Հնդկական Աստվածներ
Սկիզբը՝ թիվ 9-ում
http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
- http://www.hayary.org/wph/?p=4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
Ի դեպ, տեսակետ կա, որ հայկական ՎԱՀԱԳՆ-ի պես հնդիկներն իրենց ուժի եւ զորքերի Աստծուն անվանում են ԱԳՆԻ, բայց միայն Երկրի վրա՝ շփոթություն առաջացնելու նպատակով: Հնդարիականությունից մշտապես օգտվող ռուսներն էլ ունեն ԱԳՈՆՅ (ԿՐԱԿ) անունը: Միայն հնդկական անվանափոխությունները չեն, որ վաղուց շփոթ են ստեղծել Աստվածների «սեփականացման» հարցում: Տեսակետ կա նաեւ, որ Վահագն անունն առաջացել է սանսկրիտ (իսկ այս հնագույն լեզուն միայն հայերեն է կարդացվում) «վահ» (բերող) կամ «վհա» (բոց, աստղ) եւ «ագնի» (կրակ) բառերից, հետո են սկսել նույնացնել հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններին։ Փորձեր են արվել նաեւ՝ Վահագնի անունը «առաջացնել» հին հնդեվրոպական «Բահագին» (Աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վե»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Դա արել են, քանի որ Վահագնը անձնավորել է դիցաբանական հար եւ նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով: Եվ հետեւություն է արվում, թե վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անվան։ Նշվում է, թե Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի եւ սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը…
Սակայն, մեզ համար ակնհայտ է, որ այս բոլորը Հայ Աստվածների ՀԱՅԿԱԿԱՆ լինելը կասկածի տակ առնելու համար է արվում, ինչն այլեւս ապագա չունի: Հայ Աստվածների անունների նկատմամբ ոտնձգություններ արել են նաեւ հույները, պարսիկները եւ այլք, անգամ արհեստածին ազգերը, որ հայերից հետո տասնյակ հազարավոր տարիներ հետո են ինքնաստեղծվել… Ի դեպ, հնդկական Թաջ Մահալ դամբարանն այնպիսի բառակազմություն ունի, որի խորհուրդը՝ Թաջ (մեծ, բարձր) – ՄԱՀ (ոգի)- Ա(Ը)Ր (ուխտ), նույնանում է ՄԻՀՐ խորհրդին: ՄԻՀՐ (ՄՀԵՐ) – Ոգու Ուխտի, Հոգեւոր Ուխտի, Դաշինքի Խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ (ոգի) բառով եւ ԱՐ (ուխտ) արմատով՝ ՄԱՀ-ԱՐ՝ ՄԻՀ-ԸՐ՝ ՄԸՀ-ԷՐ: Արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր Աստվածային Համակարգում Աստվածների թիվը տարբեր է, որին որոշակի անդրադարձել եմ: Հայ Աստվածները 8-ն են, ունեն իրենց հստակ գործառույթները, որոնցով էլ պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունն ու Առաքելությունը: Այսպես է բոլոր Աստվածների դեպքում: Մյուս 6 Աստվածային համակարգերի Աստվածների անուններին կամ թվաքանակին անդրադառնալը շատ դժվար կլինի, քանզի, ինչպես վերը նշեցի՝ անունների ճշմարտության հարցում ունեմ խիստ կասկածներ, ինչը նաեւ կասկածի տակ է առնում Նրանց թիվը նշելու հանգամանքը: Կանդրադառնամ մասնակի, հնարավորինս ամբողջացնելով այս կամ այն Աստվածային Համակարգի մասին պատկերացումը:
Հետաքրքրիր է, որ Հնդկական Աստվածներն ունեն բազում ձեռքեր, ոտքեր եւ մարմնի այլ մասեր: Տեսակետ կա, որ Նրանք այդկերպ հավասարակշռություն են պահպանում Երկրի վրա: Հաճախ այդ Աստվածները պատկերվում են բազում ձեռքերով, հատկապես չար ուժերի դեմ պայքարում: Դա նաեւ անհավանական ուժ է նշանակում եւ շատ գործեր միաժամանակ կատարելու ունակություն: Բայց կա նաեւ իմաստասիրական խնդիր՝ օրինակ՝ Շիվա Աստծո մի զույգ ձեռքը խորհրդանշում է հավասարակշռություն կյանքի եւ մահվան միջեւ, մյուս զույգը՝ պայքար բարու եւ չարի միջեւ, երրորդը՝ առարկայական (օբյեկտիվ) ու ենթակայական (սուբյեկտի) ճշմարտությունները, չորրորդը՝ աշխարհի ստեղծումն ու կործանումը: Շիվան ճակատին ունի նաեւ երրորդ աչք, որ խորհրդանշում է աստվածային իմաստություն, ներկան, անցյալն ու ապագան միաժամանակ տեսնելու ունակություն կամ Երկնքում, Երկրի վրա եւ դրա տակ տեղի ունեցող իրադարձությունները հսկելու կարողություն: Իսկ երեք գլուխները նրա բնավորության տարբեր կողմերն են. աստվածայնություն, անընկճելիություն ու հավիտենականություն:
Տեսակետ կա, որ Նարայանա Աստվածը նույնիսկ 1000 գլուխ ունի:
Հին հնդկական վեդաները կարեւոր գրքեր են, որ մնացել են հին արիական ժամանակներից եւ ցայսօր ուսումնասիրությունների առարկա են: «Վեդա»-ն սանսկրիտ բառ է, որը նշանակում է «գիտելիք»: Հնդկաստանում նշում են, որ վեդաները հին հնդկական սուրբ տեքստեր են կամ «աստվածային գիտելիքներ», որոնք ներառում են. 1. սամհիտները՝ սրբազան հիմները, 2. բրահմանները՝ ծեսերի բացատրությունը, ուպանիշադները, 3. սուտրա-ձեռնարկները սուրբ լեզվի եւ ծեսի հետ քրմական դպրոցների աշխատանքի համար եւ այլն: Այդ տեքստերը հազարամյակների ընթացքում փոխանցվել են բանավոր խոսքի միջոցով, իսկ այնուհետեւ՝ արդեն մեր թվարկությունում, սկսել են գրի առնվել: Վեդաների հին լինելն ապացուցվում է նրանով, որ դրանք գրված են սանսկրիտի այնքան հին ձեւով, որ նման այլ աշխատություն գրականության մեջ չկա: Միայն ամենագիտուն պանդիթ-բրահմինները կարող են վեդաները բնագրով կարդալ: Վեդաների տեքստերը վերջնականորեն մշակվել եւ կազմվել են մ.թ.ա. 14-րդ դարում: Այդ գրքերը հսկայական նշանակություն ունեն. նախ՝ նրանք տանում են մեզ դեպի հին արիական հավատի ակունքները, երկրորդ՝ տալիս են Հնդկաստանը հասկանալու բանալին, եւ երրորդ՝ տալիս են էզոթերիկ հայեցակարգի եւ բոլոր արիական հավատների հիմնական գաղափարների ըմբռնումը: Այստեղ են ներառված հնդիկների գիտելիքները աստվածների, մարդո, զոհաբերության եւ այլնի մասին, որոնցով Երկրային Աշխարհը միանում է Աստվածայինի հետ: Վեդաներում արտացոլված են մարդու պատկերացումները շրջապատող աշխարհի, տիեզերքի, արարողակարգի, սոցիալական կառուցվածքի, էթիկական արժեքների, բարոյականության եւ շատ այլ բաների մասին:
Կա վեդաների 4 հիմնական գիրք՝ Ռիգվեդա, Սամավեդա, Յաջուրվեդա եւ Ատհարվավեդա: Ռիգվեդան, այսինքն՝ հիմների վեդան, հնդարիական աստվածներին նվիրված հիմների ամենահին ժողովածուն է եւ բաղկացած է 1028 հիմնից, որոնք փառաբանում են հնդարիական աստվածների սխրանքները եւ բարեգործությունները: Ռիգվեդայում խոսվում է 330 մլն. աստվածությունների մասին: Սամավեդան երգերի վեդան է, Յաջուրվեդան՝ զոհաբերության ծեսի բանաձեւերի վեդան, Ատհարվավեդան՝ մոգական հմայախոսությունների վեդան: Այն հենց սկզբից կապված է եղել կրակի պաշտամունքի քրմերի հետ, որոնք մոգության գիտակներ էին: Նրանք տնային ծեսի հիմքն են դրել, որը մինչ օրս հինդուիզմում կարեւոր տեղ է գրավում:
Վեդան անսահմանության երաժշտությունն է, որը հնչում է հավերժ: Հին իմաստուններն այն լսում էին եւ փոխանցում իրենց սերունդներին որպես թանկարժեք ժառանգություն:
Հինդուիզմ
Աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչեւ վեդայական քաղաքակրթությունը։ Ի տարբերություն այլ կրոնների, հինդուիզմը հիմնադրված չի եղել ոչ մեկի կողմից։ Հինդուիզմում բացակայում է ընդհանուր հայեցակարգը եւ հավատամքի ընդհանուր կարգը։ Հինդուիզմը ներկայացնում է իրենից տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի ու հավատամքների ընտանիք, որոնք հիմնված են մոնոթեիզմի, պոլիթեիզմի, պանթեիզմի, մոնիզմի եւ նույնիսկ աթեիզմի վրա։ Աշխարհի ամենամեծ հինդուիստական տաճարներից մեկի գլխավոր գոփուրամը Արունաչալեշվարայի տաճարն է՝ Տիրուվաննամալայում: Հինդուիզմը կրոն է, որը ստեղծված է եղել Հնդկական ենթամայրցամաքում։ Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտով հնչում է որպես սանաթան-դհարմա, ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ», կամ «հավերժ օրենք»։
- Մանու (սանսկրիտ. բառացի՝ «մարդ»), հինդուիզմի տեսության համաձայն, առաջին մարդը, մարդկության նախահոր անունը։
Մանուն միակ մարդն էր, ով Վիշնու դիցի շնորհիվ փրկվեց համաշխարհային ջրհեղեղից (տես՝ Մաթսյա)։ Մանուն հայտնի էր իր բարեպաշտությամբ եւ իմաստությամբ։ Սվայամբհուվու Մանուին համարում են հինդուականության համար հիմնարար նշանակություն ունեցող մի գրքերի հեղինակ՝ «Մանու-սմրիտի» («Մանվադհարմաշաստրա»), «Մանավա-գրիհյասուտրա» եւ «Մանավա-շուլբասուտրա»։ Սրանցից առաջինը հինդուականության հոգեւոր կանոնների կարեւորագույն հավաքածուն է։
Տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ն անդրադարձել է «Մանուի օրենքներ»-ին եւ «Մեծ Ջրհեղեղ»-ի առասպելամեկնությանը (որը մասամբ վերահրատարակվել է «Լուսանցք»-ում):
Մանուի ծագումնաբանությունը
Ըստ Շվետա-վարահի-կալպարի տեսության, գոյություն ունեն 14 Մանուներ, որոնցից ամեն մեկը կառավարում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում մանվանտարա (այսինքն՝ «մանուի դար»)։ 14 մանվանտարաները կազմում են մեկ կալպա, կամ այլ կերպ՝ տիեզերքի արարիչ Բրահմայի մեկ օր։ «Պուրաններ»-ի համաձայն, այժմ մենք ապրում ենք 7-րդ մանվատարա Շրադդհադեւա (Վայվասվատա) Մանուի օրոք։
«Պուրաններ»-ում Մանու Վայվասվատը ունի հետեւյալ տոհմածառը. 1. Բրահմա (արարիչ): 2. Մարիչի - Բրահմայի արարած 10 Պրաջապատիներից մեկը: 3. Կաշյապա – Մարիչիի եւ Կակայի (ժամանակի) որդի, որ եւ համարվում է մարդկության հայրը: 4. Վիվասվան կամ Սուրյա - Կաշյապայի եւ Ադիտիի որդի: 5. Վայվասվատ մանու, ի սկզբանե Սատյավրատա – Վայվասվատի եւ Սամգյայի որդի: 6. Իկշվակու, Նաբհա, Նարիշյանտա, Կարուշա, Պրիշադհրա, Դհրիշտա, Շարյատի, Պրամշու եւ Նաբհանեդիշտա – Վայվասվատ Մանուի 9-ը որդիները եւ Իկա դուստրը։
Ստուգաբանությամբ Մանու (բառացիորեն՝ մարդ) անունը ունի զուգահեռներ այլ արիա-հնդեվրոպական լեզուներում եւ դիցաբանություններում։ Այն կազմված է նույն «մարդ» նշանակող արմատից, ինչ իրանական Յիման, իռլանդական (այրինշներ – հայարիական ճյուղ) Մանաննանը եւ հայկական Մանուկ (բառացիորեն՝ «փոքր մարդ») բառը։
Անտասկարանան (Antaxkarana; սանսկր.՝ անտար – ներքին, կարանա – զգացողության օրգան), «ներքին զգայական օրգան») սանսկրիտերեն եզրույթ է՝ կիրառված հնդկական փիլիսոփայության Սանքհյա եւ Վեդանտա (հատկապես Ադվաիտա Վեդանտա) համակարգերում, որը տարբեր իմաստ ու նշանակություն ունի տարբեր դպրոցներում։ Շանկարան թարգմանում է իբրեւ «հասկացում», այլոք՝ իբրեւ «ներքին գործիք, հոգի՝ կազմված մտածական սկզբունքից եւ էգոիզմից»։
Վեդանտայի մեջ անտահկարանա («ներքին գործիք») եզրով նշանակում է բանականությունն ամբողջությամբ, որն ընկած է «Ես»-ի (Աթմա) եւ նրա ներքին գործիքի՝ մարմնի միջեւ։ Անտահկարանան բաղկացած է 4 ստորաբաժանումներից… Դպրոցներից մեծ մասի մոտ առկա են միայն 3 օրգանները՝ ահամկարա, մանաս, բուդդհի/մահաթ, իսկ չորրորդ՝ չիտտա օրգանն (antahkarana catustaya) առաջադրում է Վեդանտան։ Ընդ որում՝ վերջինս որոշ տեքստերի համաձայն, միմյանց է միավորում նախորդ 3 օրգանները։ Այսու՝ անտահկարանան բաղկացած է հետեւյալ 4 ստորաբաժանումներից՝ 1. Ահամկարա (Ahamkara, Էգո-ն) – «Ես-ի զգացողությունը», «կեղծ Էգո-ն»։ Այն, ինչը նույնականացնում է ինչպես անհատական եւ տվյալ անձնավորությանը պատկանող գաղափարները, այդպես եւ բանականության մեջ ծագող բոլոր մտքերն ու գաղափարները, այդ թվում եւ սեփական «անձնականությունը»։ 2. Բուդդհի կամ մահաթ (Բանականություն)` այն, ինչը գնահատում է գաղափարները, մտքերն ու այն փաստերի բովանդակությունը, որոնք դրանք բովանդակում են։ 3. Մանաս (Միտք) – այն, ինչը համեմատում/համադրում ու դասակարգում է առարկաների գաղափարներն ու պատկերները բանականության մեջ. Այն, ինչը մտածում է նրանց մասին։ 4. Չիտտա (Հիշողություն) – բանականության այն մասը, որը ներսուզված է արտաքին աշխարհի մեջ, այն կուտակում եւ պահպանում է մտային պատկերներն ու փաստերը։ Կոչվում է նաեւ ստորակարգ բանականություն։
Թաքնագիտության (գաղտնագիտության) մեջ անտահկարանան Ուղին է, կամ Կամուրջը՝ վերին ու ներքին բանականությունների միջեւ, որն այդ երկուսի հաղորդակցության միջոցն է։ Արեւելյան փիլիսոփայության եւ Յոգայի մեջ դա բանականությունն է, որը կառավարում է ֆիզիկական մարմինը։
Օկկուլտիզմի մեջ անտահկարանան ստորին ու վերին մանասների, ինչպես նաեւ՝ մարդու աստվածային Էգո-ի ու անձնական հոգու միջեւ եղած կածանն է, կամ կամուրջը։
Անտահկարանան հաճախ հանդես է գալիս նաեւ իբրեւ անհատականության սկզբունք:
Շարունակելի
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում