Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար…  Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…

http://www.hayary.org/wph/?p=6075Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ անվտանգ խաղալիքներով է նաեւ պայմանավորված մեր երեխաների ապագան: Թվում է, թե ինչ է, երեխան խաղում է, կարճ ժամանակ անց խաղալիքը կոտրում կամ դրանից հոգնում է եւ վերջ: Կարիք կա՞ արդյոք այդ կարճ ժամանակահատվածի համար թանկարժեք խաղալիք գնել:

Սա հասկանալի մոտեցում է, երբ խնդիրը սոցիալական հարթությունում ենք դիտարկում:

Բայց երբ նույն հարցին մոտենում ենք առողջապահական տեսանկյունից, արդեն հասկանում ենք, որ իրականում սոցիալական հարց էլ չկա: Այդ սոցիալականը հետո է ծագում, երբ արդեն քաղում ենք վտանգավոր խաղալիքների հետեւանքները:

Կարեւորությունից ելնելով՝ այս թեմային էլի եմ անդրադարձել, ուստի կրկնությունները բացառված չեն: Պարզապես կա լուրջ խնդիր, եւ դրա լուծումն ուշացնում ենք արդեն:  

Փորձարկումներ՝ մայրերի համար

Ու այս խնդիրը միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհն է քննարկում այս հարցը: Եվրոպայում վիճակը փոքր-ինչ բարվոք է. այստեղ պարբերաբար շուկայում հետազոտություններ են արվում, խստացվում խաղալիք արտադրողներին ներկայացվող պահանջները ու էլ առավել խիստ չափանիշներ պարտադրում խաղալիք ներմուծողներին: Իսկ Ռուսաստանում կարծես նույն խնդիրն է, ինչ մեզ մոտ: Շուկայում լիքը խաղալիք կա, որի իսկական տեղը աղբատարն է: Երկու տարի առաջ ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարեց, թե երկրում խաղալիքերի արտադրության ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվում: Բացի այդ՝ խաղալիքերի, ընդ որում՝ մանկական խաղալիքերի շուկայում ներմուծված ապրանքն այն ծավալի է, որ տեղական արտադրությանն ընդամենը 10 տոկոսի տեղ է տվել: Ու, ըստ գլխավոր բժշկի, հատկապես արտերկրից բերված խաղալիքները չեն համապատասխանում հիգիենիկ եւ սանիտարա-քիմիական պահանջներին: Առանձին շրջաններ, օրինակ Սվերդլովսկինը, խնդիրը փորձել է ինքնուրույն լուծել՝ խաղալիքների շուկայում խաղի նոր կանոններ սահմանելով: Այն է՝ ավտոմեքենաները, տիկնիկները, զանազան հավաքվածքները, եթե չեն համապատասխանում պահանջներին, խանութներում ընդհանրապես չեն հայտնվում: Շրջաններ կան, որտեղ առեւտրի տարածքային վարչությունները տարիքային սահմանափակում էլ են մտցրել: Ասենք՝ մինչեւ 1 տարեկանները պետք է խաղան միայն ամբողջական խաղալիքով, որոնք առանձին դետալներ չեն պարունակում: Խանութներին կոչ է արվում արտադրողներից կամ ներմուծողներից չվերցնել վառ գույներ ունեցող խաղալիքներ, որովհետեւ դրանք քիմիական ներկեր են պարունակում եւ կարող են վասել երեխայի տեսողությունը: Մինչեւ 3 տարեկան երեխաների համար արդեն կարող են լինել թեկուզ ոչ ամբողջական, բայց փոքրիկ դետալներ չպարունակող խաղալիքներ:

Առանձին մասնագետներ ծնողներին խորհուրդ են տալիս չհավատալ խանութների վաճառողներին, նույնիսկ՝ խաղալիքի պիտակի վրայի նախազգուշացումներին եւ սեփական նախաձեռնությամբ ստուգել՝ խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ անվտանգ:

Ի միջի այլոց, այդ խորհուրդները մեզ էլ կարող են օգնել:

Օրինակ, գունավոր խաղալիքը մենք կարող ենք տանը լավ լվանալ՝ տաք ջրով եւ օճառով: Եվ եթե խաղալիքը խամրում է, ուրեմն այն վտանգավոր է երեխայի առողջությանը: Եթե պլաստմասե խաղալիքի գույնը թեկուզ աննշան հետք է թողնում ձեռքերին, ուրեմն այն շպրտել է պետք: Կամ՝ բողոքել ուր հարկն է:

Նորածիններին եւ մինչեւ 1 տարեկաններին պետք չէ տալ բարձր ձայներ արձակող խաղալիքներ: Դրանք կարող են նույնիսկ խլացնել երեխային:

Խաղալիքների ավտանգության հարցով միջազգային շատ կազմակերպություններ են զբաղվում: ԱՄՆ-ում, օրինակ, դա Երեխաների անվտանգության ազգային ընկերությունն է (National SAFE KIDS Campaign): Սա ոչ առեւտրային կազմակերպություն է, որ գործունեությունը կենտրոնացրել է երեխաների անվտանգության հարցերին: Ուշագրավ է, որ 2003թ. այս կազմակերպությունը մի հետազոտություն էր հրապարակել, ըստ որի երեխաների՝ դժբախտ դեպքերի հետեւանքով մահացության շարքում առաջին տեղում ճանապարհատրասպորտային պատահարներն են, իսկ երկրորդ տեղում՝ խեղդվելը: Ընդ որում՝ խեղդամահության պատճառների գերակշիռ մասը խաղալիքներն են, ավելի ճիշտ՝ այդ խաղալիքներից պոկված փոքրիկ դետալները: Ընկերությունը սա համարել է սարսափելի վիճակագրություն եւ սկսել ծնողներին նախազգուշական թերթիկներ բաժանել: Այս ընկերության մեկ այլ տվյալի համաձայն էլ, երեխաների հաշմանդամության եւ մահացության պատճառներից մեկն էլ այն է, որ ծնողները թույլ են տալիս տարբեր տարիքի երեխաներին միասին խաղալ, նույն խաղալիքներով եւ անուշադրության են մատնում: Հաճախ է լինում, երբ մեծ երեխան փոքրի վրա կիրառում է ագրեսիվ մուլտերի հնարքները, կամ փոքրը օգտվում է մեծի խաղալիքից՝ կուլ տալով տարբեր մասեր կամ ուտելով մեծի ջրաներկը եւ այլն:

Իսկ Եվրոպայում, օրինակ, զգուշացնում են, որ հարկ է հատկապես ուշադիր լինել Չինաստանից ներմուծված խաղալիքների նկատմամբ, քանի որ վտանգների մեծ մասը այստեղից է գալիս: Չինական խաղալիքներում գերակշռում են անբնական վառ գույները, իսկ սա նշանակում է, որ խաղալիքը տոքսիկ նյութեր է պարունակում, նաեւ՝ թունավոր գազեր: Վերջինի առկայության պարագայում խաղալիքից հոտ է գալիս՝ լավ կամ վատ: Այս պարագայում էլ խաղալիքը միանշանակ շպրտել է պետք:

Խաղալիք են, բայց խաղալիք չեն

Հայաստանում էլ նույնն է. շուկայում կան եւ լավ եւ վատ խաղալիքներ: Ընդ որում, երկիրը կապ չունի: Չինական լավագույն խաղալիքներ կան՝ սերտիֆիկացված, բժշկական մասնագիտական քննություն անցած: Երեւանում կան մասնագիտացված խանութներ, որոնք խաղալիք վաճառելիս միշտ հարցնում են երեխայի տարիքը: Երբ դուստրս դեռ 1 տարեկան չկար, որոշեցի նրա համար գեղեցիկ տիկնիկ գնել: Մասնագիտացված մի խանութում երբ տարիքն իմացան, ասացին, որ ճիշտ կլինի գնել ոչ թե շորերով, գեղեցիկ, հագուստով եւ կոշիկով վառ տիկնիկ, այլ՝ հատուկ այդ տարիքի երեխաների համար նախատեսվածը: Իսկ այն անգույն էր եւ ոչ հրապուրիչ: Նայեցի հավաստագիրը, նախազգուշական թերթիկը, որտեղ ասվում էր, որ պատրաստված է անվնաս նյութերից, ամբողջական է եւ կարելի է չանհանգստանալ, երբ երեխան դա իր բերանը տանի:

Նույն մասնագիտացված խանութում վերջերս տղայիս համար էլ հատուկ կրծիչներ առաջարկեցին՝ ատամները քորելու համար: Հայտնի ընկերության արտադրանք էր՝ ծանոթագրության ամբողջական գրքույկն էլ հետը:

Բայց սա եզակի օրինակ է, եւ մեր շուկան էլ լցված է աղբով, որով ամեն օր թունավորվում են մեր երեխաները, քանզի ծնողները խաղալիք գնելիս նախապատվությունը հիմնականում նախ գնին են տալիս:

Դաշտը փոքր-ինչ կանոնակարգելու համար խաղալիքների անվտանգության նոր կանոնակարգ է հաստատվել: Խստացվել են չափանիշները թե՛ արտադրողի եւ թե՛ ներմուծողի նկատմամբ:

Սակայն, խնդիրն այն է, որ ես, որպես սպառող, դաշտում փոփոխություն չեմ զգացել ոչ կանոնակարգից առաջ եւ ոչ էլ հետո:

Ասենք՝ ըստ այդ կանոնակարգի՝ սրածայր հրթիռներով արտադրանքները խաղալիք չեն համարվում: Բայց դրանք վաճառվում են խաղալիքների բաժնում:

Կամ խաղալիքների անվտանգության առումով կանոնակարգը հստակ մի պահանջ ունի, ըստ որի խաղալիքները եւ դրանց մասերը երեխային խեղդելու ռիսկ չպետք է պարունակեն: Այլ կերպ՝ խաղալիքները եւ դրանց մասերը չպետք է ներկայացնեն շնչահեղձության ռիսկ, որն առաջանում է բերանի եւ քթի օդի հոսքի արտաքին խոչընդոտով փակման արդյունքում: Այն խաղալիքները, որոնք հստակորեն նախատեսված են 36 ամսականից ցածր երեխաների օգտագործման համար, ինչպես նաեւ դրանց բաղադրիչ մասերը եւ ցանկացած առանձնացվող մաս, պետք է ունենան այնպիսի չափեր, որ կանխվի դրանց կուլ տալը կամ ներշնչելը: Դա նաեւ վերաբերում է այլ խաղալիքներին, որոնք թեկուզ նախատեսված են բերանը դնելու համար:

Այս կարգի խաղալիքները շուկայում լիքն են. գոնե ես բազմիցս եմ համոզվել, երբ մանկահասակ երեխայիս այդ կարգի նվերներ են բերում: Եվ այսպես է եղել կանոնակարգից առաջ եւ այդպես է հիմա:

Փաստորեն, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ կրկին մնում է ծնողի զգոնությանը: Խեղճ ծնող, ինչպե՜ս հասցնի, ինչի՜ հանդեպ զգոն լինի: Խաղալիքի գույնը ստուգի, հոտը ստուգի, որակը՝ նույնպես, գրքերը կարդա, սնունդը ստուգի, դեղերը՝ եւս: Բա այս դեպքում պատկան մարմիններն ինչի՞ համար են: Կամ՝ եթե ամեն ինչ պիտի ծնողն անի, այդ տարատեսակ տեխնիկական ու անվտանգության կանոնակարգերն ինչի՞ համար են: Այս հարցադրումները չէին հնչի, եթե ներմուծվող ապրանքը սահմանին պատշաճ ստուգվեր, հայրենական արտադրանքն էլ՝ ըստ որակի արտադրվեր:

Հիմնականում մենք խոսքը ներմուծվող խաղալիքների մասով հնչեցրինք, քանզի տեղական արտադրանքը կարծես այնքան էլ վատը չէ: Բայց այս հատվածում էլ խնդիր կա: Ինչու՞ պետք է մինչեւ 1 տարեկան երեխայիս համար գնեմ միջազգային հայտնի ապրանքանիշի խաղալիքը (իմա՝ կրծիչները) եւ խաղալիքի դիմաց վճարեմ նաեւ խաղալիքի գնում ներառված տրանսպորտային ծախսերը, եթե կարող էի գնել  հայրենականը՝ արտադրվելու պարագայում իհարկե:

Հայրենականը չկա, ԵՏՄ-ն էլ չօգնեց. բանն այն է, որ այսօր մեր շուկայում առկա միջազգային հայտնի ապրանքանիշի կրծիչն ու ռուսական արտադրության կրծիչը գրեթե նույն գնի են: Որակական առումով էլ ոչ մի տարբերություն: Բայց ռուսական արտադրությանը, որ պետք է էժան լիներ ԵՏՄ-ի՝ իբր միասնական սահմանով պայմանավորված, ի չիք է: Թանկ է: Դե արի ու կողմնորոշվիր՝ ինչ տալ երեխային՝ խաղալու համար, որ այդքան թանկ չլինի, բայցեւ՝ վտանգավոր էլ չլինի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։