Սերժ Սարգսյանի համար նաեւ անձնական ողբերգություն էր, երբ իմացավ՝ ինչ ատելություն կա կուտակված: Իհարկե սա մոտ 25 տարվա կուտակում է եւ միայն իրենը չէ, սակայն…

Այսպես շատ անսպասելի Հայաստանում քաղաքական մեծամասնությունը իշխանությունը հանձնեց քաղաքական փոքրամասնությանը: Սա աննախադեպ է Հայաստանում: Բայց երբ դիտարկում ենք ներկա վիճակը, ապա ամեն ինչ չէ, որ հուսադրող է.

  1. Նիկոլ Փաշինյանը չունի այնպիսի թիմ, որ ամբողջությամբ վերցնի իշխանությունը: Անգամ կիսով չափ չի կարող վերցնել: Սա նոր իշխանությանը հարվածի տակ է դնում: Եթե անգամ ՀՀԿ-ն չփորձի օգտվել այս կադրային սնանկության բացասական հետեւանքներից, դա կփորձեն անել խորհրդարանական ՀՅԴ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը, որ այսօր դաշնակից են…
  2. Նիկոլ Փաշինյանի կողքինները, եւ՛ կուսակից եւ՛ դաշնակից, արդեն սկսել են պարտադրել նրան եւ պահանջներ ներկայացնել: Նրանցից ոմանք սկսել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը նախաձեռնել:

Սա կարող է անսպասելի հարվածել Նիկոլ Փաշինյանին թիկունքից, քանզի նա դեռ կառավարության խնդիրները չի կարողանում կարգավորել, բացի այդ՝ ստացվում է՝ բռնի մտնում է ՏԻՄ համակարգ, ինչն անթույլատրելի է… Իսկ կողքինները հետո էլ գուցե նախագահ Արմեն Սարգսյանի աթոռը հարմար համարեն իրենց…

Եթե այս ամենը չկանխի Նիկոլ Փաշինյանը, ապա նրա պատկերացրած ժողովրդավարությունը արագ կվերածվի ամբոխավարության եւ նրա կողքինները հենց իրենք կոչնչացնեն դեռ սաղմնավորող նոր կառավարության ապագան:

Պետք է ընդգծեմ, որ կարեւոր բաներ արձանագրեց այս շարժումը, մասնավորապես՝

  1. Որ Հայաստանի ժողովուրդը կարող է ընդդիմանալ ոչ միայն սեփական իշխանությանը, այլեւ միջազգայի հանրությանը, եթե հակահայկական խնդիրներ առաջադրվեն մեզ:
  2. Մեր պետականությունը անխախտ աշխատեց այս ամբողջ ընթացքում եւ աշխարհին պարզ դարձավ, որ Հայաստանն իր կառույցներով կայացած պետություն է, որին կարելի է վստահել:

Զրույցը՝ Նարե Մշեցյանի

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։