Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա…

(«Լուսանցք»-ը քաղաքական այս հիանալի գործչի մասին գրել էր այս տարվա թիվ 13 (491) թողարկումում: Սա լրացում է).-

http://www.hayary.org/wph/?p=6889Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

Մայիսի 7-ին 16 հոգուց բաղկացած մեր խումբը՝ Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսով ուխտագնացության մեկնեց Ջավախք, ավելի ստույգ՝ Ախալքալաք: Կազմի մեջ էին անվանի հայորդու երեք թոռները՝ Վարդանը, Վահագնը, Տիգրանը եւ զարմիկ, զարմուհիները: Մենք հմայվում էինք բնության տեսարաններով եւ զրուցում Վարդան Շահպարոնյանի փոթորկուն կյանքի ու բուռն գործունեության մասին:

Հենց սահմանին, Բավրայի սահմանային կետում բավականին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները խիստ անհանգստացած եւ թունոտ հայացքներով մեզ հարցաքննեցին՝ մեր այցի նպատակի, մտադրությունների եւ անելիքների մասին: Նրանց թվում էր, թե մենք ինչ-որ վտանգավոր գործունեություն էինք ցանկանում իրականացնել Ջավախքում: Մենք ներկայացանք որպես զբոսաշրջիկներ, որոնք պարզապես գնում են հանգստանալու եւ կերուխումերի: Կարծես թե կասկածները ցրվեցին եւ փարատվեցին:

Խմբի մեջ կային Վարդան Շահպարոնյանի ժառանգները Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ եկել էին երկու հրեա՝ իրենց բավականին տարօրինակ պատկերացումներով: Բանն այն է, որ զարմուհիներից մեկն ամուսնացել է հրեա գործարարի հետ: Հյուրերից մեկը՝ մոսկվաբնակ մի կին, ընդգծված հակահայկական դատողություններ էր անում եւ փառաբանում Իսրայելը: Մենք անհրաժեշտ ճշտումներ կատարեցինք եւ ներկայացրինք քաղաքակրթական մեր արժեքները:   

Տեղին ենք համարում նշել, որ «Ախալքալաք» անվանումն ունի ոչ թե վրացերեն «Նոր քաղաք» իմաստը, այլ արաբերեն (ահլ) նշանակում է «Աստծո արարածների քաղաք», այսինքն՝ խոսքը հայերի արարչագործության մասին է (Մովսես Նաճարեան, Բառերի կենսապատում.- Հայրենիք, թիվ 2, հունիս, 2010):

Ախալքալաք հասնելուն պես խումբն ուղեւորվեց Վարդան Շահպարոնյանի 1912թ. կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը տեսնելու, որը գտնվում է Թափարվան գետի վրա: 1910-1912 թթ. նա անհրաժեշտ սարքավորումները ներկրել է Չեխիայից:

Շինությունը եղել է եռահարկ:

Առաջին հարկում տեղավորված էին գործարանները՝ կաշեգործարանը, սղոցարանը, ալրաղացը, ձիթհագործարանը եւ հիդրոէլեկտրակայանը:

Երկրորդ հարկում տեղավորված էր դահլիճը, ուր տեղի էին ունենում մշակութային միջոցառումներ:

Իսկ երրորդ հարկում կառուցված էին սեփական բնակարանները: Ի դեպ, այն առաջինն էր տարածաշրջանում: Այս կառույցն այժմ էլեկտրակայան է, որն աշխատացնում է մերձակա Խուլգումո գյուղի մի գործարար եւ ստանում 320 կվտ հոսանք:

Շենքն ամբողջությամբ չի պահպանվել:

Տպավորություններն անկրկնելի էին եւ ազդեցիկ:

Ապա մեկնեցինք Խերթվիս, Թմկաբերդ եւ Վարձիա այրափոր քաղաքը: Թարվանա գետի կիրճն անզուգական կերպով գեղեցիկ էր: Այստեղ կառուցված են հիդրոէլեկտրակայան եւ ձկնաբուծարաններ: Տեսարանները գրավիչ էին ու տպավորիչ: Սա Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածքն էր: Այն սկզբնապես պատկանում էր Վարձավունի հայկական նախարարական տոհմին, այնուհետեւ՝ Զաքարյան ընտանիքին: Շատ ներգործուն ազդեցություն էր թողնում Քռի կիրճը: Թափարվանը եւ Քուռը, հարազատ քույրերի նման, Խերթվիսի մոտ միախառնվում են: Ձորում զարգացած է եղել սանդղավանդային այգեգործությունը, որի հետքերը մինչեւ այժմ էլ մնացել են: Բնությունը եւ կոթողները պարզապես դրախտային մի անկյուն են հիշեցնում: Մարդն այստեղ հայտնվում է նիրվանայի մեջ եւ զգում իր ներդաշնակությունը միջավայրի հետ:

Մայիսի 8-ին ժամը 12-ին տեղի ունեցավ ցուցատախտակի հանդիսավոր բացումը մարզադպրոցի շենքի վրա: Մի պահ դիմենք պատմության էջերին: 1910թ. Ախալքալաքում գումարվում է Սբ Խաչ եկեղեցու Մեսրոպյան եւ Սանդխտյան եկեղեցական-ծխական դպրոցների շինարարական հանձնաժողովի նիստը, որը Վ. Շահպարոնյանին ընտրում է նախագահ: Այն կառուցվելու էր Միքայելյան (այժմ՝ Թումանյան) փողոցում, եկեղեցապատկան հողի վրա: Շինարարությունն ավարտվում է 1914թ.:

Այս ամենը ներկայացրեց պատմաբան Ռ. Նահատակյանը՝ խոսելով Վ. Շահպարոնյանի կյանքի եւ գործունեության մասին: Ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ն. Իրիցյանը, քաղաքապետի տեղակալը, սակրեբուլոյի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ: Ելույթ ունեցան նաեւ ժառանգները՝ Վարդանը, Տիգրանը, Իրինան եւ այլք: Ամբողջ միջոցառումը նկարահանվում էր տեղական հեռուստատեսության համար:

Ապա, ի պատիվ Վ. Շահպարոնյանի, ռեստորանում տրվեց հանդիսավոր ճաշկերույթ:

Մենք այցելեցինք նաեւ մեծանուն բարերարի տուն, որը գտնվում է Ս. Միկոյան փողոցում (N1), ձորաբերանին: Նոր տանտերը ձեւափոխել էր այն եւ հպարտությամբ էր նշում Շահպարոնյանի անունը: Նրանք եկել էին Սուխումից, երբ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ ենթարկվել էին վրացական հալածանքների: Երիտասարդը նվագով եւ ջերմությամբ դիմավորեց հյուրերին:

Մենք, չնայած հորդառատ անձրեւին, շարժվեցինք դեպի չքնաղագեղ Փարվանա լիճ եւ մեկ անգամ եւս ըմբոշխնեցինք հեքիաթային այս վայրերի ողջ հմայքն ու թովչանքը:

Մեր կարոտը  կարծես թե առել էինք, քանի որ յուրաքանչյուր պահի ունենում էինք գեղեցիկի, վեհի ու վսեմի անկրկնելի պահեր: Շատ դժվար էր բաժանվել հայրենի հողից ու ջրից: Մենք պարզապես գտնվում էինք գեղեցկության գերության մեջ եւ ոչ մի կերպ չէինք կարողանում կտրվել այդ հրաշալիքներից: Եվ այսպես անջնջելի տպավորություններով բեռնավորված վերադարձանք Երեւան՝ կրկին գալու մտադրությումբ: Ահա այսպես ուխտավորներս հարգեցինք մեծ հայորդու եւ քաղաքացու հիշատակը, որն անանց է: Կարծում ենք, որ դա կլինի փողոցներից մեկը նրա անվամբ կոչելու առիթով:

Այո, առօրյա թոհուբոհի մեջ մենք երբեմն մոռանում ենք մեր ծննդավայրը եւ անտեսում մշակութային արժեքները, որը հարիր չէ բարեկիրթ մարդուն:

Մինչդեռ մենք բոլորս պետք է հոգատար վերաբերմունք ունենանք մեր փոքր հայրենիքի եւ քաղաքակրթական արժեքների նկատմամբ…

Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա:

Ռուբեն Նահատակյան

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։