Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

http://www.hayary.org/wph/?p=5620#more-5620 - Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

http://www.hayary.org/wph/?p=5622#more-5622Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ

«Լուսանցք»-ն արդեն գրել է «Սերժ Սարգսյանի 800 հա տարածքի հանելուկի» մասին՝ նշելով, որ Արցախի խնդրով Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո, երբ Հայաստանի նախագահը ինքնաթիռում դեռ խոսել է 800 հա տարածքի՝ ադրբեջանցիների կողմից գրավելու մասին, հենց այս ժամանակ հայկական բանակը նույնչափ հողատարածք էազատագրել Նախիջեւանի հատվածում: Դրանք այնքան նպաստավոր դիրքեր են ռազմավարական առումով, որ գրեթե ամբողջ Նախիջեւանը պահում են մեր բանակի հսկողության տակ…

Այս մասին չի խոսվել, որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել ոչ Երեւանի, ոչ էլ Բաքվի կողմից: Առաջինը չի հայտնել, որպեսզի նոր աղմուկ չլինի, իսկ երկրորդը՝ վախեցել է սեփական ժողովրդի ցասումից… Բայց Ադրբեջանը բողոքել է Արեւմուտքին, Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին…

Իմիջիայլոց, մայիսի 15-ին լուր տարածվեց համացանցում, թե «Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը», ինչը իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ չի փոխանցվել:

Հետաքրքիր է, որ այս մասին օրերս խոսեց նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում: Նա նշել էր, որ այսպես մենք աշխարհին ցույց ենք տալիս, թե 800 հեկտար տարածք ենք կորցրել, ինչը նշանակում է՝ Ադրբեջանը ոչ միայն խախտել է զինադադարը, այլեւ այն կարգավիճակը, որն առկա էր 1994թ. զինադադարի ստորագրումից հետո:  Իմիջիայլոց, ա՛յն զինադադարի, որը եռակողմ է ստորագրված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից… «Ես իհարկե դեռ ենթադրում եմ, որ այդքան տարածք դժվար թողած լինենք, բայց ինչեւէ…  Սակայն կարող եմ ասել, որ Նախիջեւանի կողմից հողեր հաստատ վերցրել ենք՝ որպես փոխհատուցում 800 հեկտարի դիմաց,- ասել է հայ արիների առաջնորդը եւ հավելել,- սա չի նշանակում, թե մի օր էլ այդ կորցրած 800 հա-ն չենք վերցնելու»:

Նա նշել է, որ միշտ հետեւում է ադրբեջանական կայքերի լրատվությանը, անգամ տողատակերին, եւ այս անգամ նրանց վայնասունը «մի այլ ձեւի էր» Նախիջեւանի հարցում: Նրանք, չգիտես ինչու բողոքել են նաեւ Իրանին… «Այս երկիրը մեզ հարեւան ու բարեկամ պետություն է համարվում, բայց Նախիջեւանի վրա նրանք էլ վաղուց աչք ունեն: Եվ երբ կարդում ես, որ Ադրբեջանը Արեւմուտքին (ԱՄՆ-Եվրոպա), Ռուսաստանին ու Թուրքիային է բողոքել, հասկանում ես՝ որին ինչ նպատակով, իսկ Իրանի դեպքում ուրիշ է…  Արցախի հարցում Ադրբեջանը երբեւէ չի բողոքել Իրանին»: Նշանակում է, ինչ-որ խնդիր կա, որ պիտի Նախիջեւանի հարցում նաեւ Իրանին անհանգստացնի, այսինքն՝ Իրանը պետք է անհանգստանա, որ Հայաստանը Նախիջեւանի վրա նպատակային գործողություններ է կատարում, իսկ Շահ Աբասից սկսած պարսիները Նախիջեւանը համարում են իրենցը…

«Մի խոսքով այդ գործողությունը հայկական զինուժի առաջընթացն է որոշակի, ինչը վախեցնում է Բաքվին: Թերեւս Արեւմուտքին դեռ այնքան չի վախեցնում Նախիջեւանի ուղղությամբ հայկական առաջընթացը, քանզի Հայաստանը այդպիսով ինքնուրույն եւ ինքնահաստատման լուրջ քայլեր է անում, ինչը կարող է նպաստել Ռուսաստանից անկախացման ընթացքի վրա: Ռուսաստանին, իհարկե անհանգստացնում է, քանի որ միայն իր հրահանգով էր Հայաստանը քայլեր նախաձեռնում նախկինում, ինչը թույլ էր տալիս Մոսկվային հսկելով Երեւանին՝ խաղալ Բաքվի ու Անկարայի հետ միաժամանակ: Այս հարցը վախեցնում է Թուրքիային, քանի որ Նախիջեւանը միակ տարածքն է, որ անմիջական առնչություն կա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ. ինչը համաթուրքական ծրագրերում առանցքային նշանակություն ունի: Ինչպես նշեցի՝ կվախեցնի նաեւ Իրանին, որը լավ հարեւան լինելով, այնուամենայնիվ չի հրաժարվում հայապատկան հողերից: Իսկ այդպիսի հողեր ունենք Իրանում նաեւ՝ Ուրմիա լճի շրջապատում… Դե իհարկե, Վրաստանին էլ կբողոքեր Ադրբեջանը, սակայն Նախիջեւանի հարցով դժվար թե լրջորեն արձագանքներ պաշտոնական Թբիլիսին, որ ունի իր սեփական խնդիրը հայերի հետ՝ Ջավախքի հարցը»:  

Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները

Ինչ կարող է լինել թուրքերին այդպես էլ անհաս մնացած Զանգեզուրի տարածքում, թե խառնվի իրավիճակը Նախիջեւանում: Քաղաքագետ Կարինե Գեւորգյանը վերջերս հայտարարեց, թե ռազմական հետախուզության եւ հայկական անօդաչուների տվյալներով Նախիջեւանում են գտնվում Իսլամական պետության գրեթե հազար գրոհայիններ: Թուրքիան մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել Նախիջեւանի հետ սահմանին: Ադրբեջանն էլ հարձակողական զինատեսակներ է կենտրոնացրել հարավային՝ Մեղրիի միջանցքի ուղղությամբ: Քաղաքագետը չբացառեց, որ ռազմական գործողության նպատակը Մեղրիի միջանցքի ճեղքումն է՝ Նախիջեւանից դեպի Ադրբեջան:

Այո, երբեք չի կարելի բացառել, որ Արցախի ճակատում իրավիճակը սրելով, Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ ռազմական գործողությունների կդիմի նաեւ Իրանի հետ սահմանի երկայնքով՝ փորձելով ճեղքել Մեղրիի միջանցքը: Եվ այդ ժամանակ, վստահաբար, Արցախի ուղղությամբ հարվածները կլինեն Հայաստանի եւ Արցախի հարավային հատվածին ուղղված:

«Վստահաբար, նման գործողությունները անպայման կքննարկվեն Մոսկվայում»,- այս հարցի մասին խոսել է նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ըստ նրա, իզուր չէ, որ Հայաստանի նախագահը երբեք չի մոռանում Նախիջեւանի ուղղության մասին: Եվ հայկական զինուժի դիրքերի ամրապնդումը միայն ողջունելի է, եթե անգամ տարածքների վերատիրելու նոր տեղային մարտերի կարիք զգացվի…

Ըստ ֆեյսբուքյան լրատվության՝ «ստուգողական առաջին մարտը կարծես նախատեսված է եղել իրականացնել դեռ 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային բողոքից հետո. Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ պետք է ճեղքեր Մեղրիի գիծը, ուժով տարածքային զիջում կորզեր Հայաստանից եւ, վերաձեւելով Մադրիդյան փաստաթուղթը, Արցախում ու Մեղրիի սահմանի վրա տեղակայվելու առիթ տար ռուսական խաղաղապահ ուժերին»: Նշված է, իբր Իրանն այն ժամանակ տեղեկացված է եղել սպասվող կարճաժամկետ պատերազմի մասին, սակայն դա հետաձգվեց, քանի որ Հայաստանում քաղաքական իրավիճակն այլ զարգացումներ ունեցավ:

Իսկ այժմ հայկական զինուժը Ռուսաստանին հասկացրեց, որ այլեւս կարող է արհամարհել նրա կասեցման պահանջները եւ շարժվել առաջ: Այս վտանգը զգաց նաեւ Իրանը, քանի որ հակամարտության մեջ կարող են ներքաշվել ու տուժել տարածաշրջանի բոլոր երկրները: Այս մասին հայ արիների առաջնորդը եւս իր մտահոգությունը հայտնեց եւ հիշեցրեց, թե ինչու էին հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պայքարում Սյունիքի արոտավայրերը Իրանի ադրբեջանցիներին տալու դեմ: «Շուրջ 10 հազար ադրբեջանցի էր գալու իր ոչխարների հոտերով, որսորդական հրացաններով: Սրանք երեւացող կողմն էր, իսկ թե հետո ինչ զենքեր կստանային այս հազարավոր լամուկները… կարելի է կռահել: Պատերազմի տարիներին թուրքիաներում հանգստացող եւ թուրքական ապրանքների առեւտրով զբաղվող Թուրքիայի ու Ադրբեջանի բյուջեները լցնող մեր ազգի տականքը նաեւ զենքի առեւտուր կաներ սրանց հետ… Նժդեհն անընդհատ զգուշացրել է, որ ներքին թուրքից ավելի զգուշանանք, քան՝ հենց թուրքից…»:

Իսկ այն, որ Թեհրանում այնքան էլ գոհ չեն ռուս-ադրբեջանա-թուրքական խաղից, երեւում է Իրանի կեցվածքից: Դա էր պատճառը, որ ապրիլի 14-ին Իրանի հետախուզության ղեկավար, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Էլ-Կուդս» էլիտար ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին գաղտնի այցելեց Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նպատակը՝ հորդորելն էր, որ այլեւս «երես չտան» Իլհամ Ալիեւին, չսրեն իրավիճակը եւ բանակցությունների միջոցով լուծել հարցերը, իսկ անհնարինության դեպքում՝ թույլ տան, որ հայկական ու ադրբեջանական կողմերը ինքնուրույն լուծեն հակամարտությունը:

Իսկ որպեսզի ԼՂՀ անկախության՝ Հայաստանի կողմից ճանաչման հարցը չվախեցնի Բաքվին, որոշ ուժեր իբր Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին փոխանցեցին … ինչ-որ խոսքեր եւ ստացան հավաստիացումներ անկախության դեռ չճանաչման հարցում: Հիշեցնենք, որ «Լաչինի միջանցք»-ի եւ «Մեղրիի միջանցք»-ի պոլհոբլյան ծրագրերը հենց ՀՀ 1-ին նախագահի ժամանակ առաջ եկան…

Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ

Այս օրերին մի զարմանալի լուր եւս սպրդեց համացանցում, թե «Ղարաբաղի բանակին հաջողվել է հետ վերցնել Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրը»: Այս մասին լռում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Իսկ ռուսական Regnum գործակալությունը լուր տարածեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «ԼՂՀ բանակին հաջողվեց հսկողություն սահմանել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրի նկատմամբ»: Ռուսական գործակալությունը հղում է կատարել Ostkraft վերլուծական կենտրոնին:

Regnum-ը նաեւ ռուսական շահերն է հեռահար հետապնդում եւ այսպիսի մի պատմական ակնարկ է տալիս, գրում է, որ «Գյուլիստանը Լեռնային Ղարաբաղի 5 մելիքություններից ամենահյուսիսայինն էր, որը կազմավորվել է 17-րդ դարում: Հենց այնտեղ 1813թ. կնքվեց Ռուսական կայսրության եւ Պարսկաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը: Պարսկաստանը դրանով ընդունեց, որ «հավերժ ժամանակով» Ռուսաստանին են անցնում Դաղստանը, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Աբխազիան եւ այնպիսի խանություններ, ինչպիսիք են Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Դերբենդի խանությունները: Ռուսական կայսրությանն անցավ նաեւ Թալիշի խանությունը…»:

Հասկանալի է, թե ինչ են ակնարկում ռուսները, սակայն մոռանում են, որ հայերիս համար չի կարող պարտադիր լինել ինչպես 1813թ. ռուս-պարսկական պայմանագիրը, այնպես էլ 1916թ. ռուս-թուրքական պայմանագիրը, որոնք կնքվել են ընդդեմ հայերի եւ պատմական ու բնիկության իրավունքների բիրտ անտեսմամբ…

Այնուհետև Regnum-ը որոշում է էլ ավելի առաջ գնալ, հայտարարում է, թե այս ամենից պետք է հետեւություն անել աշխարհաքաղաքական նոր շրջանի քարտեզի ուղղությամբ: Գործակալության վերլուծաբանը Ռուսատանի կայսր Ալեքսանդր 1-ինի այս քայլը լուրջ շրջադարձ է համարում Ռուսատանի կովկասյան քաղաքականության մեջ: Զարմանալի է, բայց նման նյութի հետ դրված էր Լեռնային Ղարաբաղի պետական դրոշի նկարը… Երեւի սպասում են, թե Հայաստանին չվերամիավորված Արցախը մի օր կդիմի Ռուսաստանին:

Այս օրերին որոշակի հակասություններ են առաջ եկել նաեւ հայ-վրացական «ժողովրդային» հարաբերություններում: Այն, որ Ջավախքը լուրջ ոսկոր է Վրաստանի կոկորդին, հասկանում են Թբիլիսիում: Վրացիներն ամեն ինչ արեցին տարիներ շարունակ, որ Ջավախքը հայաթափվի, անգամ պատրաստ էին դա անել մցխեթի թուրքերի բնակեցմամբ, այսինքն՝ թուրքացմամբ, եթե վրացականացումը չի ստացվում: Բայց ապարդյուն: Ու հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին եւ հետո էլ, վրացիները փորձում են Ջավախքում հայությանը ապացուցել, որ տերն իրենք են:

Նշենք, որ կրակավառության ժամանակ, երբ Ախալցխայի գյուղերի հայ երիտասարդները բարձրացել են սրբավայրի մոտ, Վալե քաղաքից եկած վրացիները ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանություն են սարքել: Հաջորդ առավոտյան Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները այցելել են հայ երիտասարդների տներ, վախեցրել նրանց, ծեծի ու ազգային պատկանելությանը վերաբերող անարգանք հնչեցրել: Վրաստանում մեր երկրի դեսպան Յուրի Վարդանյանը թեեւ խոստացել, սակայն այդպես էլ չի մեկնել Ջավախք՝ տեղում պարզելու հանգամանքները: Սա արդեն քանիերորդ դեպքն է, երբ այսպես կոչված այս դեսպանը կամ չի կարողանում իր խոսքը ազգային ու պետական մակադակին համապատասխան հնչեցնել մամուլով, կամ խուսափում է հայկական շահերը ակնհայտ պաշտպանելուց: Երեւի սովետական տարիների վրացի ընկերների հետ ավելի լավ ժամանակներ է անցկացնում…

Իսկ մեր ԱԳՆ-ն էլի քնած է:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ վերոնշյալը սխալ տեղեկություն համարեց. «Համաձայն չեմ, որ դեսպանը կամ մեր դեսպանությունն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չեն կատարել: Որքան գիտեմ, Յուրի Վարդանյանն այցելել է Ախալցխա եւ տեղեկություններ ունի միջադեպի վերաբերյալ: Եթե անհրաժեշտ է, ես կարող եմ կրկին ճշտել՝ դեսպանն իսկապե՞ս մեկնել է Ջավախք»:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ մենք ունենք բավականին ակտիվ, բարձր հարաբերություններ Վրաստանի խորհրդարանական մեր գործընկերների հետ. «Մոտ ժամանակներս սպասում ենք նաեւ այցելություն նրանց կողմից, եւ այդ հանդիպմանն անպայման այդ խնդիրը նորից կքննարկենք: Մեր վրացի կոլեգաները կդժվարանան դերակատարություն ստանձնել՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իմաստով, սակայն կքննարկենք ու կհորդորենք, որ այդ հարցը բարձրացնեն պատկան մարմինների մոտ»:

Այսքան բան… ԱԺ փոխնախագահը նաեւ հայ-վրացական խորհրդարանական խմբի նախագահն է եւ նրա վերջնական պատասխանը Ջավախքի հայության պահպանության հարցում այսպիսին է. «Մենք պետք է կարողանանք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա տանենք եւ թույլ չտանք որեւէ խոչընդոտ, կամ որեւէ նեգատիվ երեւույթներ, կամ տհաճություններ ստվեր գցեն այդ հարաբերությունների վրա»:

Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը

«Ադրբեջանը պետք է վերադարձնի Մարտունու, Մարտակերտի եւ Շահումյանի օկուպացրած շրջանները»,- քանիցս ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների այս խնդրին առնչվող տեսակետներին հայ հանրությունը ծանոթ չէ: «Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, որն արտահայտվում է այդ հարցում, մենք քաջ տեղյակ ենք: Կարող են լինել տարբեր շեղումներ, արտահայտություններ, եւ մենք պարտավոր չենք ամեն ինչի պատասխանել»,- ասել է Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն արձագանքում ՌԴ դեսպանատան պաշտոնյայի այն հայտարարությանը, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, Ռուսաստանը չի կարող գնալ դեպի Արցախ…

Իսկ ինչ վերաբերվում է ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահի այն հայտարարությանը, թե բանակցություններն ընթանալու են տարածքների զիջման կարգավիճակի դիմաց, ԱԳ փոխնախարարն ասել է, որ եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, ապա ակնհայտ է, որ դա վերաբերում է եւ՛ տարածքներին, եւ՛ կարգավիճակին:

«Այստեղ շատ կարեւոր է արձանագրել հետեւյալը՝ տարածքային հարցերը մինչեւ առաջ քաշելը Ադրբեջանը պարտավոր է առնվազը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oկուպացված շրջանները եւ ճանաչել ԼՂՀ-ն»,- ընդգծել է հայ պաշտոնյան:

Նա նշել է, որ Ադրբեջանն օկուպացրել է Մարտունու, Մարտակերտի որոշ շրջաններ եւ Շահումյանի ամբողջ շրջանը: Նաեւ Հայաստանի տարածք հանդիսացող Արծվաշենը:

Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած առճակատման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից մարտերով հանձնված դիրքերի մասին անընդհատ խոսվում եւ, դատելով հանրության որոշ շրջանակներում տիրող տրամադրությունից, դեռ կշարունակի խոսվել (այստեղ «խոսել» բառի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ «շահարկել» տերմինը):

Անկասկած է, որ հանձնվածը՝ լինի դիրք, հենակետ, թե ամայի տարածք, առաջինը, ու թերեւս, ամենաշատը ցավ ու մտահոգություն է պատճառում նրան, ով եղել է տվյալ իրադարձությունների անմիջական մասնակիցն ու ականատեսը, ով այդ մարտագծում հերոս մարտընկերներ է կորցրել…

Մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր 4 օր ու գիշեր անձնվիրաբար դիմակայել են մինչեւ ատամները սպառազինված հակառակորդի վայրենաբարո հրոսակախմբերի լայնածավալ հարձակմանը…

Իսկ այդ հարձակումը եղել է շուրջ 200 կմ երկարությամբ ձգվող ռազմաճակատի տարբեր հատվածներում, որոնցից միայն 2 ուղղություններում՝ հյուսիսում եւ հարավում թշնամին հսկայական կորուստների գնով հասել է մասնակի հաջողության…

Գիտակցելով կատարվածի ռազմավարամարտավարական ու հոգեբանական նշանակությունը, այդուհանդերձ, այստեղ առավել մտահոգիչ է կորսված տարածքների շուրջ անընդհատ շրջանառվող զգացմունքային եւ սիրողական մակարդակի անհիմն մեկնաբանությունները… Մեկնաբանություններ, որոնք որեւէ կերպ չեն արտացոլում կատարվածի իրական էությունն ու այն բնորոշիչները, որոնք ենթադրում է ռազմադիվանագիտությունը: Իսկ ռազմադիվանագիտությունը, տվյալ դեպքում ենթադրում է հետեւյալը. տարածքը համարվում է հանձնված, եթե պատերազմի (տվյալ դեպքում՝ առճակատման) ավարտի կամ հրադադարի հաստատման վերաբերյալ առկա է համապատասխան գրավոր համաձայնություն, այսինքն այնպիսին, ինչպիսին կողմերի միջեւ ստորագրվել է 1994թ. մայիսին եւ վավերացվել 1995թ. փետրվարին:

Ասվածից հետեւում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կյանքի իրավունք ունի միայն այն սահմանը, որը հաստատված է վերոնշյալ համաձայնագրերով, իսկ մնացյալը սոսկ ժամանակի հարց է, այլ ոչ բարձրագոչ հայտարարությունների»:

Հայկ Թորգոմյան եւ Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։