Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

Աշխարհա-քաղաքական փոփոխությունները, որոնց մասին գրել է «Լուսանցք»-ը, շարունակվում են նախկին ընթացքով, այսինքն՝ այն որոշակի հայանպաստ տարրեր ունի ներառած, ինչը դեռ ուժի մեջ է՝ ըստ շարունակվող ընթացքի տրամաբանության:

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը քրիստոնեական աշխարհի առաջատար Վատիկանում (որը նաեւ աշխարհի վերաձեւմանը նպաստող կենտրոններից մեկն է) եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն այս ընթացքում մեծ տեղ հատկացնելը՝ աշխարհա-քաղաքական փոփոխությունների ուղեծրում են իրականացվում: Նարեկացու՝ որպես համատիեզերական լուսավորյալի սրբադասումը եւս նպատակադրված քայլ էր: Այս ամենն իր հետեւանքները դեռ կունենա քրիստոնեական աշխարհի համար, իսկ այդ աշխարհն աշխարհա-քաղաքական վերաբաժանումների ժամանակ ունի իր առաքելությունը, հատկապես՝ մահմեդական աշխարհի հետ հարաբերությունների սրացումների եւ ապա խաղաղասիրական գործընթացների ժամանակ:

Վատիկանի ղեկավարը՝ Հռոմի Պապը, նաեւ իր էկումենիկ ելույթներում է պահպանում այս հոգեւոր-քաղաքական գիծը, ինչը նկատվեց նաեւ վերջին էկումենիկ համաժողովի ընթացքում: Պետք է նշել, որ հրեական ավանդույթներով (հուդա-քրիստոնեական) ու ընտրյալությամբ առաջնորդվող էկումենիկ (համաքրիստոնեական) ուղեգիծը նույնպես փափկում է թերեւս,  եւ կարծես վերափոխումների հայտ է ներկայացրել… Սա եւս հավաստում է, որ քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում…

Այս համապատկերում պիտի դիտարկել նաեւ Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը…

Այցի շրջանակներում, ինչպես նախատեսված էր, կայացան  Ֆրա Մեթյու Ֆեստինգի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կազմակերպվեց աշխատանքային ճաշ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաեւ այցելություններ եղան Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան եւ թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն:  

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հյուրին դիմավորեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սուրբ Աթոռում եւ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Վերջինիս ջերմորեն ողջունել է Մալթայի Արքայազնը, որպես Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպան՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք: Մալթայում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին: Հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ դեսպանը մասնավորապես անդրադարձել է հայերի ու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ գոյություն ունեցող պատմական կապերին եւ մշակութային ժառանգությանը՝ վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո մեր դեսպանը եւ Մեծ Վարպետը առանձնազրույց են ունեցել, որից հետո Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետի անունից տրվել է ճաշ:

Հոկտեմբերի 23-ին, ըստ Էջմիածնի տեղեկատվության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանի: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Կաթողիկոսը, ողջունելով Ֆրա Մեթյու Ֆեստինգին եւ նրան ուղեկցող անձանց, նշեց, որ իր հայրապետության ընթացքում բազմիցս առիթներ է ունեցել տարբեր միջոցառումների ու հոգեւոր արարողությունների ժամանակ ընդունելու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպաններին, ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը պատմության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել մարդկությանը եւ այսօր էլ շարունակում է իր օգտակարությունը բերել տարբեր ոլորտներում: Խոսք է եղել նաեւ Ուխտի եւ Մայր Աթոռի միջեւ առկա կապերի մասին. «Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձ կատարեց միջեկեղեցական հարաբերություններին՝ փաստելով, որ Հայ Եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել Քույր Եկեղեցիների հետ, որոնք ներկայիս եւս շարունակում են զորանալ ու զարգանալ: Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը՝ Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծել է քրիստոնեական հավատքի վրա խարսխված այն զորեղ հավատքն ու անկոտրում ոգին, որով հայ ժողովուրդը դիմագրավել է պատմության ընթացքում իր առջեւ ծառացած մարտահրավերներն ու փորձություններն եւ կերտել իր հաղթանակները»:

Նորին Վսեմություն իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգն իր հերթին կարեւորել է այցը Մայր Աթոռ եւ, Հայոց Հովվապետին ներկայացրել Ուխտի  մարդասիրական ծրագրերը։ Նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Մայր Աթոռ սբ Էջմիածնի հետ»։ Այս առնչությամբ երկուստեք կարեւորեցին սոցիալական ոլորտում իրականացվող մարդասիրական ծրագրերը։ Մասնավորապես խոսվեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների համար կեցության համապատասխան պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության պատճառով վիրավորվածներին ու տուժածներին հոգատարություն ու խնամք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Այսպես, կամա թե ակամա, ի ցույց ադրբեջանական կողմի, խոսվեց արցախյան պատերազմի եւ հետագայում էլ հակամարտության հետեւանքով վիրավորների եւ տուժածների օժանդակության մասին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից հետո սա երկրորդ կարեւոր նշանակության դրսեւորում էր, որը նաեւ քաղաքական նպատակներ է հետապնդում: Ինչը հաստատ դեռ կարծարծվի Բաքվի, գուցե նաեւ Անկարայի կողմից:

Ի դեպ, շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը եկել է մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Նախագահի նստավայրում Ֆրա Մեթյու Ֆեսթինգի ու նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը կատարվեց, որին հաջորդեց Հայաստանի նախագահի եւ Մեծ Վարպետի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: ՀՀ նախագահը նշեց, որ այս այցը շատ կարեւոր իրադարձություն է մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ, եւ այն վստահորեն հնարավորություն կտա հետագա  փոխգործակցության զարգացման համար:

«Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի եւ քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռեւս խաչակիրների արշավանքների ժամանակ ձեւավորվել էին փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, եւ սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձեւավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ (այս խոսքերը ուղղված են ոչ միայն հյուրին, այլեւ ամբողջ քրիստոնյա աշխարհին, ինչը ասվել է նպատակայնորեն եւ ընկալվելու է նույն կերպ, քանզի նաեւ էկումենիկ միասնության ցանկությամբ է կատարվել այս այցը,- խմբ.): Տեղյակ եմ, որ Դուք հագեցած օրակարգով ակտիվ այց եք անցկացնում մեր երկրում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք այդ ընթացքում ծանոթանալու մեր ժողովրդին, քրիստոնեական մեր մշակույթին, որն ինչ-որ տեղ նման է ընդհանուր քրիստոնեական մշակույթին, բայց նաեւ յուրատիպ է, առանձնահատուկ: Բարով եք եկել Հայաստան»,- ողջույնի խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Վերջին միտքը ընդհանուր քրիստոնեական գծերի եւ յուրատիպության մասին եւս ազդակներ են՝ ուղղված աշխարհին, հատկապես քրիստոնեական, որ պետք է հիշել Հայաստանյայց առաքելական եկեղեցու տեղն ու դերը քիրստոնյա աշխարհում եւ պիտի սատարել համաքրիստոնեական որոշմամբ, ինչպես դա անում են մահմեդականները ջիհադ՝ ընդհանուր սրբազան պատերազմ հայտարարելով: Ի վերջո՝ «խաչակիրների արշավանքների ժամանակ ձեւավորվորված փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության» մասին խոսելով՝ մեր երկրի նախագահը հենց դա է ակնարկել:

«Լուսանցք»-ը սույն թեման կարեւորել է հենց այս նպատակով, որ աշխարհի հերթական վերաբաժանման ժամանակ, երբ ներկայիս Թուրքիան եւ Ադրբեջանը մասնատվեն, ապա հայկական հողերի վրա պիտի վերականգնվի միայն Հայաստանը, ոչ մի Քրդստան կամ այլ երկիր չպետք է լինի, եթե էկումենիկ աշխարհը որոշի հանդես գալ համաքրիստոնեական (խաչակրաց) արշավանքով: Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը մահմեդական երկրներ են, ինչպեսեւ՝ նախատեսվող Քրդստանը, որն արդեն տարածքներ է տիրապետում Իրաքում եւ Սիրիայում (ինչ-որ առումով՝ նաեւ Իրանում)…

Ֆրա Մեթյու Ֆեսթինգը գոհունակություն է հայտնել մեր նախագահին՝ նման հյուրընկալության համար եւ կարեւորել իր պետական այցը Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու տեսանկյունից: «Ես իսկապես հիացած էի, երբ հնարավորություն ունեցա Ձեզ հանդիպելու Սուրբ Պետրոսի տաճարում, երբ Դուք ժամանեցիք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագին: Եվ ես կարծում եմ, որ հատկապես կարեւոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի ու քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված եւ իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում (ընդգծումը մերն է,- խմբ.): Դա հատկապես կարեւոր է այն արտակարգ հիմնախնդիրների առումով, որոնց մենք այժմ հանդիպում ենք, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի, փախստականների խնդիրների, նրանց տեղաշարժերի: Կարծում եմ, այս համատեքստում խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք մշտապես շփվենք, տեսակետներ փոխանակենք եւ համադրենք մեր մոտեցումները: Եվ հենց այդ պատճառով է, որ այս հարաբերություններն այդքան կարեւոր են»,- Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Նախագահը Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայաստանի եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելը պարգեւատրվել են Պատվո շքանշանով, Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը՝ Բարեկամության շքանշանով:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի ու Մալթայի Մարտական Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ Հայաստանի նախագահը՝ Սերժ Սարգսյանը, պարգեւատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի 2-րդ կարգի բարձր պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի մեծ սպայի խաչով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Մալթայի Ուխտի բարձր պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրի, նախագահի անունից տրվել է պետական ճաշ: Պարգեւատրման արարողությունից հետո, բանակցությունների արդյունքներն ամփոփվել են զլմ-ների առջեւ համատեղ հայտարարություններով:

Սերժ Սարգսյանը խորհրդանշական օր է համարել այդ օրը բոլորիս համար եւ նշել. «Բարեկամական ու կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի եւ հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջեւ։ Խորհրդանշական է նաեւ, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության եւ Մալթայի Ուխտի միջեւ գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում. Ձերդ Վսեմության այցով մենք հավակնում ենք նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը»։

Նախագահի հայտարարությունից այս մեջբերումն անելով, կրկին հավաստում ենք, որ այս այցն ընդամենը Միջերկրական ծովում գտնվող մի փոքրիկ՝ Մալթա պետության ներկայացուցչի մի փոքրիկ այց չէ, «Կիլիկիայի հայկական թագավորության եւ Մալթայի Ուխտի միջեւ գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերի» մասին խոսելը պարզապես պատմական հիշողության թարմացում չէ այս դեպքում:

Սա այն է, ինչ նշեցինք վերեւում՝ համաքրիստոնեական գործերի մասին, որը դեռ կառնչվի աշխարհի վերաբաժանման նոր փուլին…

ՀՀ նախագահը հավելել է. «Անմիջական ու բարձր փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք ինչպես երկկողմ համագործակցության հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության հարցեր: Անշուշտ, մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռեւս 1988թ.ավերիչ երկրաշարժի դաժան օրերին եւ մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է եւ, իհարկե, աննկատ չի մնացել։

Քննարկեցինք նաեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության եւ նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե՛ Մալթայի Ուխտը եւ թե՛ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, ու այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել: Այդ օգտակար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հավելյալ տեղեկություն խաչակիրների եւ Կիլիկիայի հայկական թագավորության միջեւ եղած համագործակցության մասին» (այս ընդգծումները մերն են եւ կարեւոր են, որ հնչել են այս բարձր մակարդակի հանդիպման ժամանակ,- խմբ.):

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ պահեց երկշահավետ գիծը, քանզի կարողացավ համադրել ինչպես առաքելական քրիստոնեական եւ համաքրիստոնեական, այնպես էլ ազգային ու միջազգային շահերը:

Նախագահը շարունակեց խոսել երկուստեք մեջբերած փաստերի մասին եւ նշեց, որ «համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարեւորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը, գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է եղել մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության ու արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության խրախուսման»:

Ապա նշել է, թե քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ։ Խոսք է եղել նաեւ Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջեւ գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ «Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի եւ ս.թ. հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։

Նախագահը Նորին Վսեմությանը շնորհակալություն է հայտնել պատարագին ներկա գտնվելու եւ իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։

Խոսել են նաեւ «Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստել են, թե ինչպիսի հալածանքների ու կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները եւ ոչ միայն քրիստոնյաները»… Սերժ Սարգսյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնությանը, որն ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արեւելքում…

Սա այն եզրափակումն ու եզրահանգումն է, որի համար «Լուսանցք»-ը եւս կարեւորել է այս այցը եւ խոսում է համաքրիստոնեական համատեղ քայլերի անհրաժեշտության մասին, չնայած որպես լրատվամիջոց հետեւորդն է հայ հեթանոսության-արիադավանության եւ հայ ազգայնականության նպատակների…

Եվ այս համապատկերում էլ սույն հոդվածն ավարտենք Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի խոսքով. «Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան՝ դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք, որպես ամենահին քրիստոնյա ժողովուրդ, եւ մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաեւ ողբերգություններ: Իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր եւ հարգանք մատուցել 1915-1922թթ. ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»:

Նա նշեց, թե հպարտ է, որ Մալթայի Ուխտը կարող էր ցույց տալ իր հանձնառությունը Հայաստանին՝ օգնելով փախստականներին 1988թ., երբ երկիրը տուժեց ահավոր երկրաշարժից. «Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում, օրինակ, Էջմիածնում մանկատունը, Դիլիջանում առողջարանը եւ այստեղ՝ Երեւանում էլ, մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ: Ես մեծապես վայելում եմ իմ այցը ձեր երկիր»:

Ի դեպ, բարձրաստիճան հյուրը հայրենիք վերադարձից առաջ եղավ նաեւ Խոր Վիրապի վանքում եւ իհարկե, չէր կարող չմտնել այն հորը, որտեղ պահվել է Գիրիգոր Լուսավորիչ կոչեցյալը («Լուսանցք»-ը երբեք չի թաքցրել իր կարծիքը պարթեւա-ասորական ծագմամբ հայադավ Առնակի հայադավ Գրիգորիսի մասին եւ նրան ճանաչում ենք որպես Խավարիչ կամ Լուսամարիչ): Ապա նրան ուղեկցող թարգմանիչ հոգեւորականը ներկայացրեց վանքի զարդանախշ քարերի պատմությունը եւ խոսեց Հայաստանի քարերի մասին՝ սահուն անցնելով Քարահուն(չ)ջի մասին պատմությանը՝ այն համեմատելով անգլիական Սթոունհեն(չ)ջի հետ:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը գիտեր Սթոունհեն(չ)ջի մասին, սակայն ինչպես բոլորը, նա եւս բացատրեց միայն սթոուն-քար իմաստը՝ ասելով, որ հենջը կամ հենչը չի կարող բացատրել: Եվ հայ հոգեւոականը խոսեց հայկական աստղադիտարանների մասին, որ կան ոչ միայն ներկայիս Հայաստանում…

Երեւի այդ տպավորության տակ էլ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը ցավով նշեց, որ մշուշոտ եղանակ է եւ նա չի կարողանում հիանալ Արարատով, որը նրան վստահաբար հիշեցրեց Նոյան Տապանի պատմությունը…

Այստեղ հոգեւորականը նկատեց, որ սա երեւի թե նշան է, որպեսզի մեկ անգամ էլ Հայաստան այցելի հյուրը՝ Մասիսների վեհաշուք տեսքը տեսնելու համար:

Մենք էլ այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որպեսզի աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։