Ազգային հարստություն – 3. Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40, 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, ,Լուսանցքե-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

Մենք նշեցինք, թե ինչու են բնապահպանները դեմ Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագրին, եւ ինչ ռիսկեր է այն պարունակում մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ կարծիքի է խնդրո առարկայի շուրջ գիտական հատվածը:

Սեւանա լճում իշխանի արդյունագործական որսը դեռ 1976թ.-ից արգելված էր: Իսկ 1978թ. իշխանը, որպես անհետացող տեսակ, նույնիսկ ԽՍՀՄ Կարմիր գրքում գրանցվեց: Այժմ այդ ձկնատեսակի պոպուլյացիան ինչ-որ չափով վերականգնված է, բայց դրական արդյունքի մասին (խոսքը բնական վերարտադրության վերականգնման մասին է) առայժմ խոսել չենք կարող:

Սեւանա լճի ձկնային պաշարները գնալով նվազում են: Հայ եւ ռուս գիտնականները մի ուսումնասիրություն են հրապարկել՝ «Սեւանա լճի մակարդակի բարձրացումից հետո լճի ուսումնասիրությունը», եւ այստեղ նշված տվյալների համաձայն, 1983թ. լճում ձկան պաշարը կազմում էր ավելի քան 10,7 հազար տոննա, 2005թ.՝ 625 տոննա, 2006թ.՝ 253,6 տոննա, 2009թ.՝ 278,6 տոննա։ Սեւանա լճում ձկնապաշարի ընդհանուր ծավալը, 2010թ. գնահատականներով, կազմում էր ավելի քան 300 տոննա։

Մեր գիտնականները շարունակում են, թե երկու տարի առաջ Սեւանում կար 170 տոննա ձուկ, այժմյան ցուցանիշը 8,5 տոննայի սահմաններում է: Այլ կերպ՝ սա նշանակում է, որ մենք այսօր չունենք ձկնարդյունագործական պաշար:  Այս համապատկերում հիմա ո՞րն է խնդիրը. մի կողմից ուզում ենք վերականգնել ձկան պաշարները լճում, իսկ մյուս կողմից դեմ ենք դրան:

Բանն այն է, որ հիշյալ ծրագիրը, ինչպես բացատրում է ԳԱԱ-ն, դրական եւ բացասական կողմեր ունի (այս ամենի մասին ասվել է դեռ տարեսկզբին հրավիրված ասուլիսներում): Իշխանը Սեւանա լճի համար էնդեմիկ ձկնատեսակ է: Այո, վերջին տարիներին բնապահպանության նախարարությունը պարբերաբար, պետական ծրագրերի համաձայն, մանրաձուկ է լցնում լիճ, եւ դա որոշակիորեն նպաստել է պոպուլյացիայի վերականգնմանը: Եվ, այո, բաց թողնված առաջին խմբաքանակի ձկները արդեն հասունացել են եւ պատրաստ են ձվադրման: Դրանց մեջ կա երկու տեսակ՝ գեղարքունին եւ ամառային բախտակը, որոնց ձվադրումը տեղի է ունենում գետերում:

Սակայն, այդ տեսակները չեն հասնում գետեր, քանզի լճում էլ որսվում են:

Այլ կերպ՝ պետությունը մեծ գումարներ է ծախսում, որպեսզի մասնավոր ֆերմաներից մանրաձուկ գնի, բայց ձկան բնական վերարտադրողականությունը վերականգնել չի հաջողվում, քանզի որսագողները դա չեն թողնում: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը առիթով հստակ նշել էր իր տեսակետը, ըստ որի՝ «հսկողությունը ոչ թե լավ չի կատարվում, այլ ընդհանրապես գոյություն չունի ոչ լճում, ոչ դրսում, ոչ շուկաներում: Չի իրականացվում այն մարմինների կողմից, որոնց վրա դրված է այդ պարտականությունը: Դրա պատճառներին չեմ ուզում մանրամասն անդրադառնալ կամ դրանք մեկնաբանել, որովհետեւ կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ գործոններ: Մեկ ասում են, որ մարդկանց սոցիալական վիճակն է վատ, մեկ նշում են, թե իրենց միջոցներն են սուղ, եւ որ որսագողերի տեխնիկան ավելի հզոր է: Տարբեր պատճառներ են բերվում, որոնք համոզիչ չեն: Սակայն մենք ամեն առիթով նշում ենք, որ որսագողության վրա պատշաճ հսկողություն պետք է սահմանել, քանի որ հենց դրա պատճառով է, որ մենք այսօր չունենք Սեւանա լճում արդյունագործական պաշարներ: Անընդհատ ասվում է, որ այն ծրագրերը, որոնք ուղղված են վերականգնելու պոպուլյացիաները, որսագողության պատճառով արդյունավետ չեն գործում, որովհետեւ տեսակների պահպանությունը չի ապահովվում… Նույնիսկ այն հանգամանքը, որ սիգը լճում հայտնվել է վերացման վտանգի տակ, որսագողերին չի կանգնեցնում: Սիգը շուկաներում անարգել վաճառվում է, դա բոլորն էլ տեսնում են»:

Ու քանի որ հիմա հանրության շրջանում թյուր տեսակետ կա, թե սիգը չի բազմանում, որովհետեւ պատճառը իշխանն է կամ էլ խեցգետինը, ավելի ճիշտ է լսել մասնագետի կարծիքը (ասում են, թե իշխանն ու սիգը միաժամանակ չեն կարող բազմանալ Սեւանա լճում, քանի որ մի ձկնատեսակը ոչնչացնում է մյուս տեսակի ձկնկիթը): «Մարդու արածը պետք չէ գցել բնության վրա: Ո՛չ իշխանի վերացման պատճառն է սիգը, ո՛չ էլ սիգի վերացման պատճառը խեցգետինն է: Հիմնական պատճառը որսագողությունն է: Ժամանակին դրա պատճառով վերացավ իշխանը, իսկ այսօր էլ՝ սիգը: Իսկ մնացած պատճառներն անհեթեթություն են, քանի որ գիտականորեն հիմնավորված չեն: Եթե այսպես շարունակվի, ապա վերականգնման ինչպիսի ծրագրեր էլ իրականացնենք, արդյունքներն արդյունավետ չեն լինի, քանի որ մոտեցումը պետք է լինի համալիր»,- վստահ է Բ. Գաբրիելյանը:

Ի՞նչ է ասում ինստիտուտը հիշյալ ծրագրի լավ ու վատ կողմերի մասին: Սեւանա լճում ձկնաբուծարան ստեղծելու ծրագրի լավն այն է, որ այն լինելու է պետական հովանավորության ներքո: Սեւանի իշխանի երկու ենթատեսակների՝ Գեղարքունու եւ ամառային իշխանի աճեցումը այսօր մասնավորի ձեռքում է: Ազատական տնտեսահարաբերություններում մասնավորի դեմ ոչ մի բան չկա, սակայն իշխանի գենոֆոնդը պետք է պետական հովանավորությամբ լինի: Իսկ սա նշանակում է, ինչպես եւ ծրագրով է, որ կբուծվի մաքուր իշխան, ստուգված մայրական կազմ պետք է լինի, եւ նախատեսվող բոլոր տնտեսությունները պետք է օգտվեն միայն այդտեղից: Դրական մի կողմ էլ կա. եթե ունենանք արհեստական աճեցված իշխանի բավական մեծ պաշար, հնարավոր կլինի այն վաճառել համեմատաբար ցածր գնով:

Մյուս դրական կողմն այն է, որ լճում ձկան հետ կապված վատ պայմաններում կունենանք մի հնարավորություն, որը թույլ կտա, ի վերջո, լրացնել ու վերականգնել Սեւանի իշխանի պաշարները:

Մի խոսքով, ըստ մասնագետի (կրկնում եմ՝ այս ամենը դեռ տարեսկզբին է արվել)՝ «դրական է, որ վերջապես կլուծենք իշխանի պաշարների վերականգնման հարցը: Սեւան են լցվելու ստուգված մայր ձկներ, որոնք բացառվում է, որ լինեն հիբրիդներ: Դրանք պետք է մաքուր իշխաններ լինեն: Սա կիջեցնի որսագողությունը, որովհետեւ հսկողություն է իրականացվելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ծրագրի բացասական կողմերին, ապա խոսքը նախ եւ առաջ լրացուցիչ օրգանական նյութի ներմուծումն է Սեւանա լիճ (50 հազար տոննա արհեստական կեր): Օրգանական նյութերը բացասական հետեւանք կարող են ունենալ Սեւանի բաղադրության վրա, բայց եթե՝ «ծրագրով գրվածը համապատասխանի արվածին, ապա Սեւանի խնդիրները նվազագույն կլինեն, իսկ իշխանի հարցը լուծված կլինի: Բայց չպետք է միանգամից ամեն ինչին ոչ ասել, այլ պետք է առաջարկել, թե ինչ անեն, որ վնասը նվազագույն լինի»,- ասաց նա:

Ի՞նչ կարծիքի է պետությունը: Չէ՞ որ սա մի ծրագիր է, որ մի ամբողջ երկրի է վերաբերում, որ ազգային հարստություն է, որի պատասխանատվությունը ինքն է ստանձնելու՝ իր ու սերունդների առջեւ: Կխոսենք հաջորդիվ:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան, Լուսանկարը՝ հեղինակի պահոցից

(Այս հոդվածաշար սկսել էր տպագրվել այս՝ 2015թ. սկզբից: Մանրամասները տե՛ս նախորդ համարներում):

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։