Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…

Սկիզբը՝ թիվ 6-7-ում

http://www.hayary.org/wph/?p=5449Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

http://www.hayary.org/wph/?p=5433 - Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում…

Նախորդիվ խոսեցինք Արարատյան դաշտի ջրի որակի մասին: Հավելելնք, որ, դարձյալ ըստ բնապահպանության նախարարության, ոռոգման ջրի որակի գնահատման համար կարեւոր պարամետր է նաեւ ջրի ներծծման կարողությունը, որը հայտնի է որպես ադսորբված նատրիումի բաժին (SAR): Այն կախված է նատրիում, կալցիում եւ մագնեզիում իոնների հարաբերակցությունից: Համաձայն 2012-2014թթ. ջրի որակի մոնիթորինգային տվյալների, Արարատյան ՋԿՏ-ի գետերի եւ ջրամբարների ջրերի SAR-ի արժեքները փոքր են 3-ից, ինչը նշանակում է, որ ջրերը պիտանի են ոռոգման նպատակով օգտագործելու համար: Ոռոգման ջրի որակի վրա ազդում են նաեւ pH-ը, հիդրոկարբոնատ, քլորիդ եւ նիտրատ իոնները, ծանր մետաղները: Հիդրոկարբոնատ իոնի դեպքում ջուրը պիտանի չէ ոռոգման համար, եթե կոնցենտրացիան մեծ է 500 մգ/լ-ից:

Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի գետերի եւ ջրամբարների ջրերում թվարկված մյուս պարամետրերի կոնցենտրացիաները գտնվում են «գերազանց» գնահատականի տիրույթում եւ լիարժեքորեն պիտանի են ոռոգման համար:

Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրային պաշարների որակին, ապա սրա դիտարկումն անում է «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»-ը: 2014թ. դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում հիդրոերկրաբանական մոնիթորինգ իրականցվել է 8 աղբյուրում, որոնցից 3-ը գտնվում են Ազատի, 1-ը՝ Հրազդանի ավազանում, 3-ը՝ Մեծամորի,  իսկ 1-ը՝  Արփայի: Ամսական 6 անգամ չափվում է ջրաղբյուրների ծախսը, դիտարկվում է ջրի մակարդակն ու ջերմաստիճանը, իսկ տարեկան 2 անգամ կատարվում է ջրի քիմիական անալիզ: Ըստ քիմիական կազմի՝ Արարատյան ՋԿՏ-ի ստորերկրյա ջրերը հիմնականում հիդրոկարբոնատային, նատրիում-կալցիումային, երբեմն մագնեզիումային, սուլֆատային եւ նատրիումային են: Անհրաժեշտ է նշել, որ տարբեր կառուցվածքներում տարածված են տարբեր որակի ջրեր: Սա պայմանավորված է ինչպես բուն Արարատյան ջրավազանայաին կառավարման տարածքի, այնպես էլ սնման եւ տեղափոխման մարզերում առկա տարատեսակ ապարների կազմով:  Իսկ խմելու ջրի աղբյուրների ջրերի որակի մասով ասենք, որ Արարատյան ՋԿՏ-ի բոլոր ջրաղբյուրների ջրերը, որոնք ջրամատակարարվում են խմելու համար, լիարժեքորեն լավ որակի են (խմելու ջրի աղբյուրների քիմիական կազմի փորձարկումներն անում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Հետազոտվում է 7 ջրաղբյուրի քիմիական բաղադրությունը: Ըստ այս ընկերության տվյալի, տվյալների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցում դիտվում է միայն սիլիկատ իոնի դեպքում):

Այժմ խոսենք Արարատյան դաշտում վերջին տարիներին տիրող մտահոգիչ դրությունից, այն ծնող պատճառներից, իրավիճակից ելքերից եւ հեռանկարներից: Հասկանանք, թե ինչ վիճակ է ներկայում:

Պատկերը ներկայացնում է հենց բնապահպանության նախարարությունը՝ ուշադրություն հրավիրելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների օգտագործման վերջին տարիների տվյալների վերլուծությանը:

Ըստ այդմ, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մուտքի եւ ելքի բաղադրիչների հավասարակշռությունը պահպանվում է այն դեպքում, երբ հորատանցքերով առավելագույն ջրառը կազմում է 51,7 խմ/վրկ (վեգետացիայի շրջան), նվազագույնը՝ 16,4 խմ/վրկ (ոչ վեգետացիոն շրջան), իսկ միջին տարեկան ջրառը 34,7 խմ/վրկ: «Այսինքն՝ սահմանված քանակի ջրառի դեպքում չի խախտվում Արարատյան դաշտի փոխկապակցված ջրատար հորիզոնների համակարգի հիդրոդինամիկան եւ հիդրոքիմիական ռեժիմները շահագործման ամբողջ ժամանակահատվածում»:

Խախտել ենք՝ պատժվում ենք

Սակայն, այդ հավասարակշռությունը խախտվել է:

Եվ խախտվել է այն դեռ 2007թ.: Համաձայն 2006-2007թթ. գույքագրման տվյալների, ստորերկրյա ջրերի գումարային ջրաելքը կազմել է 36.5 խմ/վրկ, որը 1,9 խմ/վրկ-ով գերազանցել է 1984թ. հաստատված թույլատրելի միջին տարեկան ջրառին (34.6խմ/վրկ): Այն պայմանավորված է եղել Մասիսի եւ Էջմիածնի տարածաշրջաններում ստորերկրյա ջրերի դրական ճնշման գոտում ձկնաբուծության նպատակով ինքնաշատրվանող հորատանցքերի թվի ավելացումով ու նրանցով միջին տարեկան ջրառի (31.7 խմ/վրկ) գերազանցումով 1984 թ. շահագործման  ռեժիմով սահմանված ջրառի (20,8 խմ/վրկ) նկատմամբ: «Ստորերկրյա ջրերի մուտքի ու ելքի բաղադրիչների հավասարակշռության խախտումը առավել ցայտուն է դրսեւորվել, երբ 2008թ. ձկնարտադրությունը ընդգրկվեց առաջնահերթ (գերակա) պետական զարգացման ծրագրերի շարքում եւ լայն թափով սկսվեց երկրորդ ճնշումային ջրատար հորիզոնի քաղցրահամ ջրերի առաձգական պաշարների օգտագործումը»,- ասում է նախարարությունը:

2013թ. դրությամբ Արարատյան դաշտում գոյություն ունեցող 3318 հորատանցքերից փաստացի օգտագործվել է 1781 հորատանցք, որոնցից գումարային ելքը կազմել է 55,6 խմ/վրկ, որը 20,9 խմ/վրկ-ով կամ 1,6 անգամ գերազանցել է 1984թ. հաստատված (34,6 խմ/վրկ) թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը, իսկ Մասիսի տարածաշրջանում այն գերազանցել է 4,5 անգամ:

Ընդհանուր ջրառի (55,6 խմ /վրկ) շուրջ 91%-ը (50,5 խմ /վրկ) բաժին է ընկնում Մասիսի եւ Էջմիածնի տարածաշրջաններին՝ դրանով իսկ խախտելով այդ տարածաշրջանների համար հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի քանակը (20,8 խմ /վրկ): Նույն ժամականակաշրջանում միայն ձկնաբուծության նպատակով փաստացի օգտագործվել է 470 հորատանցք՝ 35,5 խմ /վրկ կամ 1119,5 մլն խմ /տարի ջրաելքով, երբ այլ նպատակների համար (խմելու, կենցաղային, ոռոգման եւ տեխնիկական) օգտագործվել է 1311 հորատանցք՝ 20,1 խմ /վրկ կամ 633,9 մլն խմ /տարի ջրաելքով:

