Միայն ազգայի՛ն Հայաստանը իրապես կպաշտպանի այլազգիներին – Հայահոգի Սահմանադրությամբ հանրա-պետությունը պիտի դառնա ազգա-պետություն…ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայ մարդ եւ առհասարակ մարդ մնալու մասին…

Կան քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլեւ՝ համակարգային փոփոխության ջատագով են: Արտախորհրդարանական ուժերից Հայ Արիական Միաբանությունը եւս համակարգային փոփոխության կողմնակից է, եւ դա իրականացնելու համար Սահմանադրության ամբողջական փոփոխման հայտ է ներկայացրել՝ ՀԱՄ-ի նախագիծը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին անձամբ ներկայացնելով: Զրույցս ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ է:

- Այնքան ակտիվ եք աշխատել, որ ամբողջական Սահմանադրության նախագծո՞վ եք հանդես եկել:

– Լավ է, որ Դուք ակտիվ բառն օգտագործեցիք մեր հարցում: Թե չէ, ոմանց թվում է, եթե ամեն օր աղմուկ չես սարքում, ինչ-որ բան չես անում, որ քո մասին խոսեն՝ կարեւոր չէ լավ կամ վատ, կամ եթե բողոքավոր կա՝ նրանից առաջ չես ընկնում, ուրեմն ակտիվ չես: Տարիներ առաջ մեր աղմուկների ժամանակ անգամ մենք ձեւական խաղիկներ չունեինք, հստակ գիտեինք մեր անելիքը եւ ասելիքն էլ փոփոխական չէր երբեք: Պարզապես հիմա մենք, այսպես ասած, անաղմուկ գործնականին ավելի մեծ տեղ ենք տալիս: Եթե գործի մեջ հաջողում ես՝ պարտադիր չէ դա «համահայկական հաջողություն» դարձնել: Ակտիվ չերեւալը դեռ գործ չանել չի նշանակում: Ավելի բացահայտ գործելու ժամը եւս կգա, հիմա նախապատրաստական փուլեր են ընթանում հատկապես հայ ազգայնականության որոշակի հատվածի համախմբման, առավելապես հեթանոսական հավատի հետեւորդների, թե Հայաստանի, թե Սփյուռքի, նաեւ համաարիականության համախմբման ուղղությամբ ենք նոր քայլեր իրականացնում՝ հայ եւ այլազգի արիականների հետ, նաեւ նոր քրմական դաս է ձեւավորվում, ովքեր կառաջնորդվեն տիեզերահաս հավատով ու գիտելիքներով, ՀԱՄ կառույցներն են փոփոխություններ կրում՝ մերթընդմերթ ինքնամաքրման հարցեր են առաջանում եւն: Հատուկ նշեմ, որ ՀԱՄ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների հետ եւս որոշակի նախապատրաստական փուլ ենք անցնում… Մի խոսքով մենք էլ մեր ձեւով ենք ակտիվ: Իսկ քաղաքացիական շարժումներին, արդեն մեկ անգամ չէ որ նշել եմ, մեր երիտասարդական թեւի անդամներով ենք աջակցում՝ առանց կուսակցական պատկանելության խաղարկման կամ այլեւայլ նպատակների: Ու նաեւ Սահմանադրության բոլորովին նոր նախագիծ ենք առաջարկել:

http://www.hayary.org/wph/?p=4941Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… Հայաստանի Ազգային Սահմանադրության Հայ Արիական Միաբանության նախագիծը…  

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպել ենք հունիսի 2-ին ՍԴ-ում եւ իսկապես լուրջ քննարկում ենք ծավալել: Մեր առաջարկները բխել են այն իրողությունից, որ մենք կողմնակից են կենտրոնաձիգ ուժեղ պետության, ինչն այս պայմաններում կարող է ապահովել միայն նախագահական համակարգը:

- Համակարգերին դեռ կանդրադառնանք, բայց նախ ասեք, թե ի՞նչ Սահմանադրություն եք ներկայացրել:

– Քանի որ Սահմանադրությունը ազգի անձնագիրն է, մենք այն պատկերացնում ենք այսպես՝ Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է, ուստի՝ հայկական պետության Սահմանադրությունը պետք է հայաշունչ, հայակրոն ու հայանպաստ լինի: Մենք դրա նախնական օրինակն ենք ներկայացրել՝ հասկանալով, որ այս աշխարհում պիտի քայլես համադրվելու սկզբունքով, որպեսզի չվտանգես հիմնական նպատակը: Իսկ հիմնական Սահմանադրության նախագիծը կլինի մեր այս մեկի սպառումը տեսնելուց հետո: «Լուսանցք»-ը հրապարակել է մեր նախագիծը եւ ընթերցողները ծանոթ կլինեն դրան: Գործող Սահմանադրության ընդունմամբ Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական հանրապետություն՝ հանրային պետություն, ոչ թե ազգային: Մենք հանրա-պետությունը ցանկանում ենք դարձնել ազգա-պետություն, որպեսզի ժողովուրդ-զանգվածը վերադառնա իր ազգ-ինքնության որակներին, որպեսզի միադեմ ու միապաղաղ հասարակ-ությունը իր տեղը զիջի հատուկ-ության, որտեղ ոչ թե անձերի իրավունքների հարցն է կարեւորվում, այլ՝ անհատների: Այս բառը՝ ան-հատ, արդեն շեշտում է, որ նման մարդկանց հատով չես հաշվի, նրանք հոգի են՝ թե քանի հոգի, կարեւոր չէ: Հետաքրքիր է, որ միայն հայերն են հոգով հաշվում, սա պատահականություն չէ… Եվ վերջապես մեր Սահմանադրությունում մարդու իրավունքները չեն կարող գերակա լինել ազգի իրավունքների, ինչպես միջազգային իրավունքները՝ ազգային իրավունքների նկատմամբ: Ուստի՝ Հայաստանը պետք է ազատվի հանրային պետության կարգավիճակից եւ կոչվի պետություն, ոչ թե հանրապետություն: Թերեւս ավելի ճիշտ կլինի մեր անցումային նախագիծը կամ նման մի բան դրվի հանրաքվեի, որը կազմված է ազգ-այինի ու միջ-ազգ-այինի համադրությամբ եւ կարող է դառնալ Հայոց Գլխավոր Օրենսգիրքը ամբողջ հայության համար…

- Ինչու՞ եք նախագահական համակարգի կողմնակից:

– Պատերազմական իրավիճակը ինքն է որոշակի թելադրումներ անում, եւ մենք դա չենք կարող անտեսել: Խորհրդարանական համակարգը ավելի լավ ժամանակների համար է, նաեւ կայացած քաղաքական դաշտ ունենալու ժամանակ կգործի ավելի լավ: Բայց հիմա մենք ընդամենը փխրուն զինադադարի փուլում ենք, ամենօրյա սահմանային խախտումներով ու չունենք կայացած քաղաքական դաշտ: Մեր քաղաքական «վերնախավային» (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, որ շուրջ 25 տարի իրենք են կամ իշխանությոն կամ ընդդիմություն) համաճարակը արդեն փտախտի է վերածվել ու պատկերացնել, որ նման ուժերով խորհրդարանը կարող է պետության ղեկավարումը կենտրոնաձիգ պահել՝ անհավանական է: Մեզ ասում են, նախագահական համակարգում էլ նախագահը կարող է «ծախվել» այս կամ այն բեւեռին: Այո, կարող է, բայց ի վերջո համաշխարհային 2 բեւեռ կա, մեկին որ «ծախվես», մյուսը կպաշտպանի քեզ (նաեւ իր շահի համար), իսկ խորհրդարանական համակարգում հատկապես եթե մեծամասնություն չունի վարչապետը, կարելի է պատկերացնել, թե կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը ինչ կարող են անել՝ երկիրն այս ու այն կողմ քաշելով… Եթե վարչապետն անգամ մեծամասնության թեկնածուն լինի, ապա ընդդիմադիրները հանգիստ կյանք չեն տա նրան: Սրանք կարողաներով չեն ասվում, մեր երկիրը, ցավոք, իր բնական տարածքից շատ փոքր է այսօր, բայց տեղեկությունները լիքն ու մեծ են, եւ գրեթե բոլորը գիտեն, որ քաղաքական ու հասարակական ուժն ինչով է շնչում եւ ումով…

- Շատերը դժգոհ են մարդու իրավունքների, ազատությունների եւ քաղաքացիների շահերը պաշտպանող այլ բնույթի օրենքների կիսատ-պռատությունից կամ իսպառ բացակայությունից, դատական, կամ ընտրական համակարգերի բացթողումներից եւ այլն:

– Դժգոհելու տեղեր կան իհարկե: Բայց ես վերեւում նշեցի, որ կարեւորը Սահմանադրության դեմքն է: Ըստ այդմ էլ ձեւակերպվում են օրենքները: Հանրային պետությունում պիտի գործեն հենց նման պետությանը հարիր օրենքներ, իսկ դրանք չեն կարող հայի սրտին մոտ լինել: Մենք դարերի հալածանքներից անգամ մնացինք ավանդական ու արմատական տեսակ: Մարդատեսակ եւ ազգատեսակ: Արարիչը արարել է բազմազանություն եւ այդ ամենը ձուլելը հակաարարչական է, հակաստվածային, հակաազգային ու հակամարդկային: Մարդը բնության հրաշքներից մեկն է, որ զարդարում է բնությունը կենդանական ու բուսական աշխարհների հետ: Եվ մարդը ունի ծագում՝ մենք հայ մարդ ենք, այստեղ բառախաղ պետք չէ՝ նախ հայ, հետո մարդ, թե նախ մարդ, հետո՝ հայ, ուղղակի հայ մարդ ենք, ինչպես կան հույն, պարսիկ, հրեա կամ այլ մարդիկ: Կան ծաղիկներ, բայց կա՝ վարդ, արեւածաղիկ, ձնծաղիկ եւ այլն, կան կենդանիներ՝ ցամաքային կամ ծովային, նաեւ թռչուններ… Անգամ մի տեսակի մեջ կան տարբերակումներ՝ ինչպես առյուծի, վագրի, հովազի եւ այլն, որ կատվազգիներ են, արջերը լինում են սեւ, սպիտակ, գորշ… Ու ոչ ոք այս տարբերակումները ռասիստական կամ շովինիստական չի դիտարկում՝ բնական է: Բայց երբ հայտարարում ես, թե դու արարչածին հայ մարդ ես՝ միանգամից որակում են ֆաշիստ կամ նացիստ…

- Այսինքն՝ եթե ունենանք ազգային Սահմանադրություն, ուրեմնեւ՝ ազգային պետություն, ապա ինչպես ազգի, այնպես էլ մարդու իրավունքները կլինեն փոխլրացնող եւ համադրելի՞:

– Հիանալի ձեւակերպմամբ հարց եղավ, այո, հաստատ այդպես կլինի: Ազգային իրավունքը ավելի բարձր կդասվի եւ միջազգային օրենքներն ու բազմապիսի փոքրամասնական իրավունքները չեն կարող ազդել մեր երկրի ու կյանքի առողջ զարգացման վրա: Մենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկեցինք, որ ընտանիք ձեւակերպման մեջ հստակ նշվի կին եւ տղամարդ միությունը, իրենք դա ճիշտ համարեցին՝ հասկանալով, որ ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… սակայն նախագծում գրեցին այսպես. «Ընտանիքը որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո»: Ես կռահում եմ, որ հանձնաժողովի անդամները միջազգային չափորոշիչների սահմաններում հնարավորինս արել են «այլ բնույթի ընտանիքների» դեմն առնելու համար՝ սահմանելով, որ ընտանիքը «բնական բջիջ» եւ «բնակչության բազմացման հիմք» է: Բայց այդ չափորոշիչները վաղը կարող են փոխվել ու Ադամի ու Եվայի պատմությունը կհամարվի կրոնական պարտադրանք եւ Ադամի ու Ադամի, ինչպեսեւ՝ Եվայի ու եվայի միությունը կորակվի որպես «սիրո աներեւակայելի դրսեւորման» «բնական բջիջ» ու «բնակչության բազմացման հիմքը ամրապնդող լրացուցիչ խթան», քանի որ ասենք՝ այս «ընտանիքները» վերցնելով իրական բնական բջիջ բազմազավակ ընտանիքների երեխաներին՝ նպաստում են բնակչության բազմացմանը… հետո էլ նորից կհայտնվեն սեռային ու գենդերային ամենատարբեր ստորությունները եւ դեմն առնելը կդառնա պատերազմելու պես մի բան… Այստեղից բխող օրենքները ոչ միայն սպառնում են հայ մարդ մնալու մեր ջանքերին, այլեւ՝ ընդհանրապես մարդ մնալու (երկոտանի անասուն չդառնալու)…

- Կարծում եք՝ նման բան թույլ կտա՞ն հայերը Հայաստանում:

– Նորից գալիս ենք հիմնական հարցին: Եթե կարողանանք անել այսպես, որ Սահմանադրությունն ամրագրի, որ Հայաստանը հայի հայրենիքն է, բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է, ուստի՝ հայկական պետության Սահմանադրությունը պետք է հայաշունչ, հայակրոն ու հայանպաստ լինի, ապա Հայաստանում չի կարող ոչ մի ապազգային կամ անբարո օրենք հաստատվել: Բայց միջազգային օրենքները համարում են, որ մարդու ազատությունները նաեւ կարող են հոգեխեղման ու հոգեորսության տանել, սանձարձակության հասնել, մարդու կիրքը կարող է անասնականից ցածր լինել, մարդը կարող է սեռափոխվել, մանկապիղծ լինել, կենդանիների հետ գիշերն անցկացնել, անգամ անդեմ ու անսեռ համարել իրեն… Այսօր այս ամենը տեսնում ենք եւ մի կերպ ենք ազգովի դեմն առնում:

- Իսկ այլազգիների համար, որ ապրում են Հայաստանում, մեր երկիրը հայրենիք չէ՞:

– Նրանց համար մեր երկիրը բնակավայր է, գուցեեւ՝ ծննդավայր, Հայաստանը նրանց պետությունն է նաեւ, նրանք բոլոր բնակիչների հետ հավասար օգտվում են Սահմանադրությամբ տրված իրավունքներից ու պարտականություններից, սակայն հայրենիքը բոլորովին այլ հասկացություն է: Հայրենիքն ազգի տունն է՝ բնական օրրանը՝ բնօրրանը, այն չի կարող հանրային կամ ընդհանրական լինել: Սա ասում եմ ոչ միայն հայերիս համար: Հիմա թուրքն ու ադրբեջանցին, որոշակի նաեւ վրացին մեր հայրենիք են ներխուժել, տարածքներ են զավթել ու ասում են՝ դա իրենց հայրենիքն է: Ու ոմանք մեզ համոզում են, որ ինչ եղել՝ եղել է: Բայց երբ հարցնում ես՝ արդյո՞ք կհամաձայնվի զիջել իր տան մի մեծ մասը նրանց, ովքեր բռնի կտիրանան 10 սենյակներից 9-ին՝ բոլորովին այլ երգ են երգում: Մեր մեծ-տան զավթված սենյակները պիտի մերը լինեն, որ տունը տուն դառնա, տանտերն էլ՝ արժանի տանուտեր… Մեր հայրենիքում տարբեր պատճառներով իրենց անդորրն են գտել եզդիները, քրդերը, ասորիները եւ այլ ազգեր, ավելի քան 20 ազգություններ կան Հայաստանում: Ի վերջո, մեր Սահմանադրությունը գոնե պետք է տա՞ հայրենիք սահմանումը: Հայրենքը պետությունը կամ իշխանությունները չեն: Անգամ շատ հայեր են խառնում այս եզրերը, իշխանությանն ընդդիմանում ու ասում են՝ նեղացել ենք մեր հայրենիքից ու հեռանում են՝ լքելով այն, հեռվից սիրելու հայտարարությամբ……

- Դուք նաեւ փորձել եք ազգային հավատին տեղ տալ Ձեր առաջարկած Սահմանադրության մեջ: Դա հակասություններ ու հակադրություններ չի՞ առաջացնի:

– Սահմանադրության նախագծով հաստատվում է. «Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա մշակութային զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Ես դեմ չեմ, որ հուդա-քրիստոնեական եկեղեցիներից հայ առաքելականը որոշակի ազգային դիմագիծ է ձեռք բերել դարերի ընթացքում: Բայց որ այն «ազգային եկեղեցի» է, կներեք, էկումենիկ ուղեգիծը ստորագրած եկեղեցին չի կարող կոչվել ազգային, քանի որ այդ ուղեգծում հստակ է, որ բոլորովին այլ ազգի փառաբանմանն ու մեծարմանն են հոգեւոր ծառայություն մատուցելու (չնայած դա միայն հոգեւոր չէ) նաեւ Էջմիածինն ու Անթիլիասը, ինչպես մյուս քրիստոնեական եկեղեցիները: Այստեղից էլ բխում է, որ «ազգային ինքնության պահպանման գործում» շատ քիչ դեր ունեն եկեղեցիները: Խոսքերս փաստացի դարձնեմ՝ ուսումնասիրեք հայոց պատմությունը եւ կտեսնեք, որ սփյուռքահայերը հարյուր հազարներով հիմնականում ձուլվել ու անհետացել են քրիստոնեական երկրներում: Իսկ եկեղեցին հաջողություն ունեցել է միայն իսլամական երկրների հայերի պահպանման հարցում, ինչը հավատի սուր հակադրության արդյունք է, քան եկեղեցու աշխատանքի հետեւանք: Այսինքն՝ այստեղ ոչ այնքան «ազգային ինքնության պահպանման» խնդիր է լուծվում, որքան կրոնազատման: Հայ ազգային հավատը արիադավան-հեթանոսությունն է (հեթանոս-էթնո-ազգ), որի ամրագրումը Սահմանադրությունում կամբողջացնի հայոց հավատի զորությունը: Շատ երկրներում կան միջազգային պետական կրոններ ու ազգային հավատներ, ինչպես Հնդկաստանում (հինդուականություն եւ բուդդայականություն, անգամ իսլամ ու քրիստոնեություն), Ճապոնիայում՝ բուդդայականություն եւ սինտոյականություն) կամ Իրանում (մահմեդականություն եւ զրադաշտականություն) եւ այլն: Միայն հավատն է լինում ազգային, եւ ազգային պետությունը չի կարող ազգային հսավատին տեղ չտալ:

- Ազգային ինքնության ու հավատի կարեւորումը չի նպաստի՞ խտրականության դրսեւորումներին:

– Սահմանադրության նախագծում նշված է, որ «Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկ հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական բնույթի այլ հանգամանքներից արգելվում է»: Հստակ է եւ մեր տեսակետների հետ որեւէ խնդիր չի առաջացնում: Մենք ապրում ենք, գործում հանուն հայի եւ ոչ թե ընդդեմ այս կամ այն ազգի, այս կամ այն գաղափարի կամ կրոնի: Ավելին ասեմ, միջազգային օրենքները, այդ թվում՝ Հայաստանի, ավելի շատ ոտնահարում են հայի հայ մնալու իրավունքները: Եվ սա կատակ չէ, ազգայնական հային  համեմատում են իրենց երկրների ազգայնամոլների հետ եւ հայկական ազգային գաղափարախոսությունը դարձնում են իրենց այլամերժական գաղափարների կցորդը: Այսպես ոտնահարում են հայ տեսակի հայկական պետություն, հայկական կեցակարգ, հայկական օրենքներ ունենալու իրավունքը՝ պարտադրելով անդեմ ու անբնական ինչ-որ սինաբանություններ: Եվ սա պարտադրում են օրենքներով, նաեւ այն, որ մեզանից շատերը պարզապես քվեարկում են քվեարկելու համար… Ուստի Սահմանադրությունը, ազգի անձնագիր համարելով՝ փորձում ենք պաշտպանել մեր տեսակի իրավունքները, մեր ինքնության պահպանման ու մեր ապագան անորոշությունից փրկելու համար: Խտրականությունը հայի, առավել եւս ազգայնական ու հավատավոր հայի գործը չէ, ով արարող տեսակ է, ոչ թե խառնածինների նման ավերող…

Հասկանալի է, որ սահմանադրական նախագծի ամբողջ փաթեթի մասին խոսել թերթային տարբերակում հնարավոր չէ: Դրա համար նշեցի հիմնական մոտեցումները, որոնք հիմքային են եւ արմատական ու կապում են մեր անցյալը, ներկան եւ ապագան: Հայ Արիական Միաբանության Սահմանադրության նախագծին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դա կարդալ «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում («Լուսանցք» թիվ 13-14 (318-319), 2014թ) կամ մեր պաշտոնական կայքում՝ www.hayary.org-ում (http://www.hayary.org/wph/?p=4941): Իսկ որպես վերջաբան՝ կկարեւորեմ, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, մեր բնակչությունը՝ անկախ ազգային պատկանելությունից, հասկանա, որ միայն ազգային եւ ուժեղ Հայաստանը կարող է լինել  պաշտպանող ու պատսպարող տուն, իսկ այդպիսի Հայաստանի համար մենք պիտի տքնենք մարմնով, մտքով ու հոգով եւ այնպիսի Սահմանադրություն կերտենք, որ ազգայնացնի եւ զորացնի Հայաստանը՝ այն դարձնելով համայն հայության տունը, ինչպեսեւ՝ այն մարդկանց, ովքեր կցանկանան բնակվել մեր հայրենիքում:

Զրուցեց՝ Նարե Մշեցյանը

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։