Հայկական գործոն, որ միատարրության հենք ունի… Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը՝ արարչաբնույթ երրորդությամբ…

Արտասահմանում անծանոթ հայերն իրար հանդիպելիս հիմնականում կարողանում են ինչոր մի անհայտ զգայարանով ակնթարթորոն պարզել դիմացինի հայկական ծագումը` նույնիսկ առանց նրան լսելու: Ավելի համարձակները բացահայտման առաջին քայլն անում են հայերեն ողջույնով: Եվ հանկարծ պատասխանողի աչքերի փայլատակումից եւ ջերմ պատասխանից պարզվում է, որ նա էլ քո մեջ էր հարազատություն նկատել: Հայի` նույնիսկ առանց սխալների եւ այս կամ այն լեզվին հատուկ առոգանությամբ, օտարոտի շեշտադրությամբ եւ արտասանությամբ (ակցենտ) օտարալեզու խոսքից կարելի է գլխի ընկնել, որ նա հայ է: Հանճարեղ Կոմիտասը իր մանկական երգչախմբի սաների ընտրության ժամանակ նրանց երգից կարողանում էր որոշել, թե հայակական որ գավառից են եկել փոքրիկ երգիչները:

http://www.hayary.org/wph/?p=5127Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

http://www.hayary.org/wph/?p=5116 - Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Սրանք այլեւս ենթադրություններ չեն, այլ, ինչպես հայտնի ֆիլմում է ասված` «բժշկական փաստեր»: Հայերի ինքնատիպության գիտական ապացույցներից բացի (հայերի աչքի կառուցվածքի անկրկնելիություն, ողնուղեղի պատվաստման համար բացառապես հայ դոնորի մասնակցության բացառիկություն եւ այլն) բազմաթիվ են նաեւ հայերի արժեքային, սովորութային նմանությունները: Արժեք ասելով, հայերի համար անմիջապես առաջնային է դիտվում ընտանիքը: Հայկական ընտանիքը, որը հայի համար պատմության ծայրահեղ դժվար պահերին հայ մնալու միակ ու վերջին անխորտակելի ամրոցն է եղել: Հայերին վերացնելու համար բռնափոխել են ազգային հավատը, բայց պարզվեց, որ այն անջնջելի է՝ գենետիկ երեւույթ: Հայերին զրկել են պետականությունից, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզեւ բազմադարյա ընդմիջումներով, կարողացել ենք ինքնակազմակերպվել ու ներկայանալ որպես ինքնուրույն, ինքնիշխան պետական կազմավորումներ՝ կերտելով փառահեղ հաղթանակներ: Հայերից մերթ ընդ մերթ խլել են ազատությունը, անգամ հատուկ հարկ են դրել հայ լինելու համար, մեզ ձուլելու փորձերից բացի՝ վերցրել են ամենաառողջ տղա երեխաներին: Բայց էլի հայերը չեն վերացել, չեն մեկուսացել կամ պատնեշվել այս անարդար աշխարհից…  Այդ հիմա են «ուղեղային կենտրոնները» հասկացել հայի հարատեւության գաղտնիքը. հային վերացնելու ճանապարհին պետք է նախ քանդել հայկական ընտանիքը: Որովհետեւ այն ոչ թե միայն պետականության մանրակերտ է, այլեւ՝ մարդկային բարձր արժեքները մնայուն ու աննահանջ պահող եւ սերունդներին փոխանցող անառիկ բերդ: Հենց հայկական ընտանիքը պետք է դրվի մարդու իրավունքների եւ արժեքների պաշտպանության միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:

Բայց դրա համար պիտի կարողանանք մերժել օտարների արհեստական վարքուբարքը՝ մեր ազգայինը պարտադրելով (որովհետեւ ինչ հրամցնում են մեզ՝ հիմնականում շեղված է բնականոն առաքելությունից): Այլապես՝ ուժ չգտնելով, մենք կտրվենք ճնշմանը եւ կօտարանանք մեր ձեւից: Ուրեմն՝ ինքներս պետք է գիտակցենք մեր արժեքների կարեւորությունը, եւ պահենք-պահպանենք մեր ինքնությունն ու էությունը՝ հայկականությունը:

Շատերիս բախտ չի վիճակվել ծնվել եւ դաստիարակվել հայկական ավանդական մեծ ընտանիքում, չենք ստացել աշխարհ տեսած մեծ պապի իմաստուն խրատները, չենք զգացել հորեղբայրներին եւ ավագ եղբայրներին մեր թիկունքում, չենք տեսել մեծ մոր եւ ավագ քույրերի՝ մանուկների նկատմամբ հոգատար խնամքը, չենք հասկացել մեծ տիկնոջ կողմից տնտեսություն վարելու հմտությունները, որ տանն սյուներն են ամրացրել:

Մենք էլ հո կարող ենք ավանդական մեծ ընտանիքի հիմք դնել, դառնալ նահապետ: Կարո՛ղ ենք: Ինչքան էլ դժվար լինի, կարո՛ղ ենք: Որովհետեւ հայկական «ընտանեկան օրենսգիրքը» ընդհանուր կանոններով մեր մեջ է՝ մեր արյան մեջ: Մենք բոլորս էլ ծնողասեր ենք: Մենք բոլորս էլ երեխայապաշտ ենք: Մենք բոլորս էլ սիրում ենք հարազատություն, բարեկամություն, նաեւ ընկերություն անել: Եվ եթե մեր հարազատները կամ ընկերները նույնպիսի սիրով մեզ չեն պատասխանում, փույթ չէ, նրանք ուղղակի դեռեւս լիովին չեն գիտակցել դրա կարեւորությունը (իհարկե կան տխուր ու անհեռանկար բացառություններ):

Հայերն ընդհանրացնող շատ բաներ ունեն, որոնք առաջին հայացքից չեն էլ կարեւորվում: Հայաստանի միատարր լինելը, զարմանալի է, բայց այդ առումով մեզ վրա բացասաբար է անդրադառնում: Որովհետեւ փոքրաթիվ ազգային փոքրամասնությունները թվաքանակով, երբեմն էլ բովանդակային առումով նշանակալի չեն մեզ հետ համեմատվելու համար: Փոքրիկ համեմատություն անենք այլ երկրների հետ: Հյուսիսային հարեւան Վրաստանում քաղաքական ցնցումներն առանց մեծ ճիգերի վերածվում են քաղաքացիական պատերազմների: Արեւելյան հարեւան դարձած Ադրբեջանը Արցախյան ազատամարտի տարիներին չէր կարողանում հավաքել գաղափարական մարտիկների, օգտագործում էր վարձկաններին եւ բավականին բարձր էր դասալքության մակարդակը: Իսկ գործող բանակի գրոհային ուժերն էլ հիմնականում հոգեմետ դեղերի ազդեցության տակ էին կռվում: Բարեկամ Իրանում մաքրարյուն պարսիկներն արդեն փոքրամասնություն են համարվում: Մեր ոխերիմ հարեւան Թուրքիան անգամ իր արհեստածին ինքնության խնդրի առաջ է կանգնած: Բազմազգ Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան մեկ ընդհանուր անունով կոչվում են արաբական աշխարհ (նույնիսկ հին Եգիպտոսն է դարձել արաբական պետություն), ինչի հետեւանքով էլ հերթով պայթում են «գարնանային» բողբոջներից (հերթը կհասնի նաեւ Պարսից ծոցի միապետություններին):

Քաղաքակրթության «հայրենիք» Հունաստանը, ինչպես ընդունված է ասել այսօրվա աշխարհում, քիչ է մնում սեփական կղզիներով կամ հեթանոսական տաճարներով փակի իր արտաքին պարտքերը: Ռուսաստանը, փորձելով դառնալ համաշխարհային ուժային 2րդ բեւեռը, մինչեւ հիմա չի գտնում քաղաքակրթական իր դերը: Օտարերկրացիների թվաքանակի աճի եւ բնիկ եվրոպացիների օրինաչափ դժգոհությունների ավելացման հետեւանքով ճաքեր է տալիս պետականության եվրոպական մոդելը: Թվարկված բոլոր երկրները մի ընդհանուր թերություն ունեն: Նրանք պատմության տարբեր դարաշրջաններում (երբ ատամները կտրել է) փորձել են ստորադասել ազգային գործոնը, փորձել են միաձուլել տարբեր ազգերին իրենց մեջ՝ չհասկանալով, որ դրանով իրենք էլ են խեղվում (իսկ Արքայից Արքա Տիգրանին նվաճված ժողովուրդներն են անգամ գովերգել):

Անշուշտ, համաշխարհային թատերաբեմում խոշոր դերակատարում ունեցող ուժերը հասկանում են (միշտ էլ իմացել են եւ ընդդիմացել իրականում) հայկական գործոնի դերը տարածաշրջանում: Ժամանակն է, որպեսզի մենք էլ, մի կողմ դնելով տարբեր քաղաքական կողմնորոշումները, համախմբվենք ու մեծացնենք հայկական գործոնի հնարավորությունները, տարածենք հայկականությունը մեր պատմական հայրենիքի բոլոր աշխարհներում եւ տներում: Բայց դա այժմ պիտի սկսենք այն միջավայրից, որտեղ հայ է բնակվում:

Իսկ եզրահանգումը կամ վերջաբանը բացարձակ իմաստով մեկն է: Այն գտել եմ Հայ Արիական Միաբանության կենսադրույթներում, որը տալիս է մտորումներիս պատասխանը: Մեջբերեմ մի հատված, որն ավելի կարճ ու դիպուկ է ասված նյութիս համար. «Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում: Դրա համար պիտի հղկել հայեցի լեզվամտածողությունը, որը միայն կտանի ներքին գենածինախոսության, ինչով էլ պայմանավորված է մեր տիեզերահաս հավատն ու իմաստնությունը: Այլ լեզվով հնարավոր չէ խոսել հայ գենի հետ…

Սա՛ է իմացության անհակ պաշարը ենթագիտակցությունից դեպի գիտակցություն բերելու հաստատուն ճանապարհը:

Սա՛ է, որ կհանգեցնի առանց բարդույթների ինքնաճանաչման: Այն է՝ յուրաքանչյուր հայ կհասկանա, որ՝

  1. Ինքը ազգի մասնիկն է՝ առանց որի գոյության դատապարտված է ձուլման ու կործանման:
  2. Ազգը բնատուր ինքնություն ունի, եւ առանց ազգային պատկանելության անհատը զուրկ է ինքնությունից: Նա պարզապես որեւէ եսակենտրոն անձ է:
  3. Ազգը բնածին մարդու հոգին է, իսկ հայրենիքը՝ մարմինը: Առանց մարմնի հոգին տկար է, իսկ առանց հոգու՝ մարմինն օտար է (կամ՝ օտարահոգի դարձած):

Հայն իր ամբողջությունն զգալու համար պիտի վերահաստատի Հայկական Լեռնաշխարհում արարված միասնական հայրենիքում ապրելու իրավունքը, որպեսզի անբողջական զգա իր մարմինը: Մարմնի յուրաքանչյուր ջիղն ու ազդակը, որ պայմանավորված է Հայկական Լեռնաշխարհի ամբողջական բնաշխարհով:

Երբ դա լինի իրականություն, ապա հոգին պիտի զորանա՝ հայությունը պետք է համախմբվի իր ամբողջական ու հավերժական բնօրրանում՝ բնաշխարհում՝ իր բնությանը համահունչ:

Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը, որը կամբողջացնի արարչաբնույթ երրորդության սրբազան կարգը՝ մարմինմիտքհոգի զորությամբ…»:

Տրդատ Գրիգորյան

«Հայ-Արիական» ուսանողական եւ «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբների համակարգող

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։