Սկիզբը՝ թիվ 27-28-ում
http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…
http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկացը»…
Չինագետ Լ.Բորովկովան իր գրքի (Ցարստվո զապադնովո կրայա) նախաբանում գրում է. «Մ.թ.ա. III դ. վերջերից մինչեւ մ.թ I դ Կենտրոնական Ասիայի համար եղել է մեծ պատմական ժամանակաշրջան: Դա եղել է քոչվորների հզոր թագավորության՝ Սյուննու կազմավորման եւ ծաղկման ժամանակը, որը տարածված էր Մոնղոլիայի արեւելքից մինչեւ Միջին Ասիա, իսկ հետո (206 մ.թ.ա.- մ.թ. 25) նրա կործանման եւ փլուզման ժամանակաշրջանը՝ չինական Խան կայսրության հետ պայքարում»:
Հեղինակը, արտահայտելով կարծիքը, գրում է. «Այն ժամանակվա չափանիշներով տարածաշրջանի այս ժողովուրդը, որն ունեցել է 700 տարվա պատմություն, թվում է, թե հենց այնպես հեշտ ու հանգիստ, հետք չթողնելով, իջավ պատմության բեմից սկսած մ.թ. Vդ կեսերից: Այս անկման իրադարձությունը պատմության համար մնում է հանելուկ, որը սպասում է իր ուսումնասիրողին»:
Չինացի պալատական պատմաբան Սիմա Ցյունը «Պատմություն Սյուննուների մասին» աշխատությունում շարադրել է «սյուննու» ժողովրդի պատմությունը սկսած մ.թ.ա I-II, որտեղից կանենք մի մեջբերում. «Արդեն հարյուր տարի է, ինչ գոյություն ունի Սյուննու պետությունը, որի մեջ են մտել Խանից հյուսիս եւ հյուսիս-արեւելք գտնվող նվաճված ժողովուրդները: Խանում այդ ժամանակ իշխող ժողովրդի՝ սյունների անվանումը դարձավ հյուսիսային ժողովուրդների հին չինական ընդհանուր «խուսցի» անվան հոմանիշը»: Ինքը՝ պատմաբանը, երեբեմն «խուսցիի» փոխարեն գրում էր «սյուններ», իսկ «խուսցի» բառը չինարեն նշանակում է հյուսիսացի:
Սյուննու անվանումը կարդալիս մտովի տեղափոխվում ես Սյունյաց երկիր, հիշում հայ իշխաններ Սյունիներին եւ «սյուններ» բառի մեջ գտնում հայերեն «սյուն» արմատը: Իսկ երբ տեղեկանում ես, որ այժմյան Չինաստանում կա Ցիցիքար (Ցիցիկար,- ռուս.) անունով քաղաք, ապա Սյունիքում ես գտնում նրա զուգահեռը՝ «Ցից քարեր» անվամբ, ինչպես տեղացի ժողովուրդը եւս մի տարբերակով անվանել է Քարահունջ հուշարձանը:
Երբ Ս.Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» գրքում կարդում ենք. «Մամիկն ու Կոնակը ապստամբում են իրենց տեր եւ հովանավոր Ճենաց թագավորի դեմ…», ապա այստեղ ակամա մտաբերում ենք Մամիկոնյաններին: Պատմության այս հանելուկը, որտեղ միահյուսվում են Չինաստանի եւ Հայաստանի տեղանունները, եւս ուսումնասիրության կարիք ունի:
Քուշանաց թագավորությունը չինական աղբյուրներում կոչվել է ուշի թագավորություն: Հարց է ծագում՝ ովքե՞ր են քուշանները, որտեղի՞ց են, ի՞նչ է նշանակում քուշ/կուշ/գուշ բառը եւ ո՞ր լեզվով կարելի է այն բացատրել: Մենք կփորձենք գտնել այս հարցերի պատասխանը:
Հ. Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքից տեղեկանում ենք, որ շումերերեն «KuŠ» սեպանշանի ընթերցման տարբերակներից մեկը՝ «su11» բառը նշանակում է «ցեղ, տոհմ, սերունդ»: «KuŠ» սեպանշանի հիմնական ընթերցումներն են ԽuŠki=Կուշ, Քուշ երկիր կամ Suki=Սու երկիր: Ըստ շումերաաքադական ժամանակաժշրջանի աշխարհագրության՝ Su-birki4 է անվանվել Միջագետքից հյուսիս ընկած երկիրը: Սպեր անվանումը համահունչ է Շուբարտու երկրի շումերական Su-birki ici անվանման հետ:
Հեղինակը Ճորոխ-եհոն գետանունը կապում է Սպեր=Su-birki4 երկրի հետ եւ համարում է, որ Su-birki4=Suki=ԽuŠki:
Շումերեն Քուշ/Կուշ բառից անցնենք հայերեն «ղուշ» (բրբ.) բառին, որը ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում նշանակում է թռչուն: Տարբեր բարբառներում «ղուշ»-ը կարող է հնչել ղուշ/ղոշ/խոշ/կուշ/գուշ/քուշ ձեւով ու նաեւ, որպես թռչնի տեսակ, կարող է նշանակել աղավնի, անգղ, արծիվ եւն:
Բերենք մի քանի օրինակ.
– Ղոշուն Դաշ (Քարահունջ հուշարձանի անվանումներից մեկը).
– Ղուշչի (այժմ Թասիկ) գյուղ Սիսիսանի շրջանում.
– Հոռոմոսի վանք, Ղոշավանք իր «Ղոշեք» գմբեթավոր զույգ աշտարակներով.
– «Կուշչի» (մինչեւ 1936) Արմավիր.
– Ղուշչի անունով հայաբնակ գյուղ Վրաստանում.
– Խոշաբ, հայկական Անգղ-ետ Վանա լճի ավազանում:
Քանի որ «քուշ» բառը կապ ունի Մեծ Հայքի Սպեր գավառի հետ, ապա պարզենք, թե ինչ է նշանակում սպեր բառը: Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «սպեր» բառ չկա, բայց կա «սիպ-ալեհեր», որը նշանակում է ճերմակ մազերով, իսկ «սիպ-սպիտակ»՝ բոլորովին սպիտակ, շատ սպիտակ:
Մեր կարծիքով՝ Սպեր անվանումը առաջացել է «սիպ» բառից: Սիպը անգղն է, Հայաստանում հանդիպող անգղների 4 տեսակներից մեկը. սպիտակագլուխ սիպ (gups fulvus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն (ՀՍՀ. 1):
Սպեր բառը սիպ բառի հոգնակի ձեւն է, որտեղ «սպերը» ունի նույն իմաստը, ինչ Ղոշավանքի «Ղոշեքը», այսինքն՝ «զույգ» իմաստով, «զույգ անգղներ-սպեր»:
Այսպիսով՝ շումերերեն Su-bin4 ki=Suki=ԽuŠki =Շուբարտու=Սպեր երկիր=Քուշ երկիր: Քանի որ Սպեր երկիրը (Անգեղատունը) նույնական է Քուշ երկրի հետ (Աղավնատան) հետ, որը նույն Քուշանաց երկիրն է, ապա պարզ է, որ քուշանները եղել են մեր ցեղակիցները:
Սպեր Երկիր=Քուշ երկիր=Ոգու երկիր=Արեւի երկիր=Հնդկաստան անվանումները նույնական են:
Հիշեցնենք, որ Ֆուլկանելին (,,Գոտիչեսկիե սոբորի,,) անդրադառնալով «արգո» կոչվող լեզվին, գրում է. «…ժարգոն բառը նշանակում է որեւէ խմբակցության լեզու (յուրահատուկ բառերով եւ արտահայտություններով) կամ ծածկալեզու: Այդ ծածկալեզուն՝ արգոն, մնում է փոքրամասնության լեզու, որը չի ենթարկվում որեւէ լեզվի քերականական օրենքներին, մարդկանց հարաբերություններին եւ վարվելակարգին: Այս լեզվով խոսողները կոչվում էին հաղորդակցվողներ (,,Պոսվյաշչյոննիե,,,- ռուս.) կամ Արեւի Որդիներ»:
«Արգոն»՝ թռչունների լեզվի մի տարատեսակն է, փիլիսոփաների եւ Հաղորդակցվողների լեզուն է: Հիսուսը «արգոյի» օգնությամբ էր առաքյալներին հաղորդում իր գիտելիքները: Այս լեզուն գաղտնիքներ է պարունակում եւ բացահայտում է ամենախոր ճշմարտությունները:
Հնում ինկերը այն անվանում էին պալատական լեզու, որովհետեւ այն եղել է քրմերի լեզուն, որի միջոցով հաղորդվում էին երկակի գիտելիքներ, ինչը սրբազանության եւ խեղաթյուրվածության բանալին էր:
Միջին դարերում «արգոն» անվանում էին Կենդանի գիտելիք, Աստվածային լեզու, տաճարի Պատգամախոս (Մարգարե):
Պատմությունը համոզում է մեզ, որ մարդիկ խոսել են այս լեզվով մինչեւ բաբելոնյան աշտարակի կառուցումը, որից հետո նրանցից շատերը մոռացան այս լեզուն»:
Հայոց լեզվի բացատրական բառարանում թռչնագիր բառը նշանակում է՝ 1. Զարդագիր, որ իր տեսքով նման է թռչունի: 2. Այդպիսի գրերով գրված: Թռչնագիր մատյան: 3. Թռչնային ծածկագիր, ծտի: Այսպես խոսեցավ Զենոբ լակը թռչնագիր լեզվով (գրքերից):
