«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Ռուսական գազն է գլխներիս փորձանք դառնում… Մեր վայ գործարարները միլիոններ գտնում են կազինոներ ու եկեղեցիներ սարքելու համար, բայց ո՛չ՝ տնտեսության զարգացման համար…

- http://www.hayary.org/wph/?p=4946«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել –  ուժեզ եւ թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները… Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում…

- http://www.hayary.org/wph/?p=4933«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

«Նաիրիտ» գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ ՀԲ-ի (վերջինիս ֆինանսավորմամբ է արված ուսումնասիրությունը) վերջնական հաշվետվությունը երբ ուսումնասիրեցի, տեսա, որ իրենք գործարանի հետագա շահագործումը աննպատակահարմար են համարում այն պատճառով, որ արտադրանքի համար մեծապես անհրաժեշտ գազի գինն է շատ բարձր, հետեւաբար՝ արտադրանքը գնային առումով անմրցունակ է: Հավելած՝ գազի գինը մեզանից կախված չէ եւ, ըստ այդմ, ռիսկերն են մեծանում:

Բայց ՀԲ-ն գործարանի գործունեության երեք տարբերակներ քննարկելով՝ տվել է նաեւ «Նաիրիտ»-ի ուժեղ կողմերը: Դա այն է, ինչին ազատական տնտեսահարաբերություններում մեծ ուշադրություն են դարձնում եւ զգալի գումարներ ծախսում այդ ուղղությամբ: Իսկ մենք դեռ խորհրդային հոգեբանությամբ այդ գործոնն այդչափ, այնուամենայնիվ, չենք կարեւորում: Խոսքն արտադրանքի համաշխարհային ճանաչման եւ բարի համբավի մասին է:  

Ինչեւէ, շարունակենք հոդվածաշարը: Արդեն ասել ենք, որ «Նաիրիտ»-ի գործունեության վերսկսման երեք տարբերակներ են քննարկվում՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն  ացետիլենային եղանակով, նույն եղանակով՝ 24 հազար տոննայի արտադրություն եւ տարեկան 2 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն  բութադիենային եղանակով: Վերլուծության մեջ նշվում են յուրաքանչյուր տարբերակի ուժեղ եւ թույլ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները: Ացետիլենային եղանակով տարեկան 12  հազար տոննա պոլիքլորոպրենային  կաուչուկի արտադրության կազմակերպման խնդիրներից եւ հնարավորություններից մենք խոսել ենք: Նույն եղանակով 24 հազար տոննայի տարբերակը չենք քննարկի, քանզի սկզբունքները նույնն են: Կանդրադառնանք երրորդ տարբերակին՝ բութադիենային եղանակով 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության հնարավորությանը (բոլոր գնահատականները ՀԲ-ին են):

Այսպիսով, այս՝ բութադիենային եղանակով կաուչուկի արտադրության տարբերակի ուժեղ կողմը ամենացածր արտադրական  ծախսն է, որն առավելագույնի է հասցնում «Նաիրիտ»-ի՝ պոլիքլորոպրենային կաուչուկի այլ արտադրողների հետ մրցելու ունակությունը: Մեկ այլ ուժեղ կողմ է տեղական աղաջուրը: Ինչպես նշվում է, թեեւ տեղական աղաջրի առաջարկի որակն այնպիսին է, որ այն լրացուցիչ մաքրման կարիք կունենա, որպեսզի մեմբրանային քլոր-ալկալիական նոր արտադրամասի համար պիտանի լինի, միեւնույն ժամանակ այն չափազանց ծախսատար չէ, եւ արդյունքում հանգեցնում է աղաջրային հումքի ավելի էժան գնի, քան մրցակիցների դեպքում, որոնք պետք է շուկայից գնեն արեւային կամ գոշորշու աղ՝ քլոր-ալկալիական բլոկի աշխատանքի համար:

Բացի այս՝ կաուչուկի արտադրության բութադիենային եղանակը ացետիլենային եղանակով արտադրության 2 տարբերակների համեմատ (12 հազար եւ 24 հազար տոննայի տարբերակները) ավելի պարզ եւ պակաս վտանգավոր արտադրության եղանակ են:

Բութադիենային եղանակով արտադրության մեկ այլ ուժեղ կողմ էլ կա. ասբեստային նյութերի հեռացում չի պահանջվում (այսինքն՝ մեմբրանային քլոր-ալկալիական նոր բլոկ): Նաեւ՝ պակաս  չափով է ենթարկվում բնական գազի գների ռիսկին, քան ացետիլենային եղանակով արտադրության 2 տարբերակներից ցանկացածը: Գումարած այս ամենին՝ ենթակա չէ 3-րդ կողմի լիցենզատուի ռիսկին (այսինքն՝ ացետիլենի արտադրության կարիք չկա):

Հավելենք մյուս ուժեղ կողմերը: Չկա սինթեզ գազի օգտագործման համապատասխան տարբերակ գտնելու անհրաժեշտություն: Սկզբնական քլորոպրենային արտադրամասի (բութադիենից) շինարարության համար օգտագործված էկզոտիկ նյութերը ավելի մեծ վստահություն են ներշնչում շահագործման օգտակար ժամկետը դեռ չլրացած սարքավորումների հանդեպ եւ, հետեւաբար, կարող են վերաօգտագործվել: Նաեւ՝ ավելի քիչ քլորացված թափոնային կողմնակի արգասիքներ կան, որոնց հետեւանքով գործունեությունը շրջակա միջավայրի համար ավելի դրական է դառնում: Ու չկա օդի անջատման նոր բլոկի անհրաժեշտություն:

Բութադիենային եղանակով արտադրությունը թույլ կողմեր էլ ունի: Առաջինն այն է, որ ենթակա է բութադիենի մատակարարման լոգիստիկ խնդիրների ռիսկին, քանի որ Հայաստանում բութադիենի արտադրություն չկա: Հետեւաբար, բութադիենի ներմուծումների զգալի մասը (եթե ոչ ամբողջը) պարտադիր պետք է Հայաստան հասնի երրորդ երկրի նավահանգստով՝ երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցությամբ: Առավել հավանական է, որ կատարվի Փոթիի կամ Բաթումիի վրացական նավահանգիստներով: Ներկայումս նշված նավահանգիստներից ոչ մեկն էլ չունի ներմուծման համար բավարար հարմարություններ: Բացի այս՝ պահանջվում է  երկաթգծի ենթակառուցվածքի ներդրում հարթակում՝ բութադիենին երկաթուղային փոխադրումն ընդունելու համար, երբ երրորդ երկրի նավահանգստից (այսինքն՝ Բաթումի կամ Փոթի) փոխբեռնումից հետո այն տեղ հասնի:

Թույլ կողմերից մեկն էլ այն է, որ ավելի մեծ կապիտալ ներդրում է պահանջվում, քան ացետիլենային եղանակով տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության տարբերակի համար:

Բութադիենային եղանակով կաւոչուկի արտադրության ռիսկերի մասով էլ նշենք, որ գործընթացը կախված է բութադիենի մատակարարման երթուղու կայունությունից եւ գներից (օրինակ՝ քաղաքական կայունություն եւ բարի կամք Վրաստանում. այսպես է նշված ուսումնասիրությունում): Թեեւ այս տարբերակը շահում է մասշտաբի ավելի մեծ արդյունքից՝ ացետիլենային եղանակով տարեկան 12 տոննայի տարբերակի համեմատ, այն իր հերթին ենթակա է համաշխարհային շուկաների ռիսկին եւ, որպես այդպիսին, պոլիքլորոպրենային կաուչուկի նկատմամբ միջազգային պահանջարկի տատանումը այս տարբերակին ավելի է սպառնում:

Ինչ վերաբերում է հնարավորություններին: Նշվում է, որ, օրինակ, Իրանից (Թավրիզ) բութադիենի հրապարակ առաքման հնարավորությունից օգտվելը կարող է կենսունակ լինել եւ տալ Եվրոպայից կամ այլ վայրերից բութադիենի մատակարարման լոգիստիկ դժվարություններով երթուղին տարատեսակացնելու հնարավորություն:

Այս եւ նախորդիվ նշված տարբերակները ու դրանցում արծարծված ուժեղ ու թույլ կողմերը հիշյալ ուսումնասիրությունից են: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, թե վերջնական որոշում է: Վերջնականը կկայացնի մեր գործադիրը: Բայց հստակ մի բան կա. ռազմավարական նշանակության օբյեկտները, ինչպիսին այս պարագայում «Նաիրիտն» է, դժվար է դիտարկել բացառապես տնտեսական ենթատեքստերում: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ եթե այդ կարգի օբյեկտների քաղաքական կողմն ավելի ուժեղ է, ապա տնտեսական բոլոր՝ թեկուզ մեծածավալ ծախսերն արդարացվում են: Օրինակները բազմաթիվ են, եւ իմ հրապարակումներում դրանք մեկ անգամ չէ, որ մեջբերվել են:

Օրինակ, հայտնի «Նաբուկո» նախագիծը, որն ի սկզբանե տնտեսապես արդյունավետ չէր, բայց դրա կառուցումը շահագրգիռ կողմերի համար անհրաժեշտություն էր՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Հետո քաղաքական ինչ-ինչ երանգներ փոխվեցին, եւ հանկարծ տնտեսական անարդյունավետությունը միտքներն եկավ: Կամ՝ աշխարհում ընթացող էներգետիկ պատերազմների այլ դրվագներ, որոնք բոլորը աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծում, եւ տնտեսական շահը շատ հաճախ անգամ երկրորդ պլանում չի լինում: «Նաիրիտ»-ի պարագայում այսպես չէ, իհարկե (ծավալների առումով), եւ ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով ու գործարանն աշխատեցնելով տնտեսական եւ սոցիալական շահ էլ կունենանք:

Հետաքրքիր է, որ մեր վայ գործարարները միլիոններ գտնում են կազինոներ ու եկեղեցիներ սարքելու համար, բայց երկրի համար կարեւորագույն նշանակության օբյեկտն աշխատեցնելու գումար չկա…

Դրա համար եմ հաճախ հրեական մեխանիզմի օրինակը բերում: Մենք նմանատիպ մի լծակ կիրառելով՝ եւ՛ գործարաններ կաշխատեցնեինք, եւ՛ դպրոցներ ու հիվանդանոցներ կկառուցեինք: Կազինոներն էլ, ոչինչ, (առաջին փուլի համար) կթողնեինք մեր այդ՝ իրականում չարչիներին, որպեսզի դրանցից ստացված եկամուտները հետո կրկին ի սպաս պետական գործերի դնեինք: Սա կիրառվող մեխանիզմ է, եւ ամենեւին էլ հեծանիվ չեմ հայտնաբերում:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։