Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (մաս 3-րդ) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

Սկիզբը՝ թիվ 36-37-ում

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Հնդկաստանի քաղաքներում հայերը 1562-1611թթ. կառուցեցին եկեղեցիներ, խաչքարեր, հիմնեցին դպրոցներ: Հնդկաստանում Մոնգոլների սերունդ մոգոլները գրավում են, տիրում Հնդկաստանը, Ակբար Մեծը Մեծ Մոգոլների կայսրության 3-րդ փադիշահն էր՝ Թամերլանի ուղղակի հետնորդը եւ տոհմի հիմնադիր Բաբուրի թոռը: Ակբար Մեծը ամուսնանում է արմատներով հայ, արքայական տոհմից սերող, Ջայպուրյան արքայադուստր տիտղոսը կրող Մարիամուզ-Զամանի հետ: Կայսրուհին կրել է «Մարիամ-ուզ-Զամանի»՝ «Դարի Տիրուհին» անունը: Մարիամուզ/շ-Զամանի կայսրուհին իր կառավարման օրոք հինդուիզմի շարիաթի շատ վատ դրույթներ վերացրեց, հնդկական մշակույթն ու արվեստը ծաղկում ապրեցին:

Հայուհի կայսրուհի Մարիամուզ-Զամանի թոռ Խուրամի խան Շահ Ջահանին ամուսնանում է գեղեցկուհի Արջումանդ, Մում-Թազ/ջ- Մահալի հետ: Գեղեցկուհի Արջումանդը հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խան Արջում անդ Բանո Բեգումի աղջիկն էր: Ագրա քաղաքում, Խուրամի խան Շահ Ջահանին գեղեցկուհի Արջումանդի ու նրա հավատարիմ ու գեղեցիկ սիրո պատվին է կառուցում Թաջ Մահալ տաճարը:

Բարձր գմբեթով, սպիտակ մարմարե, ամենաբազմազան եւ թանկարժեք քարեղեն այդ տաճարը կառուցել են հիմնականում հայ ճարտարապետ-վարպետները: Հրաշագեղ տաճարի հիմնական զարդն է հայկական խաչքարերի եւ արեւխաչերի ասեղնագործ արվեստը: ճարտարապետական բարձր արվեստը, խաչերի եւ արեւխաչերի բազմաթիվ քանդակների առկայությունը եւ հայերի ճամփորդության եւ Հնդկական հավատալիքիների եւ մշակութային ակունքների մեջ են գտնվում հայկական արմատները:

Միայն այս երկու կայսրուհիների ճակատագրերը եւ գործողությունները ուսումնասիրելով՝ տեսնում ենք հայ մշակույթի մեծ ազդեցությունը հնդկական մշակույթի վրա:  

Այդ մշակույթը Հնդկաստան-Հինդուստան է գնացել Հայաստանից դեռեւս Ք.ա երկրորդ հազարամյակից, այն իր տեղն ունի լեզվի, հավատի, աստվածաբանության, ավանդազրույցների կազմության, անունների եւ ճարտարապետության մեջ: Թաջ Մահալ տաճարի անունը հայ խոսքի եւ լեզվի տաճար եւ մեհյան գաղափարական իմաստային միասնական անունն է:

Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը:

Տաճարի եւ մեհյանի ամբողջական, գաղափարական եւ բառագիտական մեկնաբանությունը տալուց հետո կարող ենք համոզված հաստատագրել, որ տաճարներում են կատարվել Աստվածներին նվիրված ծիսական արարողակարգերը, տաճարներում եւ մեհյաններում են ծիսական արարողակարգերը դարձել պարեր, եւ հայկական պարերը կրում են հայ դիցերի աստվածների պատգամները, հրո+վարդ+ակ ճառերը (տե՛ս նախորդիվ):

Մեհյաններում եւ տաճարներում քրմերը պարերի միջոցով ներկայացնում էին ծիսական արարողություն: Ծիսական մեհենական կամ տաճարային պարերը արտահայտում էին տվյալ ժամանակաշրջանի հոգեւոր գաղափարախոսական արժեքները, որոնք ծիսական պարի միջոցով ստեղծում էին հոգեւոր կապ՝ խորհրդանիշերի եւ նրանց կրողի միջեւ:

Մեհենական կամ տաճարային պարերի մեջ հայ հոգեւոր դասի մեզ հայտնի պարերից է «Իշխանաց պարը»:

Իշխանաց պարի ազգային նկարագիրը եւ ազգային պատկանելությունը բացահայտելու համար նախ մեկնաբանենք Իշխանաց պարերի Իշխան, Շէյխանի Շերխանի, Շիւհալանի, Շավալի, Յար-Խշ Տի. Տօ զիլ Բանօ, Տօզիլ Բան, իշխանական դասին պատկանող ծիսական պարերի պարանունները՝ ըստ մեզ հասած հայոց լեզվական բառագանձի եւ մշակութային ազգային առանձնահատկության: Ներկայացնենք այդ ծիսական անունների կամ եզրաբառերի ծագումը, ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ ազգային պատկանելությունը: Ինչպես ասացինք՝ պարը ծիսական արարողություն է, ներկայացնում է ազգային այս կամ այն կրոնական հավատալիքի ծեսը եւ կրում է այդ ծիսական արարողության անունը: Այն հիմնականում կոդավորված է եւ կրում է մի ամբողջ ծիսական արարողակարգի գաղափար, որի համար ստանում է այնպիսի անուն, որը կրում է ծեսի կոդը, որը պետք է բնութագրի պարը, ներկայացնի պարի հոգին, գաղափարը, էությունը: Հայկական պարանուններից շատերը ճիշտ մեկնաբանված չեն, ինչի պատճառով էլ հաճախ առաջանում է պարատեսակի եւ պարանվան խեղաթյուրում: Հայկական պարանունների ծագումնաբանական իմաստները պատմության եւ ժամանակի քառուղիներում մատնվել են մոռացության, երբեմն թողնվել են հարեւան ժողովուրդներին, որոնց կողմից էլ սեփականացվել են:

Պարանունները ճիշտ մեկնաբանելու համար պետք է կատարել միաժամանակ պատմական, պատմադիցական եւ լեզվաբանական ուսումնասիրություն՝ չխախտելով պարի գաղափարը, անունը, որի մեջ արդեն տեսանելի են դառնում ծեսը, գործողությունները եւ գործող դասը, դասային կարգի ազգային առանձնահատկությունը, տարածաշրջանը եւ ժամանակաշրջանը:

Ըստ այդմ՝ Իշխանաց պարը ներկայացնում է հայ հավատի, ռազմական, իշխանական, ազնվական դասի ծիսական արարողակարգ: «Իշխանաց պարը» ներկայանում է որպես իշխանական դասին բնորոշ կեցվածք՝ վեհ, վսեմ, հպարտ, գլուխը բարձր ամենաբարդ շարժումներ ունեցող պարատեսակներից մեկը: Պարի վեհությունն արտահայտված է հատուկ պարաքայլերի եւ շարժումների միջոցով. այն կարողացել են պարել միայն հայերը:

Գրառված են Իշխանաց պարի չորս տարածաշրջանի տարբերակներ՝ Հայոց ձորի, Շատախի, Վանի-Բերկրի, Կապուտան-Ուրմիա լճի շրջակայքում բնակվող հայերի իշխանական պարի տարբերակները, որոնք համարվում են նաեւ ռազմական ծիսական պարեր: «Իշխանաց պարը» մեհենական կամ տաճարային պար է: Հայոց ձորի «Իշխանաց պարի» տարբերակներից հայտնի են «Շեյխերի», «Շէխանի» «Շիվհալանի», «Շավալի», «Հարիւրի խեդ» «Յար Խշ Տի» պարերը:

«Շէյխանի» պարերը հայերը պարում էին ուխտագնացությունների տեղերում, Հայոց ձորի տարածքում եղած տաճարներում՝ կրոնական ծեսերին, Վանում, Թիմարում, Բերկրիում բոլոր տոների, պետական, հաղթության զինվորական հանդիսությունների ժամանակ:

Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը:

