Պետությունը՝ ազգային գործիք – նոր նախագծի հիմնական գլուխները… Հայաստանի Սահմանադրությունը պիտի ազգային ինքնություն, հայկական էություն եւ համահայկական բնույթ ունենա…

http://www.hayary.org/wph/?p=4941Այսօր Սահմանադրության օրն էՀայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետՀայաստանի Ազգային Սահմանադրության ՀԱՄ նախագիծը

http://www.hayary.org/wph/?p=4052Կենտրոնաձիգ պետությունն այլընտրանք չունիԱմուր հայկական պետություն է պետք մեզՍահմանադրությունը պիտի որդեգրի պետականամետ եւ ազգօգուտ սկզբունքներ

Հուլիսի 13-ին կայացավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը եւ հաստատվեցին Սահմանադրության նախագծի հիմնական՝ 1-ից 7-րդ գլուխները, որոնք արդեն հրապարակվել են: Ըստ ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի, նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4-ից 7-րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները եւ նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել: Այսպես՝ Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ:

Առաջիկայում կկազմակերպվեն նոր հանրային քննարկումներ, եւ այս բարեփոխումների ճակատագիրը կդրվի հանրաքվեի:

Հանձնաժողովի անդամը հայտնել է, որ «Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո ընդունելու են առաջարկներ: Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն: Քննարկումների փուլը կավարտվի հուլիսի վերջին ու ամբողջական կներկայացվի հանրապետության նախագահին: Եթե նախագահը հաստատեց, օգոստոսին այն արդեն ԱԺ հաստատմանը կներկայացվի:

Թե ինչքան կտեւեն ԱԺ-ում քննարկումները նախագծի շուրջ, հանձնաժողովը չի կարող ասել, իսկ երբ ԱԺ-ն ընդունի նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, հանձնաժողովը այս մասին եւս չգիտի՝ մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ:  

Կառավարման համակարգի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական մոտեցումը հետեւյալն է. «Նախագիծը պատրաստվել է կառավարման այսպես կոչված, խորհրդարանական մոդելի հիման վրա, որովհետեւ ամեն ինչ՝ ինչպես է կառավարություն կազմվում, խորհրդարան ընտրվում, ինչպես են դատական ատյաններ ձեւավորվում, պայմանավորված է խորհրդարանական մոդելով: Սահմանադրության մեջ ձեւավորվել են սկզբունքային մոտեցումներ, այսինքն՝ լինելու է 100%-անոց համամասնական ընտրակարգ, խորհրդարանում մեծամասնություն ստացող քաղաքական ուժը ձեւավորելու է կառավարություն՝ վարչապետի գլխավորությամբ: Արդեն իսկ համամասնական ցուցակում պիտի նշվի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, այսինքն՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին: Վարչապետ դառնալու համար չկան եւ չեն կարող լինել սահմանափակումներ: Դա նախագահի ընտրություն չէ: Խոսքը քաղաքական ուժի մասն է. եթե հանրությունը վստահում է տվյալ քաղաքական ուժին եւ դա էլ ստանում է մեծամասնություն, ապա ինքն ազատ է նախագահ ընտրելու հարցում՝ ում կցանկանա, վարչապետի հարցում: Եթե չի վստահում հանրությունը, ուրեմն հաջորդ անգամ քվե չեն ստանում եւ, բնականաբար, չեն կարող մեծամասնություն կազմել խորհրդարանում: Այսինքն՝ հանրության տված քվեների քանակն է որոշիչ. եթե քաղաքական ուժը կամ ուժերի դաշինքը ստանում է հանրության վստահությունը, ապա մեծամասնություն կազմում են: Հետեւաբար, սահմանափակումներ չեն կարող լինել, թե ում՝ ԱԺ նախագահ, ում՝ վարչապետ: Անձերի վրա կենտրոնանալ պետք չէ»,- ասում է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ, որ մեր երկրում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա, ուստի՝ հասարակությունն ինքը թող մտածի, որոշի կամ իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն եւ այլն: Բացի կառավարման մոդելի փոփոխությունից, ի՞նչ նոր փոփոխություն է առաջարկում նոր Սահմանադրությունը:  Ըստ հանձնաժողովի անդամի՝ «այդպես կարելի է գնահատել նաեւ դատական համակարգի՝ դատարանների ու դատարանների բարձրագույն խորհրդի հետ կապված հարցերի լուծումը, որը նույնպես սկզբունքային նշանակություն ունի՝ դատարանների անկախության ապահովման, նրանց արդյունավետ գործունեության եւ հանրային հաշվետվողականության համար: Դատարանների եւ Արդարադատության խորհրդի, որը հետագայում կոչվելու է Դատարանների բարձրագույն խորհուրդ, երկու ինստիտուտների մասով սկզբունքային փոփոխություններ են սպասվում, որոնք կոչված են ապահովելու դրանց գործունեությունը»:

Հանձնաժողովում խոսել են նաեւ այն պնդումների մասին, թե Սահմանադրության բարեփոխումները իշխանության վերարտադրության համար են արվում: Մասնագիտական հանձնաժողովը այդ կարծիքին չէ, իրենց առջեւ խնդիր է դրված եղել մշակել այնպիսի մոդել, որը արդյունավետորեն կնպաստի երկրի զարգացմանը: Իրենք առաջարկում են, թե դա ինչքանով կնպաստի կամ կխանգարի, պարզ չէ, հետո հարցը հանրաքվեով կորոշվի: Հանձնաժողովում այն կարծիքն ունեն, որ մեր երկրի նման զարգացող երկրներում ցանկացած իշխանության համար առանձնապես դժվարություն չէ որեւէ ձեւ գտնել վերընտրվելու համար… իսկ մոդելը, կառավարման ձեւը որեւէ խոչընդոտ չէ վերարտադրվելու մեխանիզմներ գտնելու առումով: Այնպես որ, այս հարցի վրա իրենք չեն սեւեռվում… Լավ ընդդիմության առկայության դեպքում, կարծում են հանձնաժողովում, երկրում նորմալ քաղաքական ուժ կամ դաշինք կձեւավորվի լավ գաղափարախոսության վրա հիմնված, ու կառավարման նոր մոդելի պայմաններում առավել նորմալ աշխատանք կծավալվի՝ օրենքի սահմաններում:

Պետք է նշել, որ մասնագիտական հանձնաժողովի ներսում կառավարման մոդելի փոփոխությունը միանշանակ չի ընդունվել:

«Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա Սահմանադրության բարեփոխումներին: Առայժմ նշենք մի շարք կարեւոր կետեր, որոնք ակնհայտ կփոփոխեն մեր երկրի կառավարման կարգը եւ գուցե նաեւ՝ պետության դեմքը:

Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով, իսկ գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Հանրապետության նախագահը պետության գլուխն է եւ մարմնավորում է ազգային միասնությունը.- նշված է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության նախնական տարբերակում: Ըստ այդմ, ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, առաջնորդվում է բացառապես համապետական շահով:

ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 7 տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ-ում մշտապես բնակվող ու ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Գործող Սահմանադսրությունը 10 տարով ՀՀ-ում բնակվելու եւ քաղաքացի համարվելու պահանջ է դնում: Նախագծում նշված պահանջ կա, որ նույն անձը նախագահ ընտրվի միայն մեկ անգամ: ՀՀ նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ եւ իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

Գործող Սահմանադրությունը նման արգելք չի դնում:

Նոր Սահմանադրության նախնական տարբերակի 125-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի ընտրության կարգը:

Ըստ այդմ, ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից եւ ԱԺ պատգամավորների թվին հավասար Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Ընտրիչների ժողովը գումարվում է ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն 3/5-րդը: Եթե որեւէ թեկնածու ձայների այդքան միավոր չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել 1-ին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: ՀՀ նախագահն իր հրաժարականը ներկայացնում է ԱԺ-ին, այն համարվում է ընդունված ԱԺ-ի՝ իրավունքի ուժով անհապաղ գումարված արտահերթ նիստում՝ հրաժարականի հրապարակման պահից:

Քանի որ խորհրդարանական համակարգում երկիրը գլխավոր անձը քաղաքական մեծամասնության կողմից ընտրված վարչապետն է, ապա Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը նույնպես վարչապետն է: Նոր Սահմանադրության նախնական տարբերակում 154-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի ղեկավարումն ու կառավարումը:

Ըստ այդմ, Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում Պաշտպանության նախարարն իրականացնում է Զինված ուժերի ղեկավարումը:

Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը վարչապետի առաջարկով նշանակվում է ՀՀ նախագահի կողմից:

Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակում 6-րդ գլուխը վերաբերում է ՀՀ կառավարությանը, որը սահմանվում է որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը:

148-րդ հոդվածը սահմանում է վարչապետի ընտրությունը եւ նշանակումը: Ըստ այդմ, ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո՝ 3-օրյա ժամկետում վարչապետ է նշանակում խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

Նույն գլխի Հոդված 152-ը սահմանում է վարչապետի եւ կառավարության մյուս անդամների իրավասությունները։ 1. Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է կառավարության անդամներին հստակ հարցերով հանձնարարականներ տալ: 2. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը: 3. Կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ԱԺ նախագահը պատգամավորական տեղերի բաշխման եւ

պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջարկում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի քվեարկությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Վարչապետը եւ կառավարության անդամները ԱԺ նիստում, ՍԴ նոր տարբերակով, երդվելու են ԱԺ նիստում:

Նոր Սահմանադրությամբ ավելացվում է Սահմանադրական Դատարանի անդամի տարիքային շեմը: Սահմանադրական արդարադատությունը Հայաստանում իրականացնում է Սահմանադրական դատարանը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը.- նշվում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության նախնական տարբերակում: Ըստ առաջարկվող նախագծի, արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը: ՍԴ-ում դատավորների թիվը 9-ն է: Սահմանադրական դատարանի դատավորներին, նոր Սահմանադրությամբ, ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Ընդ որում՝ դատավորներից 3-ին ՀՀ նախագահի առաջարկությամբ, մյուս 3-ին ՀՀ կառավարության, իսկ վերջին 3-ին Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սահմանադրական դատարանի անդամ կարող է ընտրվել 40 տարին լրացած ՀՀ քաղաքացին, ով ունի մասնագիտական ու բարոյական բարձր հատկանիշներ: ՍԴ անդամները պաշտոնավարում են 12 տարի՝ մինչեւ 70 տարին լրանալը: Նրանք չեն կարող 2-րդ անգամ ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Գործող Սահմանադրությամբ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը եւ նոր փոփոխություններով, փաստորեն, փորձ է արվում ավելացնել ՍԴ դատավորի պաշտոնավարման տարիքային շեմը:

«Լուսանցք»-ին հետաքրքրող այս եւ մյուս թեմաների մասին կխոսենք հաջորդիվ՝ ներկայացնելով նաեւ հայկական պետության ամրությունը պահպանող հայ ընտանիքի, հայկական արժեքների պահպանմանը վերաբերող մյուս բարեփոխումների ու առաջարկների մասին: Պատրաստ ենք լսել նաեւ մեր թերթի ընթերցողների կարծիքը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։