Ների՛ր, Սեւան. մենք անաղուհաց ենք – Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է… Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է (1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993թ.): Մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ խմ), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի էր մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից: 30-ականներից սկսած ջրի ծավալը կրճատվեց՝ 58,5 մլրդ խմ-ից հասնելով 32.9 մլրդ խմ-ի:

Խորհրդային տարիները պատմություն դարձան, բայց հետանկախական տարիներին էլ Սեւանը չգտնահատվեց իբրեւ ազգային արժեք՝ իր բացառիկ նշանակությամբ ու, ի դեպ, ոչ միայն Հայաստանի համար:

Մեր պետությունը տարիներ շարունակ փաստել է, թե մինչեւ 2030թ. լճի մակարդակը պետք է բարձրացնենք 6 մետրով, ինչի արդյունքում լճում կունենանք 42 մլրդ խմ ջուր: Մենք էլ տարիներ շարունակ փաստել ենք, որ այդ 6 մետրը ընդամենը այն նիշն է, որին հասնելուց հետո միայն կարող ենք ասել, թե Սեւանը փրկվում է մեռնելուց: Բայց Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն: Այն բարձրորակ բնական ջրամբար է, ինչքան պահպանված ու պաշտպանված, այնքան լավ բոլորիս համար (հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ այս մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Մեր Սեւանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է: Բոլոր մյուս լճերը, որ Իրանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարածքում են, աղի են: Միայն այս փաստը բավարար է, որ Սեւանի իրական ռազմավարական նշանակությունը կարեւորենք:

Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր այս ռազմավարական պաշարի հետ:

2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ լճից արդեն 178.3 մլն խմ ջուր բաց ենք թողել (տվյալը ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանն է): 40 մլն խմ հավելյալ ջուր էլ դեռ պետք է վերցնենք: Եթե վերջին տասնամյակի պաշտոնական տվյալներն ի մի բերեմ, ապա արդեն 5-րդ անգամ ենք հավելյալ ջրառ անում. 2008, 2012, 2014թթ., նախորդ եւ այս տարի: Միշտ իբրեւ պատճառ է նշվել Արարատյան դաշտի հողերի ոռոգումը: Թեեւ 2017թ. ջրային կոմիտեն չի թաքցրել, որ հավելյալ ջրառը նաեւ Սեւան-Հրազդան կասկադի կողմից հավելյալ էլներգիայի արտադրության համար է անհրաժեշտ:

http://www.hayary.org/wph/?p=6847Սեւան.- մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…

Ի՞նչ վիճակ է Սեւանում: Ներկայացնում եմ իմ դիտարկումը՝ թվագրված լուսանկարների հերթականությամբ:

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

Լուսանկարները նայել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում կամ PDF ձեւաչափի թողարկման մեջhttp://www.hayary.org/wph/wp-content/uploads/27-505.pdf  – էջ 4-5:  

* * *

Դիտարկումը արդեն 10 տարուց ավելի անում եմ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի լճամերձ մի հատվածից: Հատկապես վերջին տարիներին ինձ համար դա գերագույն հաճույք էր: Որովհետեւ դիտարկման իմ տարածքը գյուղի ջրառի խողովակի մոտից էր, որ տարեցտարի ջրի մեջ էր ծածկվում ու մի օր էլ չքացավ: Լճի մակարդակը բարձրանում էր, ու դա ես էի տեսնում՝ այնքան շոշափելի, որ պաշտոնական տվյալներին այլեւս չէի սպասում: Լճի մակարդակը բարձրանում էր, ու ինձ չէին հուզում ոչ ջրում մնացող ծառերը, ոչ ավազային ճահիճիկները՝ գորտերով լցված: Որովհետեւ արտերկրի բնապահպանական մասնագիտական մի քանի կայքերին ուղղված իմ հարցումները վկայում էին, որ այդ ճահիճիկները, ջրի ավելանալու պարագայում, նույնիսկ լիճը մաքրելու, զտելու հատկություն ունեն: Որովհետեւ դրանք այսպես ասած դասական ճահիճը չեն, ավազային են: Իսկ ինչ մնում էր ջրում մնացող ծառերի մնացորդներին, կոճղերին, հիմնականում երկու տեսակի պատասխան էի ստանում: Դրանք ջրում թողնելը վնաս չէ, քանզի քայքայվելով օրգանական կեր են դառնում ձկների համար: Բայց վնաս չէ, եթե ջուրը պետք է բարձրանա: Մյուս տեսակետը, ըստ որի կոճղերը ջրում թողնել պետք չէր, հետեւյալ պատճառաբանությունն ուներ. դրանք շատ երկար են քայքայվում ու կեղտոտում են ջուրը: Բայց եթե լճի մակարդակը բարձրանա, ջրի որակը կլավանա: Փաստորեն, երկու դեպքում էլ վտանգ չկա, եթե ջուրը շատանա:

Նախորդող տարիներին, հատկապես այն ժամանակ, երբ ջրի մակարդակը բարձրանում էր, ջուրը նաեւ ինքնամաքրվում էր, այնպես, որ նույնիսկ փտած բույսն ու մանրաձկներն էին հստակ երեւում (լուսանկար 1-ին եւ 2-րդ):

* * *

Այս տարի ծառն արդեն ընկել է:

Գյուղացիներն ասում էին, որ դա ոչ թե լճի մակարդակի բարձրացման հետեւանք  է, այլ՝ ծառի տակի հողի, որ առանց այն էլ ավազային է, թուլացման:

Որովհետեւ վերջին 2 տարիներին ջուրը հաստատ չի բարձրացել:

Գյուղացիները նաեւ ասում էին, թե դատելով այս տարվա լճից ջրառի ծավալներից, հաջորդ տարի լուսանկարի փոփոխության կարիք չի լինի. ծառն այդպես էլ ընկած կմնա, ջրածածկ չի լինի (լուսանկար 5-րդ):

* * *

Գամ այս տարվա դիտարկմանը: Վերջինն արել էի 2 տարի առաջ: Մինչ այդ միանգամից ասեմ, որ Ծովինարի դիտարկման իմ տարածքում կանաչ ջուր չեմ նկատել: Այնպես որ, երեխաներիս հանգիստ ջուրը մտցրի: Գյուղացիներն ասացին, որ այո, ջուրն իր հետ մամուռներ բերել է, բայց կանաչ երանգ չի ստացել:

Հիմա՝ ինչ տեսա այս տարի: Նախ ասեմ, քանի որ նկարագրածս ջրառի խողովակը արդեն տարիներ ջրի տակ է անցել եւ չի երեւում, երկու տարի առաջվա դիտարկումս արել եմ դարձյալ Ծովինարի տարածքից, բայց ոչ թե «նասոսնի» կոչվող հատվածից, այլ՝ «կոջեր» (կոճղեր) անունը ստացած տեղանքից:

Այսպիսով՝ լուսանկարում երկու տարի առաջ  երեւացող այս կոճղը ջրատակ էր եղել (լուսանկար 3-րդ):

* * *

Այս լուսանկարը այն տարիների արդյունքն է, երբ Սեւանին մի երկու տարի քիչ ձեռք տվեցին, լճի մակարդակը  բարձրացավ. ափ այլեւս չկար, ջրի տակ էր անցել, բայց երեխաները թմբի վրա էլ իրենց վատ չէին զգում (լուսանկար 7-րդ):

Ինչ կունենանք հաջորդ տարի, հաջորդ տարի կերեւա:

Կանխատեսելն, իհարկե, բարդ չէ, լուսանկարների առումով եմ ասում:

* * *

Սեւանի խնդիրը լուծելու համար շղթայական շատ այլ խնդիրներ պետք է կարգավորել: Սեւանի ավազանը միայն լիճը չէ, լճամերձ տարածքներն են, լիճը երիզող լեռները, շրջակա միջավայրը:

Այս լուսանկարը Սեւանի ափամերձ տարածքում է: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում եմ արել: Կարող էի նույնիսկ չգրել՝ որտեղ է աղբավայրը: Այս կարգի տեսարանները Հայաստանի մարզերում բազում են:

Լուսանկարը պատկերում է Ծովինարի աղբավայրը, որ գտնվում է գյուղի  նոր գերեզմանոցի աջակողմյան ու Մարտունի-Վարդենիս -Արցախի սահման միջպետական նշանակության ճանապարհի ձախակողմյան հատվածում: Եվ հոտն է հեռվից զգացվում եւ տեսքն է երեւում: Գյուղի այս աղբավայրը ես դեռ մանկությանս տարիներից եմ հիշում: Պարբերաբար տրակտորը բերում, հողով ծածկում թաղում են: Գյուղացիները պատմում են, որ գյուղապետը հիմա էլ շուտ-շուտ (աղբը լցվելուն պես) կազմակերպում է այդ գործը, բայց «զիբիլի տերը մեռնի, դրանից պրծում չկա»: Թե գյուղացիները աղբը պարկերով էլ բերում են, դրանք փակ չեն մնում. շները գզգզում, բացում-փռում են արեւին՝ գարշահոտությունը շրջակայքում տարածելու անխախտ «պարտականությամբ»: Ծովինարն էլ մեծ գյուղ է՝ 5149 բնակչով. սա պաշտոնականն է, ծովինարցիք ասում են՝ խոպանի սեզոնի վերջում՝ ձմռանը շատանում են: Դե քանի որ մեծ գյուղ է, աղբն էլ տասնյակ մետրերով ձգվում է: «Մաքուր Հայաստան» ծրագիրը պետք է մտածի՝ ինչ անել այս կարգի աղբավայրերի հետ, ինչպես ավելի կոկիկացնել, փոքրացնել տարածքը, ի վերջո կարեւորագույն նշանակության ճանապարհից երեւում է այն (լուսանկար 8-րդ):

* * *

Բայց մարզերում այլ խնդիր էլ կա, որի լուծման մեխանիզմը չկա. ինչ անել, ինչպես ծովինարցիք են ասում, «ինքնաշեն աղբավայրերի» հետ: Ծովինարի «դասական», մեծ աղբավայրին զուգահեռ ստեղծվում են նորերը: Մյուս՝ երկրորդ ու երրորդ  լուսանկարներն արված են Սեւանի ափամերձ տարածքի անտառում: Ով որ ծառի տակ ուզել, իր համար աղբավայր է «բացել»: Դրանցից մեկում խորհրդային տարիների ալյումինե կահ-կարասի էր, պայուսակներ, խորհրդային բանակից գրված նամակներ, դարձյալ խորհրդային արտադրության լվացքի մեքենա… Թե այս ամենը թափողին ինչն էր դրդել գյուղի աղբավայրը շրջանցելով անտառի խորքը թափանցել ու իր ինչքեղենը այնտեղ թափել, մեր տրամաբանությունից դուրս է: Անտառում այսպիսի պատկերներն այնքան շատ են, որ զբոսնելու փոխարեն հայհոյելով ման ես գալիս (լուսանկար 9-րդ):

Դրա համար էլ ասում ենք, տուգանելու հոդվածը կա, հոդվածի կիրարկման մեխանիզմը չկա: Սրա՛ մասին պետք է մտածել, այլապես «Մաքուր Հայաստանը» դեռ երկար է կեղտոտ մնալու, ու մեր տունը չեն մաքրի ոչ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը, ոչ քննարկումներն ու սեմինարները:

* * *

Լճի ավազանի տասնյակ բնակավայրերի կոմունալ-կենցաղային կեղտաջրերն անարգել հոսում են դեպի լիճ: Եվ այս տասնյակ բնակավայրերից Գավառը, Մարտունին ու Վարդենիսն ունեն կեղտաջրերի մաքրման կայան: Այն էլ՝ մեխանիկական կայան եւ ոչ կենսաբանական: Բնակավայրերից բացի մաքրման համակարգեր չունեն լճամերձ տարածքի տուրիստական օբյեկտները:

Սրանից զատ՝ այս բնակավայրերում կենցաղային թափոնների արտանետումն անկառավարելի է, հաճախ կենտրոնացված աղբավայրեր էլ չկան: Ու քանի որ մենք մեր փոքր տան՝ բնակավայրի աղբը հանում ու լցնում ենք մեր մեծ տան՝ մեր երկրի որ անկյունում պատահի՝ ձորակներում, գետաբերաններին, առուների հուների մեջ, արդեն կարելի է պատկերացնել, թե լիճ մտնող ջրերն ինչ են իրենց հետ տանում: Տեղումներից առաջացող հոսքաջրերի միջոցով էլ աղբի մնացորդները ափամերձ տարածքներից լիճն են մտնում:

Ուղիղ եւ ուղղակի արտանետումներ. խնդրե՜մ, սա էլ ենք անում: Ավելի ստույգ՝  այդպես անում են չորսոտանի մարդիկ եւ նրանք, ովքեր չորսոտանիներին թույլ են տալիս դա անել (լուսանկարներ 10-րդ եւ 11-րդ):

Չորսոտանիներ էլ կան՝ խոշոր եղջերավոր անասունները, որ Սեւանն աղտոտում են՝ առանց այդ մասին իմանալու: Լճի ափամերձ բնակավայրերի գյուղացիները իրենց տավարն անտառում արածացնում, հետո լիճ են իջեցնում ջրելու: Տավարը ջուր խմելուց հետո երկար է այստեղ մնում՝ երբեմն 4-5 ժամ: Խմում-թրքում, ավազին նստում հանգստանում է: Նախրապանն էլ հաստատ կովերի հետեւից դույլը պահած չի վազի, ինչ է թե լճի մեջ չթրքեն (լուսանկար 12-րդ):

Հա, թրիքը կեղտ չէ, հետո աթար ու գոմաղբ է դառնում, թոնիր ու պարտեզ մտնում, մեզ հաց ու բարիք տալիս, բայց  թրիքի մեջ տարբեր ճիճուների ձվեր կարող են լինել, որոնք ջուրն ընկնելով՝ կարող են թափանցել մարդու օրգանիզմ: Թե բախտներս բերեց, կովերը ոչ թե ջրում, այլ ավազին թրքեցին, ճիճուներից կպրծնենք: Բայց չորացած թրիքը, որ ափով մեկ շաղ տված է հատկապես այն վայրերում, որտեղ լողափեր չեն, ջուրը մտնելով իր հետ տանում է զանազան նյութեր. 1 կգ հաշվարկով 3.5 գ ազոտ, 2.9 գ կալցիում (օքսիդ), 3 գ ֆոսֆոր (օքսիդ), 1.4 գ կալիում: Եվ այսպես տարիներով է: Իսկ թե ինչի է բերում ազոտի ու ֆոսֆորի ավելցուկը, մեկ անգամ չէ, որ ասվել է: Դա արագացնելու է էֆտրոֆացումը՝ ծաղկումը, ճահճացումը:

Մի խոսքով՝ Սեւանի հանդեպ մեր վերաբեմունքը բնորոշող ամենամեղմ բառը, որ այս պահին գլխումս է, կեղեքումն է: Սեւանից տարիներ շարունակ խլում ենք, պոկում, մեջը հազար ու մի կեղտ լցնում ու պահանջում ու պահանջում՝ հաց ու ջուր, վայելք ու հանգիստ: Փոխարենը ջուր է ուզում՝  չմեռնելու, ու դեռ մի բան էլ ինքնամաքրվելու, ոտքի կանգնելու համար, դա էլ չենք տալիս…

* * *

Բայց մի բան հաստատ է: Երբ ասում ենք ջրային տնտեսություն, նշանակում է տնտեսություն պիտի վարենք, իսկ հաջողում է այն տնտեսվարողը, որ խնայում է ու հետո արարում:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Սեւանին վերաբերում ենք իբրեւ ջրի տարայի. ինչպես ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ի միջի այլոց, դեռ տարիներ առաջ երբ սկսեցի Սեւանի դիտարկումը, գրեցի, թե պետք չէ Սեւանին վերաբերել իբրեւ ջրով լցված դույլի՝ կուզենք ջուրը կթափենք, կուզենք ջուրը կլցնենք:

Սեւանը մեզ բառացիորեն փրկեց էներգետիկ ճգնաժամի տարիներին: Հետո ի՜նչ արեցինք մենք:

Սեւանին պաշտպանելու փոխարեն Սեւանից անընդհատ քաշեցինք ու քաշեցինք՝ այն բացառապես սոցիալական նպատակներով գործածելով:

Մինչդեռ Սեւանը ջրամբար է, քաղցրահամ ջրի մեծ շտեմարան, եթե տեր չկանգնենք, վաղը այդ սոցիալական խնդիրներն էլ չենք կարող լուծել:

Քանզի Սեւանի մակարդակը նորից սկսել է իջնել եւ հիմա ամեն սանտիմետրը մեզ համար խնդիր է: Ոռոգման խնդիրներին այլ լուծում պիտի տրվի եւ կան այդ լուծումները:

Ոչ թե ամեն նեղն ընկնելիս Սեւանին կպչենք:

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան 1.3 մլրդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025թ. աշխարհի բնակչության գրեթե կեսը ջրի սակավություն կունենա, որովհետեւ աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները:

Մենք էլ ունենք՝ չենք գնահատում:

Սեւանը մեզ համար զուտ լիճ չէ, որ երբ ուզենք՝ ջուր տանք ու վերցնենք: Առանց այն էլ՝ լճի բնական հավասարակշռությունը խախտված է: Եթե հանկարծ դիմանալ չկարողացավ… բնության անեծքը ծանր բան  է:

Եվ վերջում՝ Սեւանը նաեւ սիրողներ ու նրա համար պայքարողներ կան:

Այս լուսանկարն էլ է նույն գյուղի լճափամերձ տեղանք պատկերում. աղբի նշույլ անգամ չկար…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։