Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (3-րդ մաս) – Քանզի կա անհրաժեշտը՝ 100 տոկոսանոց բնական հումքը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

- http://www.hayary.org/wph/?p=5847Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

- http://www.hayary.org/wph/?p=5831Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Եթերայուղերի արտադրության ոլորտում շահելու համար մենք այլ բույսեր էլ ունենք եւ, ի դեպ, բնագավառում արդեն հաջողություններ էլ ենք գրանցել:

Կա հայտնի մի ընկերություն, որի արտադրանքով հետաքրքրվել են ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, բայց ընկերությունը, փոքր լինելով, դեռ շատ արագ չի կարողանում ծավալվել: Այս ընկերության եթերայուղերն ու կոսմետիկայի բնական միջոցները մեր երկրում հայտնի են, բայց սպառողի գրպանին հարմար չեն: Սակայն ասել, թե թանկ են, սխալ կլինի, քանզի որակյալ ու արդի աշխարհում «էկո»-ի չափանիշներին բավարարող ապրանքը պետք է իր գինն ունենա: Այս ընկերությունը եթերայուղեր ու քսուկներ ունի, որոնք հանգիստ կարելի է համտեսել նույնիսկ, որովհետեւ հումքը 100 տոկոսանոց բնական է՝ զերծ է քիմիական եւ սինթեզված նյութերից:  

Տարիներ առաջ մեր տնտեսագետներից մեկին հարց տվեցի, թե ինչու են մեր գործարարները գումարը ներդնում առեւտրի եւ խաղային բիզնեսի մեջ, այլ՝ ոչ արտադրության, իմա՝ եթերայուղերի արտադրության մեջ: «Էդ հեքիաթներին մի հավատացեք, Հայաստանը դրա հնարավորությունը չունի»,- ասաց: Զարմանում եմ՝ ինչպե՞ս թե չունի, ամառները գերմանացիներն ու ամերիկացի միսիոներները մեր սար ու ձորերից պարկերով ուրց ու դաղձ եւ վայրի մասուր են հավաքում, հարցրել եմ՝ ասել են՝ եթերայուղերի համար են տանում: Իմ համագյուղացիները պատմում էին, որ ամեն ամառ Մարտունու չոլերում «էդ արտասահմանցիք ինչ խոտ տեսնում քաղում են»: Տնտեսագետը, հակված չլինելով իմ տեսակետը լսել, համառոտեց. «Էդ խոտերը իրենց խմելու համար են տանում»: Ի դեպ, նրանք մեր գյուղերում տներ էին վարձում եւ մնում մի ամբողջ սեզոն: Ելնելով տնտեսագետի տրամաբանությունից՝ մի ամբողջ սեզոն մնում էին թեյ խմելու համար…

Տարիներ հետո, երբ Հայաստանում հիմնադրվեց հիշյալ ընկերությունը ու ապացուցեց, որ Հայաստանը կարող է նման արտադրություն ունենալ, հանդիպեցի նույն տնտեսագետին: Հոդված պետք է պատրաստեի մեր երկրում եթերայուղերի արտադրության նպատակահարմարության թեմայով: Տեսնել էր պետք, թե ինչպես էր խոսում ոլորտում Հայաստանի ներուժի մասին: Հիշեցրի՝ ով եմ եւ, հետեւաբար, թե ինչ է ասել ինքը տարիներ առաջ նույն խնդրո առարկայի շուրջ: Հանկարծ հիշեց, որ անհետաձգելի գործեր ունի եւ ընդհատեց մեր հարցազրույցը…

Ինչեւէ, հումքն ունենք, հնարավորությունն ունենք եւ առաջին հաջող քայլերը ձեռնարկում ենք: Մեկ ուրիշ ընկերություն էլ թեյեր ու եթերայուղեր է արտադրում՝ դրանք արտահանելով Անգլիա, Գերմանիա, ԱՄՆ, Ռուսաստան: Օնլայն առեւտուր էլ է անում: Մեր դեղատներում այս ընկերության արտադրած որոշ եթերայուղեր կան, որոնք շատ օգտակար են հատկապես նորածինների հետեւամասի մաշկը խնամելու համար, որ երբեմն տակդիրներից շփաբորբ է ստանում: Այս ընկերության ընդլայնվելու համար էլ շրջանառու միջոցների եւ արտադրանքի ծավալի ավելացում է պետք:

Ի դեպ, եթե մեր՝ գազավորված խմիչք արտադրող գործարարներին հուշենք, որ եթերայուղերից կարելի է գազավորված խմիչքի բնական օշարակ ստանալ, գուցե կարողանանք օգներ եթերայուղեր արտադրողներին:

Ընկերություն ունենք, որ եթերայուղեր է արտադրում ֆիտոթերապիայի (բուսաբուժություն) ոլորտի համար: Բայց ծավալները կրկին փոքր են:

Եթերայուղերի արտադրության ոլորտի մասնակիցների հետ իմ մասնավոր զրույցները վկայում են, որ հաջող գործի համար մենք ունենք ամեն ինչ. բույսեր՝ պահպանված վայրի, ինչպես իրենք են ասում, «անարատ տեսքով», մաքուր ջուր եւ գործի համար գիտակ մարդկային ներուժ՝ քիմիկոսների ու տեխնոլոգների լավ խումբ: Մենք ունենք մասնագետներ, որ, կոպիտ ասած, իրենց առաջարկել չգիտեն, բայց երբ նրանց հայտնաբերում ես, հասկանում ես, որ ունես հաջողակ բիսնես սկսելու նախապայմանը: Ընկերություններից մեկի ղեավարն ինձ պատմում էր, որ «պեղել» է մի քիմկոսի, որ ամեն օր ոտքի վրա իրեն մի գյուտ է մատուցում, թե ինչպես կարելի է որեւէ բույսից բազմաշերտ արտադրանք ստանալ: Իմ հարցին, թե ինչու են իր շրջանառու միջոցները քիչ, չէ՞ որ ընկերության ամբողջ արտադրանքն իրացվում է ներսի ու դրսի շուկաներում, պարզաբանեց, որ եթերայուղերի, կոսմետիկ միջոցների եւ թեյի շուկան մի քիչ կամակոր շուկա է. նախ՝ փոքր ծավալ են ուզում որակի հարցում համոզվելու համար, իսկ երբ համոզվում են, արդեն միանգամից մեծ ծավալ են պատվիրում: Մինչդեռ այս ոլորտում ծավալը միանգամից չի լինում՝ ոչ մեկ շաբաթում, ոչ էլ մեկ ամսում, առնվազն տարի է պետք: Իսկ շուկան չի սպասում: Օրինակ, գերմանական բուժական հիմնարկներից մեկը, որ մասնագիտացած է ֆիտոթերապիայի ոլորտում, այս ընկերությունից մեծածավալ եղեսպակի եթերայուղ է ուզել: Այս բույսը, պարզվում է, հզոր հակաօքսիդանտ է եւ այն այցելուներին տալիս են շնչելու համար՝ որովայնային ցավերը բուժելու նպատակով: Ընկերությունը չի կարողացել պահանջված ծավալով մատակարարում անել:

Այս ոլորտում մի խնդիր էլ կա. սպառումը ներսի շուկայում քիչ է. սպառողները հայկական որակյալ եւ օրգանական արտադրանքի փոխարեն նախընտրում են ներկրած թեյերը, եթերայուղերն ու օշարակները՝ այն էլ՝ ոչ 100 տոկոս բնական հումքով: Նախընտրում են միայն գնային գործոնով պայմանավորված: Ասենք՝ մեկ տուփ ուրցի թեյը խանութներում վաճառվում է 1500-1600 դրամով, իսկ մեկ գրամ ուրցի եթերայուղը՝ 2430-2500 դրամ: Սպառողին գնային առումով դա ձեռնտու չէ: Նա դրա փոխարեն 600-800 դրամով 1 տուփ սեւ կամ կանաչ թեյ կգնի կամ ուրցի գործառույթն ունեցող 1 գ եթերայուղ՝ 1000 դրամով: Բայց այս ամենը որակի տեսակետից ձեռնտու չէ, քանզի գնորդը մաքուր ուրցի փոխարեն գումար է տալիս թեյի փաթեթներում լցված նաեւ հոտավետ ու բուրավետ նյութերին կամ ոչ օրգանական եթերայուղերին: Եվ այն, ինչ սպառողը կարող է անել մաքուր 1 գ ուրցի եթերայուղով՝ 2500 դրամով, անելու է ոչ մաքուր եթերայուղով՝ առնվազն 2 գրամով՝ 2000 դրամով: Իսկ 500 դրամ ավել վճարելը օրգանական արտադրանքի համար, հավատացեք, շատ չէ:

Սրանից զատ մի հանգամանք էլ կա. շատերը գյուղերի հետ կապ ունեն, իսկ դա ենթադրում է, որ գոնե ուրցի, դաղձի թեյեր կամ ալոճի օշարակ կարող են ունենալ անվճար:

Ինչեւէ, մի բան հաստատ է՝ ոլորտի մասնակիցները շեշտը դնում են արտաքին շուկայի վրա: Ընկերությունները վստահեցնում են, որ հայկական թեյով եւ եթերայուղերով (արտադրական յուրահատկություններից ելնելով՝ գործընթացը միասնական է ընկալվում) աշխարհը հետաքրքրված է. Չինաստանից, օրինակ, շատ են ուզում հատկապես Սիսիանի ուրցի թեյն ու եթերայուղը՝ ուժեղ բուրմունքի պատճառով, Հնդկաստանը հետաքրքրված է հայկական տարբեր տեսակի եթերայուղերով, Ռուսաստանը՝ օրգանական օճառներով, եթերայուղերով:  Իրանը հատկապես ուրցի եթերայուղով է հետարքրքված (1 գ եթերայուղով 100 կգ միս է մշակվում), ԱՄՆ-ն՝ մամուխի օշարակով («պատասխանատու է» նյութափոխանակության բարելավման համար) եւ ուրցի եթերայուղով:

Գուցե ընդհանուր հաջողության համար միանման որոշում կայացվի՝ չխոչընդոտելով ընկերությունների ինքնուրույնությունը ու ձեռնարկները՝ բայց, իբրեւ պետական աջակցություն, ի մի բերելով երկրի ապրանքանշանային գովազդի ներքո: Այն է՝ Ա, Բ եւ Գ ընկերությունները՝ ունենալով սեփական բրենդները, հանդես են գալիս «Հայկական թեյեր եւ եթերայուղեր»-ի ներքո: Այս կարգի փորձեր, տեղային առանձնահատկություններով, շատ երկրերում են կիրառված: Այդպես ասպարեզ են «նետվել» «ֆրանսիական պանիրը», «ֆրանսիական օծանելիքը», ինչու ոչ՝ «հայկական կոնյակը»: Մեր երկիրը մի այդպիսի փորձ ուզում էր անել «հայկական պանիրով», որ սահմանափակվել է առայժմ ռուսական շուկայով՝ ծավալային, տեխնիկական եւ մի շարք այլ խնդիրներով պայմանավորված:

Մի խոսքով, որ թեյերի ու եթերայուղերի արտադրության բնագավառը հեռանկարային է՝ կասկած չի հարուցում:

Իսկ խնդիրները հաղթահարելու համար են: Եվ արժե դրանք հաղթահարել, քանզի այն նաեւ եկամտաբեր է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։