Իլհամ Ալիեւը կբանակցի միայն Արմեն Սարգսյանի՞ հետ… Նաեւ մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը – նախագահ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել ու շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու…

Համաշխարհային մամուլը եւս գրեց այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել Իլհամ Ալիեւի հետ: Ինչն իրականում անիմաստ քայլ է դիտարկվում այդ պահին, անգամ զավեշտալի, քանի որ բանակցության մասին որեւէ խոսք չի եղել դրանից առաջ, իսկ Հայաստանի վարչապետը հրաժարվել է բանակցություններին ներկայացնել նաեւ Արցախը: Սակայն Մոսկվան երեւի թե կարեւորել է այդ ծանոթության գործընթացը՝ գուցե այսպես ցանկանալով Վաշինգտոնին ու Բրյուսելին ցույց տալ, որ ինքն է այսօր առաջնային դիրքերում՝ Հայաստանի նոր ղեկավարին բանակցության սեղանի շուրջ բերելու հարցում:

Նաեւ մտայնություն կա, որ Ադրբեջանի նախագահն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում բանակցությունները շարունակել այնպես, ինչպես ցանկանում է Հայաստանի վարչապետը: Նրանք դեմ են, որպեսզի բանակցությունների սեղանին նստի նաեւ Արցախի նախագահը կամ ներկայացուցիչը: Սա խնդիրը այլ հարթություն է տեղափոխում, ինչին հաստատ դեմ է լինելու Ադրբեջանը: Կամ էլ՝ Բաքվի ներկայացմամբ, այս դեպքում բանակցությունների սեղանին կարող են մասնակցել միանգամից Արցախի երկու համայնքների ներկայացուցիչները՝ հայկական եւ ադրբեջանական (այս դեպքում վտարանդի)…

Եվ որպեսզի խուսափեն այս եւ այլ բանակցային փոփոխություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (Միացյալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը առավել նպատակահարմար են տեսնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը բանակցություններին:

Այստեղ եւս մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը: Իսկ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, եւ ըստ այդմ, շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու:

Ինչեւէ, Հայաստանի վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ նրան տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին։ Հայկական կողմն էլ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները Երեւանում քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին:  

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւս ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը: Մեր նախարարը կարեւորել է այցը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո։ Նա վերահաստատել է Հայաստանի մոտեցումները եւ դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ մեր երկիրը հավատարիմ է համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձել բանակցային գործընթացի առաջմղման մոտեցումներին ու հնարավորություններին՝ այս համապատկերում կարեւորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը։

Անդրադառնալով շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ-ի զինծառայողի սպանությանը եւ պարբերաբար իրականացվող խախտումներին՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը կրկին լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

Քննարկվել են նաեւ եռանախագահների ձեւաչափում իրականացվելիք հետագա քայլերը։

Վարչապետամետ թերթերը հասկանալով, որ հեղափոխական ալիքը հետզհետե հետ է քաշվում, ինչը տրամաբանական է, գրում են, իբր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ»: Իբր թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշն այնքան է աճել, ԱԳՆ-ն եռանդ չխնայելով պիտի այնպիսի քայլեր աներ, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր, բայց…

ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայանցնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները, Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից՝ որպես անվտանգության խնդիր… Իսկ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով: Բայց… «որեւէ քայլ չի արվում»: Եվ պատճառն էլ են գտել վարչապետամետները. ԱԳ նախարարի նշանակման հարցում իր դերն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. Եվ Զոհրաբ Մնացականյանը դեռ 1993թ. մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ…

Փաստորեն՝ նոր կառավարության կազմումը չի դադարեցրել թշնամիների որոնման գործընթացը, եւ ըստ ամենայնի, այս սիրո եւ համերաշխության կոչված հեղափոխությունը չի էլ դադարեցնելու իր թշնամիների որոնման՝ մերոնք-ների ու ձերոնք-ների դասդասման վտանգավոր քաղաքականությունը:

Իսկ վարչապետը խիստ վատ է վերաբերում նախագահի արտաքին շփումների ծավալուն գործունեությանը՝ կարծելով, որ Արմեն Սարգսյանը չարաշահում է իր լիազորությունների շրջանակները՝ նաեւ վարչապետական գործառույթներ ստանձնելով երբեմն… Հատկապես միջազգային ընդունելության տեսանկյունից Հայաստանի նախագահն ավելի ընդունելի պաշտոնյա է, քան՝ Հայաստանի վարչապետը:

Իսկ ԱԳ նախարարն այլ բան չի ասում, նա շեշտել է, որ վերահաստատում է՝ «Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու եւ օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ժողովրդի իրավունքերի պաշտպանումը եւ խրախուսումն ամրապնդելու ուղղությամբ, երկրում բոլորի համար տնտեսական, սոցիալական եւ այլ ուղղություններով արդարությունը եւ հավասար հնարավորություններն ապահովելու համար: Մեկ ամիսից ավելի պաշտոնավարելու ընթացքում կառավարությունը հաստատակամություն է ցուցաբերել իր գործողություններում»: Նաեւ վերահաստատել է, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացառապես ներքին բնույթ ունեին, դրանք վերաբերում են Հայաստանին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումներին։ «Մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձեւակերպված է կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը եւ ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության եւ մեր ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա»,- ասել է նա:

Զոհրաբ Մնացականյանը ԼՂ-ի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններից է նշել: Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը նշել է հետեւյալը, որ Մինսկ է ժամանել Բրյուսելից, որ ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ «մեր հարաբերությունների նոր իրավական հենքը՝ հիմնված է տարիների վանադույթնոերի ու հաջողությունների վրա: ԱԳ նախարարը նշել է, որ կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար եւ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ներքո։ Որ պետք է հատկապես կարեւորվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ եւ ատելության հռետորաբանության կարգավորումը, որ մարդկանց միջեւ իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվի։

Բայց վարչապետամետ թերթերը շարունակում են դժգոհել, թե ԱԳ նախարարը ամեն միջազգային հանդիպման ժամանակ չի շեշտում, թե պիտի հարգվի Հայաստանի սուվերենությունը: Սակայն, սա ամենօրյա խոսք դարձնելը լուրջ դիվանագետի համար անընկալելի է, եւ ինչպես «Լուսանցք»-ն էր գրել իր նախորդ թողարկումում «Ինքնիշխանության ցուցանումը՝ անվստահության դրսեւորում» եւ «Ու՞ր է գնում Հայաստանը» հոդվածներում, ամեն միջազգային հանդիպման մեր սուվերենության ի ցույց դնելը ոչ միայն անվստահության ցուցանում է, այլեւ դիվանագիտությունը զավեշտի վերածվելու հեռանկար…

Եվ կարծում ենք՝ Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խոսքը չի սկսել «Նոր Հայաստանի» սուվերենաերգացանկով…

Իսկ ռուս նախարարը մեկնաբանել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հնարավորությունը:

«Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ասուլիսում ներկայացնելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակայանի հետ հանդիպման արդյունքները: Եվ անդրադառնալով Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու հնարավորության մասին հարցին՝ նա նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս խնդիրը ԵԱՀԿ ՄԽ-ի, որի անդամներ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, միջոցով լուծելու օգտին: «Համոզված ենք, որ դա ամենահարմար ձեւաչափն է: Մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ վարում ենք շահագրգիռ ու չհակասող ուղղություն՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երեւանին հասնել պայմանավորվածության»,- ասել է ռուս նախարարը:

Նրա խոսքով, այդ աշխատանքը շարունակվում է մի քանի տարի, եղել են տարբեր փուլեր: Որոշ փուլերում, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին, հետո կողմերի պայմանավորվածության արդյունքում ձեւաչափը փոխվել է եւ այնպիսին է, ինչպիսին  կա: Եթե կողմերը որեւէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված կլինի բանակցություններում, ապա դա կլինի նրանց որոշումը, ներկայացրել է իր տեսակետը Ռուսաստանի ԱԳ նախարարը: «Մենք կհարգենք այդ որոշումը»,- նշել է ռուս նախարար Սերգեյ Լավրովը:

Բայց ինչպես վերը նշվեց, Բաքվի ներկայացմամբ, այս դեպքում բանակցությունների սեղանին կարող են մասնակցել միանգամից Արցախի երկու համայնքների ներկայացուցիչները՝ հայկական եւ ադրբեջանական, այսինքն՝ ոմն Ահմեդ Ահմեդովի հետ, ով 1-2 հազար ադրբեջանցիների անունից է խոսելու, Արցախի նախագահ Բակո Սահակայնը պետք է հանդես գա հավասար դիրքերից եւ ոչ որպես Հայկական բնաշխարհի՝ բնական Հայաստանի (կամ ինչպես շատերն են սխալմամբ նշում՝ պատմական Հայաստանի, ինչը կարծես խոսում է այլեւս անցյալում մնացած մի երկրի) Հայաստանի Արցախ  նահանգի, Ադրբեջանի ԽՍՀ ԼՂԻՄ–ի, ապաեւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարի դիրքերից…

Այս հայ-ռուսական նոր արցախապատմանը հետեւում են Արեւմուտքից: Սակայն նրանց զարմացրել, գուցե նաեւ զայրացրել է Նիկոլ Փաշինյանի դեպի Բրյուսել ուշացող այցը:

Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր, որ շատ ավելի վաղուց Հայաստանի վարչապետը պիտի այցելեր, բայց ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին, երբ նախատեսված էր Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման քվեարկությանը, որից բացի, Բրյուսելը որոշել էր աջակցություն հայտնել Հայաստանի նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինանսավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել նոր իշխանությունների պայքարը հանուն բարեփոխումների: Սակայն դա անցավ առանց մեր նորընտիր վարչապետի…

Հուլիսի 4-ին եղավ գործընկերության մասին համաձայնագրի ամփոփիչ քվեարկությունը, եւ այսուհետ հայկական կողմը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն: Եվրոպական կողմն ակնկալում էր, որ այցը տեղի կունենա քվեարկության օրերին:

Շատ մեկնաբաններ կարծում են, որ Հայաստանի վարչապետի դանդաղկոտությունը արցախյան հարցն ամբողջությամբ չընկալելու եւ հստակ ձեւակերպված ասելիք չունենալու իրողությունն է, ինչը արագ չկարգավորվելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անգամ կարող է երերալ Սերժ Սարգսյանի ստեղծած «եւ-եւ-ի» տեսությունը, ինչը կհանգեցնի «կամ-կամ-ի» տարբերակին, որը կիկին հարվածների տակ կդնի Հայաստանին ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի կողմից…

Չի բացառվում նաեւ, որ «Նոր Հայաստանի» բանակցությունուներում Արցախի  հանդես գալու (Արցախի հարցը՝ Արցախին թողնելու) մտադրությունը կարող է ԵԱՀԿ ՄԽ նոր ձեւաչափի պահանջարկ ստեղծել, ինչը վաղուց փորձում է անել Բաքուն՝ հատկապես Թուրքիային ներառելու համար, որպես համանախագահող երկրի…

Բայց սա կարող է ավելի աննպաստ պայմաններով գալ, եթե հանկարծ արցախա-ադրբեջանական հակամարտությանն ավելանա նախիջեւանա-հայաստանյան հակամարտությունը: Իսկ դա հնարավոր է: Այս դեպքում չի բացառվում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններին կխառնվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, ինչը ոչ միայն կընդլայնի ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը, այլեւ կթուլացնի հայկական դիրքերը՝ արդեն հայ-ադրբեջանա-թուրքական բանակցություններում…

Իսկ այսպիսի բան հնարավոր է, եթե աշխարհի վերաբաժանման փուլը հասնի մի շարք երկրների մասնատման քաղաքականությանը…

Բայց եթե նախորդ իշխանությունները Սերժ Սարգսյանի օրոք կարողացել էին համադրել Արեւմուտք-Ռուսաստան, ՆԱՏՕ-ՀԱՊԿ, ԵՄ-ԵԱՏՄ եւ նման այլ բեւեռների քաղաքականությունը Հայաստանում, կրկնենք, անգամ Չինաստանի հետ հարաբերություններում, որ համաշխարհային 3-րդ բեւեռի ձգտում ունի, ապա նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն տանուլ են տալիս Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը եւ, կրկնենք, «կամ-կամ-ի» դեպքում մեր երկիրը կկանգնի լրջագույն խնդիրների առջեւ: Եվ Արեւմտյան Հայաստանի տարածքը վերստին կքննարկվի բացառապես Քրդստանի ձեւավորման համապատկերում եւ ոչ թե Միացյալ Հայաստանի…

http://www.hayary.org/wph/?p=7030Ու՞ր է գնում Հայաստանը – Հայաստանի արտաքին ոլորտը կրկին երկու ճակատով… / Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում, ուրեմնեւ՝ աշխարհում… / Ու՞ր մնաց Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ամրագրումն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի…

Մեր տակավին պատանի իշխանական գործիչները մոռանում են, որ եթե մորուք պահելը որոշակի պատկառանք է տալիս՝ տղամարդկային տեսքի առումով, ապա պետական գործունեության մեջ դեռ հասունության ու փորձառության չի հասցնում ինքնաբերաբար… Եթե սերնդափոխությունը չի զարգանում անցյալ-ներկա-ապագա շղթայի օրենքներով, ապա այն ընդհանրապես չի ընթանում, պարզապես ականատեսն են դառնում՝ «որդիների պայքարը հայրերի դեմ» տարբերակին… Ոււրեմնեւ՝ երկիրը կասկածելի ու վտանգավոր ճանապարհներով տանող իրավիճակի:

Եվ այն, ինչ նշվեց վերեւում, որ Թուրքիան հնարավոր է ադրբեջանցիների ձեռքով հարված հասցնի Նախիջեւանի ուղղությամբ, արդեն քանիցս փորձարկվել է եւ կարող է զարգացում ունենալ, եթե Հայաստանը չկարողանա միջազգային ասպարեզում խոսել այս մասին, ռուս-թուրքական 1921 թվի պայմանագրի Նախիջեւանին վերաբերող կետերի մասին եւ այսպես շարունակ:

