Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն… Մեր կարեւորագույն խնդիրը նախ ոլորտի քաղաքականությունում տանուլ չտալն է…

Սկիզբը՝ թիվ 22-23-ում

http://www.hayary.org/wph/?p=4251 – Ցավոտ կետեր – (2-րդ մաս) Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Տեսլականին հասնելու 6 հիմնական ուղղությունները… Հայաստանում պետք է զարկ տալ «գինու զբոսաշրջությանը»…

http://www.hayary.org/wph/?p=4236 – Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Կարեւոր է, որ մենք հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը…

Մեր այս հոդվածաշարում քննարկելով մի հարց, թե ինչ է պետք անել միջազգային շուկայում հայկական գինու ֆենոմենը ճիշտ օգտագործելու համար, ներկայացրել էինք այն հիմնական ուղղությունները, որոնք կձեռնարկի պետությունը մասնավորի հետ միասին: Համապատկերում, ինչպես նշել էինք, հետաքրքիր է անդրադառնալ այլ երկրների փորձին ու արտահանման առումով քաղաքականությանը եւ երբեմն նույնիսկ ոչ ազնիվ քաղաքականությանը (ինչին մենք հաստատ  դիմելու կարիք չենք ունենա, որովհետեւ ունենք հիմքը՝ գինու մշակույթը):

Տարբեր երկրներում գինու ոլորտում արտահանումը խթանող կառույցներ գոյություն ունեն: Ավստրալիայում, օրինակ, այն կոչվում է «Ավստրալիական գինիների արտահանում»: Ի դեպ, կառույցը պետական է: Խորհրդի 7 անդամներ նշանակվում էն  պետության կողմից, եւ եւս 8 անդամ նշանակում է ոլորտի ներկայացուցիչների կողմից ընտրված կոմիտեն: Խորհուրդը նշանակում է գործադիր տնօրենին: Կառույցի հիմնական գործառույթը արտահանվող գինու որակի վերահսկումն է, շուկայի վերլուծությունների իրականացումը, ավստրալիական գինու առաջխաղացումը աշխարհում: Նաեւ՝ արտահանվող գինու յուրաքանչյուր խմբաքանակ ստուգվում է եւ ստանում է արտահանման լիցենզիա, առանց որի չի թույլատրվում արտահանել:

Այս կառույցի ֆինանսավորումը նույնպես պետական է, եւ կառույցին կից գործում է ծրագիր, որը պարբերաբար դրամահավաք է կազմակերպում մասնավոր միջոցներից: Չիլիում գինու արտահանումը խթանող կառուցը, որ անկախ է, կոչվում է «Չիլիի գինիներ»: Ստեղծվել է ոլորտի արտադրողների նախաձեռնությամբ. արտադրողների 90%-ը ներկայացված է այս կառույցում: Կառույցի ընդհանուր բյուջեն տարեկան 6 մլն. ԱՄՆ դոլար է (Չիլիի գինու արտահանման 1%-ը): Բյուջեի  85%-ը ֆինանսավորվում է անդամների կողմից կատարվող վճարներով, 15%-ը տրամադրում է պետությունը՝ արտահանման զարգացման պետական գործակալության միջոցներից: Արգենտինայում «Արգենտինական գինիներ»-ը նույնպես անկախ կառույց է, որին անդամակցելու համար անհրաժեշտ է արտահանող լինել: Կառույցն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ՝ ոլորտի ընդհանուր  զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: Ֆինանսավորվում է անդամների կողմից կատարվող վճարներով, պարբերաբար ստանում է դրամաշնորհներ պետությունից: Դրամաշնորհների աղբյուրը  գինու արտահանման հարկն է: 2010թ. պետական օգնությունը կազմել է մոտ 3.5 մլն. դոլար: Իսկ «Հարավ-աֆրիկյան գինիներ»-ը անկախ, շահույթ չհետապնդող կառույց է, որին անդամակցում են բոլոր գինու արտադրող- արտահանողները: Պետության կողմից ճանաչվում է որպես գինու արտահանման խորհուրդ եւ համագործակցում է պետական գինիների եւ սպիրտային խմիչքների խորհրդի հետ: Արտահանվող գինու յուրաքանչյուր խմբաքանակ ստուգվում է արտահանման խորհրդի կողմից եւ ստանում լիցենզիա, առանց որի չի թույլատրվում արտահանել: Կառույցը ֆինանսավորվում է պետության կողմից (գինու արտահանման հարկ): Արդեն նախորդիվ ասել ենք, որ Հայաստանն էլ ուզում է ստեղծել «Հայաստանի գինիներ. միությունը: Թե սա ինչ գործառույթներով կաշխատի եւ նպատակներին հասնելու ինչ քայլեր կորդեգրի, կխոսենք ժամանակին:

