Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…

http://www.hayary.org/wph/?p=6406Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

http://www.hayary.org/wph/?p=6405«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – Այս մասին ահազանգում են եւ՛ բնապահպանները եւ՛ – «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն… Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի – Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին…

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ԱԺ-ն ընդունեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:  

Որ ՀՀԿ-ն ու«Ծառուկյանը» կողմ էին քվեարկելու, տրամաբանական էր. իրենք իրենց նախագծին դեմ չէին լինելու («Ծառուկյանին» երբեւէ իշխանությունից չեմ զատել):

Որ ՀՅԴ-ն դիրքորոշումը փոխելու էր, պարզ էր. մասնագիտական հոտառությունս էր դա հուշում:

Որ «Ելք»-ն էլ դեմ էր լինելու, հասկանալի էր:

Որ բնապահպանների ձայնն էլ տեղ չէր հասնելու, դա էլ պարզ էր: Մեր երկրում հզոր բնապահպանական ու մշտապես գործող հատված չի ձեւավովել դեռ (տարերային բռնկումներով չեն ստիպի իրենց հետ հաշվի նստել):

Որ լրագրողների ասածն էլ չի անցնելու, դա էլ էր «բնական»: Բայց այս պահին մեդիադաշտի՝ այս մասով փակագծերը չեմ բացի:

Ինչեւէ: Եղավ ինչպես միշտ: Ազգային, պեըտական շահը հաշվի չառնվեց: Բայց, ի դեպ, բիզնես շահն էլ հաշվի չի առնվել: Սեւանի 1 լ ջուրը ավելի թանկ է, քան այդ 1 լ-ով ջրածի բերքը: Այս բացթողնված 100 մլն խմ-ով ավելի ջրի անդառնալի կորուստն ավելի շատ է վնասելու, քան այսօր այդ ջրով օգտվելու է գյուղացին, քաղաքացին, երկիրը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը վստահեցնում է, որ այդ ավելը միայն 2017թ. մասով է: Չեմ ուզում կասկածել, բայց ի՞նչ հիմքով է վստահեցնում: Մենք այս տարիների ընթացքում գումարներ բերեցինք, բայց մեր ջրերը առավելագույնս չենք կարողանում ամբարել, ինչի հետեւանքով հենց շոգ տարի է լինում, ընկնում ենք Սեւանի ջանին: Ինչպե՞ս կարող է վստահեցնել, հաջորդ տարի շոգ չի՞ լինելու, թե այս մեկ տարվա ընթացքում ջրերն այնպես ենք ամբարելու որ…

Մինչդեռ իրականում խնդիրն ավելի խորքային է, քան պատկերացնում ենք:

Պարզամիտ մոտեցմամբ՝ Սեւանը չափում ենք սանտիմետրերով ու ասում՝ վտանգ չի լինի, որ 100 մլն խմ-ով ավելի բաց թողնենք: Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու:

Մեր ԱԺ պատգամավորներից քանի՞սն իրապես գիտեն՝ ինչ ասել է էկոհամակարգ:

Արդյո՞ք վարչապետին խնդիրը ճիշտ են ներկայացրել:

Արդյո՞ք վարչապետն ինքը չի պատկերացնում այդ 100 մլն-ով ավելի ջրի բացթողնման հետեւանքները եւ գերադասում է ցույց տալ, որ իրեն սխալ ներկայացրած լինեն հարցի էությունը:

Վարչապետը գիտակ խորհրդական ունի ջրերի հարցով՝ Գագիկ Մարիտիրոսյանը, ով տարիներ առաջ եւս զբաղեցրել է ջրտնտպետկոմի նախագահի պաշտոնը: Ինչպե՞ս է ներկայացրել հարցը, կամ ի՞նքն է ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ընթացքում կստանանք:

«Լուսանցք»

Լուսանկարը՝ Արմենուհի Մելքոնյանի

* * *

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը, խոսելով Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելուց, Panorama.am-ին ասել է. «Սա ի սկզբանե սխալ մոտեցում է, որովհետեւ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա: Ջրի պաշարներն ու սանտիմետրերը դիտարկելով՝ մենք արդեն մեթոդաբանական սխալ ենք  անում: Մենք ասելով՝ նկատի ունեմ որոշում կայացնողներին»:

Նա կասկածում է, որ կառավարության ղեկավարին ասել են՝ լճում հավելյալ ջուր կա այլ նպատակներով օգտագործելու համար:

«Դեռ 3 ամիս առաջ վարչապետը ինչ-որ մեկի խորհրդով հանձնարարական է տվել հավելյալ մեկ մլրդ խմ ջուրը տնտեսապես շահավետ օգտագործելու մեխանիզմներ գտնելու ուղղությամբ: Այսինքն, խնդիրը շատ ավելի լուրջ է»,- ասել է Գալստյանը:

Նրա ունեցած տվյալներով, առաջիկա 3 տարում Սեւանից 1 մլրդ խմ ջուր են վերցնելու:

Հիմնավորումները, որ լրացուցիչ ջրառը կատարվում է 130 հազար գյուղացիական տնտեսությունների հողերը ոռոգելու համար բարկացնում են բնապահպանին:

«Ո՞նց 130 հազար գյուղացիական տնտեսություն մնում է առանց ջրի, ու դու պետությո՞ւն ես, թե՞ համատիրության ֆունկցիա ես կատարում: Սեւանի՞ հույսին էիր: Սա պետության կառավարում չէ, սա խայտառակություն է: Ես շատ ցանկանում եմ, որ լրագրողները նրանց ասած խոսքերի հետեւից գնան, հարցնեն, թե 130 հազար տնտեսությունները որտե՞ղ են գտնվում, ո՞ր համայնքներում եւ ընդհանրապես այդ համայնքները կարո՞ղ են Սեւանից ջուր ստանալ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Լեւոն Գալստյանը չի հասկանում, ինչու ձնառատ տարում ջրամբարները բավարար քանկությամբ ոռոգման ջուր չունեն, կարող է ենթադրել ամեն ինչ, բայց հստակ տվյալներ ձեռքի տակ չունի, վերահսկողական մեխանիզմներ էլ չկան:

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։