Արցախը եւս պետք է տարաբնույթ քաղաքական դրսեւորումներ ցուցաբերի, եւ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ կարեւոր իրադարձություն էր այդ տեսանկյունից: Շատ դիվանագետներ ու մեկնաբաններ են այս քայլը նոր քայլ համարել Արցախի հիմնախնդրի կարգավորման համար: Սա կարեւոր է նաեւ իրավական տեսանկյունից, քանզի «Արցախը միջազգային օբյեկտից վերածվում է միջազգային սուբյեկտի», ինչպես ասել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն Արցախի նկատմամբ նոր մոտեցում է ցուցաբերում: Այն դիրքորոշումը,  որ կա ԵԱՀԿ ՄԽ մոտ, որն իրենից ներկայացնում է միակ երկկողմանի հաշտեցումն ունեցող երեւույթն  արեւմուտքի եւ արեւելքի մեջ, կարծես թե սկսում է փոխվել: Եթե Կրեմլը շարունակեց Հայաստանի հետ բարեկամ խաղալով անել այն, ինչ Ադրբեջանն է ուզում, այդ ժամանակ կարող է խնդիր առաջանալ Կրեմլի եւ Սպիտակ տան միջեւ, թերեւս նաեւ Մոսկվայի ու Փարիզի  միջեւ: Արման Նավասարդյանը համոզված է, որ «արեւմուտքի ու արեւելքի կոնսենսուսը կարող է ճաք տալ, կխախտվի առկա սիմետրիան եւ այդ դեպքում Ռուսաստանը խնդիր կունենա Արցախի հիմախնդրի լուծման հետ կապված»: Եվ ըստ դիվանագետի, Բակո Սահակյանի ամերիկյան այցին պիտի հետեւի այց դեպի Մոսկվա:

Իհարկե, սա չի նշանակում, որ Բաքուն կզգուշանա կամ կխելոքանա, հակառակը՝ կարող է ավելի կտրուկ գործողությունների դիմել: Իսկ այդ կտրուկ գործողությունները կարող են ոչ միայն Արցախի կողմում ծավալվել: Արդեն նշեցինք, որ Թուրքիան հնարավոր է ադրբեջանցիների ձեռքով հարված հասցնի Հայաստանին, եւ Նախիջեւանը միակ հարմար վայրն է, որ Անկարան իր նորօսմանականության ծրագիրը պիտի սկսի իրականացնել՝ անգամ Բաքվին տեղյակ չպահելով:

Մի շարք քաղաքագետներ կարծում են, որ պաշտոնական Երեւանը պիտի կազմակերպի Նախիջեւանի խնդրով միջազգային համաժողով, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ Իրանից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, նաեւ ԱՄՆ-ից ու եվրոպական որոշ երկրնեից՝ քննարկելու առկա եւ հնարավոր ծավալման հարցերը: Հայաստանը պետք է անդրադառնա նաեւ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ոչ հայանպաստ կետերին, այդ թվում՝ Նախիջեւանի զավթմանը Ադրբեջանի կողմից, ինչը այդ պայմանագրի համապատասխան կետերի՝ խախտել է պայմանագիրը, քանզի Ադրբեջանն իրավունք չուներ բռնակցեր Նախիջեւանը: Իսկ Մոսկվան ու Անկարան լռում են… Բայց մի բան հստակ է, երբ Թուրքիան որոշի իրականացնել իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերը, անպայման կհիշի այդ խախտումը եւ առանց եղբայրական Ադրբեջանի ցանկության՝ կփորձի տիրել Նախիջեւանին…

«Թուրքիան մեծ նկրտումներ ունի, ամեն ինչ անում է, որ Սիրիան մասնատվի եւ այնտեղ ունենա իր կտորը (նշենք, որ նույն ցանկությունն ունի նաեւ Իրաքի դեպքում,- խմբ.): Նախագահ Էրդողանը չարիք է միջազգային հանրության համար»,- նշել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ով վստահեցնում է, որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնության չգան, ինչը դեսպանն անհնար չի համարում:

Եվ շատ ճիշտ է, որ Հայաստանը նախորդ իշխանությունների ժամանակ սկսել էր զարգացնել հայ-հունական, հայ-վրացական, հայ-իրանական ռազմական հարաբերությունները, իսկ ՀՀԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն օրերս ընդունել է նաեւ մեր երկրում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին եւ քննարկվել են հայ -բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Պետք է զարգացնել նաեւ հայ-արաբական (Թուրքիայի դեմ գործող երկրների հետ՝ Սիրիա, Լիբանան, Իրաք եւ այլն), հայ-կիպրական ռազմական հարաբերությունները եւս: Ժամանակին Հայ Արիական Միաբանությունն առաջարկել էր ստեղծել տարածաշրջանի հակաթուրքական ճակատ, որտեղ կընդգրկվեն այն երկրները, որոնցով այսօր շրջապատված է Թուրքիան եւ որոնք դարեր շարունակ տուժել են թուրքական արնախումներից: Թուրքիայի շրջափակումը կնպաստի, որ այդ երկրի ներսում պայթեն միջէթնիկական, միջկրոնական եւ ներքաղաքական հակասությունների ականները:

Իսկ այս ամենը չի կարող չանդրադառնալ Ադրբեջանի նույն՝ միջէթնիկական, միջկրոնական եւ ներքաղաքական ականների պայթեցմանը, ինչը տարածաշրջանի բնիկ ազգերին եւ այսօրվա Թուրքիային ու Ադրբեջանին հարեւան երկրներին կազատի մշտառկա արնախում թշնամու պարտադրված հարեւանը լինելուց, ինչպես նաեւ միջազգային հանրությանը՝ համաշխարհային չարորակ ուռուցքից, որ իր թունավոր երակները ձգել է Եվրոպայից մինչեւ Ասիայի արեւելյան խորքերը…

Հայաստանը պետք է շարունակի նաեւ ՀԱՊԿ-ին զուգահեռ բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսին: «Ռիա Նովոստի» գործակալությանը դաշինքի պաշտոնյաներից մեկը հայտնել է, միջոցառմանը մասնակցելու են այն երկրները, որոնք ներդրում են ունեցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության գործում: Չի բացառվում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ը այցելի Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտային դաշինքի գագաթաժողովին, քանի որ հրավիրվել են առաքելությանը մասնակից բոլոր պետությունների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները: Իհարկե, յուրաքանչյուր պետություն դեռ պետք է հաստատի իր մասնակցությունը: Նշենք, որ Հայաստանը մասնակցել է ոչ միայն Աֆղանստանի, այլեւ ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաքելությունների իրականացմանը Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի որոշ երկրներում:

Հետաքրքիր է, որ այս համապատկերին, ըստ քաղաքագետ Լալա Տեր-Ղազարյանի, Վլադիմիր Պուտինը կարծես հրաժարվում է բանակցությունների մանդատ տալ Նիկոլ Փաշինյանին:

Նման կարծիք է հայտնել նաեւ քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ հիմնվելով մոսկովյան հանդիպումների մասին հրապարակված պաշտոնական հաղորդագրություններին:

Հայաստանի վարչապետի՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու հայտարարությունից հետո, ռուսական կողմի նման վերաբերմունքին քաղաքագետները դժվարանում են գնահատական տալ՝ պատի՞ժ է, թե՞ վերաբերմունք: Ամեն դեպքում Հայաստանը չի հայտարարել, որ ԼՂ հարցում բոլորովին անելիք չունի, չի հայտարարել բանակցությունները լքելու մտադրության մասին, պարզապես նշել է, որ կողմերից մեկն էլ Արցախն է:

Բայց Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ այդ հարցին չանդրադառնալը, ըստ քաղաքագետի, խոսոմ է նաեւ այն մասին, որ Ռուսաստանի նախագահը չի ցանկանում մանդատ տալ Հայաստանի վարչապետին: «Սա փոխադարձ ճանաչողության երկրորդ հանդիպումն էր, եւ ակնհայտորեն այդ շրջանակներից դեռեւս դուրս չի եկել օրակարգը: Պուտինը շարունակում է հասկացնել Հայաստանի նոր ղեկավարությանը, թե ինչ է սպասում ինքը Հայաստանից: Օրինակ, Հայաստանի առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանը պետք է մնա առաջին դիրքերում՝ ակնարկելով, որ ցուցանիշները պետք է բարելավվեն»,-ասել է նշյալ հայկական ինստիտուտի հիմնադիրը: Նա ուշադրություն է դարձրել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տնտեսական թեմաներից բացի,  որեւէ խոսք չկա այլ խնդիրների մասին:

Սա իրոք մտահոգիչ է եւ բացթողում է մեր կողմից, ինչը Հայաստանի նոր ղեկավարության անփորձության հետեւանք է:

Քաղաքագետները եւս հիշեցնում են, որ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղ կարգավորման, բայցեւ պատաստ է այլ լուծման, եթե Ադրբեջանը փորձի ռազմական եղանակով հարցը լուծել, Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահը խոսել է տարածքային հարցերը ուժով լուծելու իրավունքի մասին՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Բացի այդ, տարածաշրջանում կուտակումներ կան, Նախիջեւան-Հայաստան սահմանագծին զարգացումներ եղան, հրադադարի խախտումների ակտիվացում է:

«Այս կոնտեքստում, բավականին մտահոգիչ պետք է լինի, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումներում չի խոսում դրա մասին: Հատկապես այն պարագայում, երբ երկու երկրները ՀԱՊԿ անդամ են, նաեւ Հայաստանը, ըստ էության, ՀԱՊԿ-ի կովկասյան ուղղության առանցքն է հակաօդային պաշտպանության ու այլ ուղղություններով: Հետեւաբար, մի փոքր տարակուսելի է այդ բացթողումը եւ այնքան էլ պատահական չէ»,- կարծում է Panorama.am-ի զրուցակիցը:

Նա նաեւ դիվանագիտական աննրբանկատություն է նկատել Հայաստանի հանդեպ՝ Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսքում:

Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները ցանկանում են ժամանակ շահել՝ խուսափելով Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպումից:

Մոսկվան Բաքվին ժամանակ է տալիս, որ հանդիպումը չկայանա մինչեւ Իլհամ Ալիեւը կարողանա պատրաստ լինել  հանդիպման վերսկսմանը… Ադրբեջանը ցույց է տալիս նաեւ, որ կարողանում է ձեռք բերել ոչ միայն ռուսական, ուկրաինական կամ բելառուսական, այլեւ  ամերիկյան արտադրության զենք՝ սպասելով, Հայաստանի արձագանքին ու քայլերին…

Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռները ռազմականացված են, դրանք Ադրբեջանը ձեռք է բերել ռազմական նպատակներով: Ըստ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ դա պետք է ուշադրության եւ արձագանքի արժանանա Հայաստանի կողմից: «Պետք է քննարկվի ամերիկյան կողմի հետ այն հարցը, թե ինչպես, ինչ ճանապարհով են դրանք հասել Ադրբեջան: Հատկապես այս ուղղաթիռների վաճառքի դեպքում, որոնք կրկնակի նշանակություն կարող են ունենալ, ռազմականացված կարող են լինել: Ամերիկյան կողմը պայմանագրերում պետք է ֆիքսեր՝ չեն կարող վաճառվել երրորդ երկրների՝ առանց ԱՄՆ կառավարության թույլտվության կամ չեն կարող վաճառվել այն  պետություններին, որոնք ԱՄՆ-ի կողմից էմբարգոյի տակ են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախապես հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն: Ըստ նրա՝ շքերթի ժամանակ ցուցադրվելու էին նաեւ ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր:

Միջազգայնագետի խոսքով՝ կասկած չկա, որ Ադրբեջանն ամերիկյան ուղղաթիռները ձեռք է բերել ռազմական նպատակներով եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդեն դրա մասին տեսանյութերից կարելի է ենթադրել, որ այն ռազմականացված է, քանի որ դրանցից օգտվում են Ադրբեջանի ռազմական ոլորտի ներկայացուցիչները, բացի այդ, եթե ռազմական չէ, ապա ինչու է ներկայացվում ռազմական շքերթում: «Սա նշանակում է, որ Ադրբեջանն այն ձեռք է բերվել ռազմական նպատակներով, ռազմական գործողությունների համար»,- նշել է նա:

Բել- 412 ուղղաթիռներից շուրջ 2 տասնյակից ավելի պետություններ ունեն,  եւ չի բացառվում, որ դրանք Ադրբեջանը երրորդ երկրից է ձեռք բերել: Չի բացառվում, որ Ադրբեջանին դրանք վերավաճառվել են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի կամ Թուրքիայի կողմից, որովհետեւ նրանք դա ունեն: Թերեւս ամերիկյան կողմից ուղղակի վաճառք չի եղել, միջնորդավորված վաճառք է եղել: Ինչ-որ պետություն այն ձեռք է բերել եւ վերավաճառել Ադրբեջանին: Գուցե ձեռք են բերել որպես փրկարար ուղղաթիռներ, հետո վերազինել են համապատասխան տեխնիկայով եւ դարձրել նաեւ ռազմական նշանակության: Սա պետք է հաշվի առնել եւ այս ուղղությամբ եւս աշխատանք իրականացնել:

Միջազգայնագետի խոսքով՝ Ադրբեջանը միտումնավոր է խոսել իր կողմից ձեռք բերած ամերիկյան ուղղաթիռների մասին: «Նա ցույց է տալիս, որ չնայած բոլոր տեսակի սահմանափակումներին, չնայած 907-րդ բանաձեւին, չնայած պետական, իրավական մի շարք ակտերի՝ Ադրբեջանը կարողանում է ձեռք բերել նաեւ ամերիկյան արտադրության զենք եւ զինատեսակ, ինչպես ձեռք է բերում մեր ռազմավարական դաշնակիցներից՝ Եվրամիության երկրներից, որոնք նույնպես չպետք է զենք վաճառեն Ադրբեջանին եւ ընդհանրապես հակամարտող կողմերին»,- ասել է նա:

Եթե Հայաստանը կարողանա ճիշտ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, ապա լավ արդյունքներ կարող է գրանցել՝ ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք վերավաճառել են Ադրբեջանին այդ ուղղաթիռները՝ դարձնելով դրանք ռազմական նշանակության:

Իսկ գուցե սա ամերիկյան ծպտյալ խա՞ղ է, որպեսզի Ադրբեջանը ռուսական ուղղությամբ չշարժվի:

Չէ՞ որ հայկական թավշյա հեղափոխությունը իր հեռահար ազդեցությունն է թողել ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ երկրների, այլեւ հենց Ադրբեջանի բնակչության վրա… Այն բնակչության, որ իրեն համարում է ալիեւյան խանության բանտարկյալներ… Ինչը թուլացնում է Բաքվի դիրքերը վերսկսվող հանդիպումներին:

Իսկ Արցախի՝ բանակցության սեղանի շուրջ վերադառնալու հարցը, բավականին կոշտ դիրքորոշում է բնութագրվել: Եվ ռուսական կողմը այս առումով փորձում է իր պաշտպանության տակ առնել Ադրբեջանին, եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ալիեւն էլ պետք է որոշի՝ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, թե ոչ, հենց դա է նշանակում:

Ինչ վերաբերում է Մոսկվայում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպմանը, ապա ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, ակնհայտ էր, որ գնահատական կար բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերություններին: «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարծես դեռ ակնկալիքներ են շարադրվում: Բնական է դա: Բայց նաեւ մի փոքր անբնական էլ է, քանի որ Ռուսաստանն իրեն թուլացած է պահում՝ ցույց տալով, որ իրեն ոչ «Պոլոնեզ»-ներն են հետաքրքրում, որոնք կապված են ռազմական հավասարակշռության հետ, ոչ տարածաշրջանում միջադեպերը, ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, երբ ինքն է ստեղծել ՀԱՊԿ կովկասյան ուղղությունը: Հիմա ո՞նց հասկանանք, ՀԱՊԿ-ին ու դրա կովկասյան ուղղությանը սպառնացող վտանգ չկա՞: Նորից եմ կրկնում, այս կտրվածքով տակավին անբնական ու ուշադրության արժանի եմ համարում այդ բացթողումը»,- նշել է քաղաքագետը եւ հավելել, թե ինչի հետեւանք է բացթողումը: Հայկական կողմը պետք է հասկանա Ռուսաստանի քաղաքականությունն ու վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումների համատեքստում:

Սակայն մինչ Մոսկվա մեկնելը Նիկոլ Փաշինյանը Երեւանում հանդիպեց ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Դրա վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում  էլ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվացման վերաբերյալ որեւէ խոսք չկար:

Իսկ քաղաքագետը կարծում է, որ ընդհանրապես այդ հաղորդագրությունը շատ ժլատ էր: «Դա նույնպես ակնհայտորեն ճանաչողական հանդիպում էր: Վատ է, որ տարածաշրջանում լարվածության աճի նշանների ֆոնին նման անդրադարձներ չկան: Ես չգիտեմ, ի՞նչն է պատճառը, սակայն այս ամենը ինչը լուծում չի կարող լինել, իրավիճակը պետք է բերվի կառավարելի ու վերահսկողության դաշտ: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ բանակցությունները ոչ պակաս կարեւոր գործիք են իրավիճակը կառավարելի պահելու, Բաքվին ռազմական արկածախնդրության հիմք չտալու համար»,- ընդգծել է նա:

Շատերի համոզմամբ, բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձեւաչափի վերականգնումն ու բանակցությունների չտապալումը պետք է իրականացվեն զուգահեռաբար ու շատ խելամտորեն:

Հերթական անգամ կայացել են Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների հանդիպումները, խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը  եւ Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաեւ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանից՝ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։ Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում էլ նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձեւաչափի վերականգնման կարեւորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Բայց կան որոշ տարաձայնություններ: «Ես չեմ ընկալում Հայաստանի նոր իշխանությունների առաջարկը, որ Արցախը բանակցային կողմ լինի։ Այս գաղափարն առաջ է քաշվել շատ առաջ եւ չի գործել 2012-ից բանակցային ռեալ պրոցես չկա, բայց նոր իշխանությունների համար շանս է բացվում բանակցային պրոցեսը վերականգնելու համար»,- ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Ադրբեջանն այս պահին սպասողական դիրքորոշում ունի, նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Սխալ է այն միտքը, թե Ադրբեջանը կվախենա արտաքին ազդեցությունից եւ չի դիմի գործողությունների։ Եթե նրանք զգան, որ հաջողության կհասնեն, ապա առանց հապաղելու պատերազմ կսկսեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ բանակցային այս պաուզան Ադրբեջանն օգտագործի իր օգտին», – ասել է քաղաքագետը։

Պետք է պատրաստ լինել Ադրբեջանի անսպասելի քայլերին, ինչը նշում են բոլոր մասնագետները:

Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ եւ անցկացնում բանակի տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաեւ հատուկ զորքերի մասնակցությամբ: Զորավարժություններին ներգրավվել են մինչեւ 20 հազար զինծառայող, մինչեւ 120 միավոր տանկ եւ այլ զրահապատ տեխնիկա, ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ եւ ականանետ, տարբեր նշանակության մինչեւ 30 միավոր ավիացիա:

Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացրել են տարբեր գործողությունների կատարմանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ հրթիռային, հրետանային, բարձր ճշգրտությամբ համակարգերի, ավիացիայի եւ անօդաչու սարքերի կողմից հարվածներ իրականացնելուն, ինչպես նաեւ, ինչպես նշվել է հաղորդագրությունում, «տարածքներ ազատագրելու նպատակով» լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներ:

Զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացվել են բարդ պայմաններում, իրականացվել է միավորումների եւ զորամասերի միջեւ փոխգործակցության, զորքերի ու զենքերի կառավարման, ինչպես նաեւ տարբեր դիվերսիոն գործողությունների կանխման ուղղությամբ աշխատանքներ:

Զորահանդես անցկացնելը եւ մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են, Բաքվի զորահանդեսի վերաբերյալ ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ: Ադրբեջանի սպառազինումը եւ փորձը՝ ներքաշել հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը:

«Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի համալրման մասին տեղեկությունները հայթայթում է Բաքվի կազմակերպած զորահանդեսներից։ Բնականաբար՝ մենք գիտենք ինչ զինատեսակներ ունի հակառակորդը, սպառազինության որ տեսակների վրա է կատարում հիմնական շեշտադրումները, ինչ է փորձում ձեռք բերել եւ այլն։ Սպառազինումը տարածաշրջանի կայունությունը վտանգելու միտում ունի, առավել եւս՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության պարագայում, որը հայտնի է իր ռազմատենչ հռետորաբանությամբ»։ Սակայն Արտակ Դավթյանը վստահեցրել է մեր քաղաքացիներին, որ Հայաստանի զինված ուժերն ունեն բավարար միջոցներ իրենց վրա դրված խնդիրները արդյունավետ իրականացնելու համար։ «Ավելին. մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում սպառազինության առումով որակական առավելություն ձեռք բերելու ուղղությամբ՝ նաեւ զարկ տալով սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Մեր հասարակությունը պարբերաբար առիթներ կունենա համոզվելու դրանում։ Նշված խնդիրը գտնվում է պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության եւ ամենօրյա վերահսկողության ներքո։ Զորահանդես անցկացնելը եւ մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են եւ դրա ամենավառ ապացույցն ավելի քան երկու տասնամյակ Բաքվում կայացող «շքեղ» զորահանդեսներն են, դրան զուգահեռ՝ օպերատիվ եւ ռազմավարական պարտությունները»,- նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ հունիսի 28-ին անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը եւ թույլ չտալով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրության, հակառակորդի զինուժի գործողությունների ու դրանց ընթացքի մասին: Այնուհետեւ վերախմբավորելով ուժերը եւ ստանալով համապատասխան աջակցություն՝ իրականացրել են հակառակորդի թիրախների խոցում, հակագրոհի կազմակերպում, որի ընթացքում վերականգնել են առաջնագիծը, իսկ նահանջի դիմած հակառակորդի նկատմամբ իրականացրել հետապնդում՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:

«Նշենք նաեւ, որ զորավարժությունն անց է կացվել համաձայն սահմանված նորմացույցերի‘ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, որոնք կարեւոր նշանակություն ունեն թե՛ պաշտպանության կազմակերպման, և թե՛ հակառակորդի մտադրությունները ձախողելու գործում»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:

Ըստ որոշ լրատվության, իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Հիշեցնենք, որ «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաեւ «պաշտպանությանը մասնակցելը»: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ եւ հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեեւ որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։ Նշվել է, թե միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։

Ըստ ոստիկանապետի, ոստիկանության ներքին զորքերը օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաեւ հավելավճար կստանան։

Արամ Ավետյան

Հ.Գ. - Այս օրերին, Թուրքիայում բարեկարգվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները: Թուրքիայի արեւելյան գյուղերով անցնող, Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները ասֆալտապատվում են: Ճանապարհներն անցնում են Իգդիր նահանգի գյուղերով:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Իգդիրի նահանգապետ Էնվեր Ունլուն հայտնել է, որ ճանապարհների 80%-ը ասֆալտապատվում են եւ սալիկապատվում: «Իրանի, Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանի երկայքով ձգվող եւ լեռնային տարածքներով անցնող ավտոճանապարհների մեծ մասը բարեկարգվում է: Ներկայումս բարեկարգվել է 899 կմ երկարությամբ տարածք»,- ասել է նա:

Նշվում է, որ բարեկարգվել են նաեւ Արարատ լեռան փեշով անցնող դժվարանցանելի ճանապարհները:

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։