Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

Սկիզբը՝ թիվ 26-27-ում

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը: 

Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)

Սկսենք ենթավերնագիրը հաստատող վերջից՝ երկու չեմպիոնների պատվին՝ բոլորիս ուղղված եռակի շնորհավորանքներով:

2016թ., Ռիո դե ժանեյրո

Արթուր Գեւորգի Ալեքսանյան (Հայաստան, ծնվել է 1991թ. հոկտեմբերի 21-ին, Գյումրիում), հունահռոմեական ըմբշամարտ, մինչեւ 98 կգ: Անկախ Հայաստանի առաջնեկ օլիմպիական չեմպիոնը, միակն աշխարհում, որ ծնվել է իր պետության անկախության հռչակման (1991թ. սեպտեմբերի 23) առաջին իսկ ամսում:

Յանա Կարապետի Եգորյան (Ռուսաստան, ծնվել է արցախյան գլխավոր ռազմահաղթանակների տարում՝ 1993թ. դեկտեմբերի 20-ին, Երեւանում), թրասուսեր, ազգությամբ էլ, ազգանվամբ էլ միակ հայուհին, որ կրկնահաղթել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային առաջնություններում: Անկախ Հայաստանի սերունդ ամենաերիտասարդ եւ միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնը:

Հիմա շարունակենք նախորդիվ կիսատ թողածը:

Օլգա Սերգեյի Հակոբյանը՝ ծնյալ Լեւինա (օլիմպիական չեմպիոն հռչակված՝ Ռուսաստանի կանանց ձեռնագնդակի հավաքականի կազմում), 2012թ. վերցրել է հայ ամուսնու՝ Վոլգոգրադի «Դինամո» թիմի պետ Էդուարդ Հակոբյանի ազգանունը: Ունեն դուստր:

Ալֆրեդ Հայոշի (Հունգարիա, 1896, լող, կրկնաչեմպիոն) հարցում ամեն ինչ ճիշտ է մարզական մասով, բայց նրա ծնյալ անուն-ազգանունն էր Առնոլդ Գուտման (ազգությամբ հրեա): Հույժ ուշագրավ է այն լեզվափաստը միայն, որ հետագայում նրա՝ հատուկ միտումով ընտրած ու վերադիրով արդարացրած մակազգանունը՝ Hajo՛s = Հայոշ, հունգարերեն նշանակում է «ծովային»՝ «հայ» արմատից:  

Առիթից օգտվելով՝ բազմարժեք ընդհանրացում անցկացնենք հայկականության պրիզմայի միջով. ներկայումս արդեն չէ թե պարզապես «առաջին միջազգային», այլ հենց «ընդհանուր լեզու» կոչվող անգլերենում հնչյունացի «հայ» արտասանվող որոշիչը («high») առանձնանում ու առանձնացնում է միմիայն ու ամենայն գերադրական իմաստներով՝ բարձր, վեհ, վսեմ, գլխավոր, գերագույն, զորեղ, թանկ, շքեղ, ծայրահեղ, կատար(ել)ահաս եւ այլն: Եվ սա ոչ այնքան թաքնագիտական (էզոթերիկ) ակնարկ է ձեւաբովանդակում, որքան՝ աշխարհիմաստային (գեոսոֆիա) եւ էաբանական խորհուրդ՝ յուրովի եւ առմիշտ պարտավորեցնող…

Օլիվեր Լեոնարդ Կիրկը (ԱՄՆ) մենապայքարային մեծ սպորտի միակ նվիրակն է, ով ոսկիներ է վաստակել միեւնույն օլիմպիադայում, միեւնույն մարզաձեւի տարբեր քաշակարգերում (1904, բռնցքամարտ, մինչեւ 52,16 կգ եւ մինչեւ 56,7 կգ):

Առնո Բիբերշտայնն իրականում ներկայացրել է Գերմանիան եւ դարձել 100 մ թիկնալողի անդրանիկ օլիմպիական պսակակիրը (1908):

Հաջորդ օլիմպակալի ամբողջական անձնատվյալներն են՝ Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս «Էդդի» Իգան (անգլերեն՝ Eagan, ԱՄՆ, 1897-1967): Հիրավի անմրցելի դեմիուրգ. եղել եւ մնում է այն միակ համամարզիկը, որ օլիմպիական չեմպիոն է օծվել ոչ միայն այլազան մարզաձեւերում, այլեւ առանձին՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային օլիմպախաղերում, առավել եւս՝ երիցս տարբեր օլիմպիական շրջափուլերում (1920, բռնցքամարտ, մինչեւ 79,38 կգ, 1932, ղեկասահնակորդների ԱՄՆ-I քառյակի կազմում):

Նշյալ առումներով նույնիսկ քառակի փառաբեր կլիներ, որ չորսն էլ, գեթ նվազագույնս, խարսխվեին «հայապատվաստ» տոհմաճյուղերի վրա, սակայն անվանաբանական մոտարկումները կամ մտազուգորդումներն իրական ապացույցներին փոխարինել չեն կարող:

Ոչ թե Ալինա, այլ Ալբինա Լյուսի Շառլոտա Օսիպովիչը (ԱՄՆ, 1928, լող) ծնվել է Բելոռուսից տարագրվածների ընտանիքում:

Գրիգոր Աղաթոն, Մարի Կարեւա անուն-ազգանուններն ուղղակի չեք գտնի օլիմպիական ոսկեմատյաններում, մանավանդ որ առաջինին «առնչվող» 1928թ. օլիմպիադայում հրաձգության մրցումներ չեն էլ կազմակերպվել:

1936թ. Գերմանիայի կանանց մարմնամարզության թիմի կազմում ոսկեւորված Իզոլդա Ֆրյոլիանը եթե անգամ զուրկ չէ հայակնիք «ծածկագիր-ակունքներից», ապա դրանք վերծանելը վեր է եղել գոնե տողահեղինակիս ուժերից:

Նույնը կարելի է ասել չմշկավազորդ Շառլ Արթուր Մատիսենի (1936, ախր հայն ո՜ւր, Նորվեգիայի ֆյորդերն ու թեկուզ մարզական սառցադաշտերն՝ ո՜ւր), Յոժեֆ Չերմակի (Հունգարիա, 1952թ. օլիմպիադայում Մարդն առաջին անգամ հենց նրա ձեռքով է մուրճ հորջորջված ծանր մարզագործիքը նետել 60 մ-ից անդին), Լոռիս Կամպանայի (Իտալիա, 1952, 4000 մ հետապնդմամբ թիմային հեծանվարշավ. որչա՜փ գայթակղիչ ու հայաշոյիչ կլիներ, որ նա իրոք մարմնացներ Կայսերական Ռուսաստանի «սրտի դիկտատոր», լրիվ գեներալ Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովի (1824-1888) 3-րդ սերունդը), Իշտվան Կոզմայի (դարձյալ ստիպված ենք ճշգրտել. նա դասակա՛ն ոճի /այժմ՝ հունահռոմեական/ ըմբշամարտի ծանր քաշում՝ + 97 կգ, կրկնա-չեմպիոն է՝ 1964, 1968), Վիկտոր Դանիլի Սանեեւի (եռացատկի գծով միակ եռակի չեմպիոն՝ 1968, 1972, 1976, ծննդավայրը՝ Աբխազական ԻԽՍՀ մայրաքաղաք հայառատ Սուխում), Գերման Ալեքսանդրի Սվեշնիկովի (կրկնաչեմպիոն՝ 1960, 1964, ԽՍՀՄ ճկասուսերորդների թիմի կազմում) մասին:

Ոչ ավելի, քան առասպելյալ կերպարներ են ամերիկահայուհիներ Էնն-Քերոլայն Գեւորգիանը (1960թ. օլիմպիադայի ծրագրում գեղալողը բացակայել է. դատելով հայրենի երկրի, մայր մարզաձեւի եւ անձնանվանական ընդհանրություններից՝ վարկածագիր Սերգեյ Հարությունյանը գուցե նկատի է ունեցել 1960թ. 100 մ բատերֆլայ լողաոճում եւ 4x 100 մ համակցված փոխանցալողում կրկնաչեմպիոն Քերոլայն Սկուլերի՞ն կամ  4x 100 մ ազատ ոճի փոխանցալողում ոսկեշահ Քերոլայն Վուդի՞ն, ասենք՝ օրիորդակա՞ն ազգանուններով), Ջուդի Ռեզիեբյանը (իբր 1968, իբր հնգամարտ):

1996թ. օլիմպիական չեմպիոններ են հռչակվել իրականում Վադիմ Իոսիֆի Բոգիեւը (ՌԴ, ազատ ոճի ըմբշամարտ, մինչեւ 68 կգ, բայց ազգությամբ օս է), Արտյոմ Ալեքսանդրի Հաջիբեկովը (ՌԴ, օդամղիչ հրացան, 10 մ. վերջինիս հայկական ծագում է վերագրել ՌԴ «Երկրամաս» ռուսերեն թերթի 2008թ. արդեն հիշատակված կայքէջը):

Քազիմ Այվազը (Թուրքիա, 1964, դասական ոճի ըմբշամարտ, մինչեւ 70 կգ) համշենահայ է, ծնվել է 1938թ. Ռիզե քաղաքում, ներկայումս բնակվում է Շվեդիայում:

Իսմայիլ Օհանը (Ogan, Թուրքիա, 1964, ազատ ոճի ըմբշամարտ, մինչեւ 78 կգ)  ծնվել է 1933թ. պատմական Կիլիկիայի Էլմալը իլա Անթալիա շրջանի Մաջուն գյուղում:

Բուլղարահայ ծանրորդ Նորայր Նուրիկյանը իրականում  կրկնակի՛ օլիմպիական թագակիր է (1972, մինչեւ 60 կգ, 1976, մինչեւ 56 կգ), ԲԺՀ Սոցիալիստական աշխատանքի հերոս:

Իմիջիայլոց՝ մարզաշխարհի հետ սերտակապված հայազգի մյուս պաշտոնական տիտղոսակիցը Կուբանի Աշխատանքի հերոս, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ, միլիարդատեր Սերգեյ Գալիցկին է (ցամուսնությունը՝ Հարությունյան):

Սերգեյ Մամուլովն արդեն միջաբերված «Զարմանալի ժողովուրդը՝ հրաշքների երկրից» ռուսերեն վեցհատորյակում ավելացրել է մերազնյա այլ «օլիմպիական չեմպիոնների».

- Յա. Երկան (Երկանչյան. Թուրքիա, ազատ ոճի ըմբշամարտ, 1936),

- Ա. Քիրեջի (Քրաջյան. Թուրքիա, ծանրամարտ, 1948),

Վ. Տալալյան եւ Ի. Ռուիչյան (Ռումինիա, ակադեմիական թիավարություն, երկթիավոր քառյակ՝ ղեկորդի հետ, 1992):

Վերջին երկուսի անվանատվյալները սկզբունքորեն օլիմպիական գրանցում չունեն. հաղթորդների նշված ընտրանուց պարզապես աղճատվել-հայացվել են Վ. Տալապանի եւ Յու. Ռույչանի  ազգանունները:

Առաջինը նշված Յաշար Էրկանը (1911-1986) Թուրքիայի պատմության անդրանիկ օլիմպիական չեմպիոնն է (1936, բայց դասական ոճի ըմբշամարտ, մինչեւ 61 կգ): Ծնվել է նախացեղասպանական ժամանակաշրջանում, դեռեւս հայահոծ Երզնկայի (Էրզինջան) գավառի Իսպիդի գյուղում: Հայտնի է օլիմպիական հաղթանակից հետո, հենց Բեռլինում ռայխսֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ նրա լուսանկարը:

Ի դեմս երկրորդի՝ հեղինակն ըստ երեւույթին նույնականացրել է օլիմպիական չեմպիոն Ախմետ Քիրեչիին (Թուրքիա, բայց դասական ոճի ըմբշամարտի ծանր քաշում՝ + 87 կգ, 1948). վերջինիս հայկական ինքնության օգտին խոսող բավարար կռվաններ, այսուամենայնիվ, չկան:

2013թ. մարտին, «armnews» հեռուստաալիքի «Չեմպիոն» հաղորդաշարի խորագրով, քանիցս ցուցադրվեց Վասիլի Իվանի Ալեքսեեւին (1942-2011) նվիրված հաղորդումը:

«Խորհրդային Հերկուլես» մեծարյալ՝ բոլոր նրբիմաստներով գերզորայր, ով իր առասպելահյուս հաղթանակներով է բարձրացել համաշխարհային պատմության «փղոսկրյա աշտարակը»՝ այլեւս երբեք չիջնելու համար. կրկնակի օլիմպիական չեմպիոն (ԽՍՀՄ, 1972, 1976, ծանրամարտ, 2-րդ ծանր քաշ, + 110 կգ), աշխարհի 6-ակի չեմպիոն եւ 81-ակի անդրանշորդ: Եռամարտում (պոկում, հրում, սեղմում) նրա օլիմպիական անդրանիշը (640 կգ) եւ համաշխարհայինը (645 կգ) չեն գերազանցվի, քանի որ արդեն ու քանի դեռ այդ ձեւաչափում պաշտոնական մրցումներ չեն անցկացվում… Մեկ անգամ չէ, որ համապետական տոնի առթիվ, Կրեմլի պատվերով, հենց Կարմիր հրապարակում՝ բաց երկնքի տակ, այնժամ գրանցվող՝ աշխարհի անդրանիշ է սահմանել (հրում): ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը արժանավելի մակդիրներ չի գտել, քան տիտղոսել նրան «բոլոր ժամանակների մեծագույն մարզիկ»:

Ծնվել է, ճիշտ է, Ռյազանի մարզի «սրսուռ» ռուսական Պոկրովո-Շիշկինո ավանում, բայց ովքեր գեթ մեկ անգամ տեսել են նրան, անկասկած՝ առնվազն չեն առարկի, որ բնորոշ դիմագծերով, սեւութավ աչք-ունքով այնպե՜ս ու այնքա՜ն էր հարիր հայերին: Առավել ստույգ տվյալներով՝ տատն էր հայուհի, եւ հենց նրանից էլ թերեւս ժառանգել է վառ արտահայտված հայագեները: Ի դեպ՝ 24 տարեկանից մշտաբնակվել է Ռոստովի մարզի հայահոծ Շախտի քաղաքում:

…Հատկապես տպավորիչ էր, եթե ոչ լիահամոզիչ, իբրեւ հաղորդման եզրափակիչ դաշնուրդ եւ ապոթեոզ հեռարձակված՝ «Մոլորակի ամենաուժեղ մարդու» երկրային կյանքի վերջին տեսաձայնագրություններից մեկը՝ թող որ սարքածո «Ալեքսեեւ-Ալեքսանյան» լուսագրերով, բայց հո իրական մաղթուղերձով. «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն» (թարգմանություն ռուսերենից):

Շարունակելի

Գարեգին  Ղազարյան

«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։