(3-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համատեղ նիստի քննարկումից…

Հատված՝ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից

«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության

Սկիզբը՝ թիվ 17-18-ում

http://www.hayary.org/wph/?p=4145 - (1-ին մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Ռուսաստան. թշնամի՞, թե՞բարեկամերկիր («Միջազգային առկա վիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին»)… 

http://www.hayary.org/wph/?p=4162 - (2-րդ մաս) – Խոսում են հայ արիականներն ու ազգայնականներըՀայաստան-Արեւմուտք. անդեմ եւ անբարո  «զարգանալու» հեռանկարը

ՀՀ-ի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի՝ Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ:

Միայն այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռին միանալը կամ համագործակցելը բավարար պայման չէ՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Միայն աշխարհի վերաձեւման գործընթացին մասնակցելը բավարար չէ՝ սեփական խնդիրների առաջադրմանն ու լուծմանը հասնելու համար:

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային խաղացո՛ղ՝ ո՛չ խաղի մասնակից, որ կառաջադրի վերաձեւման տարբերակներ կամ առաջարկված տարբերակներում կլինի որոշիչ գործոն (Կովկաս – Մերձավոր Արեւելք տարածաշրջանների միջեւ եղել է, կա ու պիտի շարունակի մնալ Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանը՝ իր ինքնուրույն եւ հայերի բնիկությամբ պայմանավորված գործոն լինելով):

Ուստի՝ պետք է հստակեցնել, որոշակիորեն նաեւ հրապարակել հայկական տեսանկյունը՝ համաշխարհային քաղաքականության ասպարեզում:

Արցախ.

Ներկայումս կարեւորագույնն Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարեւոր է մեր թշնամիների ու գերուժերի ծավալապաշտական նկրտումներում: Թշնամիների համար՝ հայության Բնա-պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», գերտերությունների համար՝ աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից:

Արցախյան խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարեր սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի՝ թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Հակառակն «ապացուցողը» թուրք է (կապ չունի՝ ներքին, թե արտաքին), որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաեւ հայհոյանք է… Մեզ համար թուրք է նաեւ որեւէ երրորդ պարտադրող կողմ:

Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան եւ այլն)) Ադրբեջանի կազմում: Որեւէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պիտի զրույցներ էլ մնան:

Արցախի խնդիրը համայն հայության հարցն է եւ այստեղ էլ հակառակը պնդողն ուղղակի ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու միտում ունի, ուստի նույնպես մեզ թշնամի է… 

Արցախը, ազատագրված եւ ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) միասնական տարածքը հայ ազգի Արարչական Բնօրրանն է եւ Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, եւ ոչ մեկ անհատի՝ առավել եւս ստոր դավաճանի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը եւ ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին…

Ուստի՝ այլեւս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պիտի լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն հայոց պատմությամբ) այս փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիներն իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ ամեն ինչ ավելի քան հստակ է:

Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, եւ մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը:

Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից (չնայած ծագում եւ հայրենիք ասվածներն արհեստածին են այս տեսակի մոտ) ու իր այլ «սրբություններից»՝ այլասերելով նաեւ՝ այլոց սրբությունները… Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծվելիք համատեղ հանձնաժողովներն էլ՝ անիմաստ՝ անպտուղ… լուծումը կտան Հայ Հայրենապաշտները՝ Ազգակրոնները: Իսկ առայժմ մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին (թեկուզ՝ հարաբերական) հիմնավորումներ տրամադրելն է եւ հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը…

– Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժեց Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի «կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի՝ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ՝ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը եւ այլ տարածքներ:

Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂ-ն (ԼՂՀ-ն, հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր արհեստական ու կարճ գոյության ընթացքում երբեւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել (այսօր միայն «ունեցավ» համաշխարհային իշխող չարիքի թողտվությամբ, այն էլ՝ Արցախի անկախացումից հետո…): «Խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է, որի առաջացման պահին էլ «ստեղծվել» է արհեստականորեն՝ 1918թ.: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատեւման, որին վաղուց է հասել, ու 1989թ. դեկտեմբերի 1-ին հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:

– 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որեւէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու եւ միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձում են բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո» եւ «դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ «իրական անկախ» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7 հզ. բնակչությամբ եւ 5 հզ. քառ. կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից եւ հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս (Հայաստանի խորհրդարանը եւս վերամիավորման որոշում ունի ընդունած): Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, շուրջ 108,6 հզ. մասնակիցներից 108,5 հզ.-ն վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կով.բյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:

– Իրավաբանական «ճեղքվածք» կա սույն հարցում եւս, Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» եւ իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նախ՝ վերստին նշենք, որ «Ադրբեջան» կոչվածը մասոնական-խորհրդային կարգերի ծնունդ է բացառապես, եւ այդ անցյալից հրաժարումը զրոյացնում է ներկայիս «Ադրբեջան» տարածքը… Իսկ նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կով.բյուրոյի տխրահռչակ որոշումը, եւ միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում:

Սրանով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաեւ արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաեւ՝ Նախիջեւանը), կամ գոնե իրենից իրավացիորեն ՙհեռացնում՚ է մեր բնա-պատմական տարածքները, նաեւ՝ Դաշտային Արցախը՝ Գանձակը, Ուտիքը:

Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին եւ միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռեւս…

Նախիջեւան.

Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ թնջուկը չէ, եւ մեզ առայժմ «պարտադրված» հարեւան պետության հետ լուծելու ենք նաեւ Նախիջեւանի խնդիրը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին: Խախտված են նաեւ այդ պայմանագրի Նախիջեւանին վերաբերվող կետերը: Իսկ Նախիջեւանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին, ընդամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ: Պատմականորեն Նախիջեւանի տարածքը Հայաստանին պատկանելն ապացուցելը որեւէ դժվարություն չի պարունակում, սակայն հայ բնակչության բացակայությունը ներկայումս այդ տարածքում դժվարացնում է հարցի ուղղակի բարձրացումն ու հաջորդիվ ծավալումը:

– Նախիջեւանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի (նաեւ՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում, եթե այդ հարաբերությունները ձեւականորեն չեն համարվում բարեկամական-ռազմավարական:

Չնայած Մոսկվայի պայմանագիրը (Հայաստանին վերաբերող հոդվածները) կնքվել է առանց հայերի մասնակցության, եւ ինքնին ապօրինի է ու մեզ համար անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ «շահեկան» հայերիս համար, եթե Ռուսաստանի Դաշնությունը հստակեցնի իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ վերջնականապես ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի Նախիջեւանի կարգավիճակի մասին հոդվածը.- «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջեւանի մարզը սույն պայմանագրի 1-ն (գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»: Սակայն, «համայնավարական եղբայրության» (ոչ մի բանով չտարբերվեց մասոնական եղբայրությունից) պայմաններում (որը երբեք եւ ոչ մի հարցում շահեկան չեղավ հայերիս համար), Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջեւանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետություն եւ մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ՝ որպես անքակտելի տարածք: Այս դեպքում՝ խախտվել է նույնիսկ անօրինական պայմանագիրը, եւ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքի մասին խոսելն անհեթեթ է:

– Նախիջեւանի այսօրվա տարածքը 1918թ. նոյեմբերի 30-ից՝ 1919թ. հուլիսի վերջերը, փաստացի եւ իրավաբանորեն եղել է Հայաստանի կազմի մեջ: Իսկ 1919թ. հուլիսից՝ 1920թ. դեկտեմբերի 2-ը, Շարուր-Նախիջեւանը իրավաբանորեն համարվել է ՀՀ տարածք, բայց փաստացի փոխնիփոխ գտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի, առանձին վայրերում (օրինակ՝ Գողթն) Հայաստանի վերահսկողության ներքո, մինչեւ 1921թ. ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրի կնքումը: Այս փաստերը եւս իրավաբանորեն հեռացնում են Նախիջեւանն Ադրբեջանից եւ թույլ տալիս անդրադառնալ մինչխորհրդային պատմական անցյալին, որից սկզբունքորեն հրաժարվել է Ադրբեջանը:

– 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին զուգընթաց՝ Ադրբեջանում հայերի ջարդերի-տեղահանությունների համապատկերում պիտի արծարծել նախիջեւանահայերի ցեղասպանության փաստը, որն իրականացվել է էթնիկ, հոգեւոր, ֆիզիկական բնաջնջման նպատակով, որի ընթացքում էլ Նախիջեւանը բռնակցվել է Ադրբեջանին: Հետագայում «սպիտակ» ցեղասպանության միջոցով ամբողջապես հայաթափվեց բնա-պատմական Հայաստանի այդ տարածքը: Կարծում ենք՝ տեղին կլինի նախիջեւանահայերի ցեղասպանության օր ճանաչել 1988թ նոյեմբերի 29-ը, երբ վերջին հայը պարտադրմամբ լքեց Նախիջեւանը, իսկ տեղի բնիկ հայերը զրկվեցին արցախահայերի օրինակով իրենց հայրենիքը պաշտպանելու բնական իրավունքից ու հնարավորությունից:

– Այս հարցի «աշխուժացման» խնդրում դերակատարություն կարող է ունենալ նաեւ Իրանը: Ժամանակին Պարսկաստանի Շահ Աբբաս l-ի (XVll դ. սկիզբ) իրագործած սխալի (պարտադրած գաղթի) հետեւանքով հիմնականում հայաթափվեց, եւ այդ տարածքը բնակեցվեց մահմեդական եկվորներով…

Տարածաշրջան.

ա/ Անդրկովկաս (Հարավային Կովկաս).

- Վրաստանի հետ պետք է հաստատել բարիդրացիական հարաբերություններ, սակայն, պետք չէ ցուցաբերել հատուկ վերաբերմունք: Ուժեղ եւ միասնական Վրաստանի առկայությունը շահեկան չէ Հայաստանի համար, մանավանդ՝ եթե այն հակաթուրքական ճակատում չէ: Իսկ Թբիլիսին վաղուց հայտարարել է իր՝ Անկարայի ու Բաքվի հետ եղբայրության մասին: Անդրկովկաս ասված տարածքում անհրաժեշտ է, որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որին «կփայփայեն» աշխարհի ուժեղները, եւ դա Հայաստանը պիտի լինի: Չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա Ջավախքի անջատման հարց, որը Թբիլիսին ամեն կերպ փորձելու է չեզոքացնել: Ջավախքի (Նինոծմինդա-Ախալքալաք-Ախլցխա (իրենց գյուղերով եւ հարակից տարածքներով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա. քան՝ Արցախինը, խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է:

Այս եւ այլ դրդապատճառներով անհրաժեշտ է բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի եւ Հարավային Օսեթիայի (Օսիայի) հետ (թեկուզ ՀՀ մարզերի մակարդակով), իսկ Վրաստանում պետք է ընդհանրապես աշխուժացնել վիրահայոց գործոնը: Վրաստանի հայկական համայնքը անհրաժեշտ է, որ լինի հզոր եւ ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջեւ առկա հիմնահարցերը հարթեցնելու, միջնորդ լինելու առումով: Վրաստանը այնքան ժամանակ չի լինելու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը (բացի մասնակի դեպքերից), մինչեւ չազատվի տարածքային բաժանումների (որն անխուսափելի է) հարկադրանքից, «ցայտնոտի» մեջ ապավինելու է այս կամ այն ուժին, որը տարաբնույթ վտանգներ է առաջացնելու տարածաշրջանում: Իսկ ներքին կյանքի կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաեւ՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի եւ Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական-քաղաքական քայլերից, այլեւ՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ եւ այլք) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անկախացման պարագայում պետք է լրջորեն քննարկել Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ հարցը: Անգամ ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանն է անջատման տրամադրված: Ուստի՝ Վրաստանը նաեւ կայուն հեռանկարով հարեւան չէ (ինչպես փորձում են հրամցնել), իսկ նշյալ բոլոր գործոնները այդ երկիրը մղում են այն ռազմաքաղաքական թեւը, որտեղ մեր հակառակորդներն են:

Չնայած այս ամենին, անհրաժեշտ է նպատակայնորեն զարգացնել տնտեսական, մշակութային ու այլ տիպի հարաբերությունները Վրաստանի հետ, եւ նույնիսկ փորձել կայուն տեղ ու ազդեցություն ունենալ «վրացական բազմաշերտ շուկայում»: Պետք չէ մոռանալ, որ այդ երկիրը նաեւ տարանցիկ ճանապարհ է Հայաստանի համար այս պահին:

- Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել պարբերաբար զինադադարի քաղաքականությամբ, քանի որ ցանկացած համագործակցություն ժամանակավոր եւ հարաբերական բնույթ է կրելու: Արցախի եւ Նախիջեւանի հարցերից բացի առկա է փոխադարձ խոր թշնամանք (հայերի ջարդեր, տեղահանություններ եւ այլն) ու էլի տարածքային խնդիրներ: Ադրբեջանի գոյությունը (ինչպեսեւ՝ Թուրքիայի) մշտապես վտանգ է ներկայացնելու մեր պետականության համար, ուստի հայ-ռուսական եւ հայ-իրանական, նաեւ՝ եռակողմ հարաբերություններում պետք է քննարկվեն Ադրբեջանի «եռատման» տարբերակները: Բնա-պատմական Հայաստանի տարածքներից բացի մյուս տարածքները որոշակիորեն կարելի է «զիջել» Ռուսաստանին եւ Իրանին՝ օգտագործելով կովկասյան (ՌԴ-ի պարագայում հատկապես Դաղստանի ազգությունների միջոցով) եւ արիական-իրանական ազգերի գործոնը: Ադրբեջանը ներսից պայթեցնելու ծրագիրը երկարաժամկետ է, սակայն իրականանալի: Հեռանկարային ռազմավարական ծրագրում չպիտի լինի նույնիսկ փոքրիկ Ադրբեջանի գոյության փաստը, որը կարող է հնարովի մեծ Ադրբեջանի պատրանքը պահել Հայաստանի ու Իրանի (երկու Ադրբեջաններ) անվտանգության ոլորտներում:Կասպիցծովյան պարագայում պիտի զարգացնել նաեւ առկա ադրբեջանա-թուրքմենական հակասությունը, եւ ռուս-ադրբեջանական ու ղազախա-ադրբեջանական հակասության հեռանկարը: Պետք է ըստ նպատակահարմարության արծարծվեն քրդերի (Կարմիր Քուրդիստան), լեզգինների (Լեզգիստան), թալիշների (Թալիշ-Մուղանյան հանրապետություն) եւ այլ ազգությունների (թաթեր, ավարներ եւ այլն) հետ առնչվող հիմնախնդիրները:

Անդրկովկասյան լուրջ եւ հաստատուն համագործակցություն երբեք չի եղել, առավել եւս չի էլ լինելու: Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համերաշխ կապը կեղծ է, «ուտոպիա» է, որը շահարկում են աշխարհի ներկայիս հզորները: Սակայն, չի բացառվում Հայաստանի եւ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներում արդեն գոյություն ունեցող ու ստեղծվելիք պետական տարաբնույթ կազմավորումների հետ համատեղ Կովկասյան Տան ստեղծումը, որի կազմում, մինչեւ Հայաստանի հետ միավորվելը, կարող են լինել նաեւ Արցախ, Ջավախք եւ Նախիջեւան անկախ հանրապետությունները:

բ/ Կովկաս (Հյուսիսային Կովկաս).

– Մեզ ներկայումս (հետո իրավիճակը կթելադրի) ձեռնտու է Կովկասի երկրների ու ազգերի հետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության կազմում՝ ամենալայն ինքնավարությամբ: Թերեւս բացառություն կարելի է անել միայն Հյուսիսային Օսեթիայի (Օսիա-Ալանիայի) հարցում:

Բայց մյուս երկրների ու ազգերի՝ անկախության ձգտման պարագայում, այնուամենայնիվ, Հայաստանը չպետք է մերժողական դիրք գրավի: Բնական ու ազատական ոչ մի պայքար չպիտի մերժվի Արարչածին Հայության կողմից:

- Օսերը-ալանները, ինչպես հայտնի է, արիական ծագում ունեն եւ դրանով ու հիմնախնդիրներով (նաեւ՝ տարածքային) մեզ շատ մոտ են ու Վրաստանի (Հարավային Օսեթիա՝ այսօր ինքնահռչակ անկախ պետություն) ու Ռուսաստանի Դաշնության «արանքում» կարող են մեզ հետ փոխշահավետ գործակցել: Միացյալ Օսիան (Ալանիան) անառիկ պարիսպ կլինի նաեւ «ծովից ծով» կովկասյան մահմեդական համադաշնության ճանապարհին (Դաղստան, Չեչնիա (Իչքերիա), Ինգուշիա - (Օսիա) - Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերքեզիա, Աբխազիա (այսօր ինքնահռչակ անկախ երկիր է)), որը կտրում է Կովկաս-Անդրկովկասը Ռուսաստանի Դաշնությունից եւ թուլացնում է նաեւ Հայաստանի ռազմա-քաղաքական դիրքերն ու աշխարհաքաղաքական նշանակությունը: Այս ծրագիրը առաջ են քաշել ծայրահեղ իսլամական (այդ թվում՝ արաբական աշխարհի) ահաբեկչական խմբավորումները:

Մնացած ինքնավար հանրապետությունների հետ (Ռուսաստանի Դաշնության կազմում) Հայաստանը պետք է վարի բազմաձեւ քաղաքականություն:

(Շարունակելի)

«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։