Լեզվամտածողությունը մարդկային գիտակցության եւ ազգային մտածելակերպի զարգացման մեջ կարեւոր գործոն է: Հայոց լեզվում կան բազմաթիվ բառեր, որոնք ուղիղ կապված են ազգային ավանդույթների, քաղաքակրթական արժեքների եւ քաղաքական դասի ձեւավորման հետ, նրանք կերտել են ազգային մտածողությունը եւ իրենց արդիական արժեքները չեն կորցրել, սակայն մոռացության է մատնվել նրանց իսկական ծագումնաբանական իմաստը եւ նոր զուգահեռ իմաստ է ձեռք բերել:

Բառերի այդ շարքին է դասվում իշխան բառը:

«Իշխան» բառի ծագումնաբանությունից խոսենք: Այն է՝ զիւր ինքնեան զիսկություն ունի = ինքնիշխան:

Իշխան բառը բնիկ հայերեն բառ է, նշանակությամբ, իմաստով գաղափարով հայտնի է դեռեւս Արրատտա-Ուրարտու թագավորության ժամանակաշրջանից:

«Ուրարտուի Արգիշտի թագավորի (մ.թ. ա. 786-764թթ.) «Խոխոռյան տարեգրության» մեջ հիշատակում է՝ «Գրավեցի Շիրակի-Eriahi-Արիահի-Երիախե ցեղի երկիրը, Իշկուգուլու երկիրը»: Իսկ Իշկուգուլու երկիրը տեղադրվում է Շիրակի-Eriahi գավառից հյուսիս ընկած վայրում:

Իշկ-իսկ արմատը բնիկ հայերեն արմատ է, այն գոյություն է ունեցել մեր նախնիների լեզվում:

Իշկ+գուլու անունը հայերենում պահպանվել է «իսկագոյն» բառով: Նոր Հայկազյան Բառարանի էջ 868-ում «իսկագոյն» բառը բացատրվում է որպես՝ առավել իսկական, էականագոյն, տէր եւ տիրագոյն, բուն եւ գլխաւոր իմաստով:

Իշկուգուլու-Iskugulu -բառի համարժեքն է իսկագույն բառը: Իշկուգուլու-Iskugulu անունը կազմված է երկու Իշկ+գուլու բաղադրիչներից: Իշկուգուլու-Iskugulu՝ Իշկ+գուլու արմատի կ+գ տառերի միացությունն էլ վերածվել է «խ» տառի:

Իշկ-Isk-իսխ-isx -արմատը բնիկ հայկական արմատ է:

Իշկ -իսկ- isk արմատից հայերենում կազմվել են բազմաթիվ բառեր, որոնք արտահայտում են իսկականություն, ճիշտ եւ ճշմարտություն իմաստները:

«Իսկ» բառը հայերենում ունի. իսկագույն-առավել իսկական, իսկություն, իրականության գերագոյն, ճիշտ եւ ճշմարիտ, էապես, գլխավոր, տիրականություն, առաջին տիրագոյն, տիրական-սեպհական, տիրապէս՝ օրինօք եւ ճշմարտութեամբ, Աստվածազգաց իմաստը (ՆՀԲ ՀՐ. Աճառյան):

Իսկ եւ ճիշտ, իսկական եւ ճշմարիտ բառերը իմաստային հոմանիշներ են, արտահայտում են «իսկ-ճիշտ» երեւույթի կամ հատկության դրսեւորմանը համարժեք իմաստները, չափերը։

«Իսկ» բառը հայերենի բարբառներով ունի հետեւյալ տարբերակները՝ ը/սկի-բոլորովին, ի/սկիզբ, հ/ը/սկի, ը/զգի, ազգի, իսգ, ի/զգ, ը/զգ-ազգ, իսկը:

Համեմատենք «իսկագոյն» բառը «իշկուգուլու» անվան հետ, կտեսնենք, որ իսկագոյն-իշկուգուլու բառերը նույնիմաստ բառեր են եւ գրեթե ունեն նույն հնչեղությունը:

Մեկնաբանենք «Իսկուգուլու անվան երկրորդ՝ գուլու բաղադրիչը: Հր. Աճառյանը գուլու-բառը մեկնաբանում է Արեւ կամ հուր իմաստով:

Ըստ Արրատա-ուրարտական ժամանակաշրջանի պատմադիցական գաղափարական մտքի՝ Իշկուգուլու-Iskugulu երկիրն ունի հետեւյալ իմաստները՝ -Gur=KUR = Cor- այս արմատական բառերը հայերենում ունեն մի շարք դիցապատմական իմաստներ: Քուրա – նշանակել է Արեգակ (ՆՀԲ 1012 ) -Gur=KUR = Քուր-կրակ, պաշտամունք, qaya = քար – հմայական պաշտամունքային քար, քարուքռա,-Քար-Քուայ-քուա -քուեարկել, կրակ-հուր բառերից (Հր. Աճառյան): -Cora-Քոռ-Քուռակ- այս բառարմատները նշանակում են կրակի ձիուկ, Քուռկիկ Ջահարի կամ Ջալալի: -Gur=KUR = Քուր/ Գոր-գուր- Ջուղայում տղային ասել են Գոր-Արախայ (ՆՀԲ 1012): Գոր-Գորանի-հայ դիցաբանության մեջ եղել է արտերը չար հրեշից պաշտպանող դիցը:

Վերլուծությունից պարզվեց, որ Շիրակի Իշկուգուլու ցեղանվան հիմքում ընկած են Իշխան բառը, որն ունի իսկական իմաստը եւ Gur=KUR = Քուր- պաշտամունքային բառերը, որոնք բնութագրում են գերագույն գաղափարը, դասը:

Իշխան բառի ամբողջական մեկնաբանությամբ պարզվեց, որ Իշկուգուլու ցեղի երկիրը համարվել է Իսկագոյն, Իշխանաց Արեւորդիների երկիր, Իշխանաց -Gur=KUR = Քուր կամ Իշխան Գոր-որդիների Արեւորդիների երկիր:

- Իշկուգուլու անվանը հանդիպում ենք նաեւՂրղզստանի հյուսիսարեւելյան մասում Իսիկ Կուլ՝ անհոսք լիճ՝ Հյուսիսային Տյան Շանում (ղրղզ. Issik Gol1) անունով:

Ըստ Հր. Աճառյանի եւ ՆՀԲ-ի՝ «Իսկ -ճիշտ» բառերը մատնանշում են օրինոք իսկականությունը: Իսկ-իսկականը, ճշմարտությունը բնութագրում է արքայական, ազնվական գերագույն դասին, իսկ հայերենի բառագանձարանում գերագույն դասը իշխանական դասն է:

Այսպիսով՝ իշխան եւ իշխանական բառի հիմքում դրված է իսկական գաղափարը: Հայ Իշխաններ կրել են իսկության իսկականությունը, գերագույն ճշմարտությամբ:

Հայերենում «իսկ» բառի իմաստային հոմանիշն է ճիշտ բառը: Հայերենի ճիշտ բառի արմատական հիմքից կազմվել են istu-justu, istina բառերը ճ>j>iբաղաձայնական անցումով:

Իշխ-իշկ-իսկ isk-isx, is-ist արմատից են կազմված հայ դիցապատմական մի շարք անուններ նաեւ – աս-իս, as-is Astvac-Istvac, Աստիված-Իստված-տուած, as-is Սիս, Մասիս, Սիուինի, Արգ-իշ-տի-Arg-isti, ist-, Սուսի-Շուշի-Susi- Isus, Շիվինի-Siuini -as-is-Իշպուինի (մ.թ.ա. 824-810թթ.Վանի թագավորության արքա): «Մեծ արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Բիայնա երկրների արքա», Մենուայի հայրը:

– Իշխարի – «իշխ-արի» isx. Բիայնական Իշխարի Աստվածուհու անունը կազմված է «իշխ-արի» բաղադրիչներից: Իշխարան նախաշումերական մայր Աստվածուհին է համատարած ողջ Առաջավոր Ասիայում, Էլամում՝ Աշխարա (հմմտ. հայ. աշխարհ…), Ուրում՝ Էշխարա, Ուգարիտում՝ Ուջխարա:

Հայոց մայր գետի Արաքս-քս-xs, Երասխ-սխ -sx անունները նույնպես ունեն քս-xs, սխ -sx արմատները: isx -xsi արմատները բուն հայկական արմատներ են, հայերենում առկա է նաեւ xsi ձայնախմբի շրջված ձեւը:

Ըստ Հր. Աճառյանի «Հայերէնի Արմատական բառարանի»՝ «Իշխան» բառի իշխ-sx, «շխ-sx» -ձայնախումբը համարվում է իրանական xsi ձայնախմբի շրջված ձեւը, xsi- xsana – xsevan – xsavan ՝ իշխան, թագավոր (խշեվան), xsay – տիրապետել, իշխանություն (խշայ), սակայն Հր. Աճառյանն իր այս մեկնաբանումը կարծես չի համարում հաստատուն եւ լիարժեք եւ շարունակում է մեջբերել այլ հեղինակների

լեզվագիտական ապացույցները:

Իմ համոզմամբ, եթե ճիշտ կարդանք xsi- xsana – xsevan – xsavan իշխան, թագավոր (խշեվան) իրանական համարվող բառերը, ապա նաեւ ճիշտ կմեկնաբանենք:

Xsi-xsana–xsevan -xsavan բառը կազմված է Իշխ + Վան արմատներից, ունի Իշխավան-Իշխեվան իմաստը: Բառն առնվազն Վանի թագավորության ժամանակաշրջանի ծնունդ է, xsavan բառը կազմված է Իշխ+Վան արմատներից: Xsay- (խշայ)- իշխան հայ իմաստով, տվյալ բառերը սեփականացրել են իրաներեն լեզվի կողմից՝ մոռացության տալով հայերենի Վանի Իշխան, իշխանհայ բառակապակցությունները (ընդգծումը՝ իմն է,- հեղ.):

Հր. Աճառյանը նույն «Հայերէնի Արմատական բառարանում» շարունակում է բերել օրինակներ Jensen-ի ՀԱ 1904 էջ 271, Մատիկեանի, ՀԱ 1919թ., էջ 32, Հաթիթերէն Լեզուի մասին բառարաններից եւ ներկայացնում է «իշխան» բառի ճիշտ ծագումը:

Իշխան բառը բացատրվում է որպես իշխող, տէր, մեծ զօրավար: Իշխան բառի արմատը հաթիթերեն-հայերեն ish արմատն է, որը նշանակում է՝ մեծ: Ish -մեծ- խան-հան- տէր կամ տիրուհի, որից առաջացել է մեծ, շահ, տէր- խան արմատը, isx–ishas-տէր բառերը: Քանի որ հայերենում «շխ-sx» ձայնախմբով սկսվող գոյական չկայ, ուստի այդ ձայնախմբին ավելանում են ա, է, ի ձայնավորները եւ դառնում են՝ աշխ –ետ(աշխետ), աշխ-ան, էշխ -ան -էշխան (աշխան, էշխան) բառերը կամ բառարմատները (Նիկ.Մառ IAN 1920, էջ 232:

Այսպիսով՝ իշխան հայերեն բառի նախաձեւն է իշկ- իշխ արմատը՝ Իշկուգուլ անունից: «Իշխ» արմատը հետագայում հայերեն ձայնաբանության օրենքների համաձայն դարձել նաեւ «ի>էշխել -ի>է, Իշխել:

Հայերենում ունենք աշխ արմատը, որը հաթիթերեն նշանակում է իշխ-ինչք, հարստություն, սեփականություն, հօտ, տաւար, isha- տեր (Hroznu die Shparche der Hethiter, էջ 226):

Թվարկենք «շխ» հայկական արմատով հայերենի բառերը՝ վա-շխ, բա-շխ, ա-շխետ, ա-շխ-արհ, Իշխարի, Արաքս- Երասխ քս /սխ, իշ-խան- իշ-հան, խան- հանա, հան-խան հ>խ անցումով «խան կամ հան բառն է, որը Իս-«խ» տառը «ան» ի հետ կազմել է «խան» բառը, «խան» բառը նույնպես բուն հայկական արմատ եւ ծագում ունեցող բառ է, այն Իշխան բառի երկրորդ բաղադրիչն է:

Հանա-հանա բառը բնիկ հայերեն բառ է, ունի «հան» հնխ. *Han-մեծ Մայրը իմաստը, շում. Ան-երկինք իմաստով, isx – իշխ + հան-հայերեն բառարմատ է, «Սասունցի Դավթի» Խանդութ Խանում անվան երկու բաղադրչների արմատն է՝ Խան-հան Խան(դ)+ութ, ուրն ունի Ութի Մայր իմաստը:

Իշխան-ից գանք շեյխան բառի ծագմանը:

Մեր բառագիտական վերլուծությունը եւ մեկնաբանությունը ցույց տվեցին, որ Շեյխան բառը ծագել է isx – իշխ բառարմատից եւ իմաստից, Շիրակի դաշտավայրում: Մենք գիտենք, որ հայերենն ունի բաղաձայնների կուտակում, իսկ այլազգիները հայերենի բաղաձայնների կուտակումների դժվար արտասանության պատճառով ավելացնում են ձայնավոր հնչյուններ:

-Sx-շխ արմատում ավելացվել են «է, էյ, էյր» ձայնավոր եւ կիսաձայն հնչյունները՝ դարձնելով այն «Շէխ կամ շէյխ, շերխ» բառերը:

Ի-շխ-ան հայերենի բուն արմատով բառը հարեւան քուրդ, արաբ ժողովուրդների մոտ ենթարկվել է հնչյունական փոփոխության, Ի-ձայնավորի անկումով եւ «է, էյ, էյր» տառերի հավելումով, որի պատճառով էլ սեփականացվել է:

Հայերենի «ի-շխ-ան» բառն արեւելքում, մեր տարածաշրջանում, մասնավորապես մահմեդական-արաբական- քրդական աշխարհում դարձել է շէխ կամ շէյխ: Շէխ կամ շէյխ եզրաբառի արտասանության միջոցով ամրացվել, հաստատագրվել է «Շէխանի, Շէյխանի, Շերխանի» պարանունը: Քրդերի կամ արաբների համար հայերը իշխաններ-շեյխեր կամ շերխեր են: Իշխանը կամ շեյխը հայերենում ունի առաջնորդ գաղափարը: Հայ դիցապատմական մշակույթում հայ արեւապաշտական գաղափարի առաջնորդները՝ իշխանները, կրում են Առյուծ տոտեմի գաղափարը եւ հարեւան ազգերին ներկայանում են արեւակիր առյուծներ: Միայն «Շեյխանի» պարաձեւի բառի վերլուծությունից պարզվում է, որ քրդերը հայերին անվանել են Իշխան-Շեյխ- Շերխ Առյուծ իմաստային հոմանիշ բառերով, անուններով: Շեյխ բառը քրդերենում նշանակում է առյուծ, որի ծագումը կապված է հայերենի առյուծ եւ իշխան բառիմաստի հետ: Առյուծը հայոց դիցական իշխանական դասի տոտեմն է, իշխանաց եւ քրմաց, տերունական դասի տոտեմը: Շեյխ-Առյուծ անունը քրդերի՝ հայերին տրված անունն է:

Հայերենի իշխան-շեխ-շեյխ- շերխ գաղափարական անունները փոխառնվել են քրդախոս եւ արաբախոս ժողովուրդների կողմից, որի հետեւանքով էլ հետագայում նրանք իրենց հոգեւոր առաջնորդին կոչել են Շէխ, Շերխ կամ Շէյխ, որն էլ թյուրիմացություն է առաջացրել Իշխանաց պարի անվանման համար եւ Իշխանաց Շեյխանի պարանունը համարվել է քրդական:

Իշխանաց պարը մեկնաբանողները հիշատակում են, որ քրդերը չէին կարողանում պարել Իշխանաց պարը: Եվ իշխանաց պարը քրդերի հարսանիքներին պարում էին հատուկ հրավիրված հայ պարողները, որի ժամանակ քրդերը միայն դիտողի դերում էին: Քրդերը Իշխանաց պարը չէին կարողանում պարել:

Պարել չկարողանալու պատճառները շատ էին, այդ թվում այն, որ Իշխանաց «Շէյխանի կամ Շէրխանի» պարը հայոց Իշխանաց դասի պար էր եւ այդ պարը իրավունք ունեին պարելու միայն Հայ իշխան-շեյխերը: Էպիկական պատկանելության պատճառը լուրջ պատճառ է, այդ պարը հայերի իրավունքն է:

Իշխանաց պարի մեղեդու չափը շատ բնորոշ է ռազմական պարերին: Պարը կատարում են դհոլի եւ զուռնայի ուղեկցությամբ: Ժամանակին Իշխանաց պարը պարել են քրմերը, իշխաններն ու իշխանուհիները տաճարներում եւ մեհյաններում, հատուկ արարողակարգի, նշանավոր իրադարձությունների ժամանակ: Այսօր էլ Իշխանաց պարը պարելիս խորապես պահպանվում է քրմերի, իշխանների, իշխանուհիների սեգ, հպարտ, վեհ կեցվածքը: Իշխանաց պարը կատարողների յուրաքանչյուրի ձեռքին մի-մի թաշկինակ կա, համապատասխանաբար՝ կարմիր եւ սպիտակ. կարմիր թաշկինակը բռնում են տղամարդիկ՝ որպես հաղթանակի, սպիտակը՝ կանայք՝ որպես արդարության խորհրդանշան:

Ըստ «Կովկաս» պարային համույթի ղեկավար Աշոտ Հակոբյանի, «Շէխանիի» մեղեդու չափը 2/4 է: Այս չափը շատ բնորոշ է ռազմական պարերին: Պարողները կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի կորանում, այսինքն՝ չի վերածվում կորագծի, կամ առավել եւս՝ կիսաշրջանի: 12-15 մարդ կողք կողքի տեղաշարժվում են մեկ առաջ, մեկ՝ հետ: Շարվում են կողք կողքի, իրարից փոքր-ինչ հեռու, թեւկախ՝ չծալելով արմունկները, ճկույթ ճկույթի՝ աջ ձեռքը ձախի վրայից անցկացնելով:

Շէյխանեի մեղեդու չափը 4/4 է: Ձեռքերը բռնում են թեւկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով: Պարողները կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի: Պարաշարքը տեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում, 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա՝ ուղղվում: Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության: Պարեղանակը եւ պարը հետզհետե արագանում են:

Իշխանաց պարը առաջնորդում է պարի հպարտ առաջատարը՝ պարբաշին, պարագլուխը՝ կարմիր թաշկինակը թափահարելով: Պարբաշի բառում բաշ բառը նույնպես դիտվում է որպես փոխառնված բառ: Աճառյանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազեան Բառարանում «բաշ» բառը բացատրվում է որպես բաշ-ձիու ճակատի կամ մեջքի մազափունջ, որը նաեւ քամուց ծփում է, բաշ – առյուծի բաշ, բաշ- ճակատ, առաջատար, բաշ բառից բ>փ անցումով առաջացել է փաշ -փաշա բառը: Արեւակիր հայերը դրոշի փոխարեն դաստառակի մեջ պահել եւ որպես հաղթության նշան թափահարել են ձիու կամ առյուծի բաշը, որի կրողն էլ կոչվել է փաշա-առաջնորդ: Փաշա բառը նույնպես ծագում է հայերենի բաշ բառից եւ խորհրդից:

Ծիսական արարողակարգի ժամանակ գաղափարը դառնում է ծես, այն ստանում է տիեզերական խորհուրդ: Պարի օգնությամբ կատարվում է արեւապաշտական ծես՝ կլոր գունդ կամ շրջանակ կազմելով: Արեւապաշտական գաղափար խորհրդանշող կենդանիների կերպարը եւ էությունը ներկայացնելու միջոցով քրմերը ստանում էին տիեզերական ու աստվածային ուժ եւ այն փոխանցում էին այդ ուժի խորհրդանիշը կրողներին՝ տվյալ դեպքում՝ Իշխանաց պարի մասնակիցներին:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս, Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։