Այս ամենով հանդերձ՝ կա ամենակարեւոր խնդիրը, առանց որի լուծման մենք ոչ մի հաջողություն էլ չենք ունենա գինու արտահանման ոլորտում: Խոսքս գինու շուկայում քաղաքականությունը ճիշտ տանելու, ավելի ճիշտ՝ տանուլ չտալու մասին է: Մանավանդ, որ երբեմն խաղացողները անազնիվ են լինում: Նախորդ տարի մենք տանուլ տվեցինք երբ խոհարարական մշակույթում պարտություն ունեցանք, ու երբ հարիսան  ճանաչվեց թուրքական խոհանոցի բաղադրատարր: Հիմա էլ հերթը գինունն է, երբ այն սպառնում է վրացական մշակույթի մաս ճանաչվել: Սա նշանակում է, որ մենք պարզապես լավ չենք նախապատրաստվում: Եվ մեր ձախողումների արդարացուցիչ հանգամանք համարել մեղմ ասած անազնիվ հարեւաններին ու դրանով սահմանափակվել, անկեղծ ասած՝ գրագետ չէ: Պիտի մեկընդմիշտ հաշվի առնել, որ մենք հարուստ ենք կեղծարար դրկիցներով, ուստի քաղաքականություն պիտի մշակել նաեւ այս հանգամանքը հաշվի առած: Քաղաքականություն, որ նշանակում է պատմություն,  մշակույթ եւ, ի վերջո, տնտեսություն, որ հաջողելու դեպքում գալու է շատ բան ճանաչեցնել տալու:

Հանրահայտ շատ գիտնականներ իրենց հիմնարար հետազոտություններում ապացուցել են, որ Հայաստանն է խաղողի բնօրրանն ու գինու ծիսական կենտրոնը, որ Հայկական լեռնաշխարհից է խաղողագործությունն ու գինեգործությունը տարածվել, ու եթե այս ամենը մենք չենք կարողնաում ներկայացնել, ուրեմն վատ ենք աշխատում մենք, այլ ոչ թե դրկիցները, որ անհավանական արագությամբ  յուրացնում են ուրիշինը:

Բանն այն է, որ 2013թ. հունվարի 4-ին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը ցուցադրել է մի ռեպորտաժ, որտեղ հայկական գինեկարասը համարել է վրացական մշակույթի երեւույթ (տվյալը «Լուսանցք» շաբաթաթերթինն է, թիվ 7 (270), մարտի 1-7, 2013թ.)՝ նշելով, թե Վրաստանն է կարասի հայրենիքը, Վրաստանն է կավե անոթներում գինի պահելու մշակույթի վայրը եւ կարասի գործնական կիրառումն արդեն Վրաստանի բացառիկ իրավունքն է, եւ որ այս ամենը գիտական ապացուցման կարիք չունի: Այդ ռեպորտաժում նաեւ նշվել է, որ գինեկարասը, որպես ապրանքային առեւտրանիշ, պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում, ուստի մեծ անոթը պատկերելը կամ անունը կիրառելը ոչ մի ընկերություն, առանց վրացական կողմի թույլտվության, չի կարող անել: Այս ամենն ասում են ու օրինակ են բերում Կախեթիան եւ այստեղից հայտնաբերված կարասի կտորները:

Ինչեւէ, «Լուսանցք»-ը ավանդույթ ունի ի դեմս հայկական կողմի, մասնագետների փոխարեն, պատասխանել  դրկիցների այս ու այն ոլորտում ոտնձգություններին (սկսած էներգետիկայից եւ վերջացրած մշակույթով), հերթական անգամ էլ կհստակեցնենք, թե վրացական կողմը՝ գինեկարասների յուրացման փորձի հարցով ինչու «գիտական ապացուցման կարիք չունի»:

Որովհետեւ եթե գիտական ապացույցներ ներկայացնի, բոլորովին այլ պատկեր դուրս կգա. 1. այն՝ որ ինչպես նշանավոր ծագումնաբան ու բուսաբույծ Ն. Վավիլովն է գրել, ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել, եւ գինու, օղու եւ գարեջրի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում՝ արդեն Մերձավոր արեւելքի հնագիտական տվյալների համաձայն, 2. այն՝ որ ինչպես ցույց է տալիս լեզվաբանական քննությունը, կարաս բառը հայերենից է անցել վրացերենին (կասրի) եւ ռուսերենին (êà­ðàñü (նույնիսկ ռուսական արմատական բառարաններում կարաս-ի գրագրությունը փոխված չէ)), 3. այն՝ որ նույնիսկ ոչ հայկական պատմական աղբյուրները հուշում են, որ Վիրքը միշտ կամ Մեծ Հայքի կազմում է եղել, կամ Հայոց ազդեցության դաշտում, ու Կախեթիան բացառություն չէ, եւ որ այս տարածքից հայտնաբերված ամեն ինչ հայկական է, եւ մարդաբանական նմուշներն էլ արմենոիդ են, 4. այն՝ որ Հայկական լեռնաշխարհից Հին Եգիպտոս, Բաբելոն եւ այլ երկրներ գինի, մեղր, գարեջուր, պանիր արտահանվել է կարասներով…

Մի խոսքով, փաստերը շատ են ու գիտականորեն էլ ապացուցված: Մեզ մնում է այս ամենը բարձրաձայնել (հուսով ենք՝ «Հայաստանի գինիներ»-ը նկատի կունենա մեր դիտարկումները)՝ ճիշտ օգտագործելու համար այն ֆենոմենը, որ, ինչպես Հայ գինեգործների միության ղեկավարն է ասում, Հայկական լեռնաշխարհն է համարվել գինու ծիսական կենտրոնը:

Եվ վերջում՝ ՀՀ-ում հայտնաբերված աշխարհում ամենահին գինու հնձանը, որ հայտնաբերվեց Արենիում, հայտնաբերողները միայն հայեր չէին, այլեւ՝ իռլանդացի ու ԱՄՆ-ից:

Սա՝ ի գիտություն:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։