Ախուրյանի ջրավազանային տարածք – Թուրքիան ավելի շատ օգտվելով Արաքսից՝ մեզ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու (մաս 3-րդ)… Ջրառաջարկի ձեւավորման հիմնական խնդիրներից է գետավազանի ազատ ջրահոսքի կուտակումը… Մեր ամեն կաթիլ ջրառը պետք է խիստ հիմնավորված լինի – պետությունը պիտի շատ խիստ լինի՝ ջրառի նպատակահարմարության հարցին նայի ոչ թե մասնավորի շահագործական տեսանկյունից, այլ՝ ազգայինի կարեւորությունից…

Սկիզբը՝ թիվ 31-32-ում

http://www.hayary.org/wph/?p=6517Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

http://www.hayary.org/wph/?p=6505Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Ինչ միջոցառումներ է նախատեսում գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, որպեսզի Ախուրյանի ջրավազանային տարածքում հավասարակշռի ջրային պաշարների առաջարկն ու պահանջարկը, որպեսզի ճիշտ ժամանակին բացահայտի արտակարգ իրավիճակների ռիսկերն ու կանխարգելի ճիշտ պահին: Այս մասին կխոսենք այսօր իբրեւ ամփոփում այն թեմայի, թե ինչ վիճակում է Ախուրյանի ջրավազանային տարածքը, ինչ խնդիրներ են առկա եւ ինչի կհանգեցնեն դրանք՝ չլուծվելու պարագայում:  

Ջրային պաշարների նկատմամբ պահանջարկի գնահատման խնդրում ջրի առաջարկը կրում է գերակա բնույթ ոչ միայն ջրաէկոհամակարգի, այլ նաեւ տվյալ էկոհամակարգի բնական հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից: Եվ սա ամրագրված է ՀՀ ջրի ազգային ծրագրում: Ախուրյանի ջրավազանային տարածքի մակերեւութային օգտագործելի ջրային պաշարները, որոնք համարվում են ջրառաջարկի ձեւավորման մակերեւութային պաշարները, կազմում են մոտ 2292,9 մլն խմ, իսկ ստորերկրյա ջրերի շահագործական (երաշխավորված) պաշարները կազմում են 102,9 մլն խմ՝ Ախուրյանի եւ 792,5 մլն խմ՝ Մեծամորի գետավազանում:

Ախուրյան գետի բազմամյա միջին տարեկան ծավալը Կարս վտակի միախառնումից հետո կազմում է մոտ 1000 մլն խմ, իսկ սակավաջուր տարիներին՝ 300-350 մլն խմ:

Ախուրյանի ջրամբարի հիմնական սնման աղբյուր Կարս գետի բազմամյա միջին տարեկան ծավալը, մինչեւ ջրամբար լցվելը, կազմում է 550-600 մլն խմ, իսկ սակավաջուր տարիներին հասնում է 200-250 մլն խմ-ի:

Այս թվերը շատ խոսուն են պատկերում իրավիճակը: Ջրառաջարկի ձեւավորման հիմնական խնդիրներից է գետավազանի ազատ ջրահոսքի կուտակումը: Եվ ջրապահանջի բավարարման համար շատ կարեւոր է, որ կուտակված ջուրը հնարավորինս հավասարաչափ բաշխվի տարվա բոլոր ամիսներին: Իսկ դա կարելի է լուծել գետավազանում նոր ջրամբարներ կառուցելու միջոցով: Գերմանական «Կա Էֆ Դաբլյու» բանկի ֆինանսավորմամբ ներկայումս «Ջրային ռեսուրսների համատեղ կառավարում/Ախուրյան գետ-Կապսի ջրամբար ինքնահոս համակարգի կառուցում» վարկային ծրագիրն է արվում: Ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել Կապսի ջրամբարի կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները եւ վերականգնել թունելները, ինչը կապահովի ստորին բիեֆում գտնվող տարածքների անվտանգությունը: Նախատեսվում է կառուցել ինքնահոս համակարգ, որը հնարավորություն կտա անցում կատարելու մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոս եղանակի եւ ապահովելու ոռոգումը նաեւ նոր հողատարածքների համար: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն խմ ծավալի համար: Նշված պատվարը կկառուցվի այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել՝ ջրամբարի ծավալը հասցնելով 60 մլն խմ-ի: Ծրագրի իրականացման արդյունքում շրջանառությունից դուրս կգա «Շիրակ» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող 8 պոմպակայան, ինչի շնորհիվ կխնայվի տարեկան 1,3 մլն. կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Ջրամբարի շինարարության երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողականությունը հասցնել 60 մլն խմ-ի, ինքնահոս խողովակաշարը հասցնել Թալինի տարածաշրջան, որի արդյունքում կապահովվի շուրջ 20,5 հազ. հա հողերի հուսալի ոռոգում, մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 3,5 հազ. հա հողատարածքներ կոռոգվեն ինքնահոս եղանակով, կբարձրանա 16 հազ. հա հողատարածքների ջրապահովվածությունը, ինչպես նաեւ կավելանա եւս 952 հա ոռոգելի հողատարածք:

Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը քննարկվում է Եվրասիական զարգացման բանկի հետ: Ջրամբարը կունենա 10,2 մլն խմ ջրատարողություն, օգտակար ծավալը կլինի 8,2 մլն խմ, պատվարի բարձրությունը՝ 30 մ: Անցումն ինքնահոս ոռոգման թույլ կտա շահագործումից հանել խորքային հորերը, որի հետեւանքով կտնտեսվի պոմպերի շահագործման ու պահպանման համար ծախսվող տարեկան շուրջ 2,1 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, իսկ Արարատյան ստորերկրյա ավազանից ջրառը կպակասի տարեկան շուրջ 5,3 մլն խմ-ով:

Ջրառաջարկ-ջրապահանջարկի խնդիրը քննարկելիս  մենք պետք է հաշվի առնենք Թուրքիայի որոշակի քայլեր: Սա Արաքս գետի եւ նրա վտակների վրա ջրամբարներ ունի եւ նախատեսում է էլի կառուցել: Տարբեր տվյալներով՝ Արաքսի վրա ունեն Կագիզմանի ջրամբար, որ 150 մլն խմ ծավալով է, էներգետիկական նպատակներով, Կարս գետի վտակի վրա է 52 մլն խմ ծավալով Բայբուրդի ջրամբարը, եւ Ախուրյանի աջ վտակի վրա 1.9 մլն խմ ծավալով Շիրինքյուի ջրամբարը: Այժմ էլ Արաքս գետի վրա պլանավորում է կառուցել 285 մլն խմ ծավալով ջրամբար: Նախատեսում են նաեւ Արաքս գետի վրա կառուցել Կարակուրդի ջրամբարը՝ շուրջ 1 մլրդ. խմ ծավալով: Վերջինս պետք է ունենա նաեւ էներգետիկ նշանակություն: Փաստորեն, Արաքս գետի եւ նրա վտակների վրակառուցված եւ կառուցվելիք ջրամբարները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի ջրային հաշվեկշռի եւ ջրապահանջարկի վրա: Արաքս գետի էկոլոգիական հոսքը մինչեւ Հայաստանի սահման չի պահպանվի (Թուրքիան մշտապես խախտում է այս մասով միջազգային պայմանավորվածությունը եւ այդպես էլ շարունակելու է), որի հետեւանքով կվատթարանա Արաքս գետի էկոլոգիական վիճակը: Այսպիսով, Թուրքիայի տարածքում նախատեսվող Արաքս եւ Կարս գետերի վրա, ընդհանուր առմամբ, մոտ 1,3 մլրդ. խմ ջրի ամբարումը Հայաստանը կկանգնեցնի լուրջ խնդիրների առջեւ, հատկապես՝ ոռոգման նպատակով ջրապահանջարկի պայմաններում: Այս թեման մենք առիթով կմանրամասնենք: Բայց սա ահազանգ է եւ զգուշացում. Հայաստանը հնարավորինս պետք է ամբարի իր ամեն կաթիլ ջուրը:

Հետեւաբար՝ մեր ամեն կաթիլ ջրառը պետք է խիստ հիմնավորված լինի: Պետությունը պետք է շատ խիստ լինի այս հարցում եւ ջրառի նպատակահարմարության հարցին նայի ոչ թե մասնավորի շահագործական տեսանկյունից, այլ՝ ազգայինի կարեւորությունից: Այո, դեռ նախորդ տարի (2014թ. սկսած) Արարատյան դաշտի, այդ թվում՝ Մեծամորի գետավազանի, ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումներ արվել են. լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի են բերվել ապօրինի շահագործվող հորատանցքները, ինչի արդյունքում նկատվեց ջրաելքերի ավելացում: Բայց ինչու՞ պետք է իրավիճակն անհանգստացնող եւ խիստ մտահոգիչ լիներ եւ նոր միայն քայլեր ձեռնարկվեին: Հնարավոր էր չէ՞ նախապես կանխարգելել այդ վիճակը:…

Նույն խնդիրը հիմա Ախուրյանի ջրավազանային տարածքում էլ կա: Միանգամից ասենք, որ ապօրինի շահագործվող եւ լքված ստորերկրյա ջրերի հորերը կփակվեն: Մեծամորի գետավազանի ստորերկրյա ջրերի մակարդակների վերականգնման նպատակով առաջարկվում է՝ վերացնել գոյություն ունեցող 348 վթարային վիճակում գտնվող հակասանիտարական եւ լքված անտեր հորերը (ըստ 2006-2007թթ. եւ 2014թ. հուլիս-հոկտեմբերի հաշվառման տվյալների): Հաշվի առնելով հորերի ազդեցության շառավիղը եւ տեխնիկական վիճակը՝ արտեզյան հո-րերի միջոցով ջրառի ծավալները նվազեցնելու նպատակով ժամանակավորապես կամ ընդհանրապես կփակվեն անհրաժեշտ թվով հորերը, իսկ մնացած հորերի աշխատանքային ռեժիմը կփոխարինվի փականային ռեժիմով:

Մեկ այլ քայլ էլ Թավշուտի եւ Կառնուտի ջրամբարների վերանորոգման համար նախնական տեխնիկատնտեսական հետազոտությունն է: Բանն այն է, որ այս երկու ջրամբարները, համապատասխանաբար՝ 5.75 մլն խմ եւ 22.6 մլն խմ օգտակար ծավալով, կառուցվել են ոռոգման նպատակով: Մինչեւ հունիսի վերջ այս ջրամբարներում տեղի է ունենում գետային հոսքերի կուտակում, այսինքն՝ Թավշուտի եւ Կառնուտի ջրամբարների ջրհավաք ավազաններից դեպի Ախուրյան գետ հոսքը դադարում է: Այդուհանդերձ, ըստ բնապահպանության նախարարության, այս ջրամբարներում ամբարտակները գնտվում են վթարային վիճակում, ինչպեսեւ՝ բավականին մեծ են ֆիլտրացիոն կորուստները: Դա հնարավորություն չի տալիս ամբարել ջուր ջրամբարների օգտակար ծավալով: Այսպիսով՝  վերոնշյալ ջրամբարների վերանորոգումը ջրավազանում ոռոգման գերակայություններից է:

Ուստի՝ որպես լրացուցիչ միջոցառում առաջարկվում է իրականացնել Թավշուտի եւ Կառնուտի ջրամբարների վերանորոգման նախնական տեխնիկատնտեսական  հետազոտություն: Հետազոտության շրջանակներում կգնահատվի ջրամբարների ամբարտակների վիճակը եւ վերանորոգման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կգնահատվի ֆիլտրացիոն կորուստների կրճատման հնարավորությունը, ներառյալ տեխնիկա-տնտեսական գնահատումը:

Վերջում հավելենք, որ այս եւ մի շարք այլ միջոցառումների՝ թե հիմնական եւ թե լրացուցիչ, տնտեսական վերլուծությունն արվել է, ֆինանսական միջոցների գնահատականը՝ տրվել: Թվերին նայելիս  հստակ կարելի է ասել՝ ներկայիս պայմաններում որն է իրագործելի, որը՝ ոչ: Բայց դրան մենք կանդրադառնանք առանձին հոդվածով: Իսկ իբրեւ այս հոդվածաշարի ամփոփում շեշտենք, որ ամեն ինչ պետք է անենք ոչ միայն Ախուրյանի ջրավազանային տարածքում, այլեւ՝ մեր երկրի ամբողջ տարածքում ջրային պաշարների բնական վիճակը պահպանելու համար:

Սա կենսական անհրաժեշտության եւ ռազմավարական նշանակության խնդիր է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։