Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք – Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում…

Սկիզբը՝ թիվ 1-2-ում

http://www.hayary.org/wph/?p=6023Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6006Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Խոսելով մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներից (ԲՀՊՏ), դրանց վիճակից ու խնդիրներից՝ արձանագրել էինք, որ Հայաստանի ԲՀՊՏ-ներում՝ լիարժեք տվյալների բացակայություն կա, եւ տեխնիկական զինանոցը հին է: Սրան հավելած շատ կարեւոր մի խնդիր էլ կա՝ գիտական աշխատանքի հետ կապված: Չնայած ԲՀՊՏ-ներում գիտական ուսումնասիրությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջ է եւ չնայած ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներում գործում են գիտական բաժիններ, բայց  թեմատիկ գիտական աշխատանքների նպատակները հստակեցված չեն, ուսումնասիրությունները չափազանց սահմանափակ են եւ գրեթե կապված չեն ԲՀՊՏ-ների կառավարման որոշակի կարիքների հետ: Բնապահպանության նախարարությունը դեռ 2014թ. սա հիմնականում պայմանավորում էր բարձր որակավորում ունեցող կադրերի եւ նյութատեխնիկական բազայի անբավարարությամբ (վերջին 20 տարիներին ԲՀՊՏ-ներում գիտական հետազոտություններն իրականացրել են հիմնականում ԳԱԱ կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ու բուսաբանության ինստիտուտների աշխատակիցները միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում): Մեր ԲՀՊՏ-ների վիճակի պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե հավելենք, որ այժմ այստեղ համակարգված դիտարկում էլ գրեթե չի արվում, մինչդեռ դիտարկումը ԲՀՊՏ-ների կառավարման պլանավորման բաղկացուցիչ մասն է ու նպատակաուղղված է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելմանն ու մեղմացմանը:  

Հետաքրքիր է սակայն, որ այսքանով հանդերձ մենք նաեւ միջազգային չափանիշներին համապատասխանող ԲՀՊՏ-ներ ունենք: Ընդհանրապես Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) ԲՀՊՏ-ները դասակարգում է ըստ կատեգորիաների եւ կառավարման ձեւերի: Ըստ կատեգորիաների՝ ԲՀՊՏ-ները դասակարգվում են հետեւյալ 6 խմբերի. 1. խիստ պահպանության ռեժիմով բնական տարածքներ, որտեղ պահպանվում են անխաթար էկոհամակարգեր, օգտագործվում են գիտական նպատակներով եւ թույլատրվում է էկոզբոսաշրջությունը:  2. Ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են՝ հիմնականում ռեկրեացիայի նպատակներով: 3. Բնության հուշարձան, որտեղ պահպանվում են բնության տեսարժան օբյեկտները կամ համալիրները եւ օգտագործվում են գիտական, կրթական եւ էկոզբոսաշրջության նպատակներով: 4. Տեսակների եւ դրանց ապրելավայրերի կառավարվող տարածք, որտեղ պահպանվում են հազվագյուտ եւ արժեքավոր տեսակներ ու դրանց ապրելավայրեր եւ օգտագործվում են գիտական ու ռեսուրսների կայուն օգտագործման նպատակներով: 5. Ցամաքային եւ ծովային լանդշաֆտների պահպանության համար առանձնացված տարածքներ, որոնք օգտագործվում են ռեկրեացիայի նպատակով: 6. Կառավարվող ռեսուրսներով պահպանվող տարածքներ, որոնք օգտագործվում են ռեսուրսների խնայողական օգտագործման նպատակով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության, 1-ին կատեգորիային համապատասխանում են «Խոսրովի անտառ», «Շիկահող» եւ «Էրեբունի» արգելոցները, 2-րդ կատեգորիային՝ Հայաստանի բոլոր 4 ազգային պարկերը, 3-րդ կատեգորիային՝ Հայաստանի բնության հուշարձանները, 4-րդ կատեգորիային հիմնականում համապատասխանում են այն արգելավայրերը, որոնցում հստակ պահպանության տակ են վերցված կոնկրետ տեսակներն եւ դրանց ապրելավայրերը, այդ թվում՝ «Ախնաբադի կենու», «Արջատխլենու», «Գիհու նոսրանտառային», «Գյուլագարակի», «Հեր-Հերի նոսրանտառային», «Սոսու պուրակ», «Կովկասյան մրտավարդենու», «Որդան կարմիր» արգելավայրերը:

Իսկ 5-րդ եւ 6-րդ կատեգորիաներին համապատասխանող ԲՀՊՏ-ներ Հայաստանում առայժմ չկան:

Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք

Ի՞նչ է առաջարկում նախարարությունը ԲՀՊՏ-ների վիճակը շտկելու: Նախ՝ «փոփոխվող կլիմայի եւ անապատացման առկա գործընթացների պայմաններում Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման ռազմավարությունը պետք է կենտրոնանա կենսաբազմազանությամբ հարուստ եւ կլիմայի տաքացման նկատմամբ խոցելի տարածքների բացահայտմամբ նոր ԲՀՊՏ-ների ստեղծման, ինչպեսեւ՝ գործող ԲՀՊՏ-ների սահմանների ճշգրտման, ազգային բնապահպանական ցանցի ձեւավորմանն ուղղված գործողությունների վրա»: Հետո՝ անհրաժեշտ է վերանայել ԲՀՊՏ-ների գործունեության ավանդական սկզբունքները: Հարց է ծագում՝ ո՞րն է ավանդականն ու ժամանակակից ինչ սկզբունքով պիտի փոխարինվի: Պարզվում է՝ ԲՀՊՏ-ների գործունեության ավանդական սկզբունք է մարդու կողմից բնական երեւույթներին միջամտությունը (բացի արգելոցներից), սա պիտի փոխարինվի արդի սկզբունքով, այն է՝ աջակցությունը էկոհամակարգերի ինքնակարգավորման հատկություններին: Պարզվում է նաեւ, որ Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի ցայժմ գործող 4 կատեգորիաները (արգելոց, ազգային պարկ, բնության հուշարձան, արգելավայր) դեռ բավարար չեն ապահովելու ինչպես եզակի բնական օբյեկտների ու համալիրների պահպանությունը, այնպես էլ երաշխավորելու ԲՀՊՏ-ներին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը: Հետեւաբար՝ անհրաժեշտ է ոչ միայն կատարելագործել առկա ԲՀՊՏ-ների կառավարման կառուցվածքային կապերը, այլեւ օրենսդրությամբ ամրագրել միջազգայնորեն ճանաչված նոր կատեգորիայի ԲՀՊՏ-ների ստեղծումը Հայաստանում: Այդ տեսակետից նպատակահարմար է ապագայում կյանքի կոչել նաեւ Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) եւ 6-րդ (բնական պաշարների  կառավարվող տարածք) կատեգորիաների ԲՀՊՏ-ները:

Անհապաղ պետք է վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի կառավարման պլանները: Գործադիրը ընդգծում է նաեւ, որ հարկ է արագ արձագանքել հրատապ խնդիրներին, տարանջատում մտցնել բուն կառավարման պլանի ենթածրագրերի մշակման ու տարածքի կենսաբազմազանության մանրակրկիտ ուսումնասիրության միջեւ: Վերջինս ծախսատար է եւ ժամանակատար, մինչդեռ ԲՀՊՏ–ները հաճախ կարիք ունեն կառավարման օպերատիվ խնդիրների լուծման: Մի խոսքով՝ ճկուն կառավարում է պետք:

Փոխհատուցման եւ խրախուսման մեխանիզմներ կներդրվեն: Ընդ որում՝ փոխհատուցման մեխանիզմների ներդրումը նպատակաուղղված է նախ ի նպաստ գործող ԲՀՊՏ-ների սահմանների ընդլայնման, նոր ԲՀՊՏ-ների ստեղծման, հետո նոր ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների գործունեության: Ինչ վերաբերում է ԲՀՊՏ-ների հսկողական գրծառույթներին, ապա կներդրվի շուրջօրյա հսկողության համակարգ, կսահմանվեն հսկողական/տեսչական գործառույթներ իրականացնող անձնակազմի ծառայողական պարտականությունները, աշխատավարձի, լրացուցիչ աշխատավարձի, հավելավճարի հաշվարկման եւ խրախուսման չափորոշիչները: Համապատկերում, միջազգային փորձը հաշվի առնելով, խոսվում է ԲՀՊՏ-ների ֆինանսա-տնտեսական մեխանիզմների կատարելագործումից: ԲՀՊՏ-ները պետք է հնարավորինս նպաստեն համայնքային զարգացման ծրագրերի իրագործմանը՝ շեշտը դնելով ազգաբնակչության կենսապայմանների բարելավման վրա, ինչը կարող է դրական վերաբերմունք ձեւավորել ԲՀՊՏ-ների պահպանության նկատմամբ: Այդ ծրագրերի հաջողությունը հիմնականում պայմանավորված է առկա ֆինանսական միջոցներով (պետական աջակցություն, դոնոր կազմակերպություններ), ինչպես նաեւ շահագրգռված մարդկանցով, ովքեր ցանկություն կունենան ներդրում կատարելու: Յուրաքանչյուր ԲՀՊՏ-ի համար պետք է գնահատվեն շահույթ ստանալու իրատեսական հնարավորությունները: ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարումից հնարավոր է ձեռք բերել տնտեսական շահույթներ, որոնք կարող են լինել ուղղակի կամ անուղղակի, մշտական կամ միանգամյա: Որպես տնտեսական շահույթի ստացման օրինակներ դիտարկվում են զբոսաշրջության եւ կանոնակարգված ռեկրեացիայի կազմակերպումը:

Գործադիրը նշում է, թե անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներդրման նպատակով պետք է նախ նախատեսվող ծախսերը վերլուծել, որը պետք է ընդգրկի յուրաքանչյուր ԲՀՊՏ-ի կառավարման հետ կապված՝ պահպանության, դիտարկման եւ գիտական ուսումնասիրությունների, զբոսաշրջության ծախսերը: Հետո ակնկալիքի վերլուծություն անել, որոնք կարող են ստացվել դոնոր կազմակերպությունների կամ բարեգործների ներդրումներից, սպասարկման ծառայություններից, վարձակալական պայմանագրերից, բնական պաշարների օգտագործումից եւն:

Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում: Ու քանի դեռ մեր շահագործողները բնությունը սիրել չեն սովորել, նրանց վրա հույս դնելը կարող է վտանգավոր լինել: Մանավանդ որ հսկողությունն այդքան էլ խիստ չէ: Ապացույցը մեր օրերն են:

Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի

Հավելենք, որ արդիական խնդիր է դարձել ոչ թե ավանդական ԲՀՊՏ-ների ստեղծման վրա կենտրոնանալը, այլ գոյություն ունեցող տարածքների կառավարումը բարելավելը: Ըստ այդմ, գործող եւ ստեղծվելիք ԲՀՊՏ-ները կմիավորվեն մեկ էկոլոգիական ցանցում: Դրա կարիք կա (նախարարության համոզմամբ) մի քանի պատճառներից ելնելով: Նախ՝ գործնականում գրեթե անհնար է առանձնացնել այնպիսի մեծ տարածքներով ԲՀՊՏ-ներ, որոնց սահմաններում հնարավոր կլինի պահպանել բոլոր տեսակները: Միմյանցից մեկուսացած ԲՀՊՏ-ները չեն ապահովում կենսաբազմազանության լիարժեք պահպանությունը, տեսակների միգրացիան եւ գենետիկական ռեսուրսների փոխանակումը: Ու նաեւ՝ ԲՀՊՏ-ների վարչական սահմանները հաճախ չեն ընդգրկում տեսակների ամբողջական արեալները: ԲՀՊՏ-ները ցանցում իրար կկապվեն էկոմիջանցքներով:

Իսկ թե ինչ կլինի այս միջանցքների հողերի հետ, արդեն որոշված է: Ինչպես վստահեցնում է գործադիրը, «էկոլոգիական ցանցում ընդգրկվող էկոլոգիական միջանցքների հողերի սեփականության ձեւի փոփոխություն չի նախատեսվում, հետեւաբար՝ դրանց արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է այդ հողերի սեփականատերերին ակտիվ ներգրավել էկոլոգիական ցանցի կառավարման գործընթացներին»:

Հարկ է նշել, որ Հայաստանում ստեղծվում է «Էմերալդ ցանցը», որում ներառված 12 տարածքներից  8-ը ընդգրկված են Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգում («Խոսրովի անտառ», «Սեւան», «Դիլիջան», «Արփի լիճ», «Խոր Վիրապ», «Սոսու պուրակ», Արագածի ալպյան», «Իջեւան»): «Էմերալդ ցանցը»-ի ստեղծումը նախադեպ է Հայաստանում էկոլոգիական ցանցի ստեղծման ու միջազգային էկոլոգիական ցանցերին, տվյալ դեպքում Համաեվրոպական էկոլոգիական ցանցին (ՀԷՑ) միանալու ուղղությամբ: Ի դեպ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, Եվրոպական դիպլոմի արժանացնելուց հետո, արդեն իսկ համարվում է ՀԷՑ-ի պաշտոնական տարածք:

Հավելենք, որ ԲՀՊՏ-ների հետ կապված միջոցառումների ծրագրի այս գործողությունները ամրագրվել են 2014թ. եւ 6 տարիների կտրվածքով են՝ մինչեւ 2020թ.: 2 տարի անց շոշափելի փոփոխություն չի արվել:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։