Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…

«Լուսանցք»-ը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին փոխլրացնող, համադրության եւ ոչ հակադրության կողմնակից քաղաքականության ջատագով: Այս քաղաքականությունն է, որ մեր երկրին հաջաղություններ է բերում հատկապես վերջին տարիներին արտաքին ասպարեզում: Ցավոք, նման քաղաքականության դրսեւորումներ մենք չենք նկատում ներքին քաղաքական կյանքում: Իհարկե, կարելի է բերել առարկայական (օբյեկտիվ) եւ ենթակայական (սուբյեկտիվ) շատ պատճառներ, որ  ընդդիմության հիմնական մասը  հակառակ տրամադրվածությունն ունի, սակայն այնպես չէ, որ արտաքին աշխարհում բոլորը հայկական գործոնի հզորացման կողմնակիցներն են…

Հայաստանում չգիտես ինչու իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը կամ հակադրությունը հասկանում են միայն իշխանության եւ խորհրդարանում ընդդիմություն կազմած ուժերի հարաբերությունները: Սա այն կոպիտ սխալն է, որի հետեւանքով ավելի քան 2.5 տասնամյակ չի ձեւավորվել հայկական քաղաքական դաշտը: Այս 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքերն են, որ կա՛մ իշխանությունից չեն կտրվել երբեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, կա՛մ՝ իշխանությունից ընդդիմություն եւ հակառակ ուղղությամբ պտույտներ են տալիս տարիներ շարունակ…

Սա նշանակում է, որ ունենք ճահճացած եւ բորբոսնած քաղաքական դաշտ, որի ներքին զարգացման հեռանկարները այս դիրքով արդեն մեռած են՝ անպտուղ:  

Ընդդիմությունն էլ աշխատում է փակել նորերի ճանապարհը, քանի որ նոր խոսքը՝ իրական ասելիքն ու գործը, ոչ հարցերի շահարկումները, այս ճահճացած վիճակում պարզապես մահացու հարված կլինեն իրենց համար: Իշխանությանն էլ ձեռնտու չէ նոր ընդդիմության, նոր դեմքերի ի հայտ գալը զանգվածային, հանրային լայն ասպարեզում, քանի որ դա հղի է նորովի վտանգներով, որոնք կարող են նաեւ անծանոթ լինել եւ խարխլել արդեն տասնամյակների քաղաքական հետաճ ապահովող ավանդույթները…

Ահա այստեղ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պիտի նոր քաղաքական քայլ կատարի (ճիշտ կլինի՝ մինչեւ խորհրդարանական պետության անցումը)՝ ներքին կյանքի փոխլրացնող քաղաքական ուղեգծով: Եթե խորհրդարանական ընդդիմությունը իրապես չի ցանկանում կառուցողական դիրքերում լինել, պիտի գնալ արտախորհրդարանական ուժերին պետական քաղաքականության մեջ ներգրավելու ճանապարհով: 70-ից ավելի կուսակցություններից կարելի է գոնե քամել որոշակի քանակություն, ինչը կարող է քանակական իրողությունը վերածել որակական հաջողության:

Չէ որ արտաքին քաղաքական ասպարեզում հենց այդպես էլ եղավ: Այժմ ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանն իրոք տրամադրված է լինել համադրող կողմ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, այլ բան է, որ չեն ցանկանում, որ այդպես լինի:

Վերջին օրերին Ռուսաստանն ամեն բան արեց, որ Հայաստանին հերթական անգամ հեռու պահի Եվրոպայից, որ չստորագրվի ասոցացման համաձայնագիրը, որ Հայաստանը մնա միայն Ռուսաստանի դաշնակիցը՝ ի դեմս ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի:

Բայց Հայաստանը մնաց հարազատ որդեգրած արտաքին քաղաքական գծին:

Իսկ մինչ այդ տարակարծությունները շատ էին, չնայած Եվրոպական հարեւանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում հայ պատվիրակների հետ վերջին հանդիպման ժամանակ վերահաստատել էր, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը որեւէ խոչընդոտ չկա՝ ո՛չ եվրոպական, ո՛չ հայկական կողմից: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւս հաստատել էր այս տեսակետը:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանը առ այն, որ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն չպետք է լինեն հակամարտող կողմեր»,- ասել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, իրավական այս նոր շրջանակում Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը «հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ միաժամանակ

