Շռայլող աղքատի հոգեբանությամբ-3 – Ե՞րբ Հայաստանում կհայտնվեն զրոյական կամ պասիվ տները… Զրոյական էներգասպառմամբ բնակարանի համար կարեւոր է ջերմամեկուսացումը – Շինության ջերմամեկուսացման համար Եվրոպայում գործածում են այսպես ասած կառուցվածքային մեկուսացված վահանակներ, որոնք եռաշերտ են… նաեւ մաքուր են բնապահպանական տեսակետից…

Սկիզբը՝ թիվ 14-15-ում

http://www.hayary.org/wph/?p=6228Շռայլող աղքատի հոգեբանությամբ – 2 – Խնայողությու՛նն է զարգացման պայմանը… Անառարկելի  է, որ տնտեսության ճյուղերի էներգաարդյունավետության բարձրացումը պայմանավորում է ապրանքների (ծառայությունների) ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչի նվազեցումը եւ, հետեւապես, մրցունակության ապահովումը…

http://www.hayary.org/wph/?p=6212Շռայլող աղքատի հոգեբանությամբ -1 – Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

2017-2018թթ. էներգախնայողության գործողությունների ծրագրի (ԷԳԾ) երկրորդ  փուլի միջոցառումների շարքում կա մեկը, որ, ինչպես ասացինք ծրագրի մանրամասները ներկայացնելիս, առանձնակի ուշադրության է արժանի: Խոսքը գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության եւ Հայաստանում դրա ներդրմանն ուղղված ծրագրերի մշակման մասին է:

Ի՞նչ է սա ենթադրում, ի՞նչ է նշանակում զրոյական էներգասպառմամբ շենքեր, որպես նոր տեխնոլոգիական լուծում փա՞ստ է կայացած, թե՞ նպատակ կա հասնելու դրան:

Ու քանի որ մեզ մոտ դեռ նոր պետք է ուսումնասիրություն արվի, փորձեցինք հասկանալ միջազգային փորձը:  

2011թ. սեպտեմբերին Եվրախորհրդարանն ու ԵՄ երկրների ներկայացուցիչները Բրյուսելում տերմին շրջանառեցին՝ «զրոյական էներգասպառմամբ բնակարան», որն արդի աշխարհում անշարժ գույքի շուկայում կարող է սակագնային հարցեր որոշել: Բրյուսելում այդ ժամանակ հնարավոր համարեցին, որ 2020թ. վերջին ԵՄ տարածքում բոլոր մասնավոր տները կհամապատասխանեն այդ՝ զրոյական էներգասպառմամբ չափանիշին: Երբ ոգեւորությունն անցավ, սեպտեմբերի 23-ին մամուլը «հայտնաբերեց», որ չկան այն հստակ տեխնոլոգիական չափանիշները, թե ինչպես պետք է հասնել էներգարդյունավետության այդ հրաշալի՝ զրոյական աստիճանին. ասենք՝ այդպիսի տուն կառուցելու համար տանիքին պետք է արեւային մարտկոցնե՞ր տեղադրել, ի՞նչ հաստության պետք է լինեն պատերը, ինչպե՞ս մեկուսացնել պատուհանները, ի՞նչ կարգի շինանյութ գործածել եւ կա՞ արդյոք դա շուկայում:

Երբ այս կարգի հարցեր բարձրացվեցին, անմիջապես պարզ դարձավ, որ «զրոյական էներգասպառմամբ բնակարաններ» տերմինը շրջանառության մեջ է մտցվել իբրեւ մեկնարկային կետ՝ էներգարդյունավետության նորանոր մակարդակների հասնելու նկատառումով:

Բացի այդ՝ տերմին հետ միշտ գործածվում է «գրեթե» բառը՝ գրեթե զրոյական էներգասպառում: Մասնագետները տվեցին այդ պահի դրությամբ այդ տերմինի բացատրությունը. դա նշանակում է տուն, որ օգտագործում է նվազագույն ավանդական էլէներգիա եւ առավելագույն չափով գործածում է տեխնոլոգիաներ, որոնք այլընտրանքային էլէներգիա են արտադրում:

Վերջին տարիներին «գրեթե զրոյական էներգասպառմամբ բնակարան»-ի կողքին գործածվեց նաեւ այլ հասկացություն՝ «պասիվ տներ», տներ, որ փորձում են հնարավորինս անտարբեր մնալ ավանդական էլէներգիայի հանդեպ եւ օգտվում են բնության ուժից: Իսկ այդ պասիվության ջատագով ԵՄ-ն չափանիշներ չառաջադրեց, քանզի դրանք տարբեր են արեւոտ եւ քամոտ երկրների մասով:

Հետեւում է հաջորդ հարցը՝ հարմարավե՞տ են արդյոք այդ տները եւ ինչքա՞ն կարժենա դրանք կառուցելը:

Տալլինում կա այդպիսի տան օրինակ: Տալլինի տեխնիկական համալսարանի ուսումնական բազան շարունակում է զարգանալ. այստեղ տեխնոլոգների համար հատուկ մասնագիտացված մասնաճյուղ են շահագործման հանձնել: Համալսարանն ուզում է ցույց տալ, թե ինչպես կարող է ապագայում լուծվել էներգակիրների թանկացման խնդիրը: Տեխնոլոգներն ասում են, որ իրենց հաջողվել է կառուցել գրեթե զրոյական էներգասպառմամբ շինություն՝ արտաքին ճիշտ ջերմամեկուսացման, հատուկ պատուհանների շնորհիվ: Շինությունում գործածվում են տաքացնող ու սառեցնող հատուկ սարքավորումներ: Շինության տարածքում տեղադրված են երկու տեսակի արեւային մարտկոցներ, որոնց միջոցով ամենօրյա կարիքների համար ջուր են տաքացնում, իսկ մնացյալ՝ հավաքված էներգիան էլ օգտագործում են ջեռուցման համար: Ամռանը արեւային կուտակիչներից ստացված ավելցուկային ջերմությունը ինքնամղիչի օգնությամբ ուղարկում են գրունտային հատված, որտեղ էլ եւ պահպանում են այն: Մի խոսքով, սեղաններին փռված բարդ ֆիզիկա-մաթեմատիկական հաշվարկներն ու ենթակառուցվածքների գծագրերը թույլ են տալիս տարբեր տեսություններ գործի վերածել: Եվ այս «պասիվ» շինության արժեքը 0.5 մլն եվրո է արժեցել:

Զրոյական էներգասպառմամբ բնակարանի ամերիկյան տարբերակը փոքր ինչ այլ բացատրություն ունի. բնակարան, որ էլէներգիայով ինքնաբավ է՝ ընդհանուր էլցանցից անջատված լինելով: Բայց այդպիսի տներ այսօր մատների վրա կարելի է հաշվել: Բայց գնալով շատանում են այն տները, որոնք արեւային կամ քամու էներգիան գործածելով՝ էապես՝ մինչեւ 60%-ով նվազեցնում են իրենց ամսական էլէ-ներգիայի ծախսը: Չկա զրոյական էներգասպառմամբ բնակարանի տիպային շինության ձեւ, քանզի այն, ինչ կարելի է արեւային Լոս Անջելեսում անել, անարդյունավետ կլինի քամոտ Չիկագոյի պարագայում: Կլիմայական ամեն տարածքի համար առանձին լուծում է պետք: ԱՄՆ-ում առաջին բազմաբնակարան «պասիվ» շենքը կառուցվել է Լոս Անջելեսում: Համաձայն ecotechnica.com.ua  մասնագիտացված կայքի, շենքը համապատասխանում է ամենապահանջկոտ բնապահպանական ստանդարտերին:

Այս շենքը միացված չէ կենտրոնական էլցանցին, հագեցած է արեւային մեծ վահանակներով (տանիքին 215 արեւային մարտկոցներ են տեղադրված), որոնք թույլ են տալիս բնակիչներին ամսական էլէներգիայի ծախսը կրճատել 100 դոլարով:

Բացի այդ՝ բնակիչները կարող են հսկել արեւային էլէներգիայի ծախսը. յուրաքանչյուր բնակարնում կա «այ փադ»՝ հաշվիչով:

Զրոյական էներգասպառմամբ բնակարանի համար կարեւոր է ջերմամեկուսացումը:

Շինության ջերմամեկուսացման համար Եվրոպայում գործածում են այսպես ասած կառուցվածքային մեկուսացված վահանակներ, որոնք եռաշերտ են եւ օգտագործվում են շինարարությունում պատերի, տանքիների եւ հատակի համար: Այս վահանակներն ունեն բացառիկ դիմացկունություն, արագ են տեղադրվում, նաեւ մաքուր են բնապահպանական տեսակետից:

Ֆինլանդիայում զրոյական էներգասպառմամբ տների օրինակներ կան, որոնք օգտվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներից եւ ինքնաբավ են:

Եվրոպայում եւ Չինաստանում (վերջինս զրոյական տների կառուցման մեծ փորձ ունի) այս զրոյական տներն անվանում են նաեւ էկո տներ, որովհետեւ ջերմամեկուսացման համար օգտագործում են բնապահպանապես մաքուր նյութեր, ավանդական էլէներգիայի փոխարեն՝ այլընտրանքային էներգիա:

Ռուսական մասնագիտացված բնապահպանական կայքերում կատակով գրում են, թե խորհրդային շենքերը տաքացնում էին փողոցները, զրոյական շենքերը կտաքացնեն մեզ: Զրոյական տների ջերմության կորուստը հավասար է զրոյի:

Հիմա, դատելով վերոհիշյալ՝ ԷԳԾ-ի 2-րդ փուլի ծրագրային միջոցառումներից, թե մերոնք որ երկրի փորձը կուսումնասիրեն եւ ինչպես կփորձեն այն մեզ մոտ ներդնել, արդեն կներկայացնենք ժամանակին:

Աստղինե Քարամյան

Առաջին լուսանկարում  (նայել PDF տարբերակը – ttp://www.hayary.org/wph/?p=5996 ) Տալլինի զրո էներգասպառմամբ շինությունն է, երկրորդում՝ ԱՄՆ-ում առաջին բազմաբնակարան «պասիվ» շենքը, երրորդում զրոյական էներգասպառմամբ տան եվրոպական օրինակ է:

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։