Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 29-30-ում

http://www.hayary.org/wph/?p=5051 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…

http://www.hayary.org/wph/?p=5035Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

«Մենք երկրպագում ենք Միհրին…

Նա երկար ձեռքերով խաբեբային է բռնում:

Նա՝ խաբեբան արեւելքում է բռնված,

Արեւմուտքում պարտված է նա,

Եւ լինի նույնիսկ ակունքում Րանհի

Կամ էլ երկրում միջինի

Նա՝ խաբեբան պարտված է…

«յաշթ 10.104» (թարգ.՝ Ա.Մ.)

Ավեսթայի պատումներում հստակ տեսանելի է Ահուրամազդայի կողմից 16-րդ անգամ ստեղծված երկրների կապվածությունը՝ ինչպես հայ էթնոսի կենսագործունեության, այնպես էլ հայոց բնաշխարհի լեռների, գետերի հետ: Այս եզրահանգումը կփորձենք հիմնավորել Ավեսթայի մաս հանդիսացող Վիդէվդադա բաժնի որոշ նյnւթերի հիման վրա, որն ավելի շատ ընդունված է կոչել (Աշխարհագրական պոեմ): Այս խնդրին հայոց բանագիտության մեջ առաջինն անդրադարձել է Մ. Չամչյանը «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ, դեռեւս 1784թ.:

Պետք է նշենք, որ մեզ հայտնի բոլոր ուսումնասիրություններում անտեսված է (Ահուրամազդայի կողմից) երկրաշինության մոդելի 16 անգամ կրկնօրինակման եւ տարածման սկզբունքը: Այս հիմքային սկզբունքը չի արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը: Նշենք նաեւ, որ Վիդէվդադա բաժնում խախտված է 16 անգամ երկրների ստեղծման հերթականությունը, ուսումնասիրողների մոտ պահպանված չէ նաեւ տեղանունների՝ գաղափարախոսական կապի անխախտության եւ պատմական իրական դեպքերի փոխկապվածության սկզբունքը: Համաձայն հայտնի, բայց խիստ վիճահարույց տեսակետներից մեկի, «Աիրիանա Վաեջան» գտնվում է Միջին Ասիայում, իսկ դեպքերը զարգանում են Աֆղանստանում եւ հարակից տարածքներում (տես քարտեզը):

Այդ վիճահարույց տեսակետի շրջանակներում Րանհան նույնացվում է Սիրդարիա գետին: Ըստ ակադեմիկ Ռ. Մ. Գիրշմանի, Րանհան Վոլգա գետն է: Նմանատիպ կարծիք, բնականաբար, կարող է լինել, բայց այն անհիմն է եւ բացարձակապես եզրեր չունի Ավեսթայի գաղափարախոսության հետ: Ակադեմիկ Ռ. Գիրշմանի համար հիմք է ծառայել այն փաստը, որ «Անահիտ դիցուհու հագուստը կարված էր կզաքիսի մորթուց»: Այս փաստով ակադեմիկ Գիրշմանը փորձում է նույնացնել Րանհա գետը Վոլգայի հետ եւ իր հերթին մերժում է Րանհա գետի նույնքան անհիմն տեղակայման տեսակետները Միջին Ասիայում: Կա նաեւ մեկ ուրիշ չհիմնավորված տեսակետ, որ Րանհա գետը Տիգրիսն է:  Ըստ էության, եղած հիմնավորումները նման որակներ ունեն: Օտար ուսումանսիրողների մոտ ավելի լուրջ եւ փաստարկված մոտեցումներ չկան, ավելացնենք միայն, որ Րանհա գետը հայտնի է նաեւ Արաքս, Արասխ, Ռասխի, Ռաս, Ռօշ, Ռահ անուններով: Վիդէվդադա բաժնի կամ Աշխարհագրական պոեմի ուսումնասիրողները բնաշխարհի լեռների, գետերի անունները խիստ պայմանականորեն են մեկնաբանել, այնուհետեւ առանձին անուններ փորձել են հարմարեցնել որոշակի տարածքների եւ գետերի՝ հաշվի չառնելով Վիդէվդադա բաժնի նյութերի իրական պարունակությունը եւ խնդրո հետ կապված հարակից պատմամշակութային նյութերի միջոցով հնարավոր փաստարկումները:

Վիդէվդադա բաժնի մաս 19-րդը ներկայացնում է. /Ահուրամազդան 16-րդ անգամ ստեղծեց երկիրը սրբազան Րանհա գետի հովտում, որտեղ մարդիկ անղեկավար (ասարա-ասար) են ապրում: Հնագույն աշխարհի շումերական, աքքադական, ասորական աղբյուրները հաստատում են՝ Հայոց աշխարհը Օրինաց երկիր է, Ավեսթան իր հերթին վերահաստատում է այս իրողությունը «ասարա-ասար» տերմինի միջոցով: Հ. Ներսիսյանը «ասարա-ասար» տերմինը լրացուցիչ չի մեկնաբանում, սակայն, ելնելով այն բանից, որ Հայաստան աշխարհը հայտնի էր որպես Օրինաց երկիր, «ասարա-ասար» տերմինը ներկայացնում է որպես հավասար: Այս եզրաhանգումը ճիշտ է, ավելացնենք միայն. «ասարա-ասար» տերմինը մատնանշում է իրավահավասարություն, դեռեւս մեր բարբառներում պահպանված է «հասար քաշել» դարձվածքը, որը նշանակում է բաժանել հավասարաչափ:

Վիդէվդադա բաժնի մաս 17-րդը նվիրված է հայոց արքա Տիգրան Երվանդյանին, որտեղ ասված է. «Տասնչորսերրորդ լավագույն տարածքներից մեկի վրա ես՝ Ահուրամազդան, ստեղծեցի չորսանկյուն Վարէնու երկիրը, որտեղ ծնվել է Տրաէտաօնը, Աժդահակի սպանողը»:

Ինչպես տեսնում ենք՝ Վիդէվդադա բաժնի մաս 17-րդում Աժդահակի սպանողի անունը Տրաէտաօն է, իսկ ըստ հայոց պատմության Տիգրան, Տրաէտաօն/ Տիգրանի երկիրը կոչվում է Վարէնու /փաստացի Հայաստան/: Կասկած չի կարող լինել, որ Ավեսթայի մաս Վիդէվդադա բաժնում ամրագրված է հայոց պատմության փառավոր արքաներից մեկի՝ Տիգրան Երվանդյանի (Ք.ա. 560-530թթ.) ամենագաղափարական արարքը: Տիգրան Երվանդյանը սպանեց Աժդահակին: Տիգրան եւ Աժդահակ հակամարտությանը անդրադարձել ենք «Վիշապաքաղություն. Տիգրան եւ Աժդահակ» հոդվածում («Լուսանցք» թիվ 1-3 (177-179), 2011թ.):

Հիմա անդրադարնանք Վիդէվդադա բաժնի մաս 19-ի եւ մաս 17-ի շարադրանքի հերթականությանը: Արարչագործության գաղափարախոսական հերթականության անխախտության սկզբունքը ամենայն հավանականությամբ խախտվել է արտագրողների կողմից կամ բանավոր խոսքը գրավոր դարձնող դպիրների կողմից (քրմական ցածրագույն դասի ներկայացուցիչ, գրագիր): Արարչագործության գաղափարախոսական հերթականության անխախտության սկզբունքն ուսումնասիրողները կամ չեն նկատել կամ շրջանցել են: Վերականգնենք օրինակ բերված մասերի ճիշտ հերթականությունը.

14-րդ անգամ Րահա գետի հովտում Ահուրամազդան ստեղծեց «ասարա-ասար» կամ իրավահավասարների երկիրը:

16-րդ անգամ Ահուրամազդան ստեղծեց (իսկ ավելի ճիշտ` հայտնեց) «ասարա-ասար» կամ իրավահավասարների երկրի անունը Վարէնու /փաստացի Հայաստան), որտեղ ծնվել է Տրաէտաօն / հայոց արքա Տիգրան Երվանդյանը, ով նիզակահարեց եւ սպանեց Աժդահակին:

Կարեւոր ենք համարում նաեւ անդրադառնալ Ահուրամազդա տերմինին: Հոդվածի շրջանակներում ներկայացնենք միայն մեր քննախուզության արդյունքը: Գիտական հանրությունը տերմինն ընդունում է որպես հատուկ անուն, որը կոպիտ սխալ է, Ահուրամազդան դարձվածք է, այլ ոչ թե հատուկ անուն: Նշենք որ, դարձվածքը պահպանված է ամբողջական, սակայն այն կարդալու համար սկզբունքորեն չեն օգտագործել հայերենը (Ահուրամազդա դարձվածքը բառացիորեն արտահայտում է «արարչի կամ աստծո հուրը մեզ տա» միտքը եւ այս մտքի կրողը եւ իրագործողը, ըստ Ավեսթայի, Միհրն է):

Միհր Յաշթը պատմում է լայնահուն գետի մասին, որը գտնվում է Հարա Բերեզաթի լեռան մոտերքում եւ նավարկելի է: Շումերական, ասորական աղբյուրները հաստատում են այս իրողությունը, որ մեր տարածաշրջանի գետերը եղել են նավարկելի: Նավարկելի լինելու փաստը գրեթե բոլոր ուսումնասիրողները փորձել են օգտագործել եւ հարմարեցնել իրենց իրողությանը եւ հաշվի չեն առել այն գլխավոր հանգամանքը, որ Միհրի նստավայրը, ըստ Ավեսթայի, գտվում է Հարա Բերեզաթի (Արարատ) համաշխարհային լեռան վրա, իսկ Րանհա գետի ակունքները գտնվում են Հարա Բերեզաթի (Արարատ) լեռան մոտերքում:

Անդրադառնանք Վիդէվդադա բաժնի կամ Աշխարհագրական պոեմի մեջ նշված սրբազան Րանհա գետի տեղայնացման խնդրին: Րանհա գետը ըստ N 1 քարտեզի տեղակայված է Աֆղանստանում՝ Ռագա անունով: Մեր մշակույթի մեջ Րանհա գետի խնդրին ավելի ամբողջական անդրադարձել է Ա. Մնացականյանը իր /ՌԱՀ-ԱՐԱՔՍ-RAHNA /ուսումնասիրության մեջ, հրապարակված 1981թ., ճիշտ ենք համարում այս ուսումնասիրության երրորդ խմբի՝ Գ. Ֆնտգլյանի, Մ. Աբեղյանի եւ նրանց հետեւողների կարծիքները։ Րանհա/Արաքս գետի տեղայնացման խնդրով ուսումնասիրություններ կատարած մեր բոլոր բանագետները՝ սկսած Մ. Չամչյանից մինչեւ Հ. Ներսիսյան, առանցքային են համարում Կորյունի նկարագիրը Մաշտոցի ընդունելիության վերաբերյալ. «Քաղաքեն ելեալ՝ պատահէին էրանելույն զափամբ Ռահ գետոյն»:

Այս կարծիքն առավել ամբողջական է դառնում, երբ ընդունում ենք V դարի պատմիչ Ագաթանգեղոսի վկայությունը, որ Արաքսի վրա եղել է նաեւ Մեծամորի կամուրջ. «Կէսքն անցեալ ընդ կամուրջն Վաղարշապատ քաղաքի, զոր եւ կամուրջ Մեծամորի կոչէն»:

Այսպիսով՝ Ավեսթան, պատմական եւ արդի մշակութային նյութերը, ինչպես նաեւ Հ. Ներսիսյանի այս մեկնաբանությունը (Կախարդված եւ անգղի վերածված Ֆերեյդունի (Ավեսթայում՝ Սրաեթաոնա) խնդրանքը՝ Ֆերեյդունի ազգականը, ըստ Ավեսթայի Թավրանցի՝ Տավրոնցի, այսինքն՝ Տարոնցի Յոշիթան մատաղ է մատուցում Անահիտին՝ Րանհա/Արաքս գետի ափին): Ֆերեյդունը Տարոն աշխարհից է (Ավեսթայում՝ Սրաեթաոնա), նա օգնություն է խնդրում Անահիտից, իսկ Ֆերեյդունի ազգական Տարոնցի Յոշիթան իրականացնում է Ֆերեյդունի խոստումը եւ նրա անունից զոհեր է մատուցում Անահիտին՝ Րանհա /Արաքս գետի ափին/ եւ մեր եզրահանգումները գալիս են վերահաստատելու Գ. Ֆնտգլյանի, Մ. Աբեղյանի կարծիքները:

Այն է՝ Րանհա գետը Արաքսն է:

Արամ Մկրտչյան, Գերմանիա, 02.08.2015թ.

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։