Սկիզբը՝թիվ 17-19-ում
http://www.hayary.org/wph/?p=4134 – Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ովքե՞ր են Հայաստանում ադամանդագործության տերերը – ադամանդի մշակումը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից…
http://www.hayary.org/wph/?p=4154 – Ցավոտ կետեր.- Շքեղության գործի անշուք վիճակը – Ադամանդի տեղափոխումը «դռնից դուռ» սկզբունքով է…
http://www.hayary.org/wph/?p=4174 – Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից…
Խոսելով աշխարհի ադամանդագործության բնագավառի անցյալից, ներկայի շարժերից ու ապագայի ծավալումներից, ոլորտի առանձնահատկությունից ելելով՝ նաեւ ռիսկերից ու վտանգներից, այս նյութում կներկայացնենք, թե որն է Հայաստանի ադամանդագործության զարգացման տեսլականը:
Հակիրճ՝ այդ տեսլականը սա է՝ մինչեւ 2020թ. Հայաստանը դարձնել ադամանդի մշակման եւ առեւտրի տարածաշրջանային կենտրոն, որը մասնագիտացած կլինի միջին եւ մեծ քարերի բարձրակարգ մշակման հատվածում: Համենայնդեպս, այսպես է պետության հաստատած համապատասխան ռազմավարությունում:
Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա բնագավառի ռազմավարության առաջնային խնդիրը ոլորտի մասշտաբայնացումն է, որը կարճաժամկետ հեռանկարում կիրականացվի օտարերկրյա նոր ընկերությունների ներգրավման շնորհիվ: Այն ենթադրում է օտարերկրյա ընկերությունների կողմից սեփական արտադրությունների հիմնում կամ պատվերների տրամադրում գործող ընկերություններին: Իսկ երկարաժամկետ հեռանկարում, արդեն ասացինք, նպատակը մեր երկիրը ոլորտում տարածաշրջանային կենտրոն դարձնելն է: Կենտրոն, որտեղ զգալի կշիռ կկազմեն տեղական կապիտալով վերամշակող եւ ադամանդի առեւտրով զբաղվող ընկերությունները:
Ադամանդագործության ոլորտում Հայաստանը պետք է դիրքավորվի որպես բարձրորակ տաշվածքի, վստահելի գործընկերության, ամենաարտոնյալ եւ կայուն կարգավորման ու հարկային դաշտ ունեցող երկիր: Դրա համար Հայաստանն ունի արժեքային առաջարկի տարրերը: Դրանք են՝ 1. որպես ադամանդի բարձրորակ մշակման կենտրոնի համբավն ու ավանդույթները, 2. ադամանդի մշակման առկա մեծ հզորությունները, 3. ռուսական հումքի հասանելիությունը եւ ԱՊՀ շրջանակում գործող ազատ առեւտրի գոտին, 4. ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտում միջազգային մասշտաբով գործող Սփյուռքի ներկայացուցիչները, 5. գլոբալ ընկերությունների ներկայությունը Հայաստանում, 6. օդային տրանսպորտի արդիականացված ենթակառուցվածքը, «Զվարթնոց» օդանավակայանին կից ազատ տնտեսական գոտու ստեղծումը, 7. լավ հարաբերությունները տարբեր կրոնական դավանանքով տարածաշրջանային երկրների հետ, 8. ոսկերչության ավանդույթները եւ զարգացման մեծ ներուժը:
Բնագավառի զարգացմանը նպաստող միտումներից մեկն այն է, որ Չինաստանում արտադրական ծախսերի շարունակվող աճ կա, որի արդյունքում նկատվում է գլոբալ ընկերությունների կողմից Չինաստան տրվող պատվերների՝ դեպի այլ երկրներ ուղղորդում: Նաեւ՝ զուգահեռաբար հայկական ոսկեգործության զարգացումը ապագայում հնարավոր է պահանջարկ ստեղծի տեղական արտադրության ադամանդների համար: Նկատի ունենանք, որ երկրի՝ որպես ադամանդի վերամշակման կենտրոնի համբավի ձեւավորումը կհեշտացնի ոչ միայն նոր ընկերությունների ներգրավումը, այլեւ՝ հայկական արտադրանքի վաճառքը:
Ըստ մեր էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ադամանդագործության ոլորտի զարգացումը ենթադրում է 2 հիմնական փուլեր: 1. Ադամանդի մշակման արտապատվիրման ծավալների աճ՝ ի հաշիվ նոր գլոբալ ընկերությունների ներգրավման: Սա ենթադրում է հետեւյալ քայլերը. ա) բանակցել առաջատար ընկերությունների հետ Հայաստանում ադամանդի վերամշակում իրականացնելու համար՝ թիրախելով բելգիական, իսրայելական եւ ռուսական ընկերություններ, բ) հիմնել մասնագիտացված ազատ տնտեսական գոտի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, գ) կազմակերպել ադամանդագործության եւ ոսկերչության բիզնես ֆորում թիրախ երկրներում եւ Հայաստանում, դ) կառավարական մակարդակով բանակցել Ռուսաստանի հետ հումքի ապահովման երկարաժամկետ պայմանավորվածություն ձեռք բերելու եւ ռուսական ադամանդի մշակումը Հայաստան արտապատվիրման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:
2. Տեղական ընկերությունների հզորացում եւ տարածաշրջանային առեւտրի կենտրոնի ձեւավորում, որն էլ ենթադրում է հետեւյալ քայլերը՝ ա) ադամանդի տարածաշրջանային առեւտրի կենտրոնի ստեղծում՝ անհրաժեշտ ենթակառույցներով մեկ վայրում («Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում), բ) մասնագիտացված վարկավորման մեխանիզմի ապահովում՝ ներգրավելով միջազգային բանկային հաստատություն (օրինակ՝ Անտվերպենի ադամանդի բանկը), գ) Հայաստանում ոսկերչության եւ ադամանդի տարածաշրջանային նշանակության ամենամյա ցուցահանդեսի կազմակերպում, դ) մասնակցություն հիմնական միջազգային ցուցահանդեսներին:
Այս ամենի համար, որպես նախնական նախաձեռնություններ, մինչեւ 2015թ. ձեռնարկվելու են հետեւյալ միջոցառումները: 1. Մատչելի հումքի ապահովում: Խոսքը ռուսական ադամանդի հումքի ձեռքբերման պայմանների (ներկայում Ռուսաստանից հումքի արտահանման վրա կիրառվում է 6.5%՝ արտահանման մաքսատուրք) բարելավման մասին է: Այսինքն՝ ռուսական ադամանդի հումքի՝ Հայաստան արտահանման ժամանակ (ներառյալ արտահանում վերամշակման համար ռեժիմով գործարքները) առավել արտոնյալ պայմանների կիրառման նպատակով բանակցություններ պետք է վարվեն հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում եւ ռուսական ադամանդի հումքի Հայաստան արտահանման արտոնյալ պայմանների կիրառման շուրջ համաձայնագիր ստորագրվի ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ (թե ինչ կփոխվի Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո՝ դեռ հստակ չէ): 2. Ադամանդագործական ընկերությունների ներգրավում: Խոսքը ադամանդագործության ոլորտում Սփյուռքի եւ գլոբալ ընկերությունների մասնաճյուղերի հիմնման/պատվերների ներգրավման մասին է: Հայաստանում ադամանդագործության ոլորտի գործարար համաժողով կանցկացվի եւ անհատական բանակցություններ կվարվեն ոլորտի ռուսական եւ այլ գլոբալ ընկերությունների հետ: Ի դեպ, Ռուսաստանի ադամանդի վերամշակող արդյունաբերության հասույթը գնահատվում է շուրջ 1.5-1.6 մլրդ ԱՄՆ դոլար, որն ըստ կանխատեսումների, կհասնի 1.8 մլրդ դոլարի 2015թ.: Ռուսաստանում վերամշակվող ադամանդի 1-2%-ի Հայաստան ներգրավումը կարող է ապահովել Հայաստանի ադամանդագործության ոլորտի շրջանառության 20-40% աճ:
3. Ներդրումների ֆինանսական աջակցություն: Խոսքն ընկերությունների ներդրումային ծրագրի երկարաժամկետ ֆինանսավորման սուբսիդավորման մասին է:
Ի դեպ, գնահատված են նաեւ արտահանման ծավալները՝ ըստ զարգացման սցենարների՝ առավելագույն աճ, չափավոր աճ եւ վատատեսական (սցենարների գնահատականներում հիմք են ընդունվել ադամանդի հումքի առաջարկի կանխատեսվող զարգացումները, որոնցով համապատասխանեցվել են աճի տեմպերը յուրաքանչյուր աճի սցենարում): Առավելագույն աճի սցենարի դեպքում որպես 2020թ. թիրախ է վերցվել վերջին 10 տարիների ընթացքում պատմական առավելագույն ցուցանիշը (2005թ.): Որպես միջանկյալ արդյունք, 2016թ. ակնկալվում է մինչճգնաժամային մակարդակի վերականգնում: Առավելագույն աճի դեպքում հետեւյալ պատկերն է՝ համաշխարհային տնտեսության վերականգնում եւ հումքի առաջարկի ընդլայնում, հայկական ադամանդագործների համար ռուսական հումքի մատչելիություն եւ համագործակցություն ռուսական ադամանդ վերամշակողների հետ, Հայաստան գլոբալ նոր ադամանդագործական ընկերությունների ներգրավում: Համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման եւ հումքի առաջարկում ոչ նշանակալի փոփոխության դեպքում կունենանք չափավոր աճ: Իսկ վատատեսական կլինի այն դեպքում, եթե համաշխարհային ճգնաժամի նոր ալիք սկսվի, ինչի հետեւանքով կնվազի պահանջարկը ոսկերչական իրերի սպառման հիմնական շուկաներում:
Եվ վերջում ամփոփելով հայկական ադամանդագործության զարգացմանը նվիրված մեր հոդվածաշարը՝ հատուկ շեշտվածությամբ ընդգենք, որոլորտի զարգացման համար մենք ունենք ամենակարեւորը՝ մասնագետը. հայ վարպետների աշխատանքը մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում: Որոշ հայկական ընկերություններում իրականցվել է ադամանդի ամենաբարձր որակի՝ «գերազանց» (excellent) կարգի մշակում:
Այս ամենի հետ միասին զարմանալի է այն, որ ունենալով բարձրորակ մասնագետներ, մեր շքեղության գործի վիճակն անշուք է: Պատճառները միայն օբյեկտիվ չեն (արտաքին գործոններ), կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ (ներքին գործոններ), որոնց անդրադարձանք հոդվածաշարում: Բայց չմոռանանք, որ աշխարհում ադամանդագործությունը մնում է այն ոլորտը, որտեղ մեծամասամբ գերիշխում են հայերն ու հրեաները (գլխավորապես՝ վերջինները) եւ այստեղ դեռ իշխում են բանավոր՝ «ազնիվ խոսք»-ի հիմամբ կնքվող գործարքները: Հրեաների պարագայում ամեն ինչ հստակ է՝ ոլորտում նրանք խթանում են միմյանց գործը աշխարհի տարբեր ծայրերից՝ փորձելով առաջնայնության թելն իրենց ձեռքում պահել, իսկ հայերի պարագայում դա չի գործում ոչ տնտեսական, ոչ էլ հայրենակցական առումներով (մասնակի դեպքերը ոլորտի պատկերը չեն փոխում):
Հիմա մեզ նոր մարտահրավերներ են սպասվում՝ պայմանավորված մեր երկրի ՄՄ եւ ԵՏՀ անդամակցությամբ: Այս առումով ապագան, համենայնդեպս, հաշվարկված չէ. մեր պետության քաղաքական ու տնտեսական ոլորտների գործիչների երկու՝ կողմ եւ դեմ տեսակետներն էլ համոզիչ չեն, քանզի առավելապես կրում են անձնական տարրեր: Թե ՌԴ–ն այսուհետ ինչքանով մեզ կմատակարարի հումքը կամ թե ինչքանով արտերկրի ընկերությունները կավելացնեն կամ կնվազեցնեն իրեն ցարտադրանքի՝ մեզ արտապատվիրման ծավալները, նույնպես պարզ չէ: Անորոշությունից էլ ծնվում է անշուք վիճակը: Բայց հուսով ենք՝ այն երկար չի տեւի, քանզի աշխարհն, այսպես թե այնպես, հակված է շքեղության, իսկ մենք էլ այդ շքեղությունը գերազանց մշակողներ ենք:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



