Հավասարակշռող դեր՝ ՄՄ-ԵՄ փոխհարաբերություններում… Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ու ասիական համագործակցության մի նոր առանցք – Այսօր չկա՛ տնտեսություն, կա՛ բացառապես քաղաքատնտեսություն…

Գործադիրը դեռ հունիսին քննարկել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ընթացքը: Սա այն պահին էր տեղի ունենում, երբ ռուսական որոշ լրատվամիջոցները նորից թմբկահարում էին, թե Ադրբեջանը կարեւոր գործընկեր է եւ պետք է Ռուսաստանին: Այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան ու Արցախի մասին հայտարարությունները Ադրբեջանին ՄՄ-ին անդամակցելու հրավերի փորձ էր, ինչը ցուցադրաբար չի մերժում Բաքուն (նաեւ Անկարան), բայց դա համաթուրքական խաղացանկում բացի Արցախի խնդրից, ներառում է նաեւ Հայաստանին տարածաշրջանային ենթակառուցվածքներին անդամակցելուց եւ նորերին էլ մասնակցելուց դուրս թողնելու հարցը:

http://www.hayary.org/wph/?p=4361 – Տարածաշրջանային շահեր, որ աշխարհաքաղաքական են – Առկա հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող – տարանցիկ երկիր…

http://www.hayary.org/wph/?p=4345 – Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

Այս հարցերում Բաքվին ու Անկարային Եվրասիական միության ստեղծման ճանապարհին աջակցում է մեկ այլ թյուրքական պետություն՝ Ղազախստանը, որը եւս համաթուրքական դաշինքի անդամ է: Աստանան հակահայ գործունեությամբ աչքի է ընկնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական հարցերում: Վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անգամ հայտարարեց, թե՝ «Համաթուրքական դաշինքը մեկ ազգի դաշինք է, որն ապրում է 6 պետություններում (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան)՝ ընդհանուր ավելի քան 200 մլն. բնակչությամբ»: Նաեւ հասկացնել է տվել, որ այդ միությունն առաջնային է համարվում բոլոր այն միություններից, որոնց մեջ մտել է Ղազախստանը:

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, ներկայացնելով Եվրասիական միության եւ Մաքսային միության թեմաները: Նշել է, որ Եվրասիական կամ Եվրոպական միություններին անդամակցումները միայն տնտեսական խնդիրներ չեն ներառում, ինչպես փորձում են պնդել մեր շատ պետական այրեր: 

Իսկ հայ արիները լուրջ կասկածներ ունեն, որ ԱՊՀ ՀԱՊԿ-ն կպաշտպանի Հայաստանին՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության (նաեւ տնտեսական առաջնահերթությունների) դեպքում, քանի որ այդ կառույցի մի մասը համաթուրքական դաշինքի անդամ է նաեւ: Մինչեւ Ղազախստանի նախագահի նոր բացահայտումները, ըստ ամենայնի այս իրողությունն արդեն գիտակցելով, ռուսական ծավալապաշության սոխակ Վլադիմիր Ժիրինովսկին երգել էր, թե Ուկրաինայի մասնատումից եւ Ղրիմի վերամիավորումից հետո՝ հաջորդը Ղազախստանը պիտի լինի, որը հսկայական տարածքներ է ստացել ԽՍՀՄ-ի ժամանակ… Իմիջիայլոց, ոչ ուղղակի, բայց այս իմաստով արտահայտվել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հասկացնելով, որ շատ ազգեր, որ իրականում ազգեր չեն, ստեղծել են պետություններ, որոնք չեն եղել երբեք…

Բայց քանի որ քաղաքատնտեսական խաղն ավարտված չէ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցի ժամանակ Բաքվում Արցախի հարցով ակնարկել էր, թե Երեւանը նախկինում էլ ասել է, որ «ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, նույնը տեղի կունենա նաեւ Եվրասիական տնտեսական միության դեպքում»։ Իսկ այն մասին, որ թյուրքական դաշինքն ամեն քայլի գնում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային տնտեսական ծրագրերից, ոչինչ չի ասվել: Անգամ ՄՄ մտնելուն պատրաստ Հայաստանը Վլադիմիր Պուտինի առաջարկած «ճանապարհային քարտեզից» պետք է օգտվի, քանի որ ինչպես Ադրբեջանը, որն իբր հավակնում է դառնալ ՄՄ անդամ, այնպես էլ այդ միությունից հրաժարված Վրաստանը չեն համաձայնվում «ցամաքային ճանապարհներ» տրամադրել:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվեց հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը նշեցին, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարեւոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը: Այդ ժամանակ քննարկվեցին հայկական երկաթուղու ներկայիս վիճակը, զարգացման հեռանկարները, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել էր հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, ընդհանուր առմամբ անդրադարձել էր նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը, խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Ռուսական կողմը խոստանում էր, որ Վրաստանի կողմից խոչընդոտներ չեն ստեղծվի: Եվ այդ առումով նախագահ Սարգսյանը ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման եւ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետեւողական կատարման գործում մեծապես կարեւորել էր անձամբ Յակունինի դերը՝ ընդգծելով, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը: Սակայն, բացի քաղաքական խնդիրներից, կան նաեւ այլ խնդիրներ:

«Հյուսիս-հարավ» 500 կմ-ոց ավտոմայրուղու շինարարության համար տրամադրված 954 մլն դոլարը ծախսված է, աշխատանքները դադարեցված՝ կառուցվել է նախատեսվածի ընդամենը 25 կմ-ոց հատվածը,- «Epress.am»-ի հետ զրույցում ասել էր Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով՝ ավտոմայրուղու շինարարությունը 2009թ. փոխարեն մեկնարկել է 2012-ին եւ պետք է ավարտվեր 2016-ին, սակայն պարզվել է, որ ՀՀ կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցները ծախսված են։

Վերջերս «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրականացման խնդիրները ներկայացվել են շահագրգիռ կողմերին: Չինաստանում մեր դեսպան Արմեն Սարգսյանը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում օգոստոսին մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Հանձնաժողովի լիագումար նիստում ելույթում ՀՀ դեսպանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները տնտեսության արդիականացման, երկրի մրցունակության բարձրացման եւ գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործընթացում: Նա խոսել է աղքատության դեմ պայքարի, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման եւ ռազմավարական նշանակության «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրականացման խնդիրների մասին: Նստաշրջանի շրջանակներում հայ դեսպանի եւ ՄԱԿ-ի լխավոր քարտուղարի տեղակալ, UNESCAP-ի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարի միջեւ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության ակտիվացման ու մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Չնայած ադրբեջանական հակահայ ջանքերին, Հայաստանը պահպանում է իր կարեւորությունը Վրաստանի եւ Իրանի համար: ՀՀ նախագահը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում խոսել էր տարբեր ուղղություններով հայ-վրացական տնտեսական համագործակցության զարգացման կարեւորության մասին՝ ընդգծելով, հատկապես, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտները: Վրացական պաշտոնական շրջանակների կողմից հնչած արձագանքները նույնպես լավատեսական են եղել: Սա տրամաբանական է, քանի որ վերոնշյալ ոլորտներում մեր երկրի հետ համագործակցությունը ենթադրում է նաեւ վրաց-իրանական տնտեսական կայուն փոխգործակցության երաշխիքներ ու Հայաստանի միջոցով ՄՄ երկրների շուկա դուրս գալու անհամեմատ լայն հնարավորություններ:

Համագործակցելով Հայաստանի հետ, Վրաստանը կարողանում է հնարավորություն ստանալ որոշակիորեն պահպանելու հավասարակշռությունը ԵՄ-ի եւ ՄՄ-ի հետ փոխհարաբերություններում, հայկական կողմի միջոցով վերածվում է իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետության:

Սա նաեւ ակնկալում է արծարծել քաղաքական հարցեր, ուստի մենք պետք է շահագրգռվենք ու շահագրգռենք հարեւան երկրներին: ԵՄ եւ ՄՄ միջեւ հավասարակշռության պահպանման խնդիրը արդիական է դարձել հատկապես այն պահից, երբ հունիսի 27-ին Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն ստորագրվեց: Վրացական իշխանությունների համար նույնպես հրատապ է դարձել այս խնդիրը, քանի որ Վրաստանի՝ ԵՄ երկրների հետ փոխհարաբերությունների խորացման աննախադեպ հնարավորություններ են առաջ եկել, որից զգալի չափով կարող է տուժել ՄՄ հետ փոխգործակցության զարգացման քաղաքականությունը: Դրանից խուսափել, այդ բացը փակել հնարավոր է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության առանցքի շնորհիվ, որի բաղկացուցիչ մաս են կազմում միասնական երկաթուղային ցանցի եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրերը:

Վրոհիշյալ հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը գրեթե չի տարբերվում իրանական իշխանությունների քաղաքականությունից: Փորձ է արվում տարբեր ուղղություններով զարգացնել իրենց տնտեսական հարաբերություններն ինչպես ԵՄ, այնպես էլ ՄՄ անդամ երկրների հետ՝ Հայաստանը դիտարկելով որպես արտաքին շուկա դուրս բերող կարեւոր առանցք: Օգոստոսին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ու ԻԻՀ դեսպանի հանդիպմանը քննարկվել են ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային մակարդակի համագործակցության խնդիրներ, ընդգծվել է Հայաստանի երկաթուղային ցանցի՝ իրանական ցանցին միանալու եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրերի կարեւորությունն ու արագ իրականացման անհրաժեշտությունը:

Նման ծրագրերն են պատճառը, որ Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար ինչ-ինչ հին ու նոր ծրագրեր են առաջ քաշում՝ ներառելով Վրաստանին: Իսկ Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների հեռանկարները վաղուց չեն պարունակում տարածաշրջանային լայն համագործակցության շեշտադրումներ: Դրա ապացույցն է ԻԻՀ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի Բաքու կատարած պաշտոնական այցը, որն իրանական կողմը այնքան էլ ոգեւորությամբ չմեկնաբանեց, չնայած ադրբեջանական կողմի գործադրած ջանքերին (նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «երկու երկրների համագործակցության ներուժը թույլ է տալիս նրանց դառնալ տարածաշրջանային դաշնակիցներ», ինչը իրանական կողմին որեւէ վստահություն չի ներշնչել): Իրանում հասկանում են, որ Ադրբեջանը կարող է զգալի չափով սահմանափակել իրենց՝ ՄՄ անդամ երկրների հետ հարաբերությունները, բայց դրա փոխարեն, Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական շղթան կարող է կյանքի կոչել ԵՄ եւ ՄՄ հետ համագործակցության համաչափ զարգացման տրամաբանությունը: Իմիջայլոց, նման զարգացումները պետք է ձեռնտու լինեն նաեւ Եվրոպային ու Ռուսաստանին, հատկապես ուկրաինական ճգնաժամի պայմաններում, առավել եւս՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում:

Վրաստանի վարչապետ Իրակլի արիբաշվիլին կարծիք է հայտնել, որ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը կգործի 2 տարուց, ինչը վրացական մամուլին ստիպել է ահազանգել, թե դա կարող է հանգեցնել արտագաղթի տեմպերի աճին: Չնայած Վրաստանի վարչապետը նշել է, որ չի պատկերացնում, թե «ինչու երիտասարդ տաղանդավոր մարդը պետք է մեկնի արտերկիր, եթե նա հեռանկար ունի իրեն սպառելու հայրենիքում», այնուամենայնիվ ներքին մտավախություն կա Վրաստանում: Այնպես որ, Հայաստանի եւ Իրանի հետ համագործակցությունը նաեւ Վրաստանին է խիստ անհրաժեշտ:

Ռուսական կառավարությունն էլ տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկն այլեւս պատրաստ է: Դա քննարկվել է նաեւ Սոչիում՝ ՀՀ եւ ՌԴ նախագահիների հանդիպման ընթացքում: «Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրությունում:

Այսպես՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ ՄՄ եւ ԵՄ առանցքային խաղացողներ, ինչը թույլ կտա իրանական հումքա-վառելիքային մատակարարումներն ուղղել Եվրոպա: Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ու ասիական համագործակցության մի նոր վստահելի առանցք, ինչը քննարկվել է Բանգկոկում ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի վերոնշյալ տարեկան նստաշրջանում:

Առավել եւս, որ այդպես են սկսել մտածել նաեւ Եվրոպայում: ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս ասել է, որ ԵՄ-ի համար եկել է Եվրասիական միության հետ պաշտոնական կապերի հաստատման ու ԵՄ եւ ՄՄ միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու ժամանակը: «Մեզ հետեւողական քաղաքականություն է անհրաժեշտ Ռուսաստանի նկատմամբ: Եկել է «Ազատ տնտեսական գոտի՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ» եւ նման կարգախոսների հետեւում չթաքնվելու ժամանակը…»:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։