ունենալու է իրավականորեն պարտավորեցնող համաձայնագիր Եվրոպական միության հետ»: Այս մասին պատգամավորը խոսել էր նաեւ Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրման հետ կապված Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը: Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերության հարթակի արդյունավետ ծառայեցումն Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների շահերին:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել ԼՂ խնդրի հետ՝ ԵԱՏՄ-ն երբեւէ ԵՄ հետ կապված որեւէ առարկություն չի ունեցել»,- այս տեսակետն էր հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկն առաջին անգամ բաց հնչեցրել են 2013թ. մայիսին, դրան անմիջապես հետեւել է Ռուսաստանի արձագանքը: «Դեռ ԵԱՏՄ-ն ստեղծված չէր, եւ Մոսկվան ասել է՝ շատ լավ, թող լինեն եւ նա, եւ նա: Բայց անմիջապես հետեւեց համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցչի կարծիքը՝ ոչ մի դեպքում, կամ մեկը, կամ մյուսը»: Եվ հենց օլիգարխիայի կարծիքին էլ հետեւեց Ռուսաստանի պարտադրանքը՝ «կամ…, կամ…»,- ներկայացրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

Աշոտ Մանուչարյանն ավելի հեռու է գնացել եւ հայտարարել, որ ԵՄ-ն անընդհատ շփոթում են Եվրոպայի հետ, մեզ թվում է՝ դա Եվրոպայի ստեղծած կառույցն է, «մինչդեռ այն համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ստեղծած կառույցն է, որ նպատակ ունի կառավարել Եվրոպան, այն վերածել հնազանդ գործիքի… Ղարաբաղը վաղուց դարձել է այդ համաշխարհային գործընթացի գործիք: Կարեւորը ստորագրման պահն է, այն, թե այդ պահին աշխարհում ինչ իրավիճակ կլինի: Մենք չգիտենք՝ այդ պահին ինչ կլինի Իրաքում, Սիրիայում, Կորեայում…»,- ասել է նա:

Եվրոպական համայնքին մերձենալու կողմնակիցները վստահություն են հայտնում, որ նոր համաձայնագիրը ՀՀ քաղաքացիներին շոշափելի օգուտ կբերի, որ կխթանի ՀՀ-ԵՄ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը՝ նպաստելով  Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը: Կարեւորում են Համաձայնագրում ամրագրված ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված եւ այսպես շարունակ: Սակայն, կան կարծիքներ, որ «այս համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Ռուսաստանը ջղաձգվում էր, ինչը դեռ հետեւանքներ կունենա, քանզի ԼՂ հարցի լուծման կոնկրետ ուղղություններ դեռ չկան»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությանը արձագանքելով, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա ընդգծել է՝ որ եթե այդ ուղղությունները կային, լավ կլիներ, որ Լավրովն ու Մամեդյարովը բացահայտեին, որ դրանց տեղյակ լիներ նաեւ հայ հասարակությունը:

ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փուլի նախաշեմին Ադրբեջանին ԵԱՏՄ կազմում տեսնելու ցանկություն արտահայտելը արդյո՞ք մեսիջ է Հայաստանին, որը կարող է նաեւ ինչ-որ սլաքներ փոխել ԼՂ կարգավորման գործընթացում: Այս առումով քաղաքագետը նշել է, թե. «Ինչքան մոտենում է ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթղթի ստորագրումը, այնքան պաշտոնական Մոսկվան է՛լ ավելի է ագրեսիվանում, է՛լ ավելի է փորձում մեզ ճնշել: Ժամանակին այդ ճնշումներն իրենց արդյունքը տվեցին, եւ Հայաստանը ոչ միայն չստորագրեց ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը, այլեւ մտավ Վլադիմիր Պուտինի նախանշած Եվրասիական միության մեջ»:

Հիմա ռուսական կողմը կրկին ակտիվացել է, եւ Համաձայնագրի ստորագրումից մեկ օր առաջ Երեւան է ժամանում ՌԴ ԱԳ նախարարը, ով նախկինում եւս մեծ ներդրում ունեցավ, որ ՀՀ-ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրվեր: Բայց այսօր այլ իրավիճակ է աշխարհում, Հայաստանն էլ նոր դասեր է ստացել միակողմանի համագործակցության հիմնականում անպտուղ եւ վտանգավոր կարգավիճակում հայտնվելուց եւ հայտարարել է, որ նախընտրում է ոչ թե «կամ, կամ-ի», այլ՝ «եւ, եւ-ի» տարբերակը:

Իսկ արդյո՞ք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դրականորեն կազդի մեր կյանքի վրա, ի՞նչ են մտածում այդ մասին հայաստանցիները: Այս առումով տարբեր հարցումներ են անցկացվում, որոնցից մեկում հարցմանը մասնակցած 438 հոգուց 214-ը՝ 48,86%ը, կարծում է, որ այո, ԵՄ հետ համաձայնագրից հետո իր կյանքում դրական փոփոխություն կնկատվի, իսկ 44,98%-ը հակառակ կարծիքի է։ 27 հոգի՝ 6,16%-ը, դժվարացել է պատասխանել հարցին։

Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, թե Համաձայնագրի ստորագրումը շոշափելի փոփոխությունների չի հանգեցնի, քանի որ ԵՄ-ն չի ծառայելու միայն Եվրոպային ու Հայաստանին, այլ՝ համաշխարհային քաղաքական շահերին, ուստի՝ որեւէ փոփոխություն մեր կյանքում տեղի չի ունենա։ Սակայն, եթե այս դատողությամբ առաջնորդվենք, ապա բոլոր միջազգային կառույցներն ու համաշխարհային դաշինքներն ու միավորումները այսպես, թե այնպես ծառայում են համաշխարհային շահերին, քանի որ ստեղծվում են հենց համաշխարհային անցուդարձին մասնակցելու եւ սեփական շահերի համար դեր ու նշանակություն ձեռք բերելու առումով:

Տեսակետ կա նաեւ, որ հասարակության մեծ մասին բացարձակապես չի հետաքրքրում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, շատերն էլ անհանգիստ են, որ սա դուր չի գալիս ռուսական կողմին, ինչը կարող է նոր վտանգներ բերել: Սակայն իրականում մի բան հստակ է, որքան քաղաքական ուղղություններ լինեն արտաքին ասպարեզում աշխատելու եւ հարաբերվելու, այնքան մեծ հնարավորություններ կստեղծվեն մեր երկրի համար ազգային շահերը պաշտպանելու եւ ըստ նպատակահարմարության խաղարկելու տեսանկյունից:

Ըստ պաշտոնական մեկնաբանությունների, Բրյուսելի հետ համագործակցության ձեւը շատ յուրահատուկ է. ոչ միայն ոչ մի բան չի պարտադրվելու, այլեւ կարող են ոչինչ էլ չառաջարկել՝ սպասելով առաջարկների։ Այնպես որ՝ համաձայնագրի ստորագրումից հետո շատ բան կախված է լինելու Հայաստանի նախաձեռնությունից:

Իշխանության վերնախավում կան պաշտոնյաներ, ովքեր կարծում են, թե այլեւս պիտի գնալ միայն եվրոպական ուղղությամբ, սակայն այս տեսակետը հիմնականում չեն կիսում ՀՀԿ-ում։ Բայց ամեն բան ի վերջո կախված կլինի Ռուսաստանի հետագա քայլերից: Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը կարող է ռուսական ուղղությամբ կանգ առնել միայն Մոսկվայի հակահայ քաղաքական գծի որդեգրման դեպքում… Իսկ դա այսօր գրեթե անհնարին է, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում:

Հատկապես, որ ԵՄ նոր բանագնաց է նշանակվել Հարավային Կովկասում՝ Տոիվո Կլաարը, ում «նպատակն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների՝ Վրաստանի տարածքում առկա ճգնաժամերի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում: ԵՄ առաջին հատուկ ներկայացուցիչները նշանակվել են 1996թ.: Ներկայումս ԵՄ 8 հատուկ ներկայացուցիչ աջակցում է Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինիի աշխատանքներին:

Ինչեւէ, այս ամենը հուշում է, որ Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը դեռ անելիքներ ունի եւ սպառված չէ: Հատկապես, որ ստորագրված փաստաթուղթը ասոցացված համաձայնագրի այն տարբերակն է, որը գոնե չի հակասում ԵԱՏՄ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Իսկ դեկտեմբերի 1-ին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն. այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Իհարկե, մի կողմից կարող ենք ասել, որ ստորագրումից հետո փաստաթուղթը պետք է համապատասխան ընթացքով շրջանառության ենթարկվի Սահմանադրական դատարանի, այլ մարմինների կողմից, նոր միայն առաքվի ԱԺ՝ քննարկումների: Բնական է, որ այդ գործընթացը եւս տեղի կունենա: Մեր լսումներն ունենալու են բովանդակային կարեւորություն եւ վստահ եմ, որ այդ փաստաթղթի հանրայնացման օրակարգը առաջին լսումներով չի սահմանափակվելու»,- նշել է նա: Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը համաձայնել է աջակցելու այս լսումների կայացմանը, քանի որ լսումներին մեծաթիվ հանրույթ է հրավիրվելու, կարիք է լինելու առնվազն 2 լեզվով թարգմանությունների, տեխնիկական բնույթի այլ աջակցության:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը համաձայնագրի նախաստորագրումից հետո իր աշխատանքը կատարել է ամբողջությամբ: Եվրոպական երկրներում եւս բուռն աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք դրական սպասումներով ենք գնում խորհրդարանական լսումներին: Հայաստանը ելնում է այն հանգամանքից, որ նոյեմբերի 24-ին փաստաթուղթը ստորագրվելու է: ԱԳՆ աշխատակազմը, Բրյուսելում ՀՀ դեսպանատունը շարունակում է աշխատանքները: Չեմ ուզում քննարկել սցենար Բ-ն: Կարծում եմ՝ չեղարկման որոշման կարիք չի լինի»,- ամփոփել է պատգամավորը:

Այս ամենը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ հնչում է այժմ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց, սակայն հայտնի չէ՝ դրույթները կիրագործվե՞ն...

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

http://www.hayary.org/wph/?p=6668 – Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…

http://www.hayary.org/wph/?p=6667  – Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։