Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

Սկիզբը՝ թիվ 22, 23-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

http://www.hayary.org/wph/?p=6366Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը: Ասել էինք, թե կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում եւ թե որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում: Գործադիրի հաստատած՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, որի հետ մեծ հույսեր է կապում վարչապետը, միայն կարկուտի դեմ պայքարի ձեւերը չէ, որ ներկայացնում է: Մեր գյուղատնտեսության համար պակաս վտանգավոր չէ նաեւ երաշտը:  

Հայաստանում երաշտները զգալի վնաս են հասցնում Հայաստանի տնտեսությանը, եւ տեղումների ու խոնավության նվազումը ավելացնում են դրանց ռիսկերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության ցածրադիր հովտային գոտիներում երաշտները դիտվում են 92-94%, նախալեռնային գոտիներում 52-57% հաճախականությամբ, իսկ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում հասնում է 40-50%-ի: Արարատյան դաշտում եւ ցածրադիր այլ գոտիներում բարձր ջերմաստիճաններով ու տաք քամիներով օրերի թիվը տարեկան կազմում է 120-160, ինչեւ այդ շրջանները դարձնում է առավել խոցելի երաշտի նկատմամբ: Հայաստանում երաշտ սովորաբար արձանագրվում է հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում, սակայն կարող է տեղի ունենալ նաեւ գարնանն ու աշնանը: Ընդհանուր առմամբ, երեւույթը հատուկ է Արարատյան դաշտավայրին եւ երբեմն՝ Արարատյան հարթավայրի նախալեռնային հատվածին, Տավուշին ու Սյունիքի հովիտներին: Երաշտի հաճախականությունը մոտավոր հաշվարկներով կարող է լինել 2-4 տարին մեկ անգամ: Գաղտնիք չէ, որ երաշտները բացասաբար են ազդում բնական էկոհամակարգերի վրա՝ խորացնելով անապատացման գործընթացները եւ նպաստելով երկրորդային աղակալմանը:

Տարբեր պատճառներով պայմանավորված՝  մշակվող ոռոգելի տարածքների մակերեսը 1991թ. 314.0 հազ. հեկտարից կրճատվել է մինչեւ 154.0 հազ. հեկտարի (առանց բնակավայրերի հողերի): Երկարատեւ օդերեւութաբանական երաշտների հետեւանքով ջրային ռեսուրսները կրճատվում են 20-ից մինչեւ 45%-ով:

Կհիշենք, որ Հայաստանում առավել ուժեղ երաշտ գրանցվել է 2000 եւ 2001թթ.,այնպիսի երաշտ, որից տուժեցին հանրապետության բոլոր գոտիները՝ ընդհուպ ծովի մակերեւույթից մինչեւ 3000 մ բարձրությամբ տարածքները: Վնասի չափը 38 միլիարդ դրամի հասավ: Նույնիսկ 2003թ. նախորդ երկու տարիների երաշտի հետքերը զգացվում էին: 2006թ. էլ երաշտ եղավ՝ տեղային, եւ հացազգիների բերքը զգալիորեն նվազեց՝ նախորդող տարվա համեմատ կրճատվելով  35.5%-ով:

Ի՞նչ անել: Զարգացած երկրներում, օրինակ, երաշտի կառավարման համար կարեւորում են երաշտային պայմանների հուսալի ու ժամանակին ճիշտ գնահատումը, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին սպասվող երաշտի վերաբերյալ վաղօրոք ազդարարումը, ինչը հնարավորություն է տալիս միջոցառումներ ձեռնարկել զգալիորեն մեղմելու երաշտի հետեւանքները: Միայն նախապես որոշված քայլերը ժամանակին ու ճիշտ կատարելու դեպքում է հնարավոր է լինում խուսափել կամ մեղմել երաշտի բացասական ազդեցությունը: Նկատենք, որ այդ քայլերն էլ մեկ օրվա կամ մեկ ամսվա նախապատրաստական քայլեր չեն: Ասենք՝ հիդրոլոգիական երաշտներից խուսափելու համար կարեւորվում է համապատասխան տարողություններով ջրամբարների կառուցումը:

Կան նաեւ այսպես կոչված «ադապտացիոն միջոցառումներ»: Երբ սպասվող երաշտի տեղեկությունը հաստատվում է, մենարկում են այդ միջոցառումները՝  կապված հողի խոնավության պահպանման, ոռոգման ջրերի կուտակման ու օգտագործման, գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման հետ:

Եվ ամենից առաջ՝ երաշտների կանխատեսման համար անհրաժեշտ է բարելավել երկարաժամկետ (ամսական եւ սեզոնային) կանխատեսումների որակը, որը կօժանդակի երաշտների դեմ պայքարի հստակ մեխանիզմների կիրառմանը: Սա խնդիր է, որ կախված է բոլոր երկրների գյուղոլորտի գլխին: Մեզ մոտ էլ բերքի կորստի չափերը կախված են այն բանից, թե երբ է սկսվում երաշտը, ինչքան է տեւում եւ ինչ ինտենսիվություն ունի: Երաշտների ռիսկերի կրճատման գործում կարեւոր է թե վաղ ահազանգումը, թե՛ խորհրդատվությունը: Մեր օդերեւութաբանական կամ հիդրոլոգիական երաշտների կանխատեսումը հնարավոր է իրականացնել միայն կարճաժամկետ կտրվածքով, եւ վաղ ահազանգման հնարավորությունները բավականին սահմանափակ են: Այսինքն՝ սա խնդիր է, որի լուծումը միայն գյուղատնտեսության նախարարության գործառույթը չէ:

Եվ եթե բնական աղետների դեմն առնել չենք կարող, գոնե կարող ենք այնպես անել, որ բնակլիմայական ռիսկերի հետեւանքները մեղմվեն: Այս հարցում աշխարհի գյուղատնտեսական փորձը ընդհանուր հայտարարի եկել է. այն է՝ պետք է ստեղծել գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն սորտեր: Սա մեզ համար նորություն չէ: Մենք սելեկցիայով զբաղվել ենք եւ հիմնական նպատակը եղել է այնպիսի սորտերի ստեղծումը, որոնք կառանձնանան բարձր բերքատվությամբ, արտադրանքի որակական հատկանիշներով, ցրտադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ եւ հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմադրողականություն կունենան: Լավ ենք արել դա, թե վատ, կամ՝ որ սորտերի մասով ենք հաջողել, որը՝ ոչ, այս նյութի քննարկման առարկան չէ: Բայց մինչեւ 1990-ական թվականները գիտահետազոտական ինստիտուտները զբաղվել են առաջնային սերմնաբուծությամբ, իսկ գյուղատնտեսության ոլորտում գործող ավելի քան 120 սերմնաբուծական պետական տնտեսությունները՝ սերմնարտադրությամբ։ Հողի մասնավորեցումից հետո այդ տնտեսությունները հիմնականում լուծարվեցին: Արդյունքում, զգալիորեն նվազեցին մշակաբույսերի բարձր վերարտադրության, սերմերի արտադրության ծավալները, խախտվեց սերմերի բազմացման ու վերարտադրության տեխնոլոգիական հաջորդականությունը, ճյուղում կասեցվեց տեխնոլոգիական առաջընթացը։ 1994թ. սկսած առաջնային սերմնաբուծությամբ զբաղվում են հիմնականում «Գյումրիի սելեկցիոն կայանը», «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը», «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը»: Բայց նրանց արտադրած աշնանացան ցորենի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի քանակը սահմանափակ է։ Իսկ օտարերկրյա պետություններից մասնակի ներկրված սերմերի (տնկանյութի) հաշվին ստեղծված հնարավորությունն էլ մասամբ է բավարարում հանրապետության հողօգտագործողների պահանջարկը։

Ի դեպ, վերջերս էլ արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին խոսելիս վարչապետ Կարեն Կարապետյանը ուշադրություն հրավիրեց սերմերի ոլորտին. եւ ինչու չխոսենք այդ մասին, եթե ունենք սելեկցիոն կայան: Եվ որ Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել ընկերություն, որը «կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է եւ սերմերի արտադրությամբ, եւ վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»: Ինչու ոչ, խնդրի լուծման տարբերակ է, որ կարող է հաջողել:

Զարգացած երկրներում բնակլիմայական ռիսկերը մեղմելու եղանակ է համարվում նաեւ բույսերի պաշտպանության միջոցառումների համակարգը: Մենք դա անում ենք՝ ամեն տարի պայքարելով բույսերի հիվանդությունների, վնասատուների ու մորեխների դեմ: Ռիսկերը մեղմելու այլ միջոցառումներ էլ ունենք, բայց կանդրադառնանք անելիքին:

Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկելու ջրհեղեղների, սելավների ու սողանքների վնասներից մեր գյուղատնտեսությունը հնարավորինս պաշտպանելու համար, կխոսենք հաջորդիվ: Մինչ այդ կարեւորենք մի հանգամանք. եթե ուզում ենք ունենալ զարգացած գյուղատնտեսություն, ապա հաստատ պիտի մտածենք ռիսկերի կանխարգելման մասին: Այլապես անընդհատ ստիպված ենք լինելու վերացնել հետեւանքները:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։