Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Քոչարի-գոչարի. ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության… (մաս 3-րդ) – Գողանան, թե փոխառեն, հայկականի դրոշմն անջնջելի է…

Սկիզբը` թիվ 20-21ում

http://www.hayary.org/wph/?p=5652Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5639Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Այծի ծիսականն ու դիցականը           

Այծի ծիսականն ու դիցականը           

Մաս  հինգերորդ

Խոսքի, մշակութային արժեքների մեջ հոմանիշների բազմազանությունը պայմանավորված է նրա աղբյուրների հարստությամբ,  բառապաշարի տարբեր շերտերի առաջացման ուղիների բազմազանությամբ: Յուրաքանչյուր էթնոս իր ազգային առանձնահատկությունները, գաղափարները, դիցական հերոսներին ներկայացնում է առասպելական պատումների, ծիսական արարողությունների, ծիսական պարերի, տոտեմների միջոցով:

Հայ էթնոսի նախընտրած Խոյական շարքին է պատկանում այծը: Հայոց լեզվական մշակույթի  մեջ եղջերու-այծին է վերագրվում  30-40 եւ ավելի անվանումներ եւ ծիսական անուններ.

ա) Այծ, ած, էծ, իծ, դիգ-դից,  այծեղջյուր, քարայծ-այծյամ,

-քաղ, վիշապաքաղ,  այծքաղ, եղջերուաքաղ, այծաձուկ

– Խոյ, հոյ, խոյնեղջյուր, ցլախոյ-եզնախոյ, խոյձագ,

– Քոչ-խոչ-կոչ-գոչ, քոչքար, քոշ-խաշ

– Նոխազ, ազ, խաչ-խաչենակ,  ուլ,

– արտի, արխար, պարխար,

– ամ, յամոյր, մարալ, եղնիկ, եղջերու,

– Կեծարայծ,  ցելայծ, բեզոարյան այծ (կայծակնեղեն այծեր) (Հր. Աճառյան, ՆՀԲ բառարաններ):

Բազմաքանակ դիցաբանական այծատեսակներից եւ դիցական, տոտեմական  ծիսական անվանումներից առանձնացնենք

1) այծ-ayus- կյանք-արու եւ էգ, 2) Հոյ-Խոյ-Ցլախոյ, Քոչ-կոչ-խոչ-ղոչ-գոչ, 3) Կեծարայծ, 4) Արխար,  5) Նոխազ-ազ, խաչ-խաչենակ, ուլ, 6) Ամ, յամոյր, 7) Քաղ-վիշապաքաղ տեսակները:

Ներկայացնենք ընտրված տեսակները լրացուցիչ դիցական,  պատմական մեկնաբանություն ներով, տանք նրանց ընդհանրական իմաստաբանությունը` հաստատելով, որ մենք գործ ունենք մի քանի հազարամյա դավանաբանական գաղափարախոսական մտածողության հետ, որը կապված է միայն եւ միայն հայ էթնոսի կենսակերպի հետ: Ներքո բերվող մեկնությունները ամուր հիմք են վերջնականապես ամրապնդելու, որ Քոչ բառը բնութագրում է արեւապաշտական տոտեմ արու այծին` Խոյին:

Այծ-Այա-հայա

Այ-ը հայ մշակույթի եւ հայոց լեզվի մեջ ունի ծնունդի, ծնելիության խորհուրդ, ծագում:  Այգ, Ծայգ,  Ցայգ ժամանակ ցույց տվող բառերը նշանակում են առավոտյան Լույսի կամ Արեգակի ծագման ժամանակ: Հայ քաղաքակրթական պատմագրությունը այ-ը ամրագրեց որպես Այա-Aia-Երկրի Տատ, Մեծ Մայր:

Հայոց Այրարատ, Բիայնա, Նաիրի, Հայասա երկրանունների անվան արմատն այ-այա արմատն է:

Այծ-ը նշանակում է արդեն սերունդ տվող այծ-արու եւ էգ, -ayus-կյանք – (սանսկրիտ, Հրաչյա Աճառյան, 165 էջ 2-րդ սյունակ) (ՆԲՀ): Հր. Աճառյանի եւ ՆՀԲ բառարաններում Այծ-այր-հայա բառերը մեկնաբանվում են որպես  արական առաջնորդ:  

Քաղ, Վիշապաքաղ, Վահագն Վիշապաքաղ 

– Քաղ` արու այծ: Քաղ անունը կապված է հայոց մի շարք դիցական երեւույթների հետ:

– Հայոց Ռազմի աստված Վահագնը վիշապա+քաղ  է  եւ վիշապասանձ: Վիշապաքաղ Վահագնը կրում է երկու հզոր կենարար տարերքներ` Ջուրը եւ Արեգակը:

– Քաղոց ամսանունը կենդանակերպի մեջ  համապատասխանում է Այծեղջյուր համաստեղությանը:

– Քաղենվագ` քաղ-այծ, նվագ-ն ի սկզբանե նշանակում է երգ կամ նվագ երաժշտական գործիքներով, ինչը նշանակում է դիցական տոտեմ այծի երգ կամ նվագ:

– Քաղդեա  անունը բուն հայերեն հնախոսական բառ է, այն նույնպես կապված է խոյ-այծ-այծքաղ տոտեմ կենդանու հետ:

– Միջագետքում հոգեւոր բարձր դասին կամ քրմական դասին կոչում էին նաեւ Քաղդէա-քալդեա ցիներ` հալդեա-հալդեացիներ, որոնք անցկացնում էին ծիսակարգ, արարողակարգ: Համաձայն Ծննդոց գրքի 11:31–ի` «Քաղդէացիների քաղաքը Ուրումն էր», որը բարգավաճող քաղաք էր եւ այն ժամանակ գտնվում էր Եփրատ գետի արեւելյան ափին,  քաղաքը փայլում էր իր շքեղությամբ:»:

Նոխազ, Խաչենակ, Քավության նոխազ

Նոխազը արեւապաշտական կրոնի մեջ համարվում է զոհաբերվող տոտեմ կենդանի: Նոխազ  տեսակի այծի զոհաբերությունը  հաճախ վերագրել են Խոյին: Նոխազ-արու այծը, հոտի առաջնորդը` ամենահմուտը իր տեսակ արուների մեջ, հայոց ավանդաբանության մեջ ներկայացված է որպես ծիսական զոհաբերության կենդանի` Խաչենակ-Քավության Նոխազ ծիսական անուններով: Նոխազերգությունը կամ տոտեմ կենդանուն նվիրված ծիսական զոհաբերությունը ուղեկցվում էր  երգեցողությամբ, խաղերով, պարով:

Կեծարայծ-Խոյ-բեզուրյան այծ

Կեծարայծ-հայերենում կայծակ, ցել, կայծակնեղեն (Նոր Հայկազեան Բառարան): Կեծարայծ տեսակը հայկական բնաշխարհի շիկագույն, մորուքավոր քարայծ է, համարվում է այծերի նախահայրը: Կեծարյան-այծերն ունեն ունեն կեռ թրաձեւ եղջյուրներ: Հայոց դիցապատումներում Կեծարայծ այծ-տոտեմի եղջյուրները համարվել են կայծակ, կայծակնեղեն, ամպրոպածին, որոնք կայծակել, խոյահարել են չար ուժերին: Կեծարայծի բարձր պոզերն ունեն հավերժության գաղափար: Կեծարայծն իր  եղջյուրների արանքում պահել է Արեւը` այն պահպանելով չարից,  սեւ, մութ ամպերից: Կեծարյան կամ կեծակարյան, ցելարյան այծը հայտնի է Բեզուարյան  այծ եբրայերեն անվանումով,  եբրայերեն- Besek-կայծակի, գերմաներենում եւ ռուսերենում` չար հոգի իմաստն ունի (Նոր Հայկազեան Բառարան):

Ամ-յամոյր       

Ամ-յամոյր- վայրի այծ, այծքաղ, արու եղջերու (Նոր Հայկազեան բառարան): Ամ արմատը կամ բառը հայ դիցաբանության մեջ ունի նաեւ հետեւյալ իմաստները` ամ-արեգակնային տարի, ամ- ժամանակ, ամ-ամպ, ամբ, անպ-երկինք իմաստով,

Արխար                                                      

Արխար-Խոյ սնամեջ եղջրավորների ընտանիքին պատկանող երկսմբակավոր  կենդանի:  (Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան – Ա. Մ. Սուքիասյան):

Արխար-Խոյ-նշանակում է արու  այծեղջյուրի տեսակ, նրա եղջյուրներն ունեն նաեւ կյանքի ծառի իմաստ եւ թագի խորհուրդ: Արխար անունը հավանաբար հիմք է դարձել Արքա անվանը,  իսկ եղջյուրները արքայական թագի նախատիպն է: Շումերական դիցապատումներում Արխար-Խոյը նույնպես ունի ունի իր նախատիպը`  Alalgar Արարքար-Արքան է:

Առաջնորդի պարը

Մաս վեցերորդ. եզրափակում

«Եվրոպայի ողբերգությունն այն է, որ նրա քաղաքակրթության հիմքում դրվել է ոչ թե հայկական, այլ հունական մշակույթը»:   

Հենրիխ Շլիման

Հայ էթնոսի ամենասիրած ութ ծիսական պարատեսակներից մեկը համարվում է Քոչարին, հրապուրիչ իր պատկերավոր գունագեղությամբ եւ առնական դինամիկայով: Իսկզբանե լինելով տարածաշրջանի ավտոխոն էթնոս (Դյակոնով)` հայ էթնոսը ստեղծել է ամենակայուն  եւ շարունակական, հարուստ ազգային  ավանդներով  լի, գերակա մշակույթ:

Ծիսական պարի մեջ քայլի ուղղությունը խիստ կանոնակարգված է, այն պարի մեջ ունի հիմնականում աջ գնացող եւ աճողական կառուցվածք: Պարել են մեր նախնիները Հայկական Բարձրավանդակի տարբեր գավառներում, պարել են` ներկայացնելով հավատքի, Աստծո, առաջնորդի գաղափարը` արտահայտված արեւակիր տոտեմի միջոցով: Իմ կատարած ուսումնասիրություններով, որպես մշակութաբանական հիմքային նյութ, առանձնացրել եմ  Ուզունդարա, Գորանի, Իշխանաց պար, Յար խուշտի, Ռուստամ բազի, Գյովնդ, Թամզարա պարերը, որոնք որպես աշխարհընկալում, նվիրված են տիեզերքի արարմանը, դիցաբանական արարողակարգերին, բնությանը, ծնունդին, պտղաբերությանը, թագադրմանը, պատերազմին, աստվածային երեւույթներին, տոտեմին, այս շարքին է պատկանում նաեւ Քոչարի պարը:

Այս իմաստով յուրահատուկ է երաշտի ժամանակ Անձրեւի ջրերի Ծովինար ՆարեՆուրի Աստվածուհուն նվիրված անձրեւ բերելու պարը: Ծիսական «Գորանի» պարը «Պղնձացած երկինքեն» ցանկալի անձրեւ իջեցնելու ծեսը,   նվիրված է արտերի բերրիության դից Գորին, ով հավերժական պայքարի մեջ է Վիշապի հետ: «Լորկե» տոտեմական պարը նվիրված  Լոր թռչունին, Լորկե անունը  թռչունի փաղաքշական անունն է:   «Շիւհալանի» պարը ամբողջովին նվիրված է ազգի, սերունդի ճյուղավորման, աճելու, զորացնելու գաղափարին: «Շիւհալանի» եզրույթը  նշանակում է ճյուղի, ծառի, սերունդի հալ-ուժ առնելը: «Ուզունդարա» պարը պսակադրության մենապար է, հայ կնոջ խորիմաստությունն արտահայտող` արեւապաշտական տոտեմ օձի շարժումների միջոցով: «Յար խուշ տի» պարը մարտական պար  է, տոտեմ Արծվի նմանակումն է եւ երկնային խոսքի հաղորդումը մարդկանց «Տո զիլ բան, տո զիլ բանօ» խոսքի միջոցով: «Իշխանաց պարը» Առյուծ իշխան առաջնորդների պարն է, արեւապաշտական տոտեմ Առյուծների պարը:  «Թամզարա» պարը նույնպես հայ ազգային տոտեմական շարքին պատկանող պար է, Թամարիմ նշանակում է Օրհնություն, այն նույնպես կրում է Դումուզի – Թամմուզի-Թամմուձի անունը, որը նշանակում է թամքած, թամք, ունի  երկնային ձիու թամքելու եւ թամբելու իմաստը, ամ+ ձի, «թէմպէ-հէյպէ» (Հր. Աճառյան):

Քոչը քոչելը չէ՛

Հայոց մշակույթը, ի սկզբանէ  լինելով տարածաշրջանում ամենակայուն եւ շարունակականը,  հարուստ ազգային ավանդներով, հանգամանքների բերումով մշտապես իր ազդեցությունն է ունեցել հարեւան ցեղախմբերի վրա, որոնք շատ հաճախ վերցրել, ապա նաեւ սեփականացրել են մեր մշակութային արժեքները:

Սակայն փոխառող ցեղախումբը զրկված է հայոց մշակույթից փոխառված արժեքը ամբողջապես սեփականացնելու հնարավորությունից, քանի որ մեր էթնիկական առանձնահատկությամբ ստեղծված մշակութային արժեքները կրում են մեր ազգային մշակույթի դրոշմը:

Հիմնականում մշակույթը փոխառող ցեղը իր չիմացությամբ փորձում է շատ արագ ծածկել, հեռացնել փոխառված մշակույթի ազգային արմատական առանձնահատկությունները` մոռանալով, որ փոխառված արմատական ազգային առանձնահատկությունները ենթակա են միայն խեղաթյուրման:

Մեր տարածաշրջանի ժողովուրդներին այսօր վստահաբար կարող ենք բաժանել երկու խմբի` բնիկ ժողովուրդներ եւ քոչվորներ -եկվորներ:

Տարածաշրջանի  քոչվորներ-եկվորներ են թյուրքախոս ցեղերը` ներկայիս թուրքերի եւ ադրբեջանցիների նախնիները, որոնք միայն 12-րդ դարում ներխուժեցին մեր  տարածաշրջան: Մեր տարածաշրջանի քոչվոր ժողովուրդները Քոչարի ծիսական պարը փոխառել են,  երբ հայտնվել են մեր հարեւանությամբ, սակայն հայ մշակույթի Քոչարի ծիսական պարի փոխառողը չի կարող այն ամբողջապես սեփականացնել, քանի որ Քոչարի ծիսական պարի մեջ ամրագրված է անփոխարինելի եւ հզոր հայոց ազգային արիական դրոշմը, հենց այդ ազգային դրոշմը ստիպում է ծիսական պարը  փոխառողներին` մշտապես ենթարկվել պարի կանոններին: Ժամանակի ազդեցություններն ու հետագա  շերտավորումները, նաեւ մեր զիջողականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների համառությունը անկարող են ամբողջովին սեփականացնել «Քոչարի» պարի վաղնջական ձեւը, նրա տոտեմական համակարգը եւ, իհարկե, նրա բառակազմական իմաստաբանությունը:

Ժամանակին քրդերը հայերից  իրավունք են ստացել պարել Քոչարի պարը` սակայն միայն հակառակ ուղղությամբ պտտվելու դեպքում, որի  համար հին ժամանակներից սկսած հայերը քրդերի «Քոչարին» անվանել են «թարս քոչարի», միայն պարաձեւը եւ անվանումը արդեն ապացուցում են մշակույթի կրկնօրինակման եւ իրավունքի տարբերակը:

Մեր տարածաշրջանում թուրքերը, Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները նույնպես պարում են Քոչարին, բայց ո՜չ թուրքերը, եւ ո՜չ ել  Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները, չեն կարող ներկայացնել «Քոչարի» պարի ծագումը, բուն էությունը, գաղափարական դրսեւորումը, այնպիսի բազում տարատեսակները եւ պարաձեւերը, ինչպիսին կարող ենք ներկայացնել մենք: Ելնելով մշակութային փոխազդեցությունների անխուսափելիությունից, մասնավորապես  ներկայիս թուրքերը չէին կարող խուսափել մեր մշակույթի ազդեցությունից եւ ամբողջովին յուրացնել  փոխառված մշակութային արժեքը, քանի որ փոխառված մշակույթը ընդգծված կրում է մշակութային արժեքը ստեղծողի` հայ էթնոտեսակի ազգային դրոշմը:

Քոչվոր- քյոչ-քյուչ-քուչա

Մեզ հարեւան դարձած քոչվոր ցեղերը` քրդերը, կովկասյան թուրքերը «Քոչարի» պարի անունը մեկնաբանում են որպես «քյոչ-քյուչ-քուչա» կամ քոչվոր իմաստով եւ կապում են քոչել բառի հետ: Քոչվոր բառի հիմքում դրված է «քյոչ-քյուչ- քուչա» բառախումբը: Քյոչել-քոչել-քուչա բառախումբը ունի մեկ արմատական միասնականություն եւ ընդհանրություն, այն կապված է.  1-փողոցի-քուչի, 2- քոչ-բեռի, 3-տեղից-տեղ քոչ-բեռներով տեղափոխվելու հետ, որոնք էլ կազմավորում են քոչվոր բառիմաստը:  Քոչվորական բառախմբում քոչ-նշանակում է տնտեսական ապրանքների կապած բեռ` տեղից- տեղ տեղափոխելու համար, որը բնորոշ է քոչվոր ցեղերին: Քոչվոր բառը կարող է միայն արտաքին նմանություն ունենալ «Քոչարի» պարի անվան հետ:

Քոչվոր բառը եւ հասկացությունը Հայկական «Քոչարի» պարանվան կամ բառիմաստի հետ ընդհանրապես կապ եւ առնչություն չունի: Քոչվորական բառախումբը կամ բառիմաստները չեն կարող տալ եւ «Քոչ-Արի» պարանվան հիմքային ծագումնաբանական իմաստաբանությունը իրենց ազգային գաղափարախոսության միջոցով եւ չեն կարող ներկայացնել Քոչարի ծիսական պարի այնպիսի բազում պարաձեւեր եւ տարատեսակներ, ինչպիսիք ունի հայ մշակույթը:

Հետեւաբար, նոր ձեւավորվող  էթնոտեսակները, մասնավորապես քրդերը,  թուրքերը եւ ադրբեջանցիները, մշտապես կրելու են հայոց ազգային մշակույթի  դրոշմը` անկախ բոլոր այն փոփոխություններից, որոնք մեր հարեւանները կենթարկեն մեր ազգային մշակութային արժեքները, մասնավորապես Քոչարի պարը:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական եւ միջազգային ակադեմիա

Գերմանիա, 16.05.2016

Հ.Գ.- խմբ. կողմից – երբ համացանցում քոչարի պարի նկար գտնելու փնտրտուք էինք տվել, ցավալի մի փաստ արձանագրեցինք. հազիվ կարողացանք երկու-երեք լուսանկար գտնել, որտեղ մեր ազգայի՛ն քոչարին կլիներ. հենց ա՛յն պարը, որ նկարագրված է այս թեկուզ փոքրիկ, բայց համահավաք հետազոտությունում, այն է` խոյապարը, արիների պարը, առաջնորդի պարը, Ար-ի գաղափարագրի պարը եւն, երբ ուսերը հավասար են, ծնկները հավասար են, մեկամբողջական` մենք-ի պարը: Իսկ համացանցում տեսնում էինք ժողովրդակա՛ն քոչարին, ավանդական խմբապարը, այնպես ինչպես մեր մշակույթի նախարարությունն է այն պատկերում միջազգային հարթակում ներկայացնելիս: Իսկ ազգային ու ժողովրդական քոչարին իրարից տարբերվում են, բայց այն քննարկելն արդեն մասնագետների գործն է:

Ի դեպ, մի նկատառում էլ հատկապես մեր ազգագրագետների (բացառությունները թող ներեն) համար: Վերջապես աշխատեք եւ հայ ազգային տարազները մաքրեք այլեւայլ, ասենք` քրդական մոտիվներից: Այդպես մեր պարային զգեստներն էլ ճիշտ կընտրվեն: Մանավանդ, որ նկատելի է, որ այդ զգեստները ճիշտ չեն կարվում նաեւ տեխնիկապես, բայց այս մասին` առիթով:

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։