Եթե ոչ ազգային բարոյականի, ապա գոնե տնտեսական շահից ելնելով – Մենք անարժանապատվության հաղորդագրություն ենք ուղարկում աշխարհին, այն է՝ Ադրբեջանի հետ մենք պատերազմի մեջ ենք, բայց թշնամու ապրանքի ներկրումը չենք արգելում՝ իբր թուրքական քիչ էր… Կաշառողը, կաշառվողն ու վաճառողը…

http://www.hayary.org/wph/?p=6267Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…

http://www.hayary.org/wph/?p=6248Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…

Առիթով անդրադառնալով սննդամթերքի անվտանգության եւ որակի ապահովման խնդրին՝ գործադիրի ղեկավարը նշել էր, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- ասել էր վարչապետը:

Եթե ինձ թույլ տամ երկրի վարչապետին լակոնիկ հավելում անել, ապա մեկ այլ հարցադրում պետք է հնչեցնեմ. իսկ շանտղություն չէ՞ ընդհանրապես ադրբեջանական ապրանքի ներկրումը պաշտոնապես չարգելելը: Այս օրերին խոսում ենք միայն այն մասին, որ ապօրինի է ներկրվել: Ինչու՞ միանգամից չենք կայացնում քաղաքական որոշում եւ չենք արգելում թշնամական երկրից որեւէ ապրանքի ներկրումը: Չնայած եթե մեր որոշ վայ տնտեսագետների կարծիքով, Հայաստանը կործանված է առանց թուրքական ապրանքի, ապա բացառված չէ, որ նրանք այս դեպքում էլ կաղկանձ կգցեն, թե բա առանց ադրբեջանական խնձորի ոնց ենք ապրելու: Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը առանց արժանապատվության չի կառավարվում: Աշխարհում չկա զուտ տնտեսություն՝ առանց քաղաքականության: Եվ պետք է ասեմ, որ այստեղ մենք շատ անպատիվ քաղաքականություն ենք վարում:  

Քանի որ օրենքով ադրբեջանական ապրանքի ներկրումն արգելված չէ, խնձորի ապօրինի ներկրմանը հաջորդեց համապատասխան ընթացակարգը:

Ըստ այդմ, ՀՀ տարածք ադրբեջանական  խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ:

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստմամբ եւս պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ձեռք են բերել եւ ՀՀ շուկայում իրացրել ադրբեջանական ծագման խնձոր:

Նշված նյութերով եւս ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձինք առանց մաքսազերծման ՀՀ պետական սահմանով մրգերի եւ բանջարեղենի տեղափոխումը թույլատրելու համար պարբերաբար ստացել են կաշառք:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու եւ կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 188-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը առնչվում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ կատարված հանցագործություններին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նախաքննություն իրականացնող մարմնին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ առանց մաքսային հսկողության ՀՀ  ներմուծումների դեպքերը, դրանց առնչվող մաքսային ծառայողների հանցավոր գործունեության բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Հետո ադրբեջանական խնձորի գործով մանրամասներ հրապարակեց ՀՔԾ-ն: Ըստ որի՝ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնեցին, որ մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Երեւանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք:

Վերջիններս նշված ապրանքներն առանց հայտարարագրման Բագրատաշենի մաքսակետով ներկրելու եւ այդպիսով՝ օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով‘ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ:

Վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել եւ Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր՝ մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետեւանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս:

Գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաեւ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները:

Այսպիսով, խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Կհետեւենք, թե գործն ինչ ընթացք կստանա: Պատժվողներ կլինեն, թե ոչ: Իրական մեղավորները կպատժվեն, թե ոչ:

Բայց մի բան հաստատ է:

Մենք անարժանապատվության հաղորդագրություն ենք ուղարկում աշխարհին, այն է՝ Ադրբեջանի հետ մենք պատերազմի մեջ ենք, բայց այնքան ենք խաղաղություն ուզում, որ այդտեղից ապրանքի ներկրումը չենք արգելում: Պատրաստ ենք էլի ապրանքներ ընդունել, միայն թե ապօրինի չլինի: Իսկ այդ էլի ապրանքի ներկրումը տնտեսական իմաստով (բարոյականն ու ազգայինը էլ չասած) հանգեցնելու է այն վիճակին, որ մեր գյուղմթերք արտադրողները թուրքականից բացի հիմա էլ անմրցակից են դառնալու ադրբեջանական գյուղմթերքի առաջ:

Կասկածու՞մ եք, որ Ադրբեջանը կսուբսիդավորի իր արտադրողին, մի բան էլ ավելին կտա, որպեսզի այստեղ էժան բերվի ու խեղդվի մեր գյուղացին: Ես չեմ կասկածում:

Նրանք այդ փորձը խորհրդային տարիներին էլ են արել, երբ Հեյդար Ալիեւը Արարատյան դաշտում ու բերրի հողեր ունեցող բնակավայրերում հաստատվող ադրբեջանցիներին գաղտնի օգնում էր՝ դրանով նրանց շահագրգռելով չենթարկվել ուրբանիզացվելու առավելությունների հեքիաթներին եւ չլքել հայկական գյուղերը: Վիճակը սարսափելի կլիներ, եթե չսկսվեր Արցախյան ազատամարտը:

Նույնատիպ իրավիճակ է այսօր: Կբերեն, կխեղդեն մեր գյուղացուն, իսկ մեր կառավարությունն էլ կքննարկի, թե ինչպես մեր գյուղմթերքը մրցունակ դարձնել: Կքաղենք բացասական բոլոր հետեւանքները՝ եթե իհարկե օրենքով չարգելենք թշնամական երկրից ապրանքի ներկրումը:

Հուսամ՝ կանի հայկական կողմը այդ քայլը, եթե ոչ ազգային բարոյականի, ապա գոնե տնտեսական շահից ելնելով:

Կաշառողը, կաշառվողն ու վաճառողը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված՝ խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երեւանի բնակիչներ Հ.Ֆ.-ն ու Ա.Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա.Խ.-ի ու Գ.Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետեւ, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երեւանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում՝ ադրբեջանական ծագման խնձոր: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Հ.Ֆ.-ն ու Ա.Ե.-ն 2017թ. հունվարից մինչեւ ապրիլի 24-ը պարբերաբար, առանց հայտարարագրելու Բագրատաշենի մաքսակետով Հայաստան են ներկրել մեծ քանակությամբ գյուղմթերք եւ դրա հետեւանքով չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով՝ 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը: Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաեւ ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում՝ առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, որի հետեւանքով չի վճարվել նաեւ զգալի չափերով՝ 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:

ՊԵԿ-ի ջանքերով բացահայտվել են ադրբեջանական խնձորն ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրած անձինք եւ նրանց այդ հարցում կաշառվելու եղանակով օգնած մաքսավորները: Երեկ լրագրողներին ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը. «Մենք մեր մեղքի բաժինն անկեղծ ունենք, սակայն մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսավորը, որը կաշառվելով թողել է՝ այդ խնձորը մտնի հանրապետություն, մեղքի բաժին ունի նաեւ կաշառողը, խնձոր ներկրողն, ինչպեսեւ այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները»:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։