Զենոբ Գլակը եղել է IV-դարի պատմիչ, ով իր աշխատությունում նկարագրել է Տարոնի քրմապետ Արձանի, նրա որդի Դեմետրի համառ կռիվները Գրիգոր Ա Լուսավորչի (իրականում՝ ճիշտ հակառակը,-խմբ.) ու նրան սատարող ուժերի դեմ:
ՈՒրեմն, կարելի է ենթադրել, որ մ.թ IVդ էլ դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», իսկ քրիստոնեության հաստատումից հետո աստիճանաբար մոռացության է մատնվել: Ըստ բազմաթիվ էզոտերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է: Իսկ մեզ՝ հայերիս համար, որ համարվում ենք արեւածին ժողովուրդ, թռչնի գաղափարը մեծ դեր է խաղացել մեր հոգեւոր կյանքում:
Առաջին հերթին նշենք, որ Անգղ-Արեւ Աստծո անունով է կոչվել Մեծ Հայքի Անգեղ-Տուն գավառը եւ նախարարությունը: Անգեղի անունով տեղանուններ կային Սյունիք նահանգում (Անգղի, Անգեղակոթ, Անգեղաձոր), Վանա լճի ափին: Անգեղ-Տունը հեթանոս հայերի նվիրական վայրերից էր, Տորք դյուցազնի գլխավոր տաճարատեղը, որտեղից էլ՝ «Տորք Անգեղեայ» անվանումը:
Սյունիքի ժայռապատկերներում հայտնաբերված անգղի գլուխը, Քարահունջ աստղադիտարանի արծվի գլխով քարը, Պորտասարի անգղի գլխով եւ այլ սիմվոլներով քարե կոթողը, մարդ-թռչուն արձանիկները, Մասիս լեռան բնակերտ արծիվը վկայում են թռչնի բացառիկ դերի մասին:
Հայերենում հավ բառը, բացի իր բուն իմաստից, նշանակում է նախահայր, նախնի: Հայոց ձորը կոչվում է նաեւ Հավու ձոր:
Հավահմա բառը նշանակում է թռչունների թռիչքից, ձայնից գուշակություններ անող, հավագետ: Հավթռուկ նշանակում է բազեներ՝ աղավնիներ թռցնելը առնահանդեսների ժամանակ, զանազան մրցությունների ժամանակ:
Հետաքրքիր է, որ Պերուի Կուսկո դեպարտամենտի հնդկացիները, որպեսզի չմոռանան իրենց նախնիների ավանդույթները, ամեն տարի օգոստոսին անցկացնում են Անգղի (Կոնդորի) տոնը, որտեղ գլխավոր դերակատարը անգղն է, Անդերի արքան:
Հ. Մարտրիոսյանը sumeru= շումերերեն բառի իմաստը պարզաբանելիս, եկել է այն եզրակացության, որ շումերերեն լեզու նշանակում է ազնվականների լեզու, ինչը նույն ՙարգոն՚ է կամ թռչնալեզուն:
Հնդկական «Ռամայանա» պոեմի սկզբում կա զրույց այն մասին, թե ինչպես է ստեղծվել պոեմը. «Մեկ անգամ իմաստուն Վալմիկին անտառում տեսնում է Քրաունչի (Կրաունչա,- ռուս.) ուրախ թռչկոտվող ձկնկուլների զույգին: Հանկարծ ինչ-որ որսորդ նետ է արձակում եւ սպանում արուին, մարին սկսում է դառնորեն ողբալ ամուսնու մահը: Վալմիկը այդ ժամանակ անիծում է որսորդին եւ այդ անեծքը դուրս է գալիս նրա շրթունքներից երկտող ոտանավորի տեսքով (շլոկայով) եւ այդ պատահական հայտնագործած բանաստեղծական չափով Բրահմա աստծո հրամանով ստեղծվում է Ռամայի սխրագործությունների մասին պոեմը»:
«Ռամայանան» հաղորդում է, որ պոեմի առաջին կատարողները եղել են Ռամայի որդիները՝ Կուշի եւ Լավայի արքայորդիները: Մեզ թվում է՝ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են՝ Կռաունչ (Քարահունջ, Քարունջ), Կուշ (ղուշ) եւ Լավ հայերեն բառերը պատահական չեն հայտնվել հնդկական պոեմում, այլ վկայում են այն մասին, որ հնդիկները օգտվել են ինչ-որ հայկական աղբյուրից, որը հարազատ են համարում իրենց համար: Հետագայում պոեմը վերամշակվել է, սակայն հայկական հետքը մնացել է:
Բլավատսկայան գրում է. «Սանսկրիտը չի եղել ատլանտների լեզուն եւ բազմաթիվ փիլիսոփայական տերմիններ, որոնք օգտագործվում են Հնդկաստանի պատմության համակարգում, չեն հանդիպում բնագրերում, հանդիպում են միայն նրանց համարժեքները»:
Ուրեմն՝ «Ռամայանայում» հնդիկները, չունենալով վերը բերված հայերեն բառերի համարժեքները, այդ բառերը թողել են պոեմում բնագրի տեսքով: Մի մեջբերում եւս Հ. Մարտիրոսյանի «Հայկական նշանագրերի ուղին պալեոլիթից մինչեւ միջնադար (Ծին նշանագիր)» գրքից.
«Պղպղուն գլուխն է քար
Ինքն ի Հնդկաց աշխարհն կայր… …:
Հեղինակը այս երկտողը մեկնաբանում է այսպես. «Հավանական է, որ առաջին տողը բառախաղ է, հիմնված «պղպղ» (պալպալքար) եւ «պղպղու» (թռչուն) համանուն բառերի վրա: Ցանկացած դեպքում պարզ է, որ Պղպղուն թռչունը կապ ունի ինչ-որ քարի հետ, որն ամենայն հավանականությամբ պիտի լինի պղպղքար: Ըստ եգիպտական պատկերացումների, Bnw թռչունը (Bnw=bnbnw=bnbn=Արմավահավ= Փյունիկ) Եգիպտոս է գալիս Արեւելքից»: Վերը բերված նկարագրության մեջ եւս Պղպղու թռչունը Հայաստանից Արեւելք է (Հնդկաց աշխարհ)՚:
Այստեղ Հնդկաց աշխարհը հեղինակի համար տարաշխարհիկ է, որը չի համընկնում մեր տեսակետին:
Կարդալով առաջին տողը՝ «Պղպղուն գլուխն է քար» ուզում ենք ընթերցողին տեղափոխել Սյունիք՝ Քարահունջ աստղադիտարան, որտեղ 1994թ. Աշնանային գիշերհավասարի օրը պրոֆեսոր Պարիս Հերունու չափումների ժամանակ արեւը ճիշտ կեսօրին հայտնվեց N-63 քարի գագաթին (որն ի դեպ նման է խոյի, բայց գլուխ չունի), այդ պահին «գլուխ ստացավ»:
Ինչպես հայտնի է՝ Արեւը հարություն է առնում Կենդանակերպի առաջին տանը՝ Խոյի տանը: Մենք համարում ենք« որ այդ «պղպղուն» (փայլուն) քարը Քարահունջի N-63 քարն է՝ Արեւ որդու քարն է: Երկրորդ գլխում գրված է՝ այդ քարը «Ի Հնդկաց աշխարհն կայր…»:
Գուցե այստեղ կարող ենք ասել, որ խոսքը Սյունյաց աշխարհի մասին է (մասնավորապես Քարահունջ հուշարձանի մասին), որովհետեւ բերված երկտողը ասես գրված է այստեղ պահպանված քարերը նկատի ունենալով: Երկրորդ քարը, որը վերաբերում է «պղպղու թռչնին», N-66 քարն է՝ արծվի գլխով: Ինչպես հայտնի է՝ Արծիվը, Անգղը արեւի խորհրդանիշներից մեկն է, ու քանի որ եգիպտերեն «bnbn» բառը նշանակում է «ճառագայթել, փայլել», ապա N-63 եւ N-66 քարերը համապատասխանում են երկտողի քարին եւ թռչունին:
Շարունակելի
Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան
«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում