Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

Սկիզբը՝ թիվ 26-ում

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.-  (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

21-րդ դարում արդեն, Միքայել Իսպիրյանի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատմություն» բուհական դասագրքում հիշատակված անտիկ 2 եւ արդի 24 հայազգի օլիմպիական չեմպիոնների պատկերասրահը,- իրականում, ինչպես ստորեւ կներկայացնենք, վերջիններիս թիվը շատ ավելին է,- հարստացնելու եկան հետեւյալ մարզիկները:

2004թ., Աթենք

- Կարինա Բորիսի Ազնավուրյան (ծնվել է 1974թ. Բաքվում), Ռուսաստանի խոցասուսերորդուհիների թիմի կազմում երկրորդել է իր 2000թ. օլիմպիական հաղթանակը:

- Գեորգի Լեոնիդի Ասանիձե (Վրաստան, ծնվել է Սաչխերեում), ծանրամարտ, մինչեւ 85 կգ քաշակարգ: Ըստ հայագետ, վրացագետ, «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ» երկլեզու գրքի (Եր., 2013) հեղինակ Սարգիս Դարչինյանի՝ հայրը ժամանակին փոխել է սեփական հայեցի ազգանունը:

- Ալեքսանդր Դոխտուրիշվիլի (Ուզբեկստան), հունահռոմեական ոճի ըմբշամարտ, մինչեւ 74 կգ: Ծնվել է Թբիլիսիում, ուծացած-ձուլված Դոխտուրյանցների գերդաստանում (բարբառային «դոխտուր»՝ բժիշկ, հեքիմ հիմքից): Այս վաղեմի տոհմից են սերվում մասնավորապես Ռուսաստանի Կայսրության հետեւակազորի գեներալ, 1812 թ. Հայրենական պատերազմի հերոս Դմիտրի Դոխտուրովը, հեծելազորի գեներալներ Միխայիլ եւ Դմիտրի Դոխտուրովները: Ինչ վերաբերում է ազգանվան «-շվիլի» վերջավորությանը, ապա դա Վրաստանի հայերի հարկադիր կամ կամավոր վրացականացման «պաշտոնական» վերջնահանգրվանն է. տիպական օրինակներ են անձնավորում Խորհրդային Միության հայազգի հերոսներ Սուրեն Ասլամազաշվիլին (1944), Սոկրատ Գալուստաշվիլին (1944):

2008թ., Պեկին

- Արթուր Սուրենի Այվազյան (Ուկրաինա, Ղրիմ, ծնվել է 1973թ. Երեւանում), գնդակային հրաձգություն, հրացան, պառկած դրությունից՝ 50 մ:

- Բյուրակն Հախվերդյան (Հոլանդիա, ծնվել է 1985թ. Լեյդենում, Իրանից գաղթած հայերի ընտանքում), ջրագնդակ, կանանց հավաքականի կազմում:  

Ամփոփելով այս օլիմպիադայի մրցարդյունքները՝ «ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերությունը, ըստ պետությունների եւ օլիմպիական մեդալաքանակների՝ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում, Հայաստանի դիմաց «նկարել էր 3 ոսկի, 6 բրոնզ»  ցուցանիշը, թեեւ, ինչպես հայտի է, ՀՀ եռագույնի ներքո մեր մարզիկները ձեռք են բերել ընդամենը 6 բրոնզե մեդալներ, ընդ որում՝ բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը,- եզակի օլիմպիական փաստ,- մեն-միակ հաղթամրցման շնորհիվ (հետո էլ հեգնո՜ւմ ենք՝ «հայի բախտ»): Թե հարգարժան «ՄԻՐ»-ը 3-րդ ոսկին ինչու է կցագրել, կարելի է միայն ենթադրել կամ փնտրել (ըստ իս՝ առաջին հերթին ձեռնագնդակի Ֆրանսիայի տղամարդկանց չեմպիոն հավաքականի անդամներից մեկի արմատներում):

2012թ., Լոնդոն

- Արսեն Ժորայի Գալստյան (Ռուսաստան, ծնվել է 1989թ. Հայաստանի սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում), ձյուդո, մինչեւ 60 կգ:

- Լաշա Շավդատուաշվիլի (Վրաստան, ծնվել է հայահիմն ու հայաշատ Գորիում), ձյուդո, տղամարդիկ, մինչեւ 66 կգ: Հայկական ծագում ունի՝ ըստ նույն Սարգիս Դարչինյանի եւ հայագետ, վրացագետ Ռուբեն Նահատակյանի:

- Աննա Վլադիմիրի Չիչերովա (Ռուսաստան, ծնվել է հայաշատ Ռոստովի մարզում), կանանց բարձրացատկ: Հայկական ծագումը վկայում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի «Երկրամաս» ռուսերեն ամսաթերթի դեռեւս 2008թ. օգոստոսի 9-ի կայքէջը:

- Սերվեթ Թազեգյուլ (Թուրքիա, ծնվել է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում), թեքվոնդո, տղամարդիկ, մինչեւ 68 կգ: Թուրքագետ Սարգիս Հացպանյանի հավաստմամբ՝ հայրական գծով պապը սերվել է հայապատմական Բայազետից:

Հանգամանալից քննավերլուծության ենթարկելով թեմային նվիրված մեծածավալ նյութը՝ հնարավորինս հակիրճենք համապատասխան եզրահանգումները:

Պաշտոնապես ընդունված է համարվում, որ արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները 1912թ. 5-րդ օլիմպիադայում (Ստոկհոլմ) Օսմանյան Կայսրության (Թուրքիայի) հավաքականում ընդգրկված տասնամարտիկ, գնդահրորդ Մկրտիչ Մկրյանն ու վազորդ (1500 մ) Վահրամ Փափազյանն էին: Ավելին. հիշյալ դասագրքում եւ շատ այլ հրապարակումներում, նույնպես հայաղբյուր հղումներով, որոշարկված է անգամ, որ տասնամարտի մրցումներում Մկրյանը գրավել է 5-րդ պատվաբեր տեղը: Այս տեղեկույթը, սակայն, չի համապատասխանում այնպիսի պաշտոնական ստուգաղբյուրներին, ինչպիսիք են Բորիս Խավինի «Ամեն ինչ օլիմպիական խաղերի մասին» ռուսերեն երկը (Մ.,1979) եւ նույնալեզու «Մեծ օլիմպիական հանրագիտարանը» (Մ., 2006թ.): Իրականում 5-րդ արդյունքը ցույց է տվել Ջ.Դոնահյուն (ԱՄՆ), իսկ հայի ազգանունը օլիմպիական դիպլոմակիրների 6-յակում չի էլ նշվում: Ալբերտ Խառատյանը «Առաջինը…» հոդվածում («Գարուն» ամսագիր, Եր., 1973, թիվ 3) իրավամբ պարզաբանել է, որ Մկրյանը 5-րդ տեղն է զբաղեցրել օլիմպիադայից քիչ անց կայացած մեկ այլ միջազգային մրցությունում:

Բայց մենք հպարտանալու անհամեմատ ծանրակշիռ հիմնապատճառ ունենք: 1911-1914թթ. Կոստանդնուպոլսում առաջին անգամ,- եւ բնավ ոչ միայն Օսմանյան Կայսրության ազգային համայնքների պատմության մեջ,- կազմակերպվել են «Հայկական Ա, Բ, Գ, Դ ողիմպիական խաղերը», որոնք ամենայն նվիրումով տարեգրել է նույն մայրաքաղաքում 1911-1915թթ. լույս տեսած «Մարմնամարզ» պատկերազարդ ամսաթերթը: Ընդսմին՝ առաջին տեղ նվաճած մարզիկները պարգեւատրվել են արծաթե, երկրորդ տեղի համար՝ պղնձե մեդալներով: Վերջին  Հայկական օլիմպախաղերի հաղթողների մրցանակներն անձամբ, հայրենաշունչ ելույթով, հանձնել է Կոմիտասը: Հայոց այս նշանավոր ավանդի զարգացմամբ՝ 1912թ. 2-րդ Հայկական օլիմպիադայից հետո կայսրության մայրաքաղաքում  կազմակերպվել են «Գատը գյուղի մրցախաղերը», որոնց ներգրավվել են նաեւ տարբեր բնակավայրերից ժամանած հույն, թուրք եւ քուրդ մարզիկներ:

Ալբերտ Փարսադանյանի «Գիտելիքների շտեմարան» գրքում (Եր., 2003) մատնանշված են՝ ա) ջրագնդակի հայ վարպետ Բաբկեն Մարգարյանը ոսկե մեդալի է արժանացել 1956թ. օլիմպիադայում: Իրականում, ինչպես արձանագրված է տվյալ օլիմպիական պաշտոնագրքերում, լենինգրադցի (թող էլի հայարմատ) Բորիս Մարկարովը 3-րդ տեղի համար բրոնզե մեդալ է ստացել ջրագնդակի ԽՍՀՄ հավաքականի կազմում. բ) սուսերամարտիկ Գեորգի Պողոսյանը (Ուկրաինա) ոսկե մեդալ է նվաճել 1988թ. օլիմպիադայում: Վերջինումս, սակայն, հայազգի Գեորգի Պոգոսովը միայն արծաթե մեդալ է վաստակել՝ ԽՍՀՄ թրասուսերորդների թիմի կազմում, իսկ օլիմպիական չեմպիոն է դարձել արդեն հաջորդ՝ 1992թ. օլիմպիադայում, ԱՊՀ միացյալ թիմի կազմում. գ) մարմնամարզիկ Բենիամին Վարոսյանը (Ֆրանսիա) ոսկե մեդալ է նվաճել 2000թ. օլիմպիադայում: Այնինչ նրա իսկական ազգանունը Վարոնյան է, եւ ստացածն էլ արծաթե մեդալ է միայն՝ պտտաձողի մրցաձեւում:

Արծվի Բախչինյանի «Հայազգի գործիչներ» կենսագրական հանրագիտակում (Եր., 2002) տեղ են գտել «հայկական ծագումնաբանությամբ 4 օլիմպիական չեմպիոնների» սեղմ տվյալներ.

- Անահիտ Թասկյան, դահուկորդուհի, 1972թ., «նրա շնորհիվ առաջին անգամ Իտալիան ձմեռային խաղերի ժամանակ ոսկե մեդալ է շահել» (անգամ հղումով՝ «Նյու Յորք թայմս», անգլերեն, ԱՄՆ, 2.03.1972):

- Տիգրիս Տեր-Թովմասյան, 1964թ. (ԱՄՆ, թեթեւ ատլետիկա, առավել ճշտորոշ է սպորտի թագուհի համարվող այս մարզաճյուղն ուղղակի ատլետիկա անվանելը, քանզի ունի եւ բազմաթիվ «ոչ թեթեւ» մրցաձեւեր՝ հանձինս գնդի հրման, մրճի, նիզակի, սկավառակի նետումների, տղամարդկանց տասնամարտի, կանանց յոթնամարտի):

- Միշըլին Օստերմայեր, օրիորդական ազգանունը՝ Ղազարյան, Լիբանան, 1948թ. օլիմպիական խաղերի ախոյանուհի՝ գնդի նետման մարզաձեւում («Մարմարա» թերթ, Ստամբուլ, 18.11.1966)»:

- Օլգա Կորբուտ, մարմնամարզություն (մայրը՝ հայ):

Իրականում Անահիտ Թասկյան, Տիգրիս Տեր-Թովմասյան անուն-ազգանուններն առհասարակ գոյություն չունեն օլիմպիական պաշտոնաղբյուներում: Միշլին Օստերմայերը 1948թ. ներկայացրել է Ֆրանսիան, հռչակվել է նույնիսկ կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի (սկավառականետում, գնդի հրում), սակայն Ղազարյան է դարձել՝ լիբանանահայ ամուսնու ազգանունը վերցնելով (ումից նաեւ զավակ է ունեցել):

Եթե հիմք ընդունենք վերջին տվյալը, ապա Օլգա Վալենտինի Կորբուտը (ԽՍՀՄ, ծնված Բելոռուսական ԽՍՀ Գրոդնո քաղաքում) ինքնըստինքյան դառնում է հայարմատ ամենատիտղոսաշատ մարզիկը.  4 օլիմպիական ոսկիներ (1972թ.՝ թիմային առաջնություն, մարզագերան, ազատ վարժություններ, 1976թ.՝ թիմային առաջնություն)՝ 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ ճանաչված Ալբերտ Ազարյանի 3 ոսկիների դիմաց: Սակայն մեզ որ չի հաջողվել ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Կորբուտի մոր ազգապատկանելության մասին տեղեկույթը:

Իր ամբողջ կյանքի ընթացքում շուրջ 40 հազար երեւելի հայերի տվյալներ դիվանագրած Սերգեյ Հարությունյանը «Ես հայ եմ» ռուսերեն ծաղկաքաղում (Եր., 2000) հանրահռչակել է հետեւյալ նորահայտ «օլիմպիական չեպիոնների աստղաբույլը».

Ալֆրեդ Հայոց (Հունգարիա, լող, 1896), Օլիվեր Կիրկ (ԱՄՆ, բռնցքամարտ, 1904), Առնո Բիբերստոին (Առնակ Պիպերյան՝ Սեբաստիայից, լող, 1908, սահմանելով 100 մ-ում աշխարհի նոր անդրանիշ), Էդվարդ Եգան (ԱՄՆ, բռնցքամարտ, կիսածանր քաշ, 1920, դարձել է նաեւ ու նույնիսկ Ֆրանսիայում կայացած Ձմեռային խաղերի հաղթող՝ ղեկասահնակի գծով (բոբսլեյ) ), Ալինա Օսիպովիչ (լող, 1928, կրկնակի մրցակալ՝ ազատ ոճի 100 մ եւ 4 x  100 մ փոխանցալող), Գրիգոր Աղաթոն (Ֆրանսիա, 1928, հրաձգություն, այն էլ՝ «զինվորական ատրճանակից»), Մարի Կարեւա (Ռուսաստանից արտագաղթած հայերի դուստր, 1932, լող, անդրանիշ սահմանելով), Իզոլդա Ֆրոլյան (Գերմանիա, 1936, մարմնամարզություն), Շառլ Մատիսեն (Նորվեգիա, 1936, չմշկավազք), Յոժեֆ Չերմակ (Ջերմակյան. Հունգարիա, 1952, մրճանետում, անդրանիշ սահմանելով), Լոռիս Կամպանա (1956, թիմային հեծանվարշավ), Քազիմ Այվազ եւ Իսմայիլ Օհան (երկուսն էլ՝ Թուրքիա, 1964, ըմբշամարտ), Իշտվան Կոզմա (Հունգարիա, 1964, ըմբշամարտ), Մարտին Էռնանդես (Արգենտինա, 1968, բռնցքամարտ), Ջուդի Ռեզիեբյան (սահմանելով աշխարհի անդրանիշ հնգամարտում), Վիկտոր Սանեեւ եւ հիշյալ Օլգա Կորբուտը (ԽՍՀՄ, 1972), Նորայր Նուրիկյան (Բուլղարիա, 1972):

Նույն Սերգեյ Հարությունյանը Երեւանում հրատարակված «Ուրարտու» ռուսերեն պարբերաթերթի «Ազգային դոսյե» նույնալեզու հավելվածում սեփական իսկ լրացումներն ու ճշտումներն է կատարել.

«Ալֆրեդ Հայոց (Հայոցյան), կրկնակի չեմպիոն՝ ազատ ոճի 100 մ եւ 1200 մ լողում, Օլիվեր Կիրկ (Կիրկորյան), Էդվարդ Եգան (Եգանյան), նաեւ 1928թ. ձմեռային օլիմպիադայի չեմպիոն, Ալինա Օսիպովիչ (Հովսեփյա՞ն), Մարի Կարեւա (Կարյա՞ն), Շառլ Մատիսեն, չմշկավազք, 1500 մ, Յոժեֆ Չերմակ (Ճերմակյան), Լոռիս Կամպանա՝ Լոռիս-Մելիքովի ծոռը, Գերման Սվեշնիկով (Մոմջյան), ԽՍՀՄ, 1960, ճկասուսեր, Իշտվան Կոզմա (Կոզմոյան), ազատ ոճի ըմբշամարտ, Վիկտոր Սանեեւ, 1968թ., եռացատկ, 1996թ. օլիմպիական չեմպիոններ Միխայիլ Բոգիեւ (ըմբշամարտ), Արտեմ Շահմուրադով (հրաձգություն), իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մարտին Էռնանդեսը (մոր գծով՝ Գառնակերյան) 1968թ. դարձել է միայն աշխարհի չեմպիոն»:

Այս տվյալներից շատերը քոչել-սփռվել են համացանցի տարազան կայքէջերում, ընդսմին՝ հավելյալ զարդազանցումներով (Էնն-Քերոլայն Գեւորգիան, ԱՄՆ, 1960, օլիմպիական չեմպիոն, գեղարվեստական լող, Ալինա Օսիպովիչ, վազորդուհի, Իզոլդա Ֆրոլյան, նորվեգուհի), ինչպեսեւ, Աննա Չիչերովայի տվյալների հետ մեկտեղ ու նաեւ այլոց լուսանկարներով հանդերձ, զետեղվել են Սարգիս Շիրինյանի «Հայերը՝ օտար քաղաքակրթությունների ստեղծարար ժողովուրդ. 1000 հայտնի հայեր համաշխարհային պատմության մեջ» ռուսերեն գրքում (Եր., 2014):

Մեր հաջորդ թողարկումում կփորձենք բացահայտել, թե վերոթվարկյալ 22 մարզիկներից քանի՞սն են համատեղելի օլիպիական մրցակալության եւ միաժամանակ հայազարմության հետ:

Գարեգին  Ղազարյան

«Լուսանցք» թիվ 27 (417), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։