Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (3-րդ մաս).- Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Փրկվածների թվաքանակը.- գաղթականների ճշգրիտ վիճակագրություն էր կատարվել ռազմանավերում…

Սկիզբը՝ թիվ 30-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5066Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…

http://www.hayary.org/wph/?p=5050Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (1-ին մաս)– Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

– Երբ յայտնաբերեցինք, որ մեր լեռը պաշարման մէջ է, սկսեցինք հաշուարկել մեր ունեցած ուտելիքի պաշարի չափը: Լեռան բարձունքների վրայ գտնուելու առաջին շաբաթների ընթացքում արդէն սպառել էինք տնից մեր հետ բերած հացի, ձիթապտուղի եւ պանիրի պաշարները: Շատ քչերն էին ի վիճակի եղել իրենց հետ բերելու ալիւր կամ այլ հացահատիկ: Արդէն մէկ ամիս անց, մենք ապրում էինք մեր մանր եղջիւրաւոր անասունների հաշուին: Այծերի կաթը օգտագործում էինք փոքր երեխաների ու հիւանդների համար: Ամէն օր մորթում էինք մի քանի այծեր ու ոչխարներ:

Մսեղէնի այդ անփոփոխ կերակրաբաժինը մեզ համար լաւ չէր: Սակայն խորապէս շնորհակալ էինք, որ ազատուել էինք սովի տառապանքներից: Մենք, անասունների հօտի ստոյգ հաշուարկ կատարեցինք եւ գտանք, որ նոյնիսկ կրճատուած մսի մասնաբաժնի մեր պաշարը պիտի բաւականացնէր ոչ աւելի քան 2 շաբաթ: Այս անհանգստութեան ճնշման տակ սկսեցինք մտածել ծովով փախչելու ծրագրի շուրջ: Պաշարումը լրիվ օղակուելուց առաջ որոշեցինք սուրհանդակ ուղարկել նահանգի կեդրոն՝ Հալէպ քաղաք: Թրքական գիւղերի միջով անցնելով, 80 մղոն վտանգաւոր ճանապարհորդութիւն կատարելով՝ Հալէպի հիւպատոս Պարոն Ճեքսոնին խնդրագիր ներկայացնել, հնարաւորութեան դէպքում ծովի ճանապարհով մեզ օգնութիւն տրամադրել: Սակայն, երբեք հաւանական չէր, որ մեր սուրհանդակը երբեւիցէ կարողանար Հալէպ հասնել: Միտք էր ծագել, որ 35 մղոն դէպի հիւսիս գտնուող Ալեքսանդրեթի նաւահանգստում կարող էր դաշնակից տէրութիւնների մի որեւէ ռազմանաւ խարսխած լինէր: Մեր երիտասարդ մարդկանցից մէկը, որը ուժեղ լողորդ էր, կամաւորագրուեց սողալով անցնել թրքական սահմանագծի միջով, գօտիի մէջ ամրացուած Անգլերէն լեզուով հաղորդագրութիւնը փոխանցել նաւահանգստում խարսխած ռազմանաւին: Նրան յաջողուել էր հասնել նաւահանգիստ: Բլուրների վրայից դիտարկել էր այն, տեսել, որ այնտեղ ռազմանաւ խարսխած չէր: Ապահով վերադարձել էր ճամբար: Նրա ծրագիրն էր՝ նաւահանգստում խարսխած որեւէ ռազմանաւին հասնելու համար բաց ծով լողալ, Ալեքսանդրեթ տանող ճանապարհների թրքական ժամապահներից խուսափելու համար, շրջագծով ետ դարձ անել, մօտենալ ռազմանաւին:

– Այնուհետեւ, 3 օրինակներով պատրաստեցինք հետեւեալ կոչը: Որեւէ անցնող նաւի նկատմանբ մշտապէս աչալուրջ լինելու համար, ծովափին 3 հերթապահ լողորդներ նշանակեցինք: Որպէսզի հնարաւոր լինէր մօտենալ ծովածոցով անցնող նաւի, նրանց յանձնարարուել էր զարնուել փոթորկոտ ծովի ալիքներին, լողալով մի անկեան տակ հասնել նաւին՝ պատրաստուած կոչը փոխանցել հրամանատարին:  ‘«Որեւէ Անգլիական, Ամերիկեան, Ֆրանսական, Իտալական կամ Ռուսական ծովակալի, հրամանատարի, իշխանութեան ներկայացուցիչի, ում այս խնդրանքը կարող էր հասնէր, Աստուծոյ ու մարդկային եղբայրութեան անունով կոչ ենք անում.

Մենք, հայկական 6 գիւղերի ժողովուրդը, բոլորը միասին մօտաւորապէս 5 հազար հոգի, Մուսա Տաղի Տամլաճըկ կոչուած այս ծովեզրեայ հատուածում ենք գտնւում: Այն, Սուէտիեա վայրից դէպի հիւսիս արեւմուտքի ծովածոցի կողքով 3 ժամուայ ճանապարհ է:

Մենք, թրքական բարբարոսութիւնից եւ տանջանքներից ապաստան ենք գտել այստեղ, մեզանից շատերը մոլեգնած են մեր կանանց պատուի համար:

Պարոն, դուք պէտք է իմացած լինէք բնաջնջման այն քաղաքականութեան մասին, որ թուրքերը գործադրում են մեր ազգի նկատմամբ: Ըմբոստութիւնը կանխելու քօղի տակ հայերին ցիր ու ցան են անում: Մեր ժողովուրդը վտարուած է իր տներից, զրկուած իր պարտէզներից, իր այգիներից եւ իրենց բոլոր սեփականութիւններից:

Այս վայրագ ծրագիրը արդէն կիրառուել է Զէյթուն քաղաքի եւ նրա 32 գիւղերի նկատմամբ՝ Ալբուստան, Կիօքսուն, Յարփուղ, Կիւրին, Տիարբէքիր, Ադանա, Թարսուս, Մերսինա, Տէօրթեօլ, Հաճին եւ այլն: Եւ նոյն քաղաքականութիւնը կիրառոեւլ է Թուրքիայի տարբեր մասերի մէկ ու կէս միլիոն հայերի նկատմամբ:

Հիմակուայ գրողը մի քանի ամիս առաջ Զէյթունում Աւետարանչական եկեղեցու քարոզիչ-հովիւն էր, ականատեսը տարագրութեան ճանապարհներին պատահած անասելի դաժանութիւնների: Ես տեսայ, ճանապարհի երկայնքով քշուած 8 կամ 10 անդամներից բաղկացած հովուական ընտանիքների: Նրանց 6 եւ 7 տարեկան անօթի ու ծարաւ բոպիկ երեխաները, ճանապարհի յոգնեցուցիչ երթից ոտքերնին ուռած՝ քայլում էին տարիքոտ մեծ հայրերի ու մեծ մայրերի հետ: Ճանապարհի քայլքի ընթացքում լսւում էին անէծքներ ու աղօթքներ: Մեծ վախի ճնշման տակ, մի քանի մայրեր Ճանապարհի կողքի մացառուտների մէջ ծնունդ տուին իրենց զաւակներին: Թրքական ուղեկցող պահակախմբի կողմից հարկադրւում էին անմիջապէս շարունակել տարագրութեան ճանապարհի երթը: Այն այնքան էր շարունակւոմ, մինչեւ որ «բարի» մահը կը հասնէր իրենց տանջանքին վերջ տալու:

Ժողովուրդի մնացած մասը, որոնք բաւական ուժ ունէին կրելու ճանապարհի երթի դժուարութիւնները, ուղեկցող ոստիկանների մտրակների տակ քշւում էին դէպի հարաւի տափաստաններ: Շատեր մահացան ծարաւից ու անօթութիւնից, ողջ մնացածները կողոպտուել էին ճանապարհի երթի ընթացքում: Շատեր վարակուել էին «Ճախնային Տենդ» հիւանդութիւնով, մահացածներին թաղում էին ճանապարհների եզրերին: Որպէս այս մութ ու գարշելի ողբբերգութեան վերջին արար, արաբներն ու թուրքերը կոտորեցին բոլոր տղամարկանց ու այրիներին: Աղջիկներին բաժանեցին իրենց տոհմերի միջեւ:

Մօտաւորապէս 40 օր առաջ, կառավարութիւնը տեղեկացրեց մեզ, որ մեր 6 գիւղերը պէտք էին տարագրուել: Մենք աւելի սիրով գերադասեցինք քաշուել մեր լեռները, քան տարագրութեան հրամանին հնազանդիլ: Հիմա մեզ մնացել է քիչ ուտելիք, թուրքի զօրքը շրջապատում է մեզ: Մենք 5 կատաղի ճակատամարտեր ենք մղել, Աստուած մեզ յաղթանակ է շնորհել, սակայն յաջորդ անգամ շատ աւելի խոշոր զինական ուժերի դէմ պիտի կանգնենք: «Պարոն, Քրիստոսի անունով կոչ ենք անում Ձեզ.

Մենք թախանձում ենք Ձեզ, փոխադրել մեզ Կիպրոս կամ այլ ազատ երկիր: Մեր ժողովուրդը ծոյլ չէ: Մենք պիտի վաստակենք մեր հացը, եթէ աշխատանքով ապահովուած լինենք:

Եթէ այդ շնորհելը չափազանց շատ կը լինէր, առնուազն մեր կանանց, երեխաներին ու ծեր մարդկանց փոխադրել, սպառազինել մեզ բաւարար զէնքերով ու զինամթերքով, մեր ամբողջ զօրութեամբ Ձեզ հետ պիտի պայքարենք թրքական ուժերի դէմ: Բարի՛ եղէք, պարոն, մի՛ սպասէք այնքան մինչեւ որ չափից աւելի ուշ լինէր:

Յարգանքով՝ Ձեր ծառան, այստեղի բոլոր Քրիսստոնեաների անունից:

Սեպտեմբեր 2

Տիգրան Անդրէասեան»

Օրերը անցնում էին, սակայն ոչ մի առագաստ չէր երեւացել: Պատերազմ, առափնեայ նաւարկութիւնը նուազագոյն չափի էր կրճատուել: Իմ խորհուրդի համաձայն, մեր կանայք պատրաստում էին երկու վիթխարի դրօշակներ, որոնց մէկի վրայ տպագիր, խոշոր ու պարզորոշ Անգլերէն գրերով գրեցի. «Քրիստոնեաները դժբախտութեան մէջ են»: Սեւ տառերով գրուած սպիտակ դրօշակ էր այն: Միւսը, նոյնպէս սպիտակ էր, կեդրոնում կարմիր խոշոր խաչ էր: Մենք ամրացրինք այդ դրօշակները նորատունկ ծառերին ու նրանց ստորոտին: Հորիզոնը ուշադիր դիտելու համար, արշալոյսից մինչեւ մայրամուտ հերթապահութիւն նշանակեցինք: Մի քանի օրեր անձրեւ ունէինք, ուրիշ օրերին էլ ուժեղ մառախուղ ու մշուշ էր, որոնք ընդհանրապէս գերիշխում էին մեր ծովեզրեայ փոքր մասին:

Թուրքերը լեռան տարբեր մատոյցներից նորէն յարձակուեցին մեզ վրայ: Ունեցանք մի քանի կատաղի մարտեր, սակայն երբեք ոչ այնպիսի մօտիկ ձեռնամարտ, ինչպիսին առաջին գլխաւոր ընդհարումն էր: Դիտարկման կէտերից մէկից հնարաւորութիւն ունեցանք գլաժայռեր գլորելու գահաւէժ լեռան կողն ի վար: Թշնամուն կործանարար վնասներ պատճառեցինք: Մեր վառօդն ու փամփուշտները նուազում էին: Թուրքերը ակնյայտ կերպով որոշ գաղափար ունէին այն կապանների մասին՝ որտեղ մենք էինք: Յանձնուելու համար նրանք սկսել էին վիրաւորական կոչեր արձակել: Դրանք տագնապալի օրեր ու երկար գիշերներ էին:

Մի կիրակի առաւօտ, մեր պաշտպանութեան 53-րդ օրը, զբաղուած էի մեր ժողովուրդին քաջալերելու ու գօտեպնդելու համար կարճ քարոզ պատրաստել: Խիստ ցնցուել էի մի մարդու ամբողջ ձայնով գոռալը լսելով: Մեր բանակատեղիի միջով արագ վազելով, եկաւ դէպի իմ խրճիթը: «Հոգեւոր հովիւ, հոգեւոր հովիւ» բացականչեց նա, «մի ռազմանաւ է գալիս եւ պատասխանեց մեր ձեռքերով նշան անելու շարժումներին»: Շնորհակալութիւն Աստծուն, մեր աղօթքները լսուած էին: Երբ մենք շարժուեցինք կարմիր խաչով դրօշակի մօտ, ռազմանաւը պատասխանում էր ազդանշանային դրօշակները շարժելով: Նրանք տեսնում էին մեզ եւ նաւարկում աւելի մօտիկ ծովափին: Պարզուել էր, որ 4 ծխնելոյզանի Ֆրանսական Կիշէն-«Guichen» անունով նաւն էր այն: Մինչ ռազմանաւի նաւակներից մէկը ծովն էր իջեցւում, մեր երիտասարդ մարդկանցից մի քանիսը արագ վազեցին ծովափ եւ անմիջապէս սկսեցին դէպի բաց ծովում խարսխած փառահեղ նաւը լողալ: Թւում էր, որ Աստուծոյ կողմից էր այն մեզ ուղարկուած լինէր: Տրոփող սրտերով աճապարեցինք ծովափ իջնել: Կացութիւնը բացատրելու համար Ռազմանաւի նաւապետից հրաման եկաւ պատուիրակութիւն ուղարկել: Ռազմանաւի ծովակալը, իր ենթակայութեան տակ գտնուող նաւատորմին անթել հեռագիր ուղարկեց: Շուտով հորիզոնում երեւաց նաեւ նաւատորմի դրօշակակիր՝ «Ste. Jeanne D Arc» նաւը, որին հետեւում էին ուրիշ ռազմանաւեր: Ծովակալը մխիթարական խօսքեր արտայայտեց մեզ, քաջալերեց, ապա հրաման արձակեց՝ համայնքի բոլոր մարդկանց նաւի վրայ վերցնել: Նաւ նստելը, անշուշտ մի քիչ ժամանակ առաւ: Ժողովուրդին Եգիպտոս, Փորթ Սայիտ տեղափոխելու համար նաեւ անգլիական մի ռազմանաւ հրաւիրուեց: Մենք, 4 Ֆրանսական ու 1 անգլիական հածանաւերի վրայ էինք, չափազանց ազնուօրէն հոգատարուած էինք, 2 օրուայ ընթացքում հասանք Փորթ Սայիտ: Հիմա, անգլիական իշխանութիւնների կողմից տրամադրուած հաստատուն ճամբարում ենք: Մենք, մասնաւորապէս երախտապարտ ենք Պարոն Վիլեըմ Ս. Հորմպլոըրին՝ այս ճամբարի գերազանց կազմակերպման համար եւ Տիկին Փ. Ճ. Իլկուտին եւ Օրիորդ Ռուսսելին՝ մեր նկատմամբ ցուցաբերած անխոնջ ջանքերի համար: Երախտապարտ ենք նաեւ վերջերս Գահիրէում կազմակերպուած՝ «Հայկական Կարմիր Խաչ» ընկերութեան պատուաւոր նախագահ՝ լուսաւորչական եկեղեցու Եպիսկոպոսին, «Կոդակ» ընկերութեան տնօրէն Պարոն Ֆերմանեանին ու նրա քարտուղար Փրոֆեսօր Գայեանին՝ 3 բժիշկներից ու 3 բուժքոյրերից բաղկացած անձնակազմ ուղարկելու մեր ճամբար:

Ճշգրիտ վիճակագրութիւն էր կատարուել, այն ցոյց էր տալիս, որ վերապրողների թուաքանակը հետեւեալն է՝ 427 չորս տարեկանից ցածր մանուկներ ու երեխաներ, 508 չորսից մինչեւ տասնըչորս տարեկան աղջիկներ, 628 չորսից մինչեւ տասնըչորս տարեկան տղաներ, 1441 տասնըչորս տարեկանից բարձր կանայք, 1054 տասնըչորս տարեկանից բարձր տղամարդիկ: 4058 – փրկուածների ընդհանուր թուաքանակը:

Յուլիսի 13-ին, թուրքերի առաջին մարտահրաւերից յետոյ մենք ունէինք 8 օրերի իրաւախոհութիւն ու տարբեր պատրաստութիւններ տեսնելու ժամանակահատուած: Մենք, յիսուն երեք օրեր մեզ պաշտպանեցինք Մուսա Տաղի վրայ եւ Սեպտեմբերի 14-ին երկու օրերի ճանապարհորդութիւնը մեզ հասցրեց Փորթ Սայիտ: Մենք չենք մոռանում, որ ապաստանի ապահովութեան համար Փրկիչը իր մանկութեանը Եգիպտոս էր բերուել: Յովսէփի եղբայրակիցները ցորենի ու եգիպտացորենի մատակարարման համար չէին կարող աւելի երախտապարտ լինել, քան մենք ենք:

Ֆրանսական նաւատորմի ռազմանաւերի յայտարարութեան համաձայն՝ ներքոյիշեալը կազմուած է Եգիպտոսի լուսաւորչական համայնքի եպիսկոպոս Թորգոմի կողմից

Գաղթականների թուաքանակը

Ճշգրիտ վիճակագրութիւն էր կատարուել ռազմանաւերում, ըստ որի՝ գաղթականների թուաքանակը եղել է. 915 տղամարդիկ, 1408 կանայք, 702 տղաներ, 539 աղջիկներ, 639 երեխաներ: Ընդամէնը՝ 4200 հոգի:

Գաղթականների ծագումը

Նրանք բոլորը եկել էին Սելեւկիայի գիւղերից, Հալէպի վիլայեթ, Անթաքիայի Սանճաք, Լէքքիայի շրջան, 160 ընտանիք՝ Խըտըրպէկ գիւղից, 228 ընտանիք՝ Եօղունօլուգ գիւղից, 220 ընտանիք՝ Հաճի Հապապլի գիւղից, 221 ընտանիք՝ Վագըֆ գիւղից, 10 ընտանիք՝ Քէպուսիէ գիւղից, 170 ընտանիք՝ Պիթիաս գիւղից: Ընդամէնը՝ 868 ընտանիք:

Սակայն, այդ ընտանիքները չէին ներկայացնում ընդհանուր թուաքանակը այն ընտանիքների, որոնք բնակւում էին իւրաքանչիւր գիւղում, 240 ընտանիքներ՝ Քէպուսիէ գիւղում, 2 ընտանիքներ՝ Եօղունօլուգ գիւղում, 80 ընտանիքներ՝ Հաճի Հապապլի գիւղում, 10 ընտանիքներ՝ Պիթիաս գիւղում: Ընդամենը՝ 332 ընտանիքներ:

Այսպիսով, 332 ընտանիքներ տանը մնացին, որոնք յետոյ տարագրուեցին թրքական կառավարութեան կողմից:

Պօղոս Արմէնակ Լագիսեան, Կալիֆորնիա, Հայ Գրողների Միութեան անդամ, Կլենտէյլ, 2005թ.

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։