Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով – Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով… Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը… «Շիրակ» ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը եւ նվազեցրած միավորների վերականգնումը…  «Շիրակ»-ի բոլոր թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել…  Հենրիխ Մխիթարյանի թիմը նոր մարզիչ ունի… Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի պատանիներին…   Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի չեմպիոն… Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Շարջայի միջազգային մրցաշարի հաղթող… Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով

«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան». չեմպիոնն ընդդեմ գավաթակրի – «Ալաշկերտ»-ն այդ խաղում հանդես եկավ արդեն որպես հանրապետության նոր չեմպիոն, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ առաջնության առաջատար «Շիրակ»-ից 12 միավոր է հանել խոսացած խաղ կազմակերպելու փորձ կատարելու համար: Արդյունքում, առաջին տեղ բարձրացած ալաշկերտցիներն անհասանելի են դարձել 2-րդ տեղում գտնվող կապանցիներից:

Եզրագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

Վերջին, 30-րդ փուլում, Երեւանի «Ալաշկերտ»-ն ու «Բանանց»-ը սեփական դաշտում միեւնույն 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Կապանի «Գանձասար-Կապանին» ու Երեւանի «Արարատ»-ին: Իսկ ահա Գյումրիում նախատեսված «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չկայացավ, քանի որ դաշտի տերերը չներկայացան խաղին: Դա,իրապես, մեծ սկանդալ է մեր ֆուտբոլի համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Շիրակ»-ից հանած 12 միավորների արդյունքում, առաջնությունում հաղթեց «Ալաշկերտ»-ը, որը 3-րդ տարին անընդմեջ հռչակվեց հանրապետության չեմպիոն: 2-րդ տեղը զբաղեցրեց «Բանանց»-ը, որը 1 միավորով առաջ անցավ «Գանձասար-Կապան»-ից: Հաջորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Շիրակ»-ը, «Փյունիկ»-ը եւ «Արարատ»-ը:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կազմակերպեց առաջնության բոլոր մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Բանն այն է, որ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» խաղից հետո այդ թիմերին որոշ ժամանակ անց միացավ նաեւ «Բանանց»-ը: Արդյունքում, «Նաիրի» մարզադաշտում հավաքվեցին բոլոր մրցանակակիր թիմերը: Նախ, «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը բրոնզե մեդալները հանձնեց կապանցիներին: Ապա ՀՖՖ գործկոմի անդամ Աշոտ Մանուկյանը արծաթե մեդալներով պարգեւատրեց «Բանանց»-ին: «Ալաշկերտ»-ին ոսկե պարգեւները եւ փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը

Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին վաստակել է 347 վարկանիշային միավոր:

Ընկերական խաղերում Հայաստանի առաջիկա մրցակիցները՝ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականները, այդ աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 185-րդ եւ 173-րդ տեղերը:

Ազգերի լիգայի խաղարկության մեր մրցակիցներից առավել բարձր դիրք զբաղեցնում է Մակեդենիայի ազգային թիմը՝ 77-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի ընտրանիները գտնվում են համապատասխանաբար 181-րդ եւ 196-րդ հորիզոնականներում:

ՖԻՖԱ-ի նոր աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: 2-րդ տեղում է Բրազիլիան, 3-րդ՝ Բելգիան:  

«Շիրակ» ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ:

«Շիրակ»-ը ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը եւ նվազեցրել են «Շիրակ»-ի միավորները մրցաշարային աղյուսակում եւ չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով եւ օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաեւ ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձեւավորվելուց հետո «Շիրակ»-ը կվերադառնա առաջնություն»։

«Շիրակ»-ը ՀՖՖ-ից պահանջում է մինչեւ 22:00-ն վերականգնել նվազեցրած միավորները

Մայիս 19,2018 «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում պահանջագիր է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: «ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ․ որոշման կիրառման պարզաբանման վերաբերյալ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը (այսուհետ՝ Ակումբ) հայտնում է հետեւյալ դիրքորոշումը․ Ցավում ենք, որ ՀՖՖ պարզաբանումը ընդհանրապես չի բխում ՀՖՖ կանոնադրությունից, ՀՀ օրենսդրությունից։ ՀՖՖ պաշտոնատար անձինք ակնհայտ սուբյեկտիվ անձնականացված մոլուցքով իրենց բոլոր գործողությունները իրականացնում են բացառապես Ակումբին հնարավոր չեմպիոնությունից զրկելու նպատակով և այդ ամենը թաքցնում են կանոնակարգերի, ընթացակարգերի և ՀՖՖ կանոնադրության կողմնակալ եւ սուբյեկտիվ մեկնաբանությունների ներքո։ Ակումբը որևէ դեպքում չէր կարող տուգանվել 12 միավորի նվազեցմամբ։ Ակումբը գործի բոլոր մանրամասները սահմանված կարգով կներկայացնի արբիտրաժային դատարան և այս հայտարարության նպատակը դա չէ։

Այս հայտարարությամբ անդրադառնում ենք 17.05.2018թ․ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովմանը։ Մասնավորապես, օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված է․ «Արգելել արբիտրաժային վարույթի մասնակիցներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը եւ/կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կարգապահական կոմիտեին և/կամ այլ անձանց կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կարգապահական կոմիտեի 05.05.2018թ․ թիվ 17-18-28 արձանագրային որոշման 2-րդ կետը, ներառյալ արգելել կատարել որեւէ գործողություն, որն ուղղված կլինի ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Շիրակ ֆուտբոլային ակումբի միավորների նվազեցմանը։»

Սա նշանակում է, որ ՀՖՖ ցանկացած պաշտոնատար անձ ընթացիկ մրցաշրջանում Ակումբի միավորներից որևէ միավոր իջեցնելու իրավունք չունի քանի դեռ գործում է նշված հայցի ապահովումը։ Ի տարբերություն ՀՖՖ օրենքին եւ կանոնակարգերին հակասող բազմաթիվ գործողությունների, Ակումբը իր գործողությունները կատարում է իրավական ճանապարհով եւ նշված դատական ակտը կայացվել է հենց այդ բարեխիղճ եւ օրենքից բխող գործողությունների արդյունքում։ Ցավոք, ՀՖՖ գործելաոճը բացարձակ միանձնա որոշումների շրջանակներից այն կողմ չի զարգանում և իհարկե, այս պարագայում անիմաստ է ենթադրել, որ ՀՖՖ-ն կրկին անգամ կուսումնասիրի փաստերը, ՀՀ օրենսդրությունը և կվերականգնի Ակումբի միավորները մրցաշարային աղյուսակում՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրության պահանջները կոպիտ խախտելու գործողություններից։

Նշենք, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ 17.05.2018թ․ եւ պարտադիր է ՀՖՖ բոլոր մարմինների, պաշտոնատար անձանց եւ կոմիտեների համար։ Դատական ակտը չկատարելը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և Ակումբը հույս ունի, որ նշված պարզաբանման հրապարակումից հետո համապատասխան մարմինները հստակ իրավական գնահատական կտան ՀՖՖ պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք դիտավորյալ չեն կատարում ՀՀ դատական ակտը։

ՀՖՖ բազմաթիվ հղումները ՈՒԵՖԱ և այլ կանոնակարգերին ձևական են։ ՈՒԵՖԱ որևէ կանոնակարգ չի նախատեսում դեպք, որ ՀՖՖ նախագահի ներկայությամբ լրագրողների հետ կիսաբանավեճային քննարկումները կարող են համարվել Ակումբին վերաբերվող Բողոքարկման կոմիտեի որոշման հրապարակում։

UEFA-ի կարգապահական կանոնակարգի հոդված 70-ի համաձայն կարգապահական միջոցները ուժի մեջ են մտնում դրանց ծանուցման պահից։ Նույն կանոնակարգի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բոլոր ծանուցումները, ներառյալ կարգապահական մարմինների կայացրած որոշումները, պետք է հասցեագրվեն համապատասխան միությանը կամ ակումբին, որն էլ, հետո, եթե կիրառելի է, պետք է անձամբ տեղեկացնի համապատասխան անձին։ Կարգապահական մարմինների բոլոր հաղորդագրությունները ուղարկվում են ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի տեսքով։

Երբ խոսք է գնում Ակումբի բողոքարկման համաձայն կայացված Բողոքարկման Կոմիտեի որոշման հրապարակման մասին, ապա նշված հրապարակումը վերաբերվում է Ակումբին եւ այն բացառապես կարող է ուժի մեջ մտնել, երբ այդ որոշումը տրամադրվում է Ակումբին։ Վատագույն դեպքում, եթե գիտաֆանտաստիկ իրավաբանական վերլուծությունների ներկայացուցիչները պնդեն, որ հրապարակումը այլ բան է, ապա միեւնույնն է այդ դեպքում էլ հրապարակման պահ կարող է համարվել բացառապես եւ նվազագույնը այն պահը, երբ Բողոքարկման կոմիտեի որոշումը հրապարակվում է ՀՖՖ պաշտոնական կայքում։

ՀՖՖ մնացած գործողությունները չեն կարող համարվել Բողոքարկման կոմիտեի որոշման հրապարակում։ Այսպիսով, անդրադառնանք դեպքերի հաջորդականությանը, որն ընդհանրապես չի համապատասխանում ՀՖՖ տարածած հայտարարությանը։

ՀՖՖ-ն տարածում է սխալ տեղեկություն, որ 16.10 ուղիղ եթերով հրապարակել է Բողոքարկման Կոմիտեի որոշումը։ Չկա ուղիղ եթեր, որտեղ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի անդամը ամբողջությամբ կարդում է այդ որոշումը։ Բացի դա, կրկին պնդում ենք, որ ՀՖՖ կայքում այդ որոշումը հրապարակվել է 17.58-ին։ Մինչեւ այդ պահը ցանկացած չակերտավոր հրապարակում չի բխում ՀՖՖ կանոնադրությունից և չի համարվում պաշտոնական հրապարակում։

Պնդում ենք եւ շարունակելու ենք պնդել, որ Բողոքարկման որոշման հրապարակումը տեղի է ունեցել Ակումբի կողմից ՀՖՖ-ին դատական ակտի վերաբերյալ տեղեկացնելուց հետո։ ՀՖՖ պաշտոնական հայտարարություններում տեղ գտած բառախաղը կամ ժամանակագրական խաղը չի ազատում ՀՖՖ աշխատակազմին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից և նրանք պարտավոր են բոլոր դեպքերում կատարել դատական ակտը։

Համաձայն ՀՖՖ կանոնադրության 12-րդ գլխի 2-րդ կետի․ «2.ՀՖՖ աշխատակազմի անդամները պարտավոր են պատշաճ կերպով կատարել սույն կանոնադրությունից, ՀՖՖ այլ կանոնակարգերից, շրջաբերականներից, ինչպես նաև իրավասու մարմինների որոշումներից բխող պահանջները։»

Բողոքարկման կոմիտեի որոշումը ի կատար է ածվում ՀՖՖ աշխատակազմի կողմից։ Այլ կարգ չկա ՀՖՖ կանոնադրությամբ։ Բողոքարկման կոմիտեի որոշումը հրապարակվել է 17.58 եւ աշխատակազմը մինչև այդ պահը չէր կարող այդ որոշումը համարել հրապարակված։ Մինչև այդ պահը աշխատակազմը տեղեկացել է դատական ակտի մասին եւ դիտավորյալ մինչ այս պահը չի կատարում այդ դատական ակտով սահմանված պահանջները։ Եթե աշխատակազմը չի հարգում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը եւ դիտավորյալ չի կատարում, ապա հնարավոր է, կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք։ Ակումբը ցավում է, որ աշխատակազմը տեղի է տվել ՀՖՖ նախագահի անձնական ցուցումներին եւ ցանկություններին, այնուամենայնիվ, այս դեպքում պատասխանատվությունը կկրեն ՀՖՖ աշխատակազմի անդամները։

Որպես նշված պատմության տրամաբանական շարունակություն, ՀՖՖ-ն այսօր տարածել է նոր հաղորդարություն։ 15.38 ՀՖՖ-ն հայտնել է, որ Մայիսի 20-ին, «Նաիրի» մարզադաշտում, «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Եթե համադրում ենք ՀՖՖ 2 նորությունները, որ Ակումբի միավորները ճիշտ են նվազեցվել եւ 20-ին պետք է կայանա մրցանակակիրների պարգևատրությունը, պարզ է դառնում, որ ՀՀ դատարանի օրինական որոշումը խախտելու մտադրությունը հստակ է ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց մոտ և Ակումբը զրկվում է չեմպինի տիտղոսից։

Սկսած 2018թ. մայիսի 4-ից ՀՖՖ ձեռնամուխ է եղել առաջացած խնդրի վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումներին եւ կազմակերպչական աշխատանքներին։ 2018թ․ մայիսի 5-ին ՀՖՖ-ն հապճեպ հասցրել է անցկացնել Փորձագիտական կոմիտեի նիստ (որը մեր պնդմամբ չի եղել) և անմիջապես նույն օրը հապճեպ կայացրել է Ակումբի 12 միավորները նվազեցնելու որոշում (իսկ Կանոնակարգի համաձայն կարող էր նվազեցնել առավելագույնը 6, եթե իհարկե ապացուցեր, որ Ակումբը կապ ունի խնդրի հետ)։ Նշենք, որ ՀՖՖ նախագահը ասուլիսի ժամանակ հաստատում է, որ այդ որոշումը պետք է լիներ, որովհետև դա համընկնում է իր կարծիքի հետ։ Ակումբը մանրամասն հիմնավորումներով բողոք է ներկայացրել ՀՖՖ-ին։ ՀՖՖ-ն (չենք առանձնացնում Բողոքարկման կոմիտեին, որովհետեւ այս պահին համարում ենք, որ գոյություն չունեն Կոմիտեներ, գոյություն ունի միայն ՀՖՖ նախագահի կամքը) կրկին մինչև մայիսի 20-ը 18.05.2018թ. հապճեպ, առանց որոշումը Ակումբին տրամադրելու, առանց այն ՀՖՖ կայքում տեղադրելու, բացառիկ արագաշարժությամբ ժամը 15.00-ին տեղադրում են հայտարարություն, որ ժամը 16.00-ին մամլո ասուլիս են հրավիրում։ Այս բացարձակ արագաշարժությունը վկայում է ՀՖՖ կողմից «Իր չեմպիոնին» հապճեպ ընտրելու անսահմանափակ ցանկությամբ։ Երբ ՀՖՖ-ն տեղեկանում է, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի համաձայն Ակումբի միավորները չեն կարող նվազեցվել, ՀՖՖ-ն արագ հրապարակում է իր կայքում Բողոքարկման կոմիտեի որոշումը և արդեն ոչ աշխատանքային 06.05.2018թ․ հանդես են գալիս իրենց անօրինական գործողությունները հիմնավորող հայտարարություններով եւ մրցաշրջանի չեմպիոնին 20.05.2018թ․ հայտարարելու մտադրությամբ, որ հանկարծ Ակումբը իր իրավունքները պաշտպանելու որեւէ տեխնիկական հնարավորություն չունենա։

Ակումբը առաջարկում է բոլոր շահագրգիռ կողմերի մանրամասն ծանոթանալ խնդրին եւ ՀՖՖ աշխատակազմի աշխատակիցներին առաջարկում ենք ենթարկվել ՀՀ դատական ակտի պահանջներին՝ մինչեւ 2018թ. մայիսի 19, ժամը 22.00 վերականգնել Ակումբի նվազեցրած միավորները։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբ

Հ.Գ. – ՀՖՖ պարզաբանումները եւ նախկին ծավալումները այս թեմայի շուրջ հրապարակվել են մեր թերթի նախորդ թողարկումներում… Փնտրել www.hayary.org  կայքում…

«Շիրակ»-ի բոլոր թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում այսօր կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Մայիսի 20-ին Հայաստանի բարձրագույն խմբում չկայացած «Շիրակ»-«Փյունիկ» խաղի համար ԿԿ-ն տանտերերին գրանցեց տեխնիկական պարտություն, իսկ «Շիրակ» ակումբին տուգանեց 250 հազար դրամով: Գյումրին ներկայացնող ակումբը նմանատիպ պատժի է արժանացել նաեւ 1-ին խմբում «Շիրակ-2»-ի թիմի «Արցախի» հետ արտագնա խաղին չներկայանալու համար: Հայաստանի պատանեկան առաջնությանը անհարգելի պատճառներով չի ներկայացել նաեւ «Շիրակ-2-02» թիմը: Դրա համար «Շիրակ» ակումբն արդեն տուգանվել է 50 հազար դրամով, իսկ պատանեկան թիմին պարտություն է գրանցվել:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն 80 հազար դրամով տուգանել է նաեւ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցին՝ «Էջմիածին-03»-«ՎՖԴ-03» թիմերի խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար: Էջմիածնի մարզադաշտը միաժամանակ որակազրկվել է 3 խաղով, իսկ տանտերերի թիմի մարզիչ Արմեն Գեւորգյանը՝ մինչեւ 2019թ. հունվարի 1-ը:

Ունայ Էմերին ծանոթացել է «Արսենալ»-ի մարզաբազայի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այցելել է ակումբի մարզաբազա՝ Կոլնի:

Իսպանացի մասնագետը ծանոթացել է բազայի պայմանների հետ, որտեղ արդեն 5 ամիս մարզվում եւ պատրաստվում է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ունայ Էմերին լիովին գոհ է մնացել տեսածից:

Յան Ռայթը ծաղրել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը խստորեն քննադատել է անգլիական ակումբի ղեկավարությանը իսպանացի մասնագետ Ունայի Էմերիին գլխավոր մարզիչ նշանակելու համար: Նա պարզապես չի պատկերացնում 46-ամյա իսպանացի մասնագետին այդ պաշտոնում:

«Այն, ինչ կատարվում է ակումբում, պարզապես անկազմակերպվածություն է: Նրանք միայն վերջերս են իմացել, որ Ալեգրին թանկարժեք մարզիչ է: Այժմ խոսում են Ունայի Էմերիի մասին, որին ազատել են «ՊՍԺ»-ից: Չեմ հասկանում, թե նա ինչպես հայտնվեց թեկնածուների թվում:

Փարիզում իսպանացին անսահմանափակ գումարներ ուներ ֆուտբոլիստներ գնելու համար, իսկ հիմա պետք է գլխավորի «Արսենալ»-ը, որը ունի ընդամենը 50 մլն ֆունտ սթեռլինգ ազատ գումար եւ «փոխանցման տուփի 2-րդ արագությամբ» խաղացող մեծ թվով ֆուտբոլիստներ: Նա պետք է շատ արագ դրսեւորի իր մարզչական հոտառությունը եւ ձեռք բերի էժան, բայց տաղանդաշատ խաղացողներ: Դա լուրջ խնդիր է»,- ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը:

Հավելենք, որ լոնդոնյան ակումբը դեռեւս չի կողմնորոշվել գլխավոր մարզչի ընտրության հարցում, իսկ տեղի լրատվամիջոցներն անընդհատ շահարկում են այդ թեման եւ ամեն օր մի նոր թեկնածու են փնտրում:

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի իրենց հասակակիցներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն այսօր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Վրաստանի այդ տարիքային ընտրանու հետ:

Խաղն ավարտվեց մեր պատանի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:1: Հայաստանի հավաքականի կազմում մեկական գոլ խփեցին Նարեկ Ալավերդյանը, Գեւորգ Տարախչյանը եւ Վրեժ Չիլոյանը:

Թիմերի միջեւ կայանալիք 2-րդ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 11:00-ին: Հավելենք, որ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է արգենտինացի մասնագետ Գաբրիել Դարիո դի Նոյան:

«Ռեալ»-ը վստահ հաղթեց «Լիվերպուլ»-ին եւ նվաճեց չեմպիոնների գավաթը

Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում կայացած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում իսպամական «Ռեալ»-ը 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին» եւ 3-րդ տարին անընդմեջ տիրեց գավաթին:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ թիմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել: Հարկ է նշել, որ1-ին խաղակեսում շարքից դուրս եկավ «Լիվերպուլ-ի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը, որի բացակայությունը զգացնել տվեց հետագայում: 2-րդ խաղակեսի 52-րդ րոպեին «Լիվերպուլ-ի» դարպասապահ Կարիուսը կոպիտ սխալ թույ տվեց եւ Քարիմ Բենզեման բացեց հաշիվը: 4 րոպե անց «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն վերականգնեց հաշիվը, սակայն 64-րդ եւ 83-րդ րոպեներին Գարեթ Բեյլը 2 գեղեցիկ գոլ խփեց եւ վստահ հաղթանակ պարգեւեց «Ռեալ»-ին:

Այդպիսով, մադրիդյան ակումբը 13-րդ անգամ տիրեց եվրոպական չեմպիոնների գավաթին, որը ռեկորդային ցուցանիշ է:

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի չեմպիոն

Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը Գերմանիայի «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել են այդ երկր չեմպիոն: Բունդասլիգայի կանոնավոր առաջնության ավարտից հետո միանգամից երկու թիմեր՝ «Բադեն-Բադեն»-ն ու «Սոլինգեն»-ը, վաստակեցին 27-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Չեմպիոնին որոշելու համար անցկացվեց լրացուցիչ հանդիպում: Այն ավարտվեց «Բադեն-Բադեն»-ի հաղթանակով՝ 4,5:3,5:

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը միասին մասնակցել են 11 հանդիպման եւ վաստակել 7 միավոր: Սակայն նրանք տարբեր պատճառներով բաց են թողել լրացուցիչ խաղը:

Հարկ է նշել, որ մեր շախմատիստներից բացի Գերմանիայի չեմպիոն են դարձել նաեւ այնպիսի հայտնի գրոսմայստերներ, ինչպիսիք են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, անգլիացի Մայքլ Ադամսը:

Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Շարջայի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթող ճանաչվեց Շարջայում (ԱՄԷ) կայացած կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստը մեկնարկում տարավ 7 անընդմեջ հաղթանակ, ապա 2 խաղ ավարտեց ոչ-ոքի եւ ոչ մի շանս չթողեց մրցակիցներին: Նա վաստակեց 8 միավոր եւ վստահ գրավեց 1-ին տեղը: Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Մոսկալենկոն, ով պարտվեց միայն մեր շախմատիստին, վաստակեց 7,5 միավոր եւ հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Մրցանակային եռյակը եզրափակեց Արաբական Միացյալ Էմիրությունների ուժեղագույն շախմատիստ Սալեհ Սալեմը, ով իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր:

Ներկայումս նույն մրցավայրում անցկացվում է արագ շախմատի միջազգային մրցաշար: Գաբրիել Սարգսյանը հայտ չի ներկայացրել եւ չի մասնակցում դրան:

Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ

Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

17-ամյա գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոյի ու իր հայրենակից Շանթ Սարգսյանի հետ բաժանեց 1-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց Արամ Հակոբյանը: Կիրիլ Շեւչենկոն արժանացավ երկրորդ մրցանակին, իսկ Շանթ Սարգսյանը՝ երրորդ:

Մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Ղարիբյանը, 4,5 միավորով 12 շախմատիստների մեջ գրավեց 9-րդ տեղը:

Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին եւ զրկեց մրցանակային տեղից

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները:

Մրցումների առաջին օրը մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին կայծակնային շախմատում: Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը բավական վատ մեկնարկեց եւ առաջին 2 խաղյում պարտվեց Հիկարու Նակամուրային ու Սերգեյ Կարյակինին: 3-րդ փուլում նա չնայած հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, սակայն հետագայում եւս 3 պարտություն կրեց եւ վաստակած 3 միավորով զբաղեցրեց նախավերջին 9-րդ տեղը: Միակ հուսադրող փաստն այն է, որ նա միակ պարտությունը հասցրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին եւ վերջինիս զրկեց մրցանակային տեղից: Կայծակնային շախմատի մրցաշարում հաղթեց ամերիկացի Վեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կեսական միավորով հետ մնացին Հիկարու Նակամուրան ու Վիշվանաթան Անանդը:

Կմեկնարկի հիմնական մրցաշարը: Առաջին տուրի զույգերը հայտնի կդառնան առավոտյան:

Վարուժան Հակոբյանը թայբրեյքում պարտվել է ադրբեջանցի շախմատիստին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած 2018 Summer Chess Classic շախմատային փառատոնում բավական հաջող հանդես եկան հայազգի շախմատիստները:

Ա մրցաշարում մեր հայրենակից, գրոսմասյտեր Վարուժան Հակոբյանը, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, 1-2-րդ տեղերը բաժանեց Վասիֆ Դուրարբայլիի հետ: Մրցաշարի հաղթողը որոշվեց թայ-բրեյքում, որն ավարտվեց ադրբեջանցի շխամատիստի հաղթանակով՝ 2:0: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը, ով ընդամենը կես միավորով հետ մնաց 2 առաջատարներից:

Բ մրցաշարում հանդես եկած մեր հայրենակից Ռոբերտ Աղասարյանը 5 միավորով 3-4-րդ տեղերն է կիսել Թուրքիայի ներկայացուցիչ Սեմիլ Սան Ալի Մարանդիի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով մեր գրոսմայստերը ի վերջո զբաղեցրեց 3-րդ տեղը: Նույն մրցաշարում հանդես եկած կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 2,5 միավորով եզրափակել է  մրցաշարային աղյուսակը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org -ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։