Ուշադրություն դարձնենք եւս մեկ հանգամանքի. չնայած 2013թ. շահագործվող հորատանցքերի քանակը 2007թ. նկատմամբ նվազել է 205-ով, սակայն ջրառը ավելացել է  19,1 խմ /վրկ-ով, որը հիմնականում պայմանավորված է ձկնաբուծության նպատակով նոր հորատված ինքնաշատրվանող հորատանցքերի մեծ ծախսերով (100.0-250.0 լ/վրկ): «Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումը կարելի է ասել, իր գագաթնակետին է հասել 2014թ.»,- ընդգծում է նախարարությունը:

Ի դեպ, համաձայն նախարարության տրամադրած փաստացի նյութերի, 2014թ. մինչեւ  հոկտեմբեր ամիսը միայն ձկնաբուծական տնտեսությունների կողմից, որոնց քանակը 250 է, օգտագործել են՝ 60.7 խմ /վրկ ջրաքանակ, իսկ ընդհանուր ջրառը կազմել է մոտ 80.0 խմ /վրկ: Հարկ է նշել նաեւ, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառը կատարվում է լավային եւ լավատակ բարձրորակ ջրերի՝ խմելու-կենցաղային ռազմավարական նշանակություն ունեցող ջրատար հորիզոններից:

«Այսպիսով, վերջին տարիների ընթացքում ձկնարդյունաբերության բուռն զարգացումը եւ վերահսկողության բացակայությունը խիստ բացասաբար է անդրադարձել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ռեժիմի վրա:

Ստորերկրյա ջրերի շահագործման ռեժիմի խախտումը հանգեցրել է՝ 1. ինքնաշատրվանող հորատանցքերում ճնշումային ջրերի պիեզոմետրիկ մակարդակի կտրուկ անկմանը եւ նրանց տիրույթի գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, ճնշումային ջրերի դրական ճնշման գոտու կրճատմանը, բնաղբյուրների ելքերի անկմանը, կոլեկտորադրենաժային ցանցի գերծանրաբեռնվածությանը եւ իրենց բուն նպատակին չծառայելուն»:

Շարունակենք՝ դարձյալ ըստ բնապահպանության նախարարության:

Կատարված ուսումնասիրություններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 1984-2013թթ. ժամանակահատվածում Էջմիածնի տարածաշրջանի ինքնաշատրվանող հորատանցքերում պիեզոմետրիկ մակարդակը իջել է՝ 2,5-11,7 մ-ով, ինչն էլ ուղեկցվել է ջրի ծախսի 34,0-169,0 լ/վրկ նվազումով (գ. Հայկաշեն): Մասիսի տարածաշրջանի հորատանցքերում պիեզոմետրիկ մակարդակը իջել է 3,9-15,0 մ-ով, իսկ ջրի ծախսը 44,0-199,0 լ/վրկ-ով(գ. Սիփանիկ): Դրական ճնշման գոտու 249 հորատանցքեր դադարել են ինքնաշատրվանելուց:

Կրճատվել է դրական ճնշումով ճնշումային ջրատար հորիզոնի տարածման մակերեսը նաեւ:

Բանն այն է, որ եթե այն 1984թ. դրությամբ զբաղեցնում էր 32,7 հազ. հա մակերես, ապա 2013թ.՝ 10,7 հազ. հա մակերես, այսինքն՝ կրճատվել է 2/3-ով: Այս ամենի հետեւանքով՝ 31 համայնքներ զրկվել են ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող խմելու-կենցաղային եւ ոռոգման ջրից:

Խիստ նվազել են նաեւ բնաղբյուրների ելքերը:

Ըստ հիդրոօդերեւութաբանական ծառայության Տարոնիկ դիտակետի տվյալների, Սեւջուր գոտի հոսքը (Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների միջին ծավալից առաջացած) եթե 1983թ. կազմել է 26,1 խմ/վրկ, ապա 2013թ. այն կազմել է 3,0 խմ/վրկ:

Վատնում ենք պետբյուջեից

Ինքնաշատրվանող հորատանցքերի մերձակա տարածքներում տեղի է ունեցել գրունտային ջրերի մակարդակների որոշակի իջեցում:

Այսպես, 2014թ. գրունտային ջրերի մակարդակը 2009թ. նկատմամբ իջել է 0,5-1,48մ-ով: Գրունտային ջրերի մակարդակի իջեցումը բերել է հողի վերին շերտերում խոնավության նվազմանը, ըստ այդմ էլ՝ ոռոգման նորմաների ավելացմանը: Արմավիրի տարածաշրջանում ձկնաբուծական տնտեսություններից դեպի հյուսիս, հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել գրունտային ջրերի մակարդակների համատարած իջեցում եւ այդ տեղամասերի դրենաժային ցանցերում արձանագրվել է ծախսերի նվազում, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ չորացում: Կոլեկտորադրենաժային (կուտակող-ցամաքեցնող) ցանցերը մինչեւ 2002թ. աշխատել են արդյունավետ՝ նախագծային թողունակությամբ, ապահովելով շուրջ 30,3 խմ/վրկ կամ 955,9 մլն խմ/տարի, ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան եւ Արաքս գետերը: 2003թ. սկսած նրանցով հեռացվող ջրի ծավալները, սկզբում աստիճանաբար, իսկ 2009թ.-ից կտրուկ աճել են եւ 2014թ. միջին տարեկան ելքը կազմել է 57,1 խմ/վրկ կամ 1800,7 մլն. խմ/տարի, որից 26,8 խմ/վրկ կամ 845,2 մլն խմ/տարի ձկնաբուծական տնտեսություններից կոլեկտորադրենաժային ցանցերը լցվող ջրերն են, որը կազմում է ընդհանուրի շուրջ 47%-ը: Այս երեւույթն էլ հանգեցրել է կոլեկտորադրենաժային ցանցերում ջրի մակարդակի եւ նրանց հարակից տարածքների գրունտային ջրերի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, երկրորդային աղակալմանը եւ ալկալիացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, դրենաժային ցանցերի աշխատունակության խաթարմանը, այդ նպատակով պետբյուջեից տարեկան հատկացվող գումարների անարդյունավետ վատմանը եւ, վերջին հաշվով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկմանը:

Մի խոսքով, բնապահպանության նախարարության հավաստմամբ, «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի վերը ներկայացված անհաշվենկատ շահագործումը բերել է ստորերկրյա ջրերի ջրային հաշվեկշռի մուտքի եւ ելքի հարաբերակցության եւ ջրատար հորիզոնների սնման բնական պայմանների խախտմանը: Եթե ներկա սցենարով շարունակվի ստորերկրյա ջրերի շահագործումը, ապա կշարունակվի դրական ճնշման գոտու փոքրացումը, որի արդյունքում ավելի շատ համայնքներ կզրկվեն խմելու-կենցաղային եւ ոռոգման ջրից, կբերի Մասիսի եւ Էջմիածնի տարածաշրջանների ոռոգելի հողերի ջրման նորմաների ավելացմանը եւ կոլեկտորադրենաժային ցանցի մերձակա տարածքների գերխոնավացած հողերի մակերեսների ավելացմանը, գրեթե կդադարի գործել Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների խումբը, որը էլ ավելի լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների կհանգեցնի Արարատյան դաշտում»:

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի ռեժիմի ստեղծված իրավիճակը կարգավորելու, հետագա բացասական երեւույթները կանխարգելելու եւ ջրօգտագործումը կայուն հիմքերի վրա դնելու՝ չափավոր ու հաշվենկատ կատարելու համար գործադիրի որոշմամբ քայլեր են ձեռնարկվել եւ մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Այդ մասին՝ հաջորդիվ:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։