Ընտրություն, որի մասնակից բոլոր ուժերն ընդունեցին արդյունքը – Փորձեցին ԼԳԲՏ-ական երանգներ հաղորդել… Ոմանք իրենց համասեռական քարոզներով, մեր պետությանն ուղղված նամակներով չկարողացան Հայաստանում իրենց արեւմտյան պատվերը կյանքի կոչել – Պարզապես տեղի սեռամոլորյալները կփորձեն միջազգայինի մակարդա­կի ձգել… Եվ քաղաքական փոքրամասնություն կա՝ որ ձգտում է իշխել մեծամասնությանը…

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն իրապես տարբերվեցին նախկին բոլոր մեծ ու փոքր ընտրություններից: Դրա համար հատուկ ջանքեր չէին գործադրվել, ուղղակի վերեւներից հրահանգներ չէին իջել հանձնաժողովներին, որոնք առաջվա պես բազմակուսակցական էին եւ հրահանգի դեպքում տեղեկատվության սպրդում կլիներ հաստատ: Նաեւ առկա էր հանրային մեծ հնչեղություն, ինչը չհրահանգավորված պայմաններում լրացուցիչ երրորդ աչք էր աշխատում:

Միակ բանը, որ հիշեցնում էր «հին ու բարի ժամանակները», դա օրվա իշխանության որոշակի ամբարտավան կեցվածքն էր՝ իր քաղաքապետի թեկնածուի անհարկի ու անմիտ, երբեմն էլ ցինիկ ու դավադիր բացթողումներով, որ գերազանցում է նախորդ իշխանության մոտեցումները, որոնք, իմիջիայլոց, երբեւէ հանրությանը երկու ծայրահեղ մասի չեն բաժանել…

Իսկ այս իշխանության բացթողումների մարգարիտը հենց դա էր՝ հանրությանը «սեւ ու սպիտակի» բաժանելը…

Եթե սրան էլ հավելենք «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼԳԲՏ-ական դրոշով (իհարկե նա դա ծիածանի գույներ է կոչել) հանդես գալը եւ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ ու սպիտակի» բաժանումները ծիածանագույն քննադատելը, ապա նախորդ իշխանությունները՝ բոլոր նախկին 1-3 նախագահների գլխավորությամբ՝ ետ են մնում այսօրինակ ծայրահեղությունից:  

Իսկ «Ժառանգության» ղեկավարը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին ասել էր, որ «սեւ ու սպիտակ չի կարելի բաժանել հանրությունը, կան նաեւ այլ գույներ, ինչպես կանաչ կամ երկնագույն… Իսկ մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը»…

Իզոևւր չէ, որ այս օրերին ոմանց կողմից արդեն թմբկահարվում է, թե նոյեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվելու է ԼԳԲՏ «քրիստոնյա» կազմակերպությունների հավաք։ Ուսումնասիրելով հովանավորներին եւ գործընկեր կազմակերպություններին՝ Analitik.am-ին հաջողվել է պարզել իրական կազմակերպիչներին, ինչպես նաեւ ձեռք բերել նյութեր այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հավաքը եւ ինչպես են փորձելու կազմակերպել…

Իհարկե, սա դեռ տեղեկատվություն են «գցել», որպեսզի հասկանան ինչ անել-չանելը: Չենք կարծում, թե այլ երկրների ԼԳԲՏ-ականներ էլ կգան (Էլթոն Ջանի «ընտանիքի» Հայաստան գալը եւ պետական բարձր մակարդակով ընդունելը …  ցույց տվեց, որ ոչ մի հանրահայտի փորձն անգամ չի կարող սասանել հայի բնական հավատն ու կողմնորոշումը… Այդպես եղավ նաեւ, երբ Սերժ Թանգյանի, Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի նմանները իրենց համասեռական քարոզներով, մեր պետությանն ուղղված նամակներով չկարողացան Հայաստանում իրենց արեւմտյան պատվերը կյանքի կոչել…), պարզապես տեղի սեռամոլորյալները կփորձեն միջազգայինի մակարդակի ձգել…

Բայց այստեղ մի խնդիր կա, եթե հայ ազգայնականները ցայսօր այնքան էլ չեն խառնվել այս իշխանության նախաձեռնած ամբոխավարական գզվռտոցին եւ ամբոխահաճ քաղաքական ուժերի վայրիվերումներին, ապա անբարո հարցերի առաջ մղման դեպքում Նիկոլ Փաշինյանը լուրջ հակառակորդներ ձեռք կբերի, ովքեր կպատռեն նաեւ այս հեղափոխության եւ դրա նոր կառավարության բազմադեմ դեմքը…

http://www.hayary.org/wph/?p=7089Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

Ինչ մնում է հանրությանը երկու ծայրի քշելու քաղաքականությանը, ապա անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ «մեզ պետք չէ սեւ ու սպիտակ գույների բաժանել»…

Ինչեւէ, «Ժառանգության» ղեկավարը գուցե այլեւս ԼԳԲՏ-ական դրոշը չօգտագործի, որը եթե ինչ-որ գումար բերեց, սակայն անհաջողության մատնեց գործը, եւ պարտությունն էլ ավելի քան զգալի էր: Նա անգամ հայտարարել է, որ առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինն իր մասնակցությամբ: Խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է:

Իսկ մինչ այդ «Ժառանգություն»-ը շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ: «Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին այլեւս երբեք չվերադառնալու»,- ասված է հայտարարությունում:

Իսկ «Լույս» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ու Դավիթ Խաժակյանը ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո այցելել են «Իմ քայլը» դաշինքի շտաբ ու շնորհավորել Հայկ Մարությանին՝ «հաղթանակի եւ լավ ընտրություններ անցկացնելու առիթով»: Ապա շնորհավորել է նաեւ «Լույս» դաշինքը:

Այնուհետեւ շնորհավորանքներ են հղել արտահերթ ընտրությանը մասնակից կուսակցությունները: Շնորհավորել են ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Հաջողություն եմ մաղթում նորընտիր ավագանուն։ Անելիք շատ կա…»,- հավելել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակում ներկայացված

Ալեսյա Բեջանյանը: Այս անգամ էլ «Լույս» դաշինքի ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը հաջողություն է մաղթել Հայկ Մարությանին՝ «Բարով կառավարիր: Աստված իմաստություն տա մեր նորընտիր քաղաքապետին»: «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանն էլ գրել է. «Մենք պարտվել ենք այս կռվում, բայց ոչ պատերազմում»…

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «Երեւանի բնակիչները՝ անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման եւ հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43,66%-ից 81,05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երեւանի քաղաքապետ»:

Շնորհավորելով երեւանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների եւ լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ, այնուամենայնիվ հիշեցրել են, որ երեւանցիների հետ միասին շարունակելու են պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում: Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»,- ասված է հայտարարությունում։

Արարատ Զուրաբյանը եւս շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մաղթելով նրան ուժ, կամք, իմաստություն Երեւանը ղեկավարելու դժվար գործում:

Կար սպասում, որ ԲՀԿ-ն չի ընդունի ընտրությունների արդյունքները, քանի որ հավաքած ձայներով ԲՀԿ-ն անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փորձ պիտի չանի… Փաստորեն Գագիկ Ծառուկյանի իրական թիվը առանց ընտրակաշառքի հնարավորության սարսափելի քիչ է… բայց ԲՀԿ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որով ընդունում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին։

Իմիջիայլոց, մասնակից բոլոր քաղաքական ուժերն էլ ստացան իրենց ընտրաձայների իրական չափաբաժինը, բացառությամբ՝ «Իմ քայլը» դաշինքի, որի ձայները դեռ որոշ զանգվածների էյֆորիայի հետեւանք են եւ դա էլ կանցնի…

ԲՀԿ-ն կտրականապես մերժելով հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ ընդունում է ընտրության արդյունքները եւ շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: «Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ եւ կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երեւանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասված է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում։

ՀՀԿ-ն եւս շնորհավորել է Երեւանի նորընտիր քաղաքապետին: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը եւ ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը:

ՀՀԿ-ն չմասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին՝ հասարակությունը ծայրահեղ բեւեռացման վտանգից զերծ պահելու համար:

Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը եւ անձամբ վարչապետը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սեւերի ու սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանկարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը:

Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության եւ, ինչն էլ ավելի կարեւոր է՝ արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր՝ մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից:

Շնորհավորել են նաեւ արտախորհրդարանական ուժեր, որոնք չեն մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: ՀԴԿ նախագահը Արամ Սարգսյանը շնորհավորել է Հայկ Մարությանին եւ հայտնել, որ «այն մեծ ու աննախադեպ վստահությունը, որը ցուցաբերվել է քաղաքական թիմի նկատմամբ, արտահայտում է արդարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մեր մայրաքաղաքի իրական բարեկարգման երեւանցիների սպասելիքները»: Դեմոկրատները պատրաստ են համագործակցել:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի օրոք եղել է «նման կոռուպցիա, արտագաղթի մեծ տեմպեր… Բայց Սերժ Սարգսյանն ընտրություններին ասում էր՝ ինչքան ուզենք կխփենք, հիմա իրավիճակը մի քիչ այլ է, բայց  Նիկոլ Փաշինյանն ըստ էության ասում է՝ փորձեք մեկդ մեզ ձայն չտաք»…

ԱԺ երկու պատգամավոր իրենց վրա են վերցրել ՀՀԿ-ի բեռը եւ անընդհատ լաց են լինում, թե ժողովրդավարություն չկա,  ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Ինչո՞ւ չկա, այլակարծությու՞ն, ո՞վ է խանգարում, որ ժողովուրդը չի ուզում լսել… Այս պահին, քաղաքական դաշտում եղած կուսակցությունները չունեն ասելիք».- նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Հայտարարություն է արել նաեւ ՀԱԿ-ը՝ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ բոլոր երեւանցիներին ու ամբողջ ժողովրդին։

Նշվել է, որ այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են, որ լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը եւ գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը: Եվ Հայաստանն ընթանալու է զարգացման ու առաջընթացի ուղիով։

«Ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին՝ ապրիլյան հեղափոխությունից հետո նախաձեռնած արմատական փոփոխությունները շարունակելու գործում։ Անցնելով ազատ, արդար եւ օրինական՝  այս ընտրությունները կարեւոր նախադրյալ դարձան Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»,- նշել է ՀԱԿ-ը, ապա հավելել, որ ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ  դրեց շուտափույթ կերպով անցկացնելու ԱԺ արտահերթ ընտրություններ եւ «ձեւավորելու լեգիտիմ խորհրդարան»։

Բայց եթե ՀՀԿ-ն, որը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն է դեռ, նախկինում բոլորի հետ միասին կողմ էր խորհրդարանի լուծարմանը, այսօր հայտարարում է, որ ԱԺ-ն ցրելու խնդիր չի դրվի, քանի որ դրա կարիքը չկա…

Իսկ սահմանադրորեն վարչապետը որեւէ իրավունք չունի ցրելու խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ հրավիրելու իրավունք եւս չունի:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։