Անիշխանության (Անարխիզմ) ձեւակերպումները՝ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքում – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Երբեք չէի սպասի, որ ժամանակին կարող ենք հետաքրքիր զրուցակիցներ լինել հայտնի դաշնակցական գործիչ, ԽՍՀՄ տարիներին «Ազատություն» ռադիոկայանի հայտնի հաղորդավար Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Իհարկե, նա վաղուց է ապրում երկնային կյանքով, սակայն երբեմն էլի հիշում եմ նրա հետ ունեցած գաղափարա-քաղաքական մեր «վերաշխարհական» (ինչպես ինքն էր ասում) բանավեճերը…

Այսպես, անիշխանության հայկական պատկերացումների մասին առաջինը նրանից եմ տեղեկացել, երբ կարդացի Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գիրքը:

Զարմացած էի, երբ նա Հայ Արիական Միաբանությունը համարեց անիշխանական գաղափարներին մոտ ոչ միայն գաղափարաբանական, այլեւ կիրառական-գործնական առումներով… Անգամ ծիծաղեց, թեէ «Այ տղա, նայում եմ այն աշխատությունը, որ Վահանի (որդին է՝ Վահան Հովհաննիսյանը, նույնպես հայտնի դաշնակցական գործիչ, կրկին երջանկահիշատակ) միջոցով փոխանցել ես: Դրա համար եմ այսպես ասում անիշխանականության ու ձեր մասին: Բայց նշեմ, որ եթե անիշխանականները աջակողմյան ուժեր են, ապա դուք աջի վրա ուղղակի խորացել եք, ոնց-որ փողոցի աջ կողմից անցել եք մայթերի վրա ու աջ պատը քերելով գնում եք…»:

Այս համեմատությունը բաժակաճառի էինք վերածել ու հայ արիների հավաքներին խմում էինք որպես զվարճալի, բայց իրականությանը մոտ կենաց:

* * *

Հատվածներ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքից.  

Ազգային աշխարհայացք ունեցող բոլոր ժողովուրդները, եւ առաջին հերթին հայ ժողովուրդն, իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին անխուսափելիորեն բախվելու է անիշխանական վարքագիծ ընտրելու անհրաժեշտության հետ, քանզի, ինչպես տեսանք, անիշխանությունն ընդունված կարգից շեղվելն է եւ արդարության մեկ ուրիշ սկզբունքով ղեկավարվելը: Եթե մենք ղեկավարվենք ազգային արժեքներով ու շահերով, անխուսափելիորեն ստիպված կլինենք շրջանցել այն օրենքները, որոնք ազգային շահերը չեն պաշտպանում, կամ նրանց փոխարեն պաշտպանում են պետական շահերը՝ այդ պաշտպանությունը ներկայացնելով որպես ազգային շահերի պաշտպանություն:
Մեր կարծիքով այստեղ անհրաժեշտ է քննարկել մի խնդիր, որի քննարկումը կամ ընդհանրապես տեղի չի ունենում եւ կամ էլ տեղի է ունենում՝ ելնելով աշխարհում ստեղծված քաղաքական մթնոլորտից, որը մեզ պարտադրվում է հարմարվել այդ մթնոլորտին եւ որդեգրել այն շինծու սկզբունքը, թե ապազգային լինելը առաջադիմություն է, իսկ ազգայնականությունը՝ հետամնացություն: Ավելին Հ. Յ. Դաշնակցության ղեկավարության ամենաբարձր մակարդակի վրա տեսակետներ են հայտնվում, թե մենք ազգային ենք, բայց ոչ՝ ազգայնական: Եկեք հստակություն մտցնենք այս խնդրի մեջ: Ազգային հասկացությունը կապ ունի երկրի եւ երկրի քաղաքացիների հետ: Ազգային կարող է լինել մշակույթը, եկամուտը, տնտեսությունը, կրթությունը, որը ցեղի հետ կապ չունի: Ազգային հասկացությունը օգտագործում է նաեւ աշխարհի ամենաապազգային երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ազգային բանակ, ազգային շահեր, ազգային արտադրանք, ազգային առեւտուր, ազգային ժողով, ազգային թատրոն հասկացությունները վերաբերվում են ամերիկյան անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիներին, անկախ ցեղային պատկանելությունից, անկախ նրանից, թե այդ անձը հրեա է, հայ, թե արաբ: Եթե մենք ասենք, թե ազգային կուսակցություն ենք, բայց ոչ հայ ազգայնականներ, նշանակում է ոչինչ չասել կամ ավելի ճիշտ չասել այն, ինչ մենք իրականում ենք և ինչ արձանագրված է մեր ծրագրի հետեւյալ կետերում:
«
Հ.Յ.Դաշնակցության համար ազգը՝ իբրեւ պատմամշակութային, լեզվական եւ ընկերային-քաղաքական ուրույն ամբողջություն, հիմնական արժեք է»:
«
Ազգը մարդկային ընկերության զարգացման ամենակենսունակ միջավայրն է, ուր անհատը ձեռք է բերում հոգեմտավոր բարգավաճման լայն հնարավորություն, լիակատար հաղորդակցություն եւ սեփական կարողությունների զարգացման առավելագույն կարելիություն»:
«
Մերժելի է, սակայն, ազգային բացառիկության ամեն գաղափար եւ ազգայնամոլության ամեն երեւույթ՝ իբրեւ մարդկային ընկերության բնական զարգացումն արգելակող դրսևորումներ»:
«
Հ.Յ.Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ ի խնդիր Ազատ հայի, Ազատ քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման»:
Այստեղ ամեն ինչ ասված է: Մենք ցեղապաշտ չենք, ազգամոլ չենք, ճանաչում ենք բոլոր ազգերի ինքնուրույն գոյատեւելու անկապտելի իրավունքները, բայց միաժամանակ չենք շփոթում ազգային պատկանելիությունը քաղաքացիական պատկանելիության հետ եւ մեզ համար ֆրանսիական, իսպանական, ամերիկյան, ռուսական, թուրքական անձնագիր ունեցողը ազգությամբ ոչ թե ֆրանսիացի է, իսպանացի, ամերիկացի, ռուս կամ թուրք, այլ՝ հայ:
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հստակեցնել ազգայինի եւ ազգայնականի տարբերությունը, որպեսզի մեկը չհամարվի դրական եւ ընդունելի, իսկ մյուսը՝ բացասական եւ անընդունելի վարդապետություն: Մենք առաջարկում ենք օգտագործել պաշտել բառի տարբերակը, այսինքն օգտագործել «ազգապաշտ» հասկացությունը, ինչպես մենք օգտագործում ենք գաղափարապաշտ, նյութապաշտ, իրավապաշտ, ցեղապաշտ բառերը, որոնց դրական կամ բացասական արժեք լինելը որոշվում է ոչ թե «պաշտությամբ», այլ նրանով, թե ի՞նչ ենք պաշտում: Եթե պաշտում ենք արդարությունը, օրենքը, հավասարությունը կամ Աստված, հազիվ թե որեւէ մեկը կարողանա մեզ մեղադրել: Իսկ եթե մենք պաշտում ենք բռնությունը, անարդարությունը կամ թմրեցուցիչները, մեզ իրավունքով կարող են դատապարտել: Իսկ եթե մենք հայտարարում ենք, որ պաշտում ենք ազգը, որը մեզ համար հիմնական արժեք է, ապա որեւէ մեկը չի կարող մեզ մեղադրել հանցագործության մեջ: Ուրեմն եկեք պայմանավորվենք, որ մեր ազգայնականությունը այն բնական ազգապաշտությունն է, առանց որի չի կարող գոյատեւել ոչ մեր ազգը եւ ոչ էլ մարդկությանն անհրաժեշտ ազգային ներդաշնակ բազմազանությունը:
Հայկական անիշխանության վառ արտահայտություն կարելի է համարել Գարեգին Նժդեհի կողմից ստեղծված ցեղակրոն գաղափարախոսությունը, որն ունի զուտ հայկական բովանդակություն: 2001թվականի հունիսի 8-ին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ Գարեգի Նժդեհի 115-ամյակին նվիված գիտական խորհրդաժողով, որը կազմակերպվել էր Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ եւ որին ներկա էին Հայաստանի վարչապետը, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ, գիտնականներ եւ հասարակական գործիչներ: Նժդեհի կյանքին նվիրված վերլուծությունները կրում էին անաչառ բնույթ եւ նշում էին նրա արժանիքները գրականության, հռետորության, ազգային եւ քաղաքական բնագավառներում: Նշվում էր, սակայն, նաեւ նրա անիշխանական վարքագիծը կուսակցության եւ Հայաստանի կառավարության որոշումների նմատմամբ: Մինչդեռ Նժդեհի ամբողջ կյանքի փիլիսոփայությունը, ազգային եւ հասարակական վարքագիծը որոշվում էր նրա ցեղակրոն համոզմունքով, որը դժբախտաբար, այսօր շատերի համար մնում է անհասկանալի եւ առիթ է տալիս տարբեր սխալ մեկնաբանությունների համար: Հրեաները նույնպես իրենց ցեղակրոն են համարում, որովհետեւ երբ մի անձնավորություն հուդայական հավատք է ընդունում, ինքնաբերաբար համարվում է հրեա ցեղին պատկանող: Ճիշտ հակառակն է Նժդեհի ցեղակրոնությունը: Ցեղը նրա համար բարձրագույն եւ հիմնական արժեք է եւ հենց ցեղն է, որ մեր իսկական Աստվածն է:Այսինքն, ոչ թե կրոնն է ծնում ցեղը, այլ ցեղը՝ կրոնը: Ցեղակրոնության այս տարբերակը բացատրում է Նժդեհի կյանքի ճանապարհը: Եթե ցեղը նրա համար Աստված է, ուրեմն նրա շահերի պաշտպանությունը պետք է կատարվի ամեն գնով: Այստեղից էլ գալիս է Բյուրոյին հակադրվելը, Հայաստանի իշխանություններին չենթարկվելը, գերմանացիների հետ համագործակցելը: Սակայն ոչ մեկը չի կարող Նժդեհին մեղադրել, որ նա դավաճանել է իր Աստծուն՝ ցեղին: Նժդեհն այն մարդն էր, որ գծեց այն գիծը, որով պետք է քայլի հայ ժողովուրդը, հավասարակշռություն ստեղծելով ազգային եւ պետական շահերի միջեւ: Նժդեհի այդ փորձը մեզ այսօր շատ պետք է, որովհետև այսօր էլ պետական եւ ազգային շահերի պաշտպանության միջեւ ստեղծված չէ հավասարակշռություն: Եվ այդ հավասարակշռությունը ստեղծելու ճանապարհին կարող են տեղի ունենալ անիշխանական պոռթկումներ, այս անգամ՝ ազգայնականների կողմից, որոնք չեն ցանկանում ազգային շահերը ենթարկել պետական շահերին, իսկ ազգային օրենքը՝ պետական Սահմանադրությանը: Հայ մարդու նման ձգտումները բխում են նրա ազգային նկարագրից, որի մասին, իհարկե, կարելի է մի երկու խոսք ասել:
Մենք արդեն նշեցինք, որ հավատացյալների համար (խոսքը բոլոր կրոնների մասին է) Աստծո արքայությունն ուներ այն առանձնահատկությունը, ու նրա մեջ էր, ինչը նշանակում էր, որ մարդու ներքին աշխարհը Աստված կերտողին էր, որ այդ ներքին աշխարհը կատարելագործելու համար պետք չէ ո՛չ նոր եւ լավ Սահմանադրություն եւ ո՛չ էլ նոր կատարյալ վարչակարգ: Ընդհակառակը, կատարյալ վարչակարգ եւ Սահմանադրություն կերտելու համար անհրաժեշտ է կատարելագործել մարդու ներքին աշխարհը: Բայց ինչպե՞ս: Համենայնդեպս, ոչ բռնության ճանապարհով, ինչպես անում էին Ռուսսոները, Ռոբեսպիերները, Ստալինները, Հիտլերները եւ ուրիշ բռնակալներ, եւ ոչ էլ քրիստոնեության ճանապարհով, որը դուրս բերեց Աստծուն մեր ներքին աշխարհից ու տեղադրեց նրան դրսում, որտեղից նա թելադրում էր մեզ իր կամքը ոչ պակաս պարտադրաբար, քան թելադրում էին իրենց կամքը աշխարհիկ բռնակալները: Մեր կարծիքով, միակ ճանապարհը, մեր ներքին աշխարհին համապատասխանող արժեքների ընտրության ճանապարհն է, ինչն անխուսափելիորեն տանում է բազմաստվածության, քանզի խոսքը ոչ թե քրիստոնեության, մահմադականության, բուդդայականության կամ հուդայիզմի միջեւ ընտրություն կատարելու մասին է, այլ տարբեր բովանդակություն ունեցող Աստվածների ընտրության: Սիրո Աստված, բարության Աստված, արդարության Աստված, խորամանկության Աստված, ուժի Աստված եւ այլն:
Եթե ընտրություն պիտի կատարվի աստվածների միջեւ, ուրեմն պիտի գոյություն ունենա այդ ընտրության դաշտը, ընտրության ազատություն, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ բազմաստվածություն: Այդ միտքը վառ արտահայտություն է գտել Լեւոն Շանթի «Հին աստվածների» մեջ, որտեղ քրիստոնյա աբեղան, փաստորեն, հրաժարվեց Հիսուսից ու գնաց սիրո աստծո հետեւից:
Հաշվի առնելով, որ հայ ժողովրդի նկարագիրը կերտվել է հեթանոսական ժամանակաշրջանում, կարելի է ենթադրել, որ ժողովուրդը կդիմի իր հին հավատքին, որ բարբարոսաբար ոչնչացրեց քրիստոնեությունը ընդունելուց հետո: Այդ սպասումներն արդարացվեցին
Վերջաբանի փոխարեն.
Այս ուսումնասիրությունն արդեն ավարտված էր, երբ հրավիրվեցի մի սեմինարի, որտեղ քննարկվում էին քաղաքակրթության, առաջադիմության, մշակույթների բախման եւ արժեքների միաձուլման հետ կապված հարցեր, որի ժամանակ պարզվեց, որ այդ հասկացությունների սահմանումներն անգամ բացակայում են եւ սեմինարի ամեն մի մասնակից օգտագործում էր իր սեփական սահմանումը, ելնելով տնտեսական, գիտական, մշակութային, կրոնական չափանիշներից:
Իսկ մեր կարծիքով, զարգացման, առաջադիմության եւ մարդկության հասարակական ընթացքի միակ գնահատականը կարող է հենվել բնական արժեքները պահպանելու վրա: Այսինքն վարչակարգի, քաղաքակրթության, հասարակական շարժման գնահատականը այնքան ավելի բարձր է, որքան որ բարձր են բնական արժեքները պահպանելու նրա ջանքերը: Բոլոր կայսրությունները, քաղաքակրթությունները եւ կրոնները կործանվեցին՝ բնական արժեքները պահպանելու սկզբունքից հրաժարվելու պատճառով: Եգիպտոսը, Հռոմը, Բյուզանդիան, Պարթեւների թագավորությունը, Արաբական խալիֆայությունը, Օսմանյան կայսրությունը, Խորհրդային Միությունը եւ ուրիշներ կործանվեցին, քանզի անբարոյական էին բնական արժեքների իմաստով: Եվ այդ անբարոյականության իմաստը կայանում էր նրանում, որ մարդկությունը չընդօրինակեց բնության ղեկավարման գլխավոր սկզբունքը, որը ազատությունը սահմանափակելու մեջ է: Բնությունը, օրինակ, սահմանափակել է ցածր ջերմաստիճանը 2730C, արագությունը՝ լույսի արագությամբ, սահմանափակել է  կենդանի կյանքի տեւողությունը, բազմանալու ընդունակությունը եւ այլն: Իսկ մենք, որ որոշել ենք շտկել բնության սխալները մեր ազատությունների վրա գրեթե ոչ մի սահմանափակում չենք դրել: Այստեղից էլ մենք դառնում ենք անղեկավարելի եւ կործանման ենթակա: Եթե մեզ հաջողվեր, օրինակ, Հայաստանի հասարակական կյանքից դուրս բերել համատարած անբնական ցուցամոլությունը, հարստամոլությունը եւ իշխանամոլությունը, ապա մեր երկրում կարող էր վերականգնվել հասարակական և անհատական շահերի միջեւ հավասարակշռությունը: Բայց ինչպե՞ս: Սահմանափակումների ճանապարհով, որը չի գա ոչ ազատ շուկայից եւ ոչ էլ ժողովրդավարությունից, որոնք տրվել են միայն ուժեղներին՝ թույլերն ճնշելու եւ ոչնչացնելու համար:

«Հայեր» («Հայ-Արիներ»-ի եռամսյա հավելված)

Թիվ 3, սեպտեմբեր, 2002թ.- www.hayary.org

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=138788593770133&id=100029169784366Անիշխանության (Անարխիզմ) ձեւակերպումները՝ